«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հայ անաղարտ երգ ունեն իրենց սրտում և շուրթին

Հայ անաղարտ երգ ունեն իրենց սրտում և շուրթին
30.11.2012 | 17:22

«Սերը միակ բանն է` ապրում է, երբ քաղցած է, մեռնում է, երբ կուշտ է»։ Երվանդ Քոչարի միտքն է։ Բայց ինչո՞ւ միայն սերը. կարծում եմ` հույսը նույնպես։ Եվ ընդհանրապես. հույսն աշխարհում ամենադիմացկուն, ամենաերկարակյաց բանն է, քանի որ նրա մահվան մահիճը միաժամանակ իր օրորոցն է նաև։

Նայում ես մարդու անկմանը կամ սողունի «թռիչքին», մտածում ես` վերջ, անիմաստ է պայքարելը, փրկության ճիգ ու ջանք գործադրելը, հուսալը։ Բայց` ոչ, հանկարծ հայտնվում է անկումը կասեցնող մի ձեռք, կամ ժամանակին արձակված մի նետ, և հաստատվող տիեզերական ներդաշնակության միջից նորից վերածնվում է հույսը` լավատեսության միակ և անփոխարինելի սնունդը։
Ճիշտ նման զգացողություն ունեցա հայրենի հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող «Ժողովրդական երգիչ» նախագծին հետևելիս. ոչինչ, որ հայրենի երգարվեստի դաշտը որոմով է պատված, կարևորը կա մի ափ բեղուն և պարարտ հող, որտեղ ազգի մշակութային քաղցը հագեցնող ոսկեհատ հասկն է աճում։ Քիչ է, բայց ոսկեհատի՛կ է, քիչ է, բայց... Իսկ ո՞վ չգիտի, որ լավն ու արժեքավորը միշտ էլ քիչ են լինում։ Քիչ են լինում, որ ափի մեջ տեղավորվեն, որ սրտի մեջ ամփոփվեն։
Այդ պատանիներն ու աղջիկները, որոնք եկել էին Սևանից, Կապանից, Գյումրիից, Արթիկից, Ջավախքից (երկու պատանի), Գագարինավանից (14 ընտրյալներից միայն երկուսն էին Երևանից), բացի հեռուստադիտողին և ժյուրիին հաճելի պահեր, զարմանք և հիացմունք պարգևելուց, բառերով չարտահայտված շատ կարևոր միտք փոխանցեցին մեր մշակույթի նախարարությանն ու, ինչու ոչ, պետությանը. մեր մարզերում և գյուղերում շատ ավելի տաղանդավոր, հայրենասեր, գուրգուրանքի և խրախուսանքի կարոտ երիտասարդություն ունենք. բացել է պետք պետության աչքը, ունկը, սիրտն ու ձեռքը։
Երբևէ իմ տեսած մրցույթներից սա միակն էր, որտեղ, իմ կարծիքով բացառություն պիտի արվեր. գլխավոր մրցանակի հավակնորդ երկու պատանիներն էլ` Մավր Մկրտչյանը` Ջավախքից, և Պետրոս Պետրոսյանը` Գյումրիից, մրցույթի սկզբից մինչև ավարտը ձեռք ձեռքի բարձրացան հաղթանակի գագաթը, երկուսն էլ արժանի էին «Ժողովրդական երգիչ» կոչմանը, և արդար կլիներ մրցանակի կիսումը։ Կոչումը տրվեց Պետրոսին, բայց Մավրն առավելություն ուներ. բացի իր աստվածատուր, բացառիկ ձայնից, «հյուր» էր համայն հայության մայրաքաղաք Երևանում, և սկզբնական շրջանում այդ փաստն ակնհայտ էր։ Իսկ ո՞րն էր Մավրի առավելությունը. հայրենիքում հայ մնալը, հայ երգը սիրելը, հայերեն ապրելն ու շնչելն օրինաչափ է, դրսում` հերոսություն (թեպետ, հաճախ հակառակն է լինում, ցավոք)։
Մավրի հաղթանակով Ջավախքն իրեն մոր գուրգուրած զավակ կզգար, քանի որ այդ լեռնաշխարհը որքան էլ` հայարմատ, հայաշունչ և հայաբույր, գտնվում է կղզիացած վիճակում. ֆիզիկապես մի երկրում է, հոգեպես` մեկ այլ։ Ճկուն չեն ո՛չ ջավախքցին, ոչ էլ` Ջավախքը, այլապես կարող էին լինել «երկու տան կատու», սնվել և՛ Վրաստանից, և՛ Հայաստանից։ Ճկուն չեն, ուստի անտեսված են և՛ Վրաստանից, և՛ Հայաստանից։ Բայց նման կարգավիճակում էլ (հարազատից` հեռու, օտարին` մոտ), շիտակ և մաքրամաքուր այդ հողը շարունակում է ազնիվ, տաղանդավոր և պատվախնդիր հայորդիներ ծնել և պարգևել հայ ազգին։ Վկան` Մավր Մկրտչյանը, և նախագծի մյուս ջավախքցի մասնակիցը` Մասիս Հունանյանը։
Ինչևէ, բարի երթ և՛ Պետրոսին, և՛ Մավրին, նաև` մյուս մասնակիցներին, որ հայ անաղարտ երգ ունեն իրենց սրտում և շուրթին։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 22905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ