«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԳԼՈԲԱԼ ՃԳՆԱԺԱ՞ՄԸ, ԹԵ՞ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ Է ՄԵՂԱՎՈՐ

ԳԼՈԲԱԼ ՃԳՆԱԺԱ՞ՄԸ, ԹԵ՞ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ Է ՄԵՂԱՎՈՐ
29.11.2011 | 00:00

Մինչ հայրենի կառավարությունը հավաստիացնում է, թե տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքին ի վիճակի ենք դիմագրավելու, և որ հստակ ծրագրեր են մշակվում այդ ուղղությամբ, Ազգային վիճակագրության ծառայության (ԱՎԾ) տվյալներն այլ բան են փաստում։
Վերջերս ԱՎԾ-ն հրապարակեց տնտեսական ակտիվության ցուցանիշները, ըստ որոնց, անցած տարվա հոկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին արձանագրվել է 2,4% տնտեսական ակտիվության աճ։ Սա կարելի է լավ ձեռքբերում համարել, եթե այս տարվա սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին այդ ակտիվությունը չնվազեր 18 %-ով։ Մասնավորապես, ըստ ԱՎԾ-ի, հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3,4 % անկում արդյունաբերության ոլորտում, գյուղատնտեսությունում` 36,2 %, շինարարությունում` 6,7 %, մանրածախ առևտրի ծավալների անկումը կազմել է 36 %, էլեկտրաէներգիայի արտադրությանը` 5,1 %, արտադրության անկումը` 21 %։ Եթե անգամ հաշվի առնենք սեզոնայնության գործոնը, ապա որոշ ոլորտներում, օրինակ` շինարարությունում, գյուղատնտեսությունում, անկումը բնական է։ Բայց եթե համեմատենք անցած տարվա հոկտեմբեր ամսվա հետ, ապա այս տարվա հոկտեմբերին գյուղատնտեսությունում անկումն ավելի է։ Ինչևէ, եթե սեզոնայնությամբ պայմանավորված որոշ ոլորտներում անկումն անխուսափելի է, ապա անհասկանալի է արդյունաբերության անկումը, որը տնտեսական աճի կարևոր բաղադրիչներից մեկն է։
Սրան զուգահեռ նկատենք, որ բավականաչափ նվազել են արտահանման ծավալները, ինչը մի կողմից մտահոգող փաստ է, մյուս կողմից` բացատրելի։ Եթե տնտեսության կարևոր ճյուղերում, ըստ ԱՎԾ-ի տվյալների, անկում է արձանագրվել, ապա արտահանման ծավալների անկումն անխուսափելի է դառնում, պայմանավորված մյուս ոլորտներում աշխատանքների ակտիվության նվազմամբ։ Հետաքրքիր դրսևորումներ են արձանագրվել արտահանման և ներմուծման ոլորտներում։ Եթե համեմատենք 2010-ի հոկտեմբերը 2011-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ 21,3 %-ով ավելացել է արտահանման աճը։ Միևնույն ժամանակ, եթե համեմատենք 2011-ի հոկտեմբերը տարեսկզբի հետ, այս դեպքում ևս անկում է արձանագրվել։ Թեև պետք է արձանագրենք, որ այս տարի եղել են ամիսներ, երբ արտահանման ծավալը 3-4 անգամ գերազանցել է ներմուծման ծավալը։ Օրինակ, 2010-ի փետրվարին արտահանման աճի տեմպը կազմել է 36 %, ներմուծմանը` 8 %։ Միանշանակ սա կարևոր ցուցանիշ է, և պետք է նկատենք, որ հատկապես ճգնաժամից դեռևս ամբողջությամբ խելքի չեկած երկրի համար արտահանման ծավալների աճը հույժ կարևոր է տնտեսության զարգացման համար։ Սակայն հետաքրքրական է, որ հոկտեմբերին պատկերն էականորեն փոխվել է։ Ըստ ԱՎԾ-ի, արտահանման աճի տեմպը եղել է 21,3, ներմուծմանը` 21 %։ Այսինքն, արտահանման և ներմուծման աճի տեմպերը գրեթե հավասարվել են։
Արդյոք սա լա՞վ ցուցանիշ կամ ազդակ է հայրենի տնտեսության զարգացման համար։ Փորձագետների հավաստմամբ` Հայաստանը դեռևս դուրս չի եկել տնտեսական ճգնաժամի շոկից։ Կարծում ենք, ասվածն ապացուցում են նաև ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշները։ Իսկ եթե ավելի անկեղծ լինենք, ապա պետք է նշենք, որ առանձնակի մեծ խելքի, ԱՎԾ-ի տվյալների և փորձագետների վերլուծությունների կարիք չունի ժողովուրդը, որ հասկանա ներկա տնտեսական վիճակը, քանի որ դրա անմիջական կրողը հենց ինքն է։
Բայց և այնպես, խնդիրը հետաքրքրական և շատ կարևոր կողմ ունի` ինչով է պայմանավորված հոկտեմբեր ամսվա կտրուկ անկումը տնտեսության բոլոր ճյուղերում, սեպտեմբերի համեմատ։ Կարծում ենք, այն կարող է երկու` արտաքին և ներքաղաքական գործոններով պայմանավորված լինել։ Երբ խոսում ենք արտաքին գործոնի մասին, ապա, բնականաբար, նկատի ունենք միջազգային տնտեսական իրավիճակը։ Գաղտնիք չէ, որ աշխարհը սպասում է գլոբալ ճգնաժամի երկրորդ ալիքին։ Եվ քանի որ, ի զարմանս մեր պետական այրերի, Հայաստանը գլոբուսից դուրս չէ, ապա միջազգային տնտեսական ազդակներին այն անհաղորդ չի կարող լինել, ինչն ապացուցվեց նաև 2008-ին։ Ինչ վերաբերում է ներքաղաքական գործոններին, այստեղ կկարևորեինք վերջին ամսում տեղի ունեցած կադրային փոփոխությունները կամ, ավելի ճիշտ, դրանց սպասումը։ Նորություն չէ, որ քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներն ուղղակիորեն փոխկապակցված են տնտեսության հետ։ Պետք է նկատենք, որ կադրային փոփոխություններն ազդում են ոչ միայն տեղի արտադրողների, այլև ներդրողների աշխատանքային ակտիվության վրա։ Իսկ սպասողական վիճակը չի կարող դրական ազդեցություն ունենալ տնտեսության ակտիվության վրա։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ