Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հզորներին հավասարը

Հզորներին  հավասարը
18.01.2013 | 13:43

(սկիզբը`այստեղ)
Հիմա իրավունք ունեցողի պես մոտենանք Տիրոջ սուրբ Գերեզմանի դռանը. սկսենք շքամուտքից: Այն շինված է կարմրավուն մարմարից, կամարակապ է ու ոչ այնքան բարձր: Հաղթահասակ մարդիկ պետք է մի փոքր խոնարհվելով մտնեն: Հենց մուտքի վերևում Հարության խորհուրդը կրող մի յուղանկար կա. դա հայերինս է, վրան, ինչպես միշտ, գրված՝ «Հիշատակ ազգիս հայոց», որի առջև վառվում են տասներկու անպաճույճ ու արծաթյա կանթեղներ, իսկ մեջտեղում՝ կարմրապակե մի մեծ կանթեղ, որը, ըստ ոմանց, խորհրդանշում է տասներկու առաքյալներին ու Տիրամորը մեկտեղ, իսկ ըստ ուրիշների՝ առաքելահավասար Գրիգոր Լուսավորչին: Սակայն կարևորը սա չէ, կարևորը փաստացի իրականությունն է: Եվ տվյալ պարագայում նաև այնքան կարևոր չէ կանթեղների անշուքությունը, որքան այն իրողությունը, որ ազգերն ու ժողովուրդները աշխարհի «Սրբություն սրբոցը» մտնելիս առաջինը խոնարհվում են անդրանիկ քրիստոնյա հայոց ազգի մշտավառ կանթեղների առջև:
Բայց մինչ ներս մտնելը նայենք մուտքի աջ ու ձախ կողմերը, որտեղ մի քանի մետր բարձրություն ունեցող հսկայական աշտանակներ են կանգնած՝ ամեն կողմում վեց-վեց հատ. բաժանիր երեքի, որովհետև դրանք ընդամենը երեք ազգի, ավելի ճիշտ՝ եկեղեցիների են պատկանում: Չորսը հայերինն է, չորսը` հույներինը, չորսը` լատիններինը: Եվ որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի, թե այդ անունների հետևում ովքեր և ինչ ազգեր ու բազմություններ են կանգնած, ասեմ։ Հույները ներկայացնում են Ալեքսանդր Մեծի հետնորդներին, որի աշխարհակալ թագավորությունը մինչև Հնդկաստան ձգվեց, և որի բնական շարունակությունը կազմեց հզոր Բյուզանդիան, որի տիրապետության տակ մենք դարերով գտնվեցինք:
Այժմ հռոմեադավանների՝ լատինների մասին, որոնց հետ մեր առաքելական եկեղեցին նույնպես շփումներ ունի: Սուրբ երկրում առաջին քայլերն սկսելով Ֆրանսիայի թագավոր Կառլոս Մեծի (742-814) ժամանակներից՝ ութերորդ դարի վերջում կառուցեցին լատինական առաջին եկեղեցին սուրբ Մարիամ Աստվածածնի անունով: Իսկ պատրիարքություն ունենալու իրավունք ստացան 1090-ից հետո՝ խաչակիրների օրոք: Սրանք ներկայացուցիչն ու գլուխն են կաթոլիկ դավանանքը կրող բոլոր հզոր պետությունների, ի դեմս Իտալիայի, Ամերիկայի ստվար մասի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Սլովակիայի, Լեհաստանի և 103 այլ պետությունների: Իսկ դու, ընթերցող հայորդի, անդրադարձիր կարդացածդ անուններին ու թվին. և զարմացի՛ր մեծ զարմանքով, որ երբեմնի աշխարհակալ Հռոմի ժառանգորդների հետ, որից 600 տարի շարունակ ազգերն էին սարսում, ու որտեղից մեր թագավորները պատվո թագ էին ստանում, այսօր նրանց հետ, որպես հավասար, կանգնած ենք մենք` հայերս, ներկայացնելով միայն ինքներս մեզ. ընդամենը երկու¬երեք միլիոն թշվառացած բնակչություն ու էլի նույնքան էլ աշխարհով մեկ ցրված պանդուխտ զավակ ունեցող մի երկիր: Ա՛յս էլ իմանանք, որ կաթոլիկ եկեղեցու քրիստոնյաների թիվը մոտ մեկուկես միլիարդ է, իսկ ուղղափառ եկեղեցունը` կես միլիարդ: Հիմա համեմատիր և տե՛ս, թե երբեմն ո՞ւմ դեմ են պատերազմի ելել և ո՞ւմ են իրենց հոգու արիությամբ դիմակայել մեր սուրբ նախնիները: ՈՒրեմն իմացի՛ր, թե ով ես դո՛ւ` ո՛վ հայորդի եղբայրս ու քույրս, և տես ինչպիսի՜ արմատներից ես սերվել ու մինչև այժմ էլ սնվում, և ինչպիսի՜ ժառանգություն ունես Քրիստոս Աստծո ծննդյան ու հարության երկրում: Հիմա մի կողմ թող հուսահատությունդ ու տրտունջներդ. ելի՛ր, կանգնի՛ր մեղքի թմբիրից և Տիրոջ անունը կանչի՛ր, որովհետև Նրա համար, ինչպես համոզվեցիր, շատն ու քիչը միևնույն բանն են: Նա մեզնից «որակ» է պահանջում. այսինքն՝ հավատ, սուրբ երկյուղ, արդարություն, ներողամտություն և ողորմածություն: Մնացած ամեն բան Տերը լիուլի պիտի տա, որովհետև Ինքն է խոստացել ասելով. «Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք` ինչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է: Նախ խնդրեցե՛ք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.31-33):
Բայց անցնենք առաջ, որովհետև սուրբ Գերեզմանի մատուռում տեսնելու ու խորհելու դեռ շատ բան ունենք: Հայոց կանթեղներից հետո գալիս են հույների շքեղազարդ տասներկու կանթեղները, ձվաձև ճենապակիների վրա նկարված տասներկու առաքյալների պատկերներով: Ավելի վեր գունավոր մարմարից ու թանկարժեք մետաղներից վարպետորեն կերտված Հիսուսի հարության հունական մեծադիր հարթաքանդակն է: Այդ բոլորից վեր լատիններինն է, նույն թվով կանթեղներով, միայն թե նրանց բաժին պատկերը կտավի վրա է նկարված:
Հիմա ներս մտնենք սուրբ Գերեզմանի ներքնագավիթ՝ «Հրեշտակաց» կոչվող սրահը. այն մի քանի քառակուսի մետրանոց փոքրիկ մատուռ է, որի մեջտեղում ցածրիկ մարմարե պատվանդանի վրա, ապակու տակ քարի մի բեկոր է դրված: Այդ Հիսուսի Գերեզմանի մուտքը փակած քարն է, որ հրեշտակը գլորեց և նստեց վրան, ինչի մասին պատմում է Մատթեոսի ավետարանը. «Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան Գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, մոտեցավ, դռնից քարը մի կողմ գլորեց ու նստեց վրան: Նրա տեսքը փայլակի նման էր, ու զգեստը սպիտակ ինչպես ձյունը: Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան: Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց. այստեղ չէ Նա, քանի որ հարություն առավ, ինչպես Ինքն ասել էր»» (Մատթ. 28.1-5):
Այս սրահում առաստաղից կախված տասնհինգ հատ արծաթյա կանթեղ կա, որոնցից երկու հինգը հույներինն ու լատիններինն է, ձախ կողմի հնգյակից չորսը՝ հայերինը, իսկ մեկը՝ ղպտիներինը (որ ժամանակին մենք ենք եղբայրաբար տվել նրանց): Ներքնագավթի աջ ու ձախ կողային պատերի մեջ դեպի դուրս բացվող երկու ձվաձև օդանցքեր կան, որոնցից հարավայինը հայերինս է, իսկ հյուսիսայինը՝ հույներինը: Սրանք շատ կարևոր օդանցքեր են համարվում, որովհետև Լույսի օրը դրանց միջով են փոխանցում Քրիստոսի Գերեզմանից հենց նոր վառած մոմերը: Այստեղ կան նաև յուղաներկ երեք նկարներ, որոնք համապատասխանաբար երեք առաջնորդ եկեղեցիներին են պատկանում: Հրեշտակի գլորած քարի հետևում մի ցածրիկ, սպիտակ մարմարակերտ դուռ կա, որի կամարաձև, կարծես քարակերտ վարագույրի աջ ու ձախ կողմերում հրեշտակներ ու յուղաբեր կանայք են քանդակված՝ իբրև դռան պահապաններ:

(շարունակելի)


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի ուսուցիչ

Դիտվել է՝ 2074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ