Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Նրա հանգիստը փառավոր պիտի լինի»

«Նրա հանգիստը  փառավոր պիտի լինի»
15.01.2013 | 11:05

(սկիզբը` այստեղ)

«ԱՅ ԵՄ ԱՐՄԵՆԻԱՆ»` ԵՍ ՀԱՅ ԵՄ
Այդ օրը Սուրբ Հարության տաճարում եկեղեցական տոն էր Հայոց Երուսաղեմի քրիստոնյաներիս համար և, ըստ ընդունված կարգի, մեր միաբանությունը պետք է պատրիարքի, եպիսկոպոսների, վարդապետների ու ժառանգավորաց սաների հետ հանդիսավոր թափորով, խաչով ու խաչվառներով Սուրբ Հարության տաճար գնար: Ասեմ, որ նման դեպքերում հրեա ոստիկանների և զինվորականների երկու խումբ թափորի առջևից ու հետևից գնալով, ապահովում էր մեր երթի անարգել ընթացքը, որովհետև վանքից մինչև Տաճար պետք է շուկայի նեղլիկ փողոցներով ընթանայինք, ուր իրար սեղմված քայլում էին հարյուրավոր ազգերի բազմահազար զբոսաշրջիկներ:
Ես էլ այդ օրը որոշել էի նկարահանել մեր թափորի մուտքը դեպի տաճար: Եվ երբ ուզեցի մոտենալ, հասկացա, որ անհնար է, որովհետև տարբեր ազգերի հոծ ամբոխը անանցանելի պատնեշ տված, կանգնած էր այնտեղ: Իսկ խռնված բազմության միջով ոստիկանների միջամտությամբ մի լայն միջանցք էր բացված, որ հայոց թափորը կարողանար անարգել անցնել: Ես էլ, մի կերպ ճեղքելով այդ ստվար ամբոխը, ուզեցի առջևում կանգնել, որ կարողանայի նկարահանել: Երբ արդեն առջևի շարքին էի հասել, տեսա, որ այդտեղ կանգնածները չեն ուզում ոչ մի կերպ ինձ տեղ տալ: Ես էլ պարզամտորեն հայտարարեցի, որ հայ եմ՝ «Այ եմ արմենիան», ու այս եկող թափորն էլ մերն է, այսինքն՝ ուզեցի մի կերպ՝ ձեռքով, ոտքով հասկացնել, որ զիջեն և հնար տան նկարահանելու: Շուրջս կանգնած տարբեր ազգերի «կերած, խմած», պարարտ ու հարուստ, անհոգ ու ապահով ազգերի ներկայացուցիչները, լսելով, որ ինչ-որ «խղճուկ» ազգի անուն տրվեց, ծիծաղեցին, և յուրաքանչյուրն սկսեց իր ազգի անունը տալ, ասելով. «Ես էլ ֆրանսիացի եմ», «Ես ամերիկացի եմ», «Ես էլ անգլիացի», և աշխարհին հայտնի այլ կուշտ ու «չալաղաջ» ազգերի մի քանի անուն, այն էլ՝ ընդգծված հպարտությամբ ու չթաքցրած ծաղրանքով իմ ազգի հանդեպ: Ոմանք էլ խղճահարությամբ նայում էին ինձ՝ կարծես ասելով. «Դու էլ այստեղ պարծենալու ազգի անուն գտար տալու»:
Շրջապատված, ըստ Դավթի սաղմոսի` «Բասանի ցուլերով», ես մի պահ շփոթվեցի հոգեբանական ճնշումից և, որպես քրիստոնյա, ներում խնդրեցի, որ չկարողացա ճիշտ հասկացնել: Եվ երբ խռովված հոգով ուզում էի դուրս գալ ամբոխի միջից, հանկարծ մեր հայրերի պաշտած Աստվածն ասես մի ներքին ձայնով հասկացրեց ինձ. «Եթե դու քեզ հայոց ազգի զավակ ես համարում, էլ ինչո՞ւ ես այլազգիների բազմության մեջ մոլորվել: Օգտվի՛ր քո հայրերի հավատով ձեռք բերված իրավունքից և զատվիր ամբոխից ու անվախորեն Տաճար մտիր»: Ես էլ, համարձակություն ստանալով այդ ներքին անբացատրելի զորության այցելությունից, բոլորի համար անսպասելիորեն ճեղքեցի այդ հոծ ու խայտաբղետ մարդկանց շարքերը և, մեզ՝ հայերիս համար բացված ճանապարհով, համարձակորեն դեպի Տաճար քայլեցի: Ամբոխը զարմացած ու ապշած իմ հանդուգն քայլից՝ հետաքրքրությամբ սպասում էր, որ հրեա խստապահանջ ոստիկաններն ինձ՝ խեղճ ու անհայտ ազգի զավակիս, կոպտաբար դուրս կհրեն կամ էլ ձեռքերս կոլորեն ու կտանեն: ՈՒ երբ նրանք մահակները ձեռքներին բարկացած հայացքներով իմ կողմը վազեցին, ես հեռվից ձեռքս վեր բարձրացնելով, նրանց բարձրաձայն հայտարարեցի. «Այ եմ արմե՛նիան»: Նրանք էլ, ինձ հասնելով, թևերիցս մեղմորեն բռնեցին և հարցական նայեցին Տաճարի դռան մոտ կանգնած մեր միաբաններին, որոնք սպասում էին թափորին: Նրանք գլխի շարժումով հաստատեցին, որ, այո, նա հա՛յ է: Եվ ինչպես կատաղած մեկն է իրենից զորավորին հնազանդվում, այդպես էլ նրանք, ազգիս անունը լսելով, «փուշները թողեցին» և թույլ տվին, որ անարգել Տիրոջ Սուրբ Հարության տաճարը քայլեմ:
Այդ պահին կարծես տեսնում էի, թե ինչպես են աշխարհի զորավոր ու ապահով ազգերի քիչ առաջ ամբարտավանորեն բացականչող ներկայացուցիչները, զարմանքից շվարած, ափիբերան լինում: Հիմա թող գնան ու լավ խորհեն, թե ի՛նչ է նշանակում «Այ եմ արմենիան» արտահայտությունը Սուրբ երկրում, իսկ հետո, երբ գա Դատաստանի օրը, նաև՝ երկնքում։ Ամպագոռգոռ բառեր չեն սրանք, պահի հուզմունքի ծնունդ չեն այս խոսքերը, այլ անտեսանելի հոգևոր իրականություն, որ, ավաղ, հայոց ազգս այն տեսնելու և դրանով առաջնորդվելու հավատն է կորցրել։
Համանման դեպք նորից պատահեց մի քանի ամիս անց, երբ Հայաստանից սանիկս և նրա ընկերն ուխտի էին եկել այստեղ: Այդ ընկերը հայ էր, բայց ամերիկյան քաղաքացիություն ուներ: Սուրբ վայրերով նրանց ուղեկցելիս պատմեցի մեր ազգի ունեցած սրբատեղերի և իրավունքների մասին և առաջարկեցի մասնակցել Սուրբ Հարության տաճարի մեր գիշերային պատարագին: Եվ երբ երեկոյան ժամը յոթին մենք Տաճար գնացինք, մի քիչ ուշացել էինք, Տաճարի դռները արդեն փակում էին, և բոլոր այլազգիներին ոստիկանները հանում էին այնտեղից: Մենք, ճեղքելով դուրս եկողների հոծ բազմությունը, ուզում էինք ներս մտնել, բայց աչալուրջ ոստիկանները մեզ արգելեցին մի քայլ իսկ առաջ գնալ: Ստիպված նորից արտասանեցի այդ «մոգական» խոսքը. «Այ եմ արմենիան», և ոստիկանը ձեռքերն անզոր հետ քաշեց, ապա ավելացրի, որ հետս եկող այս երկուսը նույնպես հայ են: Նա մի պահ նայեց նրանց դեմքերին և, հայի նմանություն գտնելով, լռությամբ մի կողմ կանգնեց, որ անցնենք, իսկ մնացած բոլոր ազգերին առաջներն արած՝ անխտիր դուրս հանեցին:
Հետիս ուխտավորները, հայտնվելով արդեն դատարկ Տաճարում, իրականում համոզվեցին մեր ազգի անբացատրելի զորությանը, մանավանդ ամերիկահայը, որը կարծում էր, թե իր ապրած երկիրն ամենազոր է: Էլ չեմ ասում այն օրերի մասին, երբ մենք Տաճարում պատարագի արարողություն ունենք: Դրանից առաջ, ըստ «Ստատիկոնի» (Գոյավիճակի), պետք է Տիրոջ Գերեզմանն ազատվի բոլոր ուխտավորներից ու այցելուներից, որպեսզի հայ եպիսկոպոսներն ու վարդապետները, սարկավագների հետ, հերթով սուրբ Գերեզման մտնեն, երկրպագեն ու համբուրեն այն, որից հետո միայն պատարագն սկսեն Երկրորդ Գողգոթա կոչվող վերնասրահում: Մեր հոգևորականությունը Տաճար է մտնում մուսուլմանական հնաոճ տարազով, փուփուլավոր ֆեսերով, թրերը կողքներից կախած ղավազների առաջնորդությամբ. այդ պատճառով զբոսաշրջիկները, ինչ ազգից ուզում է լինեն, պարտավոր են ճանապարհ տալ հայերին: Եվ բնական է, որ նրանց մեջ կլինեն շատերը, որոնք մինչ այդ արհամարհում էին մեզ, բայց այստեղ ստիպված խոնարհվում ու ենթարկվում են Երուսաղեմի հոգևոր իշխանություններին: Իհարկե, երբեմն այդ անում են խիստ դժկամությամբ, նույնիսկ անթաքույց մեծամտությամբ, բայց, ի վերջո, կակղում են, երբ ոստիկանի անուն են լսում: Նման միջադեպեր ինչքան ասես պատահում են, մանավանդ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, երբ մեր վարժարանի հայ սաները, մի վարդապետի գլխավորությամբ, վառած մոմերը ձեռքներին, Տաճարի բոլոր սրբատեղերում իրենց դարավոր թափորն են կատարում: Այդ պատճառով մեր հայոց միաբաններն այդ օրերին խիստ լարված ու աչալուրջ են լինում, որովհետև յուրաքանչյուր վրիպում կարող է նույնիսկ միջազգային տհաճ արձագանքների առիթ տալ: Այդ պահերին բոլոր զբոսաշրջիկներին արգելվում է ելումուտ անել Տաճարի սրբատեղերում:
ՀԱՐՑ- Ինչպե՞ս է, որ մեր փոքր և շատերին անհայտ ազգը նման իշխանություն ունի աշխարհի «սրտում», և ո՞րն է այդ զորության ակունքը:
ՊԱՏԱՍԽԱՆ- Ճշմարտություն փնտրող մեր հայրերը գտան Միակ ու Ճշմարիտ Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին` Որդուն կենդանի Աստծո, և համարձակաբար Նրա մեծ ու փառավոր անունն ազգովին առաջինը դավանեցին աշխարհի բոլոր ազգերի առջև, և այդ հավատքը մշտավառ պահելու համար բազում ճգնություններ, աղոթքներ ու սխրանքներ արեցին, նաև իրենց արյունը չխնայեցին, որպեսզի այսօր ես ու դու, սիրելի հայորդի, ապրենք մեր իսկ հայրերի հողում, խոսենք մեր իսկ հայրերի լեզվով, դավանենք մեր իսկ հայրերի հավատը, և գնանք ու անձկությամբ երկրպագենք Միածնի իջման վայրում` ԷջՄիածնում, և ասենք. «0րհնյա՜լ, գովյա՜լ ու փառավորյա՜լ լինես, մեր հայրերի Աստված, որ մեզ դարեդար պահեցիր Քո սուրբ ու ամենակարող անունով և աշխարհակալ ու խուժուդուժ, արյունարբու և կոմունիստների արյունոտ ատամներին որպես որս չթողիր, այլ պահեցիր ու հասցրիր մինչև այս օրերը, և հավատում ենք, որ հիմա էլ չես թողնի այս նեղությունների մեջ, այլ նորից, մինչև Քո Երկրորդ Գալուստը փրկության լույսի ճանապարհով կտանես մեզ»:
Այժմ էլ դո՛ւ, սիրելի ընթերցող, մտովի կանգնիր ամենաօրհնյալ Տիրոջ Գերեզմանի առջև ու խորհիր կարդացածդ խոսքերի ճշմարտության շուրջ:
(շարունակելի)


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի ուսուցիչ

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ