Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սրբերի հաղթարշավը Հայաստանում

Սրբերի հաղթարշավը Հայաստանում
08.06.2012 | 00:12

Աշխարհիկ մարդկանց հասկացողությամբ հաղթարշավը զուգակցվում է փառքի ու հարստության չափանիշներով, բայց հոգևոր ոլորտում այն բոլորովին հակառակ բնույթ է կրում։ Սրբերի Գլուխը՝ Հիսուսը, Իր հաղթարշավն ավարտեց Խաչի վրա ու մեռավ պարտվածի նման, բայց ընդամենը նման, քանզի ամենակուլ մահը սարսափեց Նրան Իր մեջ երեք օրից ավելի կրելուց, քանզի արտաքինից պարտված ու մեռած Խաչյալը այդ երեք օրերի ընթացքում իջել էր դժոխք ու քանդել ադամորդիների բանտը ու ազատել Իրեն հավատացողներին։ Այս խորհուրդը հաստատվում է Պետրոս առաքյալի հավաստմամբ. «Թեպետ Հիսուսը մարմնով մեռավ, բայց կենդանի է Հոգով, որով գնաց քարոզեց բանտում եղած հոգիներին» (Ա Պետրոս 3.19)։

Իրենց Վարդապետին նմանվող սրբերը նույնպես պետք է նման լինեին Նրան ամեն ինչում, մանավանդ մահվան հարցում. այդպիսին էին նախ Հիսուսի խոսքը անձամբ աստվածային շուրթերից լսած աշակերտներն ու առաքյալները, որոնք նահատակությամբ հաստատեցին իրենց հավատը, հարության հույսով լեցուն, ապա մնացածները։ Այժմ հենց այդ մնացածների մասին է խոսքը, քանզի դրանցից ընտրագույնները, որոնք 3-րդ դարում, Դիոկղետիանոս կայսեր ժամանակ ճգնում էին Հռոմի լեռների մի վանքում, մինչև այն օրը, երբ կայսրը կամեցավ կնության առնել դրանցից գեղեցկագույնին՝ Հռիփսիմե չքնաղ կույսին։ Բայց այն, ինչ ցանկալի էր աշխարհիկ կանանց, մերժելի էր Քրիստոսին սիրահարված կույսերի համար, քանզի նրանք երկնային Փեսային դիմավորելու էին պատրաստվում։ Բայց քանի որ հրամանը կայսերական էր ու անբեկանելի, այդ վանքի բոլոր կույսերը, թվով 300 հոգի, որոշում են լքել իրենց ճգնավայրն ու գնալ ուր Աստված կառաջնորդի։ ՈՒ նրանք Հռոմից նախ Երուսաղեմ ուղղվեցին, մտածելով, որ այնտեղ է վերջին հանգրվանը, բայց Տերն ավելի կատարյալ ծրագիր ուներ նրանց համար, քանզի Սուրբ Հոգու առաջնորդությամբ կույսերից ոմանք գնում են Հայոց Եդեսիա, իսկ մի մասն էլ ուղևորվում է Հայաստան, հասնելով մինչև Վասպուրականի նահանգում գտնվող Վարագա լեռը։
Իսկ ինչո՞ւ հենց Հայաստան։ Քանի որ անքննելի են Աստծո գործերը մարդկային տկար ուղեղով, ապա միայն հետագա պտուղներից են իմացվում պատճառն ու հետևանքը։ Ահա այդ կույսերից 37 հոգի շուտով գալիս է հայոց մայրաքաղաք Վաղարշապատ ու հանգրվանում մոտակա այգու հնձաններում։ Դրանց թվում էին գեղեցկուհի Հռիփսիմեն, մայրապետ Գայանեն և այլք, որոնց անունները հայտնի չեն, բացի մեկից՝ Մարիաննեն։ Դե մնացած պատմությունը քիչ, թե շատ արդեն հայտնի է, սրբազգացները հավատքով հաղթեցին ծիրանազգեստ արքային, ու բոլոր կույսերը պարտված ու ամոթահար Տրդատի հրամանով դաժանաբար սպանվեցին։
Այս շաբաթվա սկզբից Հայ առաքելական եկեղեցին պատվում է այդ բոլոր նահատակ սրբուհիների տոներով՝ նախ սուրբ Հռիփսիմեին, քանզի առաջին նահատակն էր, ապա հաջորդ օրը սուրբ Գայանեին։ Բայց քանի որ այս գրվածքն անվանեցինք սրբերի հաղթարշավ, ապա հարկ է, որ նահատակություններին հաջորդող հաղթության մասին էլ խոսենք։
Սրբուհի կույսերի խոշտանգված մարմինները Վաղարշապատին հարող բաց դաշտում ընկած մնում են ինը օր, բայց շուրջը վխտող գազաններից և ոչ մեկը չէր մոտենում նրանց, քանզի Տիրոջ անտեսանելի հրեշտակները օր ու գիշեր հսկում էին այդ գանձերը, որոնց հետագայում պիտի պատվեին որպես սրբության մասունքներ ու դրանց նահատակության վայրերում կառուցեին աշխարհում առաջին վկայարաններն ու եկեղեցիները, որոնք պետք է հաղթեին ճշմարտության թշնամիներին՝ հեթանոս ու բարբարոս, նաև կոմունիստ ազգերին, որոնք եկան ու անցան, բայց սրբուհիների անունները հավերժացնող եկեղեցիները մնացին ու կմնան, մինչև կգա նրանց Փեսան՝ Հիսուս Քրիստոսը, յուրաքանչյուրին հատուցելու ըստ գործերի։
Այդ ինը օրերին Բարձրյալն Իր նախախնամության ծրագրերի հաջորդ էջն է բացում ու Գրիգոր Պարթևին Խոր վիրապի մահապարտների գուբից 15 տարի անց հանել է տալիս։ Նրա առաջին գործն է լինում սրբուհիների գանձ-մասունքները դաշտի անգին շուշանների նման հավաքել, փնջել ու վկայարան կառուցելով, ամփոփել ի պահ, մինչև կգա քրիստոնեության արշալույսը ազգերից առաջինի՝ հայորդիների երկրում։ Եվ նա՝ Տրդատը, ով հեթանոսաբար սպանեց կույսերին, ինքն էլ քրիստոնեաբար պիտի պատվեր նրանց, քանզի այդ կարճ ժամանակամիջոցում նա դիվահարվելով ու խոզի կերպարանքով անարգանք ու նվաստություն կրեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի նման, մինչև որ հասկացավ, որ անձամբ Բարձրյալի Որդու դեմ է մարտնչել ու խայտառակ պարտվել մի կույս աղջնակի միջոցով, ում մեջ երկնային զորությունն էր բնակվում։
Եվ հզոր ու ամեհի Տրդատը հասկանալով, որ իր պաշտած կուռքերը, հանձին Անահիտ չաստվածուհու, ընդամենը քարե անշունչ ու անզոր արձաններ են, որոնք չկարողացան իրեն օգնության ձեռք մեկնել, երբ նրան լլկում էին դևերի ոհմակները, հրամայում է բոլոր մեհյաններն ու կռատները հողին հավասարեցնել և տեղում Քրիստոսի հաղթական Խաչի նշանը դնել։
Իհարկե, մինչև այսօր դեռ կան «հեթանոսաբույր» հայորդիներ, ովքեր դատապարտում են Տրդատ թագավորի այդ քայլը, համարելով, որ դրանով մեր բազմադարյա հեթանոսական մշակույթը վերացրեց։ Բայց հարգելիս, եթե դու իմանայիր, որ քո տանը բորոտության ախտով վարակված իրեր կան, մի՞թե կշարունակեիր դրանք քո տանը պահել, թեկուզ և խիստ մեծարժեք լինեին։ Իսկույն չէի՞ր դուրս հանի ու այրի, որ դրանց հետքն իսկ չմնա։ Իսկ եթե ափսոսեիր ու այդպես չվարվեիր, ապա վտանգի տակ կդնեիր և՛ քեզ, և՛ քո ընտանիքի անդամներին։ Այդպես էլ վարվեց մեծն Տրդատը, ով առաջինը բոլոր հեթանոս թագավորներից հասկացավ, որ, հանձինս կուռքերի, իրենք սատանային են պաշտել ու զոհեր մատուցել, այդ պատճառով դրանք վերացրեց իսպառ։ Իրենից հետո կես դար անց այդպես վարվեցին մնացած ազգերի կայսրերն ու արքաները, ու հեթանոսական տաճարները վերացնելով` առաջին եկեղեցիների հիմքերը դրեցին։
Իսկ Գրիգոր Լուսավորչի հայտնի տեսիլքից հետո Աստծո Միածինը երկնքից իջնելով` ոսկե մուրճով հարվածում է հեթանոսական մեհյանին, որտեղ պետք է հիմնվեր առաջին քրիստոնյա պետության Մայր տաճարը։ Այդ է պատճառը, որ մինչև օրս Վաղարշապատը կոչվում է Էջմիածին, ասել կուզի` Միածնի իջման վայր։ Եվ նախկինում քրիստոնյաներին հալածող Տրդատը Էջմիածնի Մայր եկեղեցու շինարարությանն անձամբ է մասնակցում ու, որպես ապաշխարանք իր նախկին մեղքերի, Արարատի փեշերից հսկայական քարեր էր բերում, որպես հոգևոր մի Տորք Անգեղ, ապագա եկեղեցու հիմքերի համար։
(Որպես լրացում վերը շարադրվածի, կառաջարկեի Էջմիածին անունը այսուհետ գրել առավել պատվական փոփոխմամբ՝ ԷջՄիածին)։
Որպես շարունակություն սրբերի հաղթարշավի, տեղեկացնենք, որ շաբաթ օրը պիտի կատարվի Գրիգոր Լուսավորչի վիրապից դուրս գալու տոնակատարությունը համանուն Խոր վիրապ վանքում, ուր և գտնվում է մահապարտների այն փոսը, որտեղ զնդանվել էր Աստծո սուրբը։
Իսկ կիրակի օրը Սուրբ Էջմիածնում պիտի կատարվի Կաթողիկե (իմա՝ Հայոց ընդհանրական) եկեղեցու տոնը, ի լրումն սրբերի հաղթարշավի Հայաստան աշխարհում։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3115

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ