«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Նրանք կենդանի են հոգով

Նրանք կենդանի են հոգով
12.06.2012 | 00:09

Որ սրբերը Աստծո սրբության արտացոլումն են այս մեղավոր աշխարհում, հայտնի է բոլոր կրոններում։ Բայց ոչ բոլոր հավատքներում են օգտվում նրանց բարեխոսական աղոթքներից, քանի որ նրանց երկրավոր կյանքով էլ համարում են գործը ավարտված, վերջացած։ Զարմանալի է, որ բողոքականությանը հարող քրիստոնյաներն էլ են համարում, որ մարդու կյանքը երկրային սահմաններով է շղթայված, ու նա երկնքում այլևս զորություն և իրավունք չունի մարդկանց օգնելու և միջամտելու։ Բայց այդպե՞ս է արդյոք։ Եթե այդպես է, ուրեմն սուրբ Մեռոնի եփման արարողության ժամանակ, երբ Գրիգոր Լուսավորչի մասունքի Աջով խառնում ենք կաթսայի ձիթապտղի յուղը, ապա, ըստ անհավատների, ընդամենը մեռելի ոսկոր ենք օգտագործում։ Նշենք, որ միայն կախարդներն են այդպես վարվում իրենց հմայությունների ժամանակ։ Բայց մենք գիտենք ու բազմիցս համոզվել ենք, որ սրբերի նշխարներով Տերը բժշկություն ու զորություն է փոխանցում Իրեն հավատացողներին։ Իսկ այժմ էլ քննենք այդ կարևոր հարցը Սուրբ գրքի միջոցով, քանզի այն է միակ ճշմարտության աղբյուրը։
Հին ուխտի գրքերից մեկում կա հետևյալ ուսանելի օրինակը Եղիսե մարգարեի մասին. «Եղիսեն երբ մեռավ, նրան տարան թաղեցին։ Հետևյալ տարին մովաբացիների գնդերը Իսրայելի վրա հարձակվեցին։ Երբ մի մարդ էին թաղում, ահա թշնամու մի գունդ տեսան և այն մեռելը շտապ նետեցին Եղիսեի գերեզմանի մեջ։ Եվ այդ մարդը, երբ դիպավ Եղիսեի ոսկորներին, դիպչելուն պես կենդանացավ ու իր ոտքերի վրա կանգնեց» (Դ Թագ. 13.20)։
Իսկ Եղիսե մարգարեն այն նույն մարդն էր, ում աղոթքով մի մեռած պատանի էր հարություն առել։ Այս ընտիր մարգարեի կյանքը լի էր բազմաթիվ հրաշքներով, ու մահից հետո էլ իր չորացած ոսկորներն են շարունակում հրաշքներ գործել։ Իսկ ի՞նչ զարմանալի բան կա, եթե նրա բարեխոսական աղոթքներով նույնպես շարունակի հրաշքներ գործել Տերը, քանզի սրբերի կյանքը վերերկրային կյանքում էլ է շարունակվում. այնտեղ նրանք կենդանի են հոգով, մինչև Դատաստան, երբ բոլորը հարություն պետք է առնեն մարմնով։ Սա քրիստոնեական հավատի ողնաշարն է, հիմնված Աստծո անսուտն խոսքի վրա. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը Նրանով փրկի: Ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծո Միածին Որդու անվանը չհավատաց» (Հովհաննեսի ավետարան 3.16):
Իսկ որ ննջեցյալ սրբերը երբեմն Աստծո թույլտվությամբ միջամտում են դեռևս երկրում ապրող հարազատների ու իրենց դիմողների կյանքին, դրա բազմաթիվ վկայությունները կան, որոնցից մեկին ծանոթանանք ինքներս։

Մի զինվոր մարդ, ազգությամբ հայ, օսմանցիների պետության ժամանակ կռվում էր թուրքական բանակում։ Երբ պատերազմելով եվրոպական մի երկիր են մտնում, այնտեղի շուկայում զինվորական հագուկապով սուրբ Գևորգի ու էլի մի զինվորյալ սրբի նկարներն է տեսնում: Երբ հարցնում է, թե ովքեր են այդ գեղեցիկ զինվոր տղամարդիկ, նրան ասում են, որ դրանք քրիստոնյա սուրբ զորավարներ են, որոնք պահպանում են իրենց խաչապաշտ քրիստոնյաներին: Նա էլ, լսելով այդ, մեծ գումար տալով, գնում է այդ նկարներն ու տուն բերում:
Մինչ այդ նա ծանոթ չէր քրիստոնեական հավատին. չնայած հայ էր, բայց փոքրուց որբանալով բատրակություն էր անում մի թուրք հարուստի մոտ, որտեղից էլ ծառայության էր գնացել թուրքական բանակ:
Նկարները տուն բերելուց հետո նա մի հայ քրիստոնյա է գտնում, հարց ու փորձ է անում իրենց հավատի ու սրբերի մասին, ուրախանում է, որ իրենց Տերը Քրիստոսն է, որը հաղթել է սատանային, իսկ Նրա սրբերը՝ զինվորները, հավատարմորեն մինչև ի մահ ծառայել են Տիրոջը: Կամաց-կամաց նրա հավատն արթնանում է առ Աստված, բայց դեռ վայրիվերո զինվորական բարքերով էր ապրում: Մի անգամ, հերթական անգամ պատերազմ մեկնելուց առաջ, նա սովորականի նման փակում է իր դուռն ու լուսամուտը, քանի որ ամուրի էր, ընտանիք չուներ, բայց տնից դուրս գալուց առաջ աչքով են ընկնում սրբերի նկարները, կանգնում է նրանց առջև ու իր երեսին խաչ հանելով, ինչպես սովորեցրել էին նրան, աղոթում է «Հայր մերը», իսկ սուրբ զինվորներին, որպես իրենց զինակից, ասում է. «Ես գնում եմ կռվի, բայց ձեզ իմ տան վրա պահապաններ եմ կարգում, որ ո՛չ մեկին չթողնեք մտնի»:
Անցնում են ամիսներ, կռվից տուն վերադառնալով, գալիս տեսնում է, որ տունը գող է մտել ու ինչ կա-չկա մաքրել տարել է: Զայրացած զինվորականն իսկույն գնում է նկարների մոտ ու թուրը քաշելով զայրացած ասում է սրբերին. «Դուք ի՞նչ զինվորական եք, այն էլ սուրբ, որ չկարողացաք մի տուն պահել, դրա համար ես պատժելու եմ ձեզ», ու թրի մի քանի հարվածով կտրատում, գետին է թափում սրբերի նկարները:
Անցնում է մի քանի ժամ, հանկարծ նրա տան դարպասները ճռնչոցով բացվում են ու մի սայլ է ներս մտնում, թուրքը վրան նստած և իր տան բոլոր կահ-կարասիները բարձած, մի քանի ոչխար և մի արջառ էլ պոչից պարանով կապած: Զինվորականը զարմացած հարցնում է, թե ով է, և ինչպես են իր սեփական տան իրերը հայտնվել այս սայլի մեջ: Թուրքը սայլից իջնելով իսկույն նրա ոտքերն է ընկնում ու աղաչում ներել իր որդու կատարած գողությունը։ Բացի գողացված իրերից, որպես տույժ բերել է նաև մի քանի անասուն, որ իր որդու համար քրիստոնյաների Աստծուն աղաչեն այդ կապերից ազատի ու բժշկի, քանի որ լսել են, որ Հիսուս Քրիստոսը ողորմած Աստված է, որովհետև որդին այս իրերի գողությունից հետո անդամալույծ դարձավ, ոտ ու ձեռը թուլացած, ընկավ տանը:
Ապշած զինվորը, երբ լսում է այս, թափով իր տունն է մտնում ու սկսում է մեղա գալով, պատերազմներում կոշտացած սրտին ոչ սազական արցունքներով լալ, այս ու այն կողմ թափված սրբերի նկարների պատռված ծվենները հավաքել, մեկ-մեկ համբուրել ու իրար մոտեցնել, փորձելով կպցնել, և անկախ իրենից նաև այդ թուրքի տղայի համար խնդրել, որ Տերը ների նրան: Երբ մի պահ մտքով հասկանում է, թե ինչ է իր խնդրածը, բարկությամբ ընդդիմանում է ինքն իրեն, բայց Աստծո Սուրբ Հոգու այցելությունն այնպես էր նրան փոխել այդ պահին, որ այս հայորդին հասկանում է, որ իրենց Աստվածն իրապես սիրո և ողորմության Աստված է:
ՈՒ արցունքը աչքերին դեռ չչորացած դուրս է ելնում տանից և վախից խեղճացած թուրքին մեղմությամբ ու քաղցրությամբ ասում է. «Գնա՛ տունդ, տղադ կլավանա, որովհետև մեր Աստված ողորմած ու զորավոր Տեր է: Իսկ էդ բերածդ անասուններն էլ տար հետդ, ինձ թուրքի մալ պետք չէ, որովհետև սրանից հետո իմ հույսը միայն մեր հայի Աստվածն է լինելու»:
Դրանից հետո նա դադարում է պատերազմներին մասնակցելուց ու պարզ հողագործ դառնելով, բոլորին վկայում էր հայի Աստծո սիրո ու ողորմության ու նրա Խաչի ու սրբերի զորության մասին:

Զուր չէ, որ առաքելահիմն եկեղեցու քրիստոնյաները կենդանի հավատքով կապված են Աստծո սրբերին, որոնք ի զորու են օգնելու երկրի վրա հոգևոր պատերազմ մղող եղբայրակիցներին։ Այդ պատճառով էլ Հայաստանում բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել Տիրոջ հաղթանակած սրբերի անուններով, իսկ որոշ տեղերում էլ սուրբ խորանի տակ դրվել են տվյալ սրբի մասունքները։ Դրանցից են սբ. Էջմիածնում կառուցված սրբուհի Հռիփսիմեի ու Գայանեի եկեղեցիները, իսկ Երևանում սբ. Գրիգոր Լուսավորչի անունով կառուցված եկեղեցին, որի անմիջապես մուտքի դիմաց, մարմարակերտ խորանի տակ, խաչանիշ ապակեպատ բացվածքում դրված են սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքներից, որ հայոց քրիստոնեության 1700-ամյակի առթիվ մեզ է նվիրաբերել Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապը։
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը միակն է, որ միշտ ի բաց դրված է այնտեղ, որին խոնարհաբար կարող են պատվել ու խոնարհվել հավատավոր քրիստոնյաներն ու իրենց խնդրանքների համար այդ օրհնյալ սրբի մեծազոր բարեխոսությունը խնդրել։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում