Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայրապետի նվիրապետական աթոռը

Հայրապետի  նվիրապետական աթոռը
11.01.2013 | 12:08

Աթոռ էլ կա, աթոռ էլ։ Աթոռ կա, որ ընդամենը չորսոտնուկ է, աթոռ էլ կա` գահին է հավասար, նայած թե ով է այդ աթոռին նստողը։ ՈՒրեմն աթոռի ու գահի տարբերությունը նստողի ու բազմողի մեծությունից ու զորությունից է կախված։ Ինչպես որ կա թագավորական աթոռ, այդպես էլ ոչ պակաս հայրապետական կամ նվիրապետական աթոռ, որի վրա նստում է տվյալ երկրի կրոնապետը։ Եվ այս աթոռը, քանի որ ի վերուստ է հաստատվում, անխորտակելի է, թեկուզ և պետությունն ընկած լինի։ Դա էլ հնուց եկած ու մեզ հասած ազգային մեծության խորհուրդ է, որ հոգևոր իշխանության խորհրդանիշն է։

Օրինակ, երբ հայոց թագավորությունը վերացավ մոտ հինգ դար, չդադարեց Գրիգոր Լուսավորչի իշխանությունն ու գահակալությունը մինչև մեր օրերը, ու չի էլ վերանա, մինչև կգա թագավորների Թագավորն ու տերերի Տերը։ Այդ ժամանակ կվերանան բոլոր աթոռներն ու գահերը, որովհետև երբ արեգակն է ծագում աշխարհի վրա, մոմերը կորցնում են իրենց պայծառությունը։ Քրիստոնեական աշխարհում ամենաբարձր աթոռը համարվում է Պետրոսի աթոռը, ով Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեծագույնն է համարվել ըստ Տիրոջ խոսքի. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է՝ Պետրոս, այսինքն` ժայռ) (Հովհ.1.42): Եվ այս անունը տրվեց նրան, որովհետև նա առաջինն էր, որ Հիսուսին դավանեց որպես Բարձրյալ Աստծո Որդու։ Իսկ Պողոս առաքյալը շարունակում է առաքելական աստիճանականության մասին. «Հակոբոսը, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում» (Գաղատ. 2.9)։ Բայց կա մի Աթոռ, որի մասին իսկապես մեծատառով պետք է գրել, դա էլ Աստծո Գահն է, որ վրա Բարձրյալն է նստում, իսկ նրա շուրջը 24 երեցների գահերն են տեղավորված. «Եվ երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը եղավ մեր Տիրոջը և իր Օծյալինը. և Նա պիտի թագավորի բոլորի վրա հավիտյանս հավիտենից»: Եվ քսանչորս երեցները, որ նստած էին իրենց գահերին, Աստծո առաջ, ընկան իրենց երեսների վրա, երկրպագեցին Տեր Աստծուն» (Հայտն.11.15)։
Եվ դարձյալ` «Եվ ես տեսա. ահա Գառը կանգնած էր Սիոն լերան վրա. և Նրա հետ՝ հարյուր քառասունչորս հազար հոգի, որոնք Նրա և Նրա Հոր անունն ունեին գրված իրենց ճակատների վրա… Նրանք նոր երգեր էին երգում Գահի առաջ» (Հայտն. 14.1-4)։
Իսկ հայոց հինավուրց մատենագրությունը հավաստում է այս պատմությունը: Հունաց Մոնոմախ կայսրը հայոց հայրապետ տեր Պետրոսին նամակ գրեց, հրավիրելով իր մոտ՝ Կոստանդնուպոլիս։ Տեր Պետրոսը հոժար կամքով համաձայնեց գնալ։ Նա Աստծո Հին ու Նոր կտակարանների քաջագիտակ վարդապետների ու իմաստունների ուղեկցությամբ ճանապարհ ընկավ ու հասավ Կոստանդնուպոլիս։ Նրա ժամանման լուրը հասավ, ողջ քաղաքը դղրդաց և տեր Պետրոսին դիմավորելու դուրս եկավ։ Նրան մեծամեծների ուղեկցությամբ առոք¬փառոք տարան Սուրբ Սոֆիայի տաճար, որտեղ նա հանդիպեց կայսրին և պատրիարքին, որից հետո իջևանեց փառավոր տան մեջ։
Երկրորդ օրը տեր Պետրոսը գնաց պալատ՝ կայսեր մոտ։ Կայսրը լսելով նրա գալստյան մասին, ելավ նրան ընդառաջ և հրամայեց տեր Պետրոսին նստեցնել ոսկե աթոռի վրա։ Ընդունելությունից հետո, վերադարձին, տեր Եղիսեն այդ աթոռը վերցրեց տանելու։ Կայսեր սպասավորները ջանք էին թափում հետ ստանալու (ոսկե աթոռը), բայց Եղիսեն կտրականապես մերժեց։ Կայսրն իմանալով վեճի մասին, հարցրեց, թե ինչու չի ուզում տալ։ Տեր Եղիսեն պատասխանեց. «Ո՜վ կայսր, սա հայրապետական աթոռ է. ոչ ոք արժանի չէ նրա վրա նստելու, բացի տեր Պետրոսից»։ Կայսրը լսելով դա, իրավացի գտավ տեր Եղիսեին և ասաց. «Նրան տվեք առաքելական աթոռը», և դիմելով Եղիսեին, ասաց. «Հազար դահեկան արժե այդ աթոռը, պահի՛ր այն քո տիրոջ համար, որպեսզի ոչ ոք չնստի այդ աթոռին» (Մատթեոս ՈՒռհայեցի. Ժամանակագրություն, էջ 70)։ Իմացա՞ք, թե ինչ արժեք ու պատիվ ունի Հայոց առաքելական աթոռը, որ նույնիսկ Բյուզանդիայի կայսրն է հարգալից պատվում։ ՈՒրեմն պատվենք և մենք, ու անմիտ աղանդավորական հովերով չանարգենք ու չնսեմացնենք նրա մեծությունը, քանզի այն Տիրոջ առաքյալներն են հիմնել ու հաստատել։
ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆ ՎԱԶԳԵՆ Ա ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ. Երբ մի անգամ նրան դիմեցին կարևոր մի հարցով, որը Հայ առաքելական խնդիրներին էր վերաբերում, նա մտորեց և իսկույն չպատասխանեց հարցին, այլ ասաց. «Ժամանակ տվեք հարցնելու ինձնից առաջ եղած 129 կաթողիկոսներին, հետո նոր ձեր վերջնական պատասխանը կստանաք»։ Խորիմաստ, միաժամանակ խոնարհամիտ պատասխան, քանզի առաքելական աթոռին նստողն իրավունք չունի առանց Աստծո օգնության ու եկեղեցու սրբերի բարեխոսության գործելու։
Այժմ էլ ժամանակակից փոքրիկ միջադեպ¬վկայություն ասվածի առիթով։ Լսել եմ, որ մեր ժամանակակից հայոց կաթողիկոսին մի առիթով արտասահմանից ժամանած բարձրաստիճան հյուրերի հետ հրավիրել են Երևանի կոնյակի գործարան։ Այնտեղ, ըստ սովորության, մեծապատիվ հյուրին նստեցնում են մի աթոռի վրա ու իր կենդանի կշռով մեկ կոնյակ են լցնում ու հետը ճամփում, որպես հյուրասիրության բարձրագույն պատիվ։ Այդ ժամանակ առաջարկել են նաև մեր կաթողիկոսին նստել։ Նա ծանրախոհ կերպով պատասխանել է. «Իմ կշռով այս գործարանում կոնյակ դժվար թե գտնվի»։ Բոլոր ներկաներն իսկույն հասկացել են, որ իսկապես Հայոց առաքելական բարձրապատիվ ու մեծաշուք աթոռի գահակալի «քաշին» դժվար թե կարողանան իրենք ըստ արժանվույն պատվել։ Սա ի միջի այլոց, որպես վկայություն։
Իսկ ըստ Գրիգոր Տաթևացի վարդապետի, տիեզերական չորս գլխավորագույն աթոռներ կան, չորս ավետարանիչների անուններով.
1. Անտիոքինը` Մատթեոս ավետարանչի անունով։
2. Ալեքսանդրիայինը` Մարկոս ավետարանչի անունով։
3. Հռոմինը` Ղուկաս ավետարանչի անունով։
4. Եփեսոսում` Հովհաննես ավետարանչի անունով, որը հետագայում Կոստանդիանոս կայսրը տեղափոխեց Կոստանդնուպոլիս՝ իր կայսրության նոր մայրաքաղաքը:
Իսկ եկեղեցու սուրբ հայրերի առաջին ժողովում ևս երեք աթոռներ հաստատեցին.
5. Երուսաղեմում` Քրիստոսի սուրբ Գերեզմանի համար,
6. Կիպրոսում` Ղազարոսի գերեզմանի մոտ,
7. Հայաստանում` սուրբ Էջմիածնում` Գրիգոր Լուսավորչի անունով:
Սրանք այն յոթ սյուներն ու խարիսխներն են, որոնցով հաստատուն է Տիրոջ հիմնած անտեսանելի ու հոգևոր անխորտակ եկեղեցին:
Հիմա մեկ ուրիշ մեծանուն աթոռի մասին պետք է խոսենք։ Դա էլ Հակոբոս Գլխադիրի աթոռն է, որի վրա է հիմնված Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունը։ Սուրբ Հակոբը Տեր Հիսուսի համբարձումից հետո առաջին եպիսկոպոսապետը դարձավ։ Եվ երբ հրեաները նրան սպանելով նահատակեցին, առաքյալները նրան թաղեցին հենց սուրբ Հակոբոսի սեփական տան բակում, որտեղ հետագայում կառուցվեց ներկայիս սուրբ Հակոբյանց տաճարը։ Հնում տաճարի կառուցման ժամանակ նրա սուրբ մասունքները դրեցին աջակողմյան սյունի մոտ։ Հիմա այդ տաճարի ներսում, այդ սյունի մոտ մի գահանման գեղեցիկ աթոռ է դրված, որի վրա զօրուգիշեր անմար կանթեղ է վառվում, իսկ առջևում ժապավեն է կապված, ի նշան այն բանի, որ այստեղ արգելվում է որևէ մեկին նստել, իսկ եթե կա մեկը, որ կարող է և իրավունք ունի նստելու, ապա դա պետք է լինի միայն Երուսաղեմի հայոց նորընտիր պատրիարքը՝ Գլխադրի հաջորդը, ու այն էլ միայն մեկ անգամ, երբ նա նոր է ընտրվում. այսինքն` իր ընտրության օրը, քանի որ այդ աթոռը այնքան պատվավոր ու վեհաշուք անուն ունի, որ ոչ մի պատրիարք չի համարձակվում երկրորդ անգամ նստել։ Այդ պատճառով այդ նույն աթոռի կողքին դրված է մեկ ուրիշը՝ տեսքով ու չափով առավել փոքր մի աթոռ, որպեսզի գահակալ պատրիարքը նստի պատարագների ժամանակ։
Հունվարի 20-25¬ին Երուսաղեմի հայոց միաբանությունը պատրաստվում է ընտրելու այդ նոր պատրիարքին։ Թող Աստված օգնական լինի, որ սուրբ Հակոբոս Գլխադրի աթոռին արժանի հետնորդ ընտրվի, ամեն։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ

Դիտվել է՝ 2173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ