Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ ժողովրդին խաբելն անիմաստ զբաղմունք է, որ զրոյացնում ու քաղաքական համակարգից դուրս է նետում»

«Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ  ժողովրդին խաբելն անիմաստ զբաղմունք է, որ զրոյացնում  ու քաղաքական համակարգից դուրս է նետում»
22.01.2013 | 01:06

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է պաշտպանության նախկին առաջին փոխնախարար, «Ժողովրդավարության, անվտանգության և զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ:

-Քաղաքական դաշտի իրավիճակի այս պահի Ձեր գնահատականը:
-Այս պահին քաղաքական դաշտում ամբողջության մեջ նկատվում է միայն իշխանական համակարգը, ընդդիմադիր համակարգը ձևակերպեց իր մոտեցումները` անորոշության մեջ թողնելով հասարակությանը:
-Հայաստանում, որպես կանոն, քաղաքական ուժը գնում է ուժեղի հետևից, իշխանության ճամբարում ամեն ինչ նորմա՞լ է:
-Այժմ` այո, հանդարտություն է, բայց ինչ կլինի ընտրություններից հետո և հաջորդ հինգ տարում, հնարավոր չէ ասել: Կարծում եմ` հանդարտությունը կսկսի փոխվել, որովհետև իշխանության ներսում կսկսվի իշխանության համար պայքար` նախ ՀՀԿ-ի ներսում, հետո տարբեր շահեր սպասարկող ուժերի ու շերտերի միջև:
-Սահմանադրության համաձայն` նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն է կազմվում, ՀՀԿ-ն անցնցում կանցնի՞ այդ շրջանը:
-Ցնցումներ, որ կհուզեն հասարակությանը, չեն լինի, ցնցումներ, որ հասարակության աչքից հեռու են, եղել են և կսրվեն: ԲՀԿ-ի, մյուս կուսակցությունների հետ հարաբերությունների ճշտման խնդիրները մնում են: Այդ համակարգին կմիանա Ռոբերտ Քոչարյանը իր հավակնություններով: Հետաքրքիր զարգացումներ են մեզ սպասում: Տեսնենք` ինչպես կլուծվեն խնդիրներն արդեն նոր ձևավորված իշխանության դեպքում:
-Հայաստանում այսօր ընդդիմություն կա՞:
-Հայաստանի Հանրապետությունում կան ընդդիմադիր հասարակություն, նոմենկլատուրային ընդդիմություն որպես միավոր, իրենց ընդդիմադիր բարոյական կեցվածքը պահած կառույցներ, որոնք չունեն այն ուժը, ինչ 2011 թ., մինչև հայտնի քաղաքագիտական վերլուծությունը: Այդ կառույցները միավորված էին ՀԱԿ-ում և միասնականության մեջ հզոր ուժ էին: Երբ համակարգը տրոհվեց, կոնգրեսից դուրս եկան շատ ավելի սկզբունքային հատվածները, որ իրենց ընդդիմադիր կեցվածքով այսօր էլ իրենց տեղն են զբաղեցնում ընդդիմադիր դաշտում: Հիմա ունենք հասարակություն` ընդդիմադիր տրամադրություններով, ամբողջական իշխանություն, և նրա դեմ գործող տարանջատված ընդդիմադիր համակարգ:
-Կա՞ գործող կամ նոր ձևավորվող ընդդիմադիր ուժ, որ ընդդիմադիր հատվածի խնդիրները կարող է լուծել` Ազատության հրապարակը մնալու է թափո՞ւր, թե՞ կգտնի իր առաջնորդին:
-Ազատության հրապարակը կմնա թափուր այնքան, մինչև հայտնվի այն ուժը, որ կորցրած վստահության պաշարը կփորձի վերականգնել:
-Նման ուժի ձևավորման նախադրյալներ կա՞ն:
-Իհարկե, կան բազմաթիվ ուժեր, պարզապես պետք է կարողանան միավորվել և ձևակերպել իրենց նպատակները, որոնք համահունչ լինեն հասարակության նպատակներին: Եթե հայտնվի այն առաջնորդը, ում խոսքը հասարակության համար արժեք կունենա, հրապարակը միանգամից կլցվի: Հիշեք, թե այս տարիներին հրապարակն ինչպես է լցվել և ինչպես է դատարկվել:
-Այո, բայց ժողովրդի համբերությունն էլ ծովածավալ չէ:
-Ժողովուրդը շատ համբերատար է, վերլուծեք 88-ից սկսած, անհրաժեշտ բոլոր դեպքերում ժողովրդի աջակցությունը եղել է: Ժողովրդին չի կարելի մեղադրել, որ խաբվել է: Պետք է մեղադրել այն ուժերին, որ ստանում են իրենց ստանալիքը և ժողովրդին թողնում հուսախաբ: Այս փուլում պարզապես հերթական հուսախաբությունից հետո ժողովուրդը գնացել է տուն և հիմա կատարյալ անորոշության մեջ է:
-Ընդդիմության տոտալ ինքնաբացարկն ինչո՞վ է բացատրվում:
-Հարթակը զբաղեցրած ընդդիմությունը, որ օրակարգ էր ձևավորում, այդ օրակարգին հասնելու համար ընտրեց մի ճանապարհ, որ հասկանալի չէր թե իր ներսում, թե հասարակության համար: 2011 թ. եղան գործողություններ, որ ամրապնդեցին անորոշությունը: Անժամկետ նստացույցին, որոշ ժամկետից այդ նստացույցի դադարեցմանը, որ հասարակությունը չհասկացավ` ինչ խնդիր էր լուծում, հաջորդեց քաղաքագիտական վերլուծությունը, որի արդյունքում ընդդիմության մեջ նոր տարր ավելացավ` իրեն այլընտրանք անվանող իշխանական մի թևը:
-Քաղաքականության ու քաղաքագիտության մեջ նոնսենս չէ՞ այլընտրանքը:
-Իհարկե: Իշխանական բեկորն ընդդիմադիր դաշտում անելիք չուներ, նա ընդդիմադիր փաթեթը վերցրեց ընդդիմությունից և հանձնեց իշխանությանը: Եվ ի հայտ եկավ Լևոն Տեր-Պետրոսյանի տարիքը` որպես պայքարից դուրս գալու փրկօղակ:
-Կարելի՞ էր ենթադրել, որ տարիների հետ մեծանում, ոչ թե փոքրանում են:
-Խնդիրը տարիքը չէր, արձանագրվեց հասարակական աջակցության ռեսուրսի կորուստ:
-Չե՞ք կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի սխալը հայեցակարգային էր` Հայաստանում բոլորն էլ ժամանակ ունեին համոզվելու, որ ընտրություններով իշխանափոխություն չի լինում: Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ և հայտարարեց, որ դեմ է հեղափոխության ու հեղափոխականության: ՀԱԿ-ի կազմավորման ժամանակներից խնդիրը արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն էին, թեպետ պարզ էր, որ արտահերթի հիմքեր չկան:
-Ինչո՞ւ էր կոնգրեսն արտահերթի խնդիրը դնում: Որովհետև համոզված էին, որ դա միակ միջոցն է, որ իշխանություններին կստիպեր ընտրությունների ժամանակ օրինականությունը պահպանել: Հերթական ընտրություններում իշխանություններն ունենում են ընտրությունները կեղծելու ավելի մեծ ռեսուրսներ, արտահերթի ժամանակ ժողովրդի ուժերը կրկնապատկվում են: Բայց քանի որ դա չստացվեց, նաև խոստումները չկատարվեցին: Այդ ընթացքում չբացատրվեց, որ կարող է չստացվել, բայց չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է իր ընդդիմադիր ռեսուրսը վերածի իշխանական այլընտրանքի ռեսուրսի, որը ժողովուրդը հասկանում էր, որ երբեք չի կարող ընդդիմադիր ռեսուրս դառնալ: Արդյունքն ապատիան էր` ժողովուրդն այլևս չհավատալով գործընթացներին` չի մասնակցում քաղաքական օրակարգի ձևավորմանը: Ժողովուրդը գալիս էր Ազատության հրապարակ և Մատենադարան, երբ ասում էին, որ ժողովուրդը պետք է մասնակցի որոշումների կայացմանը: Եթե այդ ձևաչափը պահպանվեր, հասարակությունը չէր լքի Ազատության հրապարակը, երբ որոշումներ քննարկելն ու կայացնելը մնաց մի խումբ մարդկանց, նրանք լուծումներ ընդունեցին իրենց պատկերացումների շրջանակում` անտեսելով ժողովրդին:
-Այդ որոշումները միանձնյա Լևոն Տեր-Պետրոսյա՞նը չէր կայացնում, ինչը որոշակի պահի պատճառ դարձավ ՀԱԿ-ից կուսակցությունների դուրս գալուն:
-Կուսակցությունների դուրս գալը միայն Տեր-Պետրոսյանի անձով պայմանավորելը ճիշտ չէ, որոշումները նաև կոլեգիալ են ընդունվել, իհարկե, հետագայում առաջին նախագահի միանձնյա որոշումները գերակշռել են: ՀԱԿ-ի շատ գործիչներ հրապարակավ ասում էին, որ շարժումը Լևոն Տեր-Պետրոսյանն է, երբ այդ մոտեցումը գերիշխեց, բնականաբար նա էլ պիտի որոշումներ կայացներ: Շատ կուսակցություններ ուզում էին հասկանալ իրենց տեղն ու նշանակությունը ՀԱԿ-ում, որովհետև մոտենում էին խորհրդարանական ընտրությունները, և ի հայտ էին գալիս այլ շահեր: Դժվարանում էր որոշումների ընդունման գործող մեխանիզմով քաղաքական համակարգը աշխատեցնելը: Ստացվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է որոշի, երբ կոնսենսուսի պայմաններում շատ հարցեր մնում էին չլուծված: Հրատապ լուծում պահանջող խնդիրները ինչ-որ դեպքերում միտումնավոր չէին լուծվում, որ իր խոսքն ասեր Լևոն Տեր-Պետրոսյանը: Դա հանգեցրեց ծպտյալ և բացահայտ դժգոհությունների և, ի վերջո, ճգնաժամի, որը չհաղթահարվեց, որովհետև հասարակության նպատակներից բխող որևէ լուծում չառաջարկվեց: Եվ ունենք այսօրվա պատկերը` իշխանություն և իշխանության դեմ զրոյացված Ազատության հրապարակ, դատարկ փողոց և անորոշության մեջ հայտնված, ռեսուրսները վատնած ընդդիմադիր կառույցներ: Երբ այսօր առաջարկվում է, որ ՀԱԿ-ից դուրս եկած ու ՀԱԿ-ին քննադատող ուժերը լուծեն ՀԱԿ-ի չլուծած խնդիրները, ազնիվ չէ: Նախ պետք է պատասխանել «Իսկ ի՞նչ ռեսուրսով» հարցին: Բոլոր ուժերի ռեսուրսով էր ՀԱԿ-ը դարձել միասնական ընդդիմություն, այդ ռեսուրսը փոշիացնելուց հետո առաջարկել հրապարակի միջոցով հարց լուծել, կրկնում եմ, ազնիվ չէ:
-Գուցե իմ հարցերը քանիցս պատասխանված են, բայց մի՞թե 2007-ից սկսված պայքարը ընդամենը 7 մանդատով պիտի ավարտվեր:
-Եթե քո ռեսուրսը ժողովուրդն է, ժողովրդի հետ մինչև վերջ պետք է անկեղծ լինես: Երբ կորցնում ես անկեղծությունդ, ժողովուրդը արագ զգում է: Երբ սկսվեց իշխանության հետ երկխոսությունը, նպատակները բացատրվեցին` քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի բացահայտում, Ազատության հրապարակի ազատականացում, պետք էր առաջ գնալ: Ժողովուրդը տեսնում էր երկխոսության անվան տակ ընթացող այլ գործընթացները: Երկխոսության ընդհատումից հետո հայտարարվեց ջրբաժան, և ժողովուրդը նորից հրապարակ եկավ` լսելու, որ նպատակը երկխոսության դուռը բացելն է: Ժողովուրդը հասկացավ` խաղ է սկսվել, որի կանոնները Հայաստանում չեն ձևակերպվում: Ինչո՞ւ: ժողովուրդը չհասկացավ ու այլևս չվերադարձավ հրապարակ: Այսօրվա վիճակն իր դրական կողմերն էլ ունի: Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ ժողովրդին խաբելն անիմաստ զբաղմունք է, որ զրոյացնում ու քաղաքական համակարգից դուրս է նետում: Քաղաքականության մեջ գտնվողները, եթե ուզում են, որ իրենց ռեսուրսը չպակասի և ավելանա, հասարակության բոլոր շերտերի հետ պետք է լինեն առավելագույնս ազնիվ:
-Նախագահի ութ թեկնածուներից որևէ մեկն այդ ռեսուրսներն ունի՞:
-Ամբողջական ուժ, որը կհամախմբի հասարակությանը, դեռ ոչ: Իշխանության թեկնածուն, ով էլ լինի, համախմբող պետք է լինի, որպեսզի կարողանա վերարտադրվել: Ընդդիմության պարագայում այդպես չէ. ընդդիմությունը բազմաշերտ է և որպեսզի հաղթելու շանս ունենա, պետք է կարողանա բոլոր շերտերը համախմբել: Այսօր թեկնածուների մեջ չկա այնպիսի մեկը, որ կարողանա այդ հարցերին պատասխանելու պատասխանատվությունը ստանձնել: Հրանտ Բագրատյանն ուժեղ է տնտեսական հարցերում, էպոսագետը` էպոսի, Րաֆֆի Հովհաննիսյանը` այլ, բայց չկա այն անձը, ով իշխանությանը ձեռնոց կնետի և ժողովրդի համար իշխանությանն այլընտրանք կդառնա:
-Նախագահական ընտրություններում ինչո՞ւ է կարևորվում երկրորդի պարագան. դու երկրորդն ես, թե վերջինը, չես հաղթել: Ո՞րն է երկրորդի ֆենոմենը:
-Երկրորդի ֆենոմե՞նը` գնացող առաջինից հետո իրեն հայտարարել առաջինի թեկնածու: Այս ընտրություններից հետո մեր Սահմանադրությամբ գործող նախագահը իրավունք չունի իր թեկնածությունն առաջադրելու և պետք է լուծի իրավահաջորդի խնդիրը: Ընդդիմությունն էլ պետք է կարողանա հասարակության աչքում ձևավորել այդ թեկնածուի դեմ պայքարի միասնական ուժ:
-Այս ընտրություններում 2018-ի թեկնածու կա՞:
-Ոչ, հասարակությունը գնացել է տուն և սպասում է, թե իշխանությունն ինչպես է իրեն դրսևորելու հաջորդ հինգ տարիներին: Եթե հասարակությունն այսօր փողոցում չէ, իր ընդդիմադիր թեկնածուն դեռևս գտնված չէ:
-Սերժ Սարգսյանի պաշտոնավարման նախորդ հինգ տարիները և հաջորդ հինգ տարիները նմա՞ն կլինեն: Մեր պարագայում պատմական դարձող բարեփոխումները իրականանալո՞ւ են, թե՞ միֆ են մնալու:
-Առաջին հինգ տարիներին Սերժ Սարգսյանը լուծեց մեկ խնդիր` իշխանությունը պահելու, որ նրան հաջողվեց` շախմատային խաղը նա ավելի լավ խաղաց: Հիմա նա կձևավորի իշխանություն` չունենալով նախորդ շրջանի մեկնարկային խնդիրները: Բայց նրա իշխանությունը լինելու է թույլ, որովհետև նրա դիմաց չկա այն ընդդիմությունը, որն իր իշխանությունը պետք է ուժեղացնի: Սերժ Սարգսյանը պետք է գնա քաղաքական բարեփոխումների ճանապարհով և կարող է ուժեղացնել պետական ինստիտուտները: Իշխանության խնդիրը նաև ճիշտ համակարգ ձևավորելն է, և նպատակը պետք է լինի ոչ թե ընդդիմության ոչնչացումը, այլ ուժեղ ընդդիմություն ունենալը, որին պետք է նաև ինքը նպաստի: Ընդդիմությունից են կախված իշխանության որակը և հասարակության վերաբերմունքը իշխանության նկատմամբ: Իշխանությանը հաճելի է, թե ոչ այդպիսի ընդդիմություն ունենալը, դա իշխանության անհրաժեշտություն է, եթե իշխանությունը մտադիր է բարեփոխումներ անել և պայքարել երկրի ուժեղացմանը խանգարող բացասական երևույթների դեմ:
-Ժողովրդավարության այդ մակարդակի ընկալումը Հայաստանում կա՞:
-Ընկալումը կախված է մատուցման ձևից: Մակարդակը իջեցվեց իշխանության վերարտադրումն ապահովելու համար, բայց շատ ծանր գնով` ոչնչացվեց ընդդիմադիր համակարգը: Իշխանությունը պետք է գիտակցի, որ այդ կորուստը շատ ավելի անդառնալի հետևանքներ կարող է ունենալ և պետք է ձեռնամուխ լինի փոշիացված հատվածի վերականգնմանը: Առաջին հայացքից գուցե անտրամաբանական է թվում` ինչո՞ւ պիտի իշխանությունն իր դիմաց գործուն ընդդիմություն ուզենա տեսնել, ամբողջ իմաստը հենց դա է. իշխանությունը պետք է գիտակցի, որ այնպիսի չլուծված խնդիրներ են մնացել` Ղարաբաղի հարցը, երկրի ներքին հզորացումը, տնտեսության զարգացումը և այլն, որ ուժեղ ընդդիմությունն անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր դառնա այդ խնդիրները լուծել:
-Իր վերջին հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը հայտ ներկայացրեց 2018-ի նախագահական ընտրությունների համար, ռեա՞լ են նրա շանսերը:
-Ռոբերտ Քոչարյանի շանսերը երբեք ռեալ չեն եղել ու չեն կարող լինել: Նա իշխանության է եկել ոչ թե հանրային ռեսուրսով, այլ իշխանական համակարգի հակասությունների: Հիմա Ռոբերտ Քոչարյանն իշխանական համակարգի ներսում չէ, որ հակասություններ առաջացնելով` իշխանությունը կենտրոնացնի իր անձի շուրջը, հանրային գիտակցության մեջ Ռոբերտ Քոչարյանը չունի այն խարիզման, որ իշխանությունից դուրս համախմբի հասարակությանը: Իր պաշտոնավարման տարիները, ինչ էլ ինքը պատմի, հասարակությունը հիշում է պետության համար ճակատագրական իրադարձություններով` 1999-ի հոկտեմբերի 27, և իր անմիջական որոշումների հետևանքով` 2008-ի մարտի 1: Ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանը իշխանություն ցանկանա, իսկ նա միշտ է ցանկանում, հասարակությունը նրան միշտ է մերժելու:
-Իսկ եթե նրան իրավահաջորդ ընտրի Սերժ Սարգսյա՞նը:
-Եթե Սերժ Սարգսյանը նրան իրավահաջորդ համարեր, Ռոբերտ Քոչարյանն արդեն ՀՀ վարչապետ կլիներ: Քանի դա իրողություն չէ, և Ռոբերտ Քոչարյանն էլ իշխանական համակարգում չէ, Սերժ Սարգսյանն ազատ է իր գործողություններում: Ի վերջո, այսօրվա ընդդիմության զրոյական վիճակը Ռոբերտ Քոչարյանի գործողությունների հետևանք է. ԲՀԿ-ն երբեք պետք չէ անջատել նրա անձից` ստեղծման օրից մինչև այս իրավիճակում հայտնվելը: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը կփորձի իրեն պարտադրել գործող իշխանություններին: Եթե հասարակությունը նրան կընդունի, ուրեմն կարողացել է պատասխանել հասարակության հարցերին, բարի կառավարում: Ի՞նչ պիտի նա ասի հասարակությանը, որ պիտի նախագահ դառնա. որովհետև ունի ղարաբաղյան ծագո՞ւմ: Եթե հասարակությունը երկու ընտրություններում նրան իր քվեն չի տվել, դժվար թե Ռոբերտ Քոչարյանը կարողանա հասարակությանը համոզել, որ կիրագործի այն, ինչ չի ցանկացել երբեք: Նրա կառավարման հետևանքն է, որ այսօր Հայաստանը գայթակղիչ է ոչ թե մնալու, այլ գնալու համար:
-Հայաստանը բաց երկիր է արտաքին ազդեցության առաջ, արդյո՞ք արտաքին ուժերը այնպիսի Հայաստան են ուզում տեսնել, ինչ մենք:
-Գերտերությունները, մեր հարևան պետությունները կցանկանան թույլ իշխանությամբ հարևան ունենալ, դա մեզ հետ ի՞նչ կապ ունի: Մեր նպատակները պետք է ձևակերպենք և մեր նպատակներին հասնենք այն ճանապարհով, որն ուժեղացնում է մեր երկիրը: Հաջորդ հինգ տարում հենց այդ պատճառով Սերժ Սարգսյանից պահանջվում է այնպիսի համակարգ ստեղծել, որը կուժեղացնի պետության դիմադրողականությունը, ոչ թե կոռուպցիան պետության ներսում, քաղաքական միաբևեռ դաշտը, արտագաղթը: Հույս է պետք: Հեռանկար: Եթե այդ խնդիրները չլուծվեն, մենք կունենանք լրջագույն պրոբլեմներ: 21-րդ դարում պետությունները, որպես կանոն, չեն վերանում, բայց լինում են ուժեղ կամ թույլ: Մենք ուժեղացման մեջ պետք է գտնենք մեզ և մրցենք ուժեղներին հասնելու, ոչ թե թույլերի մեջ տեղ զբաղեցնելու համար:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ