«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Կանայք և գինին կործանում են իմաստությունը»

«Կանայք և գինին  կործանում են իմաստությունը»
05.06.2012 | 00:15

«Մի՛ հարբիր» պատվիրան չկա Աստծո տասնաբանյա օրենքում, բայց Տիրոջ զգուշացնող խոսքը կա Պողոս առաքյալի միջոցով. «Հարբեցողները Աստծո արքայությունը չեն ժառանգելու»:
Հիմա այս մասին ստիպված ենք գրում հայորդիների համար, որոնք մի ժամանակ հպարտանում էին, որ Հայաստանում սթափարան (вытрезвитель) չունեն, բայց ահա ոչ միայն սթափարաններ, այլև թմրաբուժարան (наркодиспансер) էլ ունենք, որտեղ ջանում են բուժել այդ մոլություններին գերի դարձած և կործանման ուղին բռնած մարդկանց:
Սրա մասին շատ են խոսել ու գրել, բայց, ինչպես տեսնում ենք, դրանից այդ հոգեսպան մոլություններն ունեցողների թիվը չի պակասել, քանի որ այս ախտերը ոչ միայն մարմնավոր բնույթ ունեն, այլև հոգևոր: ՈՒ անտեսելով հենց հոգևոր կողմը՝ մարդիկ արդյունքի չեն հասնում: Որպես օգնություն այդ մոլություններով տառապողների, նաև նրանց հարազատների համար, որոնք պակաս չեն տառապում իրենց ընտանիքի հարբեցող անդամի պատճառով, ներկայացնում ենք այս հրապարակումը, որպեսզի Աստծո խոսքով ու Նրա զորությամբ հնարավորինս օգնենք այդ խեղճ հոգիներին, որ դուրս գան մեղքի ճահճից: Գրում եմ մեղքի, որովհետև հարբեցողությունը (այսուհետ հարբեցողություն ասելով պետք է հասկանանք նաև թմրամոլություն, որովհետև թմրանյութերն էլ են արբեցնում, գուցե և ավելի թունդ) ամենասերտ կապն ունի մեղքի հետ: Ասածս հաստատելու համար դիմենք Սուրբ գրքին՝ Աստվածաշնչին:
Ինչքան էլ տարօրինակ թվա, հարբեցության մասին առաջին հիշատակումը Սուրբ գրքում կապվում է Նոյ նահապետի անվան հետ, երբ նա ջրհեղեղից հետո խաղողի այգի տնկեց, ստացված գինուց խմեց, բայց քանի որ մարդկությունը դեռևս չգիտեր գինու զորության մասին՝ հարբեց և իր վրանի մեջ մերկացավ: Նրա որդին՝ Քամը, հոր մերկությունը տեսավ, սրտում ծաղրեց նրան և, դուրս գնալով, իր երկու եղբայրներին պատմեց: Սեմն ու Հաբեթը հագուստները վերցրին և, հետ-հետ գնալով, ծածկեցին հորը, չտեսնելով նրա մերկությունը: ՈՒ Նոյը, գինովությունից արթնանալով, իր փոքր տղայի արածն իմացավ և ասաց. «Անիծյալ լինի Քանանն ու իր եղբայրների ծառաների ծառան լինի» (Ծննդոց 9.18-25): Ահա մի քանի բաժակ գինու պատճառով ընտանեկան դժբախտության օրինակ. անարգանք ծնողի հանդեպ, անեծք, ու դրա դառը հետևանքները (Քանանի սերունդների մի մասը սևամորթ աֆրիկացիներն են, որոնք դարերով ստրուկներ եղան մնացած ազգերին):
Իսկ որ հարբեցողութունն ամենաուղիղ ճանապարհն է թշվառության և աղքատության, շատերիս է հայտնի, ինչը հաստատում է նաև Սողոմոն Իմաստունի խոսքը. «Մի ընկերանա գինեմոլների հետ, քանի որ գինեմոլն ու շռայլը պիտի աղքատանան» (Առակ. 23.20-21):
Իսկ Նոր կտակարանում առավել խիստ է խոսքը նմանների հանդեպ, քանի որ դրանով նրանք ապականում են Աստծո տաճարը, այսինքն` իրենց մարմինը, որովհետև մկրտությունից հետո Սուրբ հոգին ներբնակվում է մարդու մեջ, և նա դառնում է Աստծո տաճար: Իսկ այն հոգիները, որոնք գիշեր-ցերեկ հարբելով, ապականում են իրենց տաճար-մարմինները, Աստված էլ նրանց պիտի ապականի հավիտենական կրակին մատնելով: Այդ են ապացուցում Պողոս առաքյալի խոսքերը. «Ո՛չ իգացողները, ո՛չ արվագետները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, .... Աստծո Թագավորությունը պիտի չժառանգեն» (Ա Կորն. 6.10): Եվ դարձյալ. «Քանի որ մարմինը ցանկանում է հոգու հակառակը, իսկ հոգին՝ մարմնի, և սրանք իրար հակառակ են, մի՛ արեք այն, ինչ ուզում եք: Իսկ մարմնի գործերը հայտնի են, որոնք են. շնություն, պղծություն, այլասերվածություն... մարդասպանություններ, հարբեցողություններ և սրանց նման ուրիշ բաներ: Ինչ որ նախապես ասել եմ, հիմա էլ եմ ասում. այդպիսի բաներ անողները Աստծո արքայությունը չեն ժառանգելու» (Գաղ. 5.17-21):
ՈՒշադիր կարդացի՞ք, թե ինչպիսի զազրելի մեղքերին համահավասար է դասվում հարբեցողությունը: ՈՒրեմն չկարծենք, թե հարբեցինք, սթափվեցինք ու պրծավ-գնաց:
Գինին, որ Աստծո ստեղծածն է ուրախության համար, եթե չի ծառայում նպատակին, մեղքի է վերածվում, քանի որ ամեն ինչի չափավորն է օգտակար: Հիսուսն Իր առաջին հրաշքը գործեց Կանայի հարսանիքի ժամանակ, երբ գինին վերջացավ, և Իր Մոր խնդրանքով ջուրը գինու վերածեց: Եթե Աստված դեմ լիներ գինի խմելուն, ապա Նա այդ հրաշքը չէր գործի: Աստված դեմ է գինին մեղավո՛ր ցանկություններին ծառայեցնելուն: Ինչպես ճապոնական առակն է ասում. «Ով հարբում է, նա չգիտի գինու վնասների մասին, իսկ ով չի խմում, նա չգիտի գինու օգուտի մասին»:
Պողոս առաքյալը նույնիսկ խորհուրդ է տալիս, որ ստամոքսի տկարություն ունեցողները երբեմն ջրով բացած գինի խմեն, բայց և ինքն էլ ավելացրել է. «Մի՛ հարբեք գինով, որի մեջ անառակություն կա, այլ մանավանդ Սուրբ հոգով լցվեք» (Եփ. 5.18):
Իսկ Եսայի մարգարեն ասել է. «Գինուց պարտվել են, օղուց խելագարվել ու հիմարացել» (28.7): Քանզի ամեն ինչ, եթե տեղին և չափավոր չի օգտագործվում, վերածվում է կրքի և ապա դառնում չարիք:
Սիրաք իմաստունն էլ ավելացրել է. «Կանայք և գինին կործանում են իմաստությունը» (Սիրաք 19.2):
Զուր չէ, որ նման ըմպելիքները կոչվում են ոգելից խմիչքներ, քանզի դրանց տրվելով՝ մարդը կամովին չար ոգիների, այսինքն՝ դևերի իշխանության տակ է ընկնում ու ակամա կատարում նրանց պիղծ ցանկությունները, ընդհուպ մինչև մարդասպանություն:
Մի անգամ ինձ խնջույքի հրավիրեցին: Դիմացս նստած տղամարդը նախ իմ բաժակը կոնյակով լցրեց, առանց հարցնելու՝ խմելու եմ, թե ոչ, ապա՝ իրենը և, ինչ-որ կենացից հետո, իսկույն դատարկեց: Երբ երկրորդ կենացի հերթը հասավ, ուզեց նորից իմ բաժակը լցնել, և տեսնելով, որ ձեռք տված չէ, զարմացած հարցրեց. «Ի՞նչ է, հո հիվանդ չես, որ չես խմում»: Ասացի՝ ոչ, առողջ եմ, բայց խմիչքի կարիք չունեմ: Ես էլ իմ հերթին հարցրի նրան. «Իսկ դու ինչո՞ւ ես խմում»: Նա մի պահ մտածեց, հետո պատասխանեց. «Որ ախորժակով հաց ուտեմ»: Ես ասացի, որ իմ ախորժակը տեղն է, ուրեմն կարող եմ չխմել, չէ՞: ՈՒ երբ երկրորդ բաժակը դատարկեց, դարձյալ հարցրի. «Իսկ հիմա ինչո՞ւ խմեցիր»: Նորից մտածելուց հետո ասաց. «Որ ուրախանա՛մ»: Ես պատասխանեցի. «Իմ ուրախությունը երկնային Արքայության մասին մեր Հիսուս Տիրոջ խոստումներն են, և Նա Իր խոսքի Տերն է, այնպես որ ես կարիք չունեմ խմելու, որ ուրախանամ»: Երրորդ բաժակը կոնծելուց հետո, դարձյալ հարցրի նրան. «ՈՒրիշ ինչի՞ համար խմեցիր»: Նա այս անգամ ավելի երկար մտածեց ու, հոգոց հանելով, պատասխանեց. «Որ դարդերս մոռանամ»: Ես էլ ասացի նրան. «Աստված ասել է, որ մեր բոլոր հոգսերն Իրեն տանենք, որովհետև Ինքը մեր երկնավոր Հայրն է, ու միշտ օգնական է լինում մեզ»: Դիմացինս մի քանի րոպե լռելուց հետո ասաց. «Ախպե՜ր ջան, եթե ախորժակդ տեղն է, սրտումդ ուրախություն կա, ու դարդեր չունես, ուրեմն հալա՛լ է, շատ էլ ճիշտ ես անում, որ չես խմում»:
Այդպես է. շատերը, չգիտակցելով խմիչքի վտանգը, իրենց ժամանակավոր դժվարություններն ուզում են լուծել չարիքի օգնությամբ, բայց դրանք կրկնապատկվում, եռապատկվում և, ի վերջո, դառնում են անլուծելի խնդիրներ: Դա էլ հենց չարի ծուղակն է, որ նմանները, փոխանակ Աստծուն դիմելով փորձությունները հաղթահարեն, ոգելից խմիչքով ժամանակավոր մոռացության են մատնում իրենց և հետո հույսները կտրած, բարոյալքված, սատանայի պոչից են բռնում: Անգամ աշխարհիկ մարդը՝ Շեքսպիրն է զգուշացրել. «Ամեն ավելորդ բաժակ անիծված է, իսկ բովանդակությունը դև է»: Իսկ ժողովրդական առածն ասում է. «Մի բաժակը լավ է, երկուսը բավ է, իսկ երրորդը՝ ցավ»:
Այս մասին կա նաև մի չինական պատմություն, որը շատ էր սիրում պատմել մի ժամանակ հանրահայտ երգիչ Վլադիմիր Վիսոցկին, ով ինքն էլ է սիրել խմել: «Մի բուդդայական վանական ճանապարհ էր գնում, ու երբ մութն ընկավ, մի գյուղ հասավ ու առաջին իսկ պատահած տան դուռը թակեց։ Դուռը մի կին բացեց ու հարցրեց, թե ինչ է ուզում։ Վանականը պատասխանեց, որ խնդրում է մի գիշեր պատսպարվել։ Այդ կինը պատասխանում է. «Մի պայմանով կհամաձայնվեմ տեղ տալ. մի այծ ունեմ, կամ այն պիտի մորթես, կամ մի պառաված օրիորդ աղջիկ ունեմ, նրա հետ պիտի պառկես, կամ էլ ոգելից խմիչք պիտի խմես»։ Վանականը, որ իր կրոնին հավատարիմ լինելով, իրավունք չուներ կենդանի մորթելու և կնոջ հետ պառկելու, ստիպված, դրսում ցրտից չսառչելու համար, համաձայնեց երրորդ պայմանին՝ ոգելից խմիչքին։ Երբ այդ պայմանը կատարեց ու պառավի ցույց տված սենյակը գնաց քնելու, շուտով խմածը գլուխը տվեց, ու մոռանալով իր կրոնական ուխտը, գիշերով մտավ պառավի աղջկա ծոցը, ու այդ էլ քիչ համարելով, դուրս եկավ բակ ու այծն էլ բռնեց մորթեց։ Խորամանկ պառավը շատ լավ իմանալով ոգելից խմիչքի զորության ու հետևանքների մասին, մի հարվածով երեք պայմանները կատարելուն պարտադրեց անփորձ վանականին։ Այդպես էլ սատանան է «կատակում» յուրաքանչյուր հարբեցողի հետ, խոստանալով ուրախություն ու հոգսերի թեթևություն, հարբեցնելուց հետո խմողին պարտադրում է իր պիղծ ցանկությունները կատարել, որոնց մասին մենք շատ լավ գիտենք, թե ինչեր են անում խմած, իրենց կորցրած մարդիկ։
Այդ պատճառով, երբ մի սուրբ վարդապետի երիտասարդ վանականը հարցնում է. «Եթե երեք բաժակ գինի խմեմ, շա՞տ է»։ Փորձառու ծերը պատասխանում է. «Եթե սատանա չկա, շատ չէ»։ Այո՛, մարդը հարբելով դառնում է հենց սատանայի կամակատար ստրուկը, և ամեն հնարավոր հանցագործությունների գործիքը։ Այդ պատճառով մի իմաստուն մարդ ասել է. «Հարբեցողությունը կամավոր դիվահարություն է»։
Մինչ շարունակելը, կարդանք ևս մի կարճ պատմություն հարբեցողների սին հույսերի վերաբերյալ, որ իբր ալկոհոլի միջոցով կարող է հոգսերից ազատվել։
Երբ մի հարբեցողի հարցրին, թե ինչու է հաճախակի խմում, նա պատասխանեց.
-Կինս շատ է նեղում ինձ իր զանազան պահանջներով, որոնք իմ ուժերից վեր են, ու ինձ գիշեր¬ցերեկ հանգիստ չի տալիս ու անընդհատ սղոցում է ուղեղս։ Ես էլ, չդիմանալով այդ ճնշումներին, հարբում եմ, որ ազատվեմ այդ ամենից։
-Եվ օգնո՞ւմ է քեզ այդ ձևը, որ ազատվես հոգսերից։
-Չէ, ի՞նչ ես ասում։ Ընդհակառակը, երբ տուն եմ վերադառնում, մեկի փոխարեն երկու կին են աչքիս երևում։
-Այդ դեպքում ինչո՞ւ ես շարունակում հարբել, եթե այդպես է։
-Որովհետև ինձ առիթ է պետք…
Հասկացա՞ք, որ շատ մարդիկ իրենց դժվարություններն ու հոգսերն ընդամենը որպես առիթ են օգտագործում իրենց ցանկությունները կատարելու համար։
Ինչպես որ մի հարբեցողի ասում են, թե ինչու նորից սկսեց խմել, չէ՞ որ տանն ամեն բան հարթվել է ու վեճեր չեն լինում։ Նա պատասխանել է. «Բա ի՞նչ անեմ, ուրիշ զբաղվելու բան չունեմ»։
Բայց եթե մեկն ուզենա իսկապես ազատագրվել այդ կապանքներից և հարցնի. «Իսկ ի՞նչ անեմ, որ ազատվեմ ալկոհոլի գերությունից», կպատասխանենք. քանի որ ասվեց՝ հարբեցողությունը մեղք է, այն էլ` Աստծո արքայությունից զրկող, ապա նախ պետք է այդ մեղքի հաշիվը մաքրել: Ինչպե՞ս: Ըստ Աստծո խոսքի. «Եթե խոստովանենք մեր մեղքերը, Նա (Աստված) հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու և մաքրելու մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհ. 1.9):
Այսինքն՝ ամեն մեղք զղջումով ու խոստովանությամբ է ներվում, իսկ մեղքերի արձակումը կատարվում է Աստծո քահանայի միջոցով, քանի որ միայն նրան է այդ իշխանությունը տրված: Գնա՛ եկեղեցի, խոստովանի՛ր, թող Տիրոջ ծառան Խաչը դնի վրադ, աղոթք կարդա, և կտեսնես Աստծո մեծ զորությունը: Քանզի գրված է. «Խնդրեցե՛ք Աստծուց և Նա կտա ձեզ...» (Մատթ. 7.7): Միայն թե հավատա՛:
Որպես անհրաժեշտ շարունակություն ասվածին, իմանանք նաև այս մասին։
Երբ գիտնականներն աչքի կապիլյարների միջոցով, որոնք ամենահարմարն են մարդու առողջական վիճակը զննելու համար, ուսումնասիրություն էին կատարում մարդկանց արյան կարմիր և սպիտակ գնդիկների վերաբերյալ, նկատեցին, որ երկուշաբթի օրերը մի քանի փորձարկվողների մոտ էրիտրոցիտների ավելորդ կուտակումներ և հազարավոր տրոմբներ են առկա։ Երբ հարցրին նրանց, թե ինչ են արել կիրակի օրը, նրանք ասացին, որ սպիրտային խմիչք են գործածել։ Երբ գիտնականները մնացած փորձարկվողներին նույնպես առաջարկեցին մի-մի բաժակ գարեջուր խմել, որից հետո ստուգեցին արյունը, բոլորի մոտ համանման երևույթներ նկատեցին։
Դրա պատճառով մարդու մարմնի խոշոր արյունատար անոթները չեն վնասվում, բայց ահա գլխուղեղի կորոնար մազանոթների համար խիստ մահացու են, քանի որ գերճնշումից պայթեցնում են դրանք, սպանելով այնտեղ գտնվող ուղեղի բջիջներն ու նեյրոնները։ Ամեն անգամ 100 գրամ խմած օղուց անվերադարձ մեռնում են ուղեղի մի քանի հազար բջիջներ, որոնք հաջորդ օրը մարդու մեզի հետ դուրս են գալիս օրգանիզմից։ Երբ նույն գիտնականներն ուսումնասիրում էին ոչ հաճախ խմողների և հարբեցողների ուղեղները, ապա ականատես եղան, որ վերջինների թորշոմած, կծկված ուղեղի մազանոթները, որոնք դեֆորմացվել էին սպիրտի անդադար հոսքից, վերածվելով մեռած բջիջների գերեզմանի, ամբողջովին ծածկված էին միկրոխոցերով ու սպիներով, և զարմանում էին, թե այդ մարդիկ նման ուղեղներով ինչպես են ապրել, իսկ չափավոր խմողների մոտ նկատել են մազանոթների կծկվածություն, մեռած բջիջների ու նեյրոնների խցանումներ, բայց ոչ գերեզմանոց։ Բայց այդ, այսպես ասած, կուլտուրական խմողների չափավորությունը նրանց չի օգնել, որ նրանց երեխաները չծնվեն արատներով ու թերզարգացած, քանի որ նրանցից քչերը գիտեին, որ խմած ալկոհոլի թողած հետևանքն անցնում է 20 օր հետո։ Իսկ այն ծնողները, ովքեր ուզում են առողջ երեխա ունենալ, տղամարդը պետք է չխմի մինիմում 100 օր, իսկ կանայք նույնիսկ չփորձեն խմիչքին մոտենալ ո՛չ հղիությունից առաջ, ո՛չ էլ հետո։
Մեր օրգանիզմի ամենանուրբ ներկայացուցիչը մեր սիրտն է, ում մեր ապրած կյանքի բոլոր հարվածներն են վնասում, լինի հոգևոր, լինի մարմնավոր։ Օրինակ, չար խոսքերին, անարգանքներին, հայհոյանքներին, կամ էլ մերձավորների ու հարազատների հետ կապված զանազան չար դիպվածներին առաջին հերթին սրտի թրթիռներն են արձագանքում, ապա փոխանցում մնացած օրգաններին։ Այդպես էլ մեր իսկ թույլտվությամբ օրգանիզմ ներխուժած թույները, որոնք ներմուծվում են ծխախոտի, թմրեցուցիչների կամ սպիրտային խմիչքների միջոցով, մեր ներսում պատերազմական իրավիճակ են ստեղծում, ու սկսվում է մի իսկական ճակատամարտ օրգանիզմի նորմալ ու կայուն վիճակ վերահաստատելու համար։ Մարդու բնական ու ներքին ռեսուրսներն իրենց բոլոր միջոցներով պայքարի են նետվում օտար նյութերի վնասազերծման համար։ Եվ շատ ժամանակ, ինչպես մեղուն է ինքնազոհությամբ խայթելով իրեն մեռնում, այդպես էլ մեր օրգանիզմի շատ բջիջներ, «ինքնազոհաբերվելով» վնասազերծում են մարմին ներխուժած օտար ու վնասակար նյութերը։ Իսկ երբ մարմնի ներքին բնական ուժերի կորուստը մեծանում է, հաջորդ ճակատամարտը արդեն խուճապահար փախուստի է նմանվում, ու օրգանիզմում ի հայտ են գալիս մահաբեր երևույթների նշաններ, նայած թե հարվածն ուր է ուղղվել, այսինքն` կամ սրտի ինֆարկտ, ուղեղի անոթների արյան զեղում (ինսուլտ), լյարդի ցեռոզ (քաղցկեղ) և այլ անդամալուծություն։
Այս ամենն իմանալուց հետո, խմիչքի սիրահար անձինք թող լավ խորհեն, թե «ում հետ են սիլի¬բիլի անում», քանի որ այդ անմեղ թվացող ընկերակցությունից ծնվելու են ընտանեկան թշվառություններ, սեփական երեխաների անդամալուծություն, աղքատություն ու վերջում էլ անփառունակ մահ՝ դժոխքի սարսափելի տանջանքներով։
Ազատագրման այդ ջանքերի ժամանակ քիչ կարևոր դեր չունեն հարբեցողի հարազատներն ու մտերիմները, ովքեր պարտավոր են (այո՛, պարտավոր են) ամենակարևորը աղոթել նրա համար, քանզի Հիսուսի մոտ բազում ախտաժետներ բերողները հիվանդի մերձավորներն էին, որոնք հավատով ու հույսով Աստծուց ստացան նրանց բժշկությունը։ Դրա ապացույցներից են հրաշագործ սուրբ Շարբելի բարեխոսության միջոցով Աստծո օգնությանը դիմողների ժամանակակից բազում վկայությունները։
Թող Աստված բոլորիս Իր սուրբ երկյուղով այնքա՜ն զորացնի, որ բոլորս հաղթող լինենք այս հոգևոր պատերազմում ևս. ամեն։
Որպես ապացույց, որ Տերն ուզում է, որ մենք ազատվենք այդ հոգեկործան սովորությունից, զետեղում ենք մի լուսանկար, որն արվել է վաղուց, երբ մի քանի հարբեցող ընկերներ խմելու ժամանակ որոշում են լուսանկարվել, իսկ երբ երևակում են նկարը, ապշած տեսնում են, որ առաջին պլանում Տեր Հիսուսն է կանգնած, թևերը լայն բացած, կարծես ցանկանալով պաշտպանել հետևի պլանում պատկերված օղու շշից։ Լուսանկարն արված է շատ վաղուց, երբ դեռ սև¬սպիտակ էին պատկերները, ու մենք էլ նույն հնությամբ որոշեցինք թողնել, իապացույց Աստծո մեծ սիրո։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ