Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տաճարի սրբություն սրբոցը

Տաճարի սրբություն սրբոցը
22.01.2013 | 11:20

(սկիզբը` այստեղ)

Համբուրենք քանդակազարդ կարմրավուն փոքրիկ խաչը և խոնարհվելով ներս մտնենք այդ երկրային «Սրբություն սրբոցը», քանզի հենց այդտեղ է մեր Տիրոջ դատարկ Գերեզմանը, ուր Տիեզերքի Արարչի Որդին երեք օր անշունչ պառկել էր մահվան գրկում...
Բայց ընդամենը երե՛ք օր և ո՛չ ավելի, քանզի Ինքն էր ասել, որ մարդու Որդին պիտի երեք օր մեռած մնա երկրի սրտում՝ Իրենից նշան պահանջող փարիսեցիներին նախապես տալով Հովնան մարգարեի նշանը, որ կետի փորում երեք օր մնալուց հետո ողջ-առողջ դուրս էր եկել (Մատթ. 12.99-40): Իսկ այդ օրերին մեր Տիրոջ անմահ Հոգին, Որի վրա իշխանություն չունեին ո՛չ մահը, ո՛չ էլ սառը գերեզմանը, իջել էր դժոխք՝ ավետիս տալու մեռելներին: Այս թեպետ անհավատալի է մեր տկար ու թերահավատ մտքի համար, բայց Պետրոս առաքյալի խոսքը ցրում է երեք օրվա խավարը, երբ ասում է. «Արդարև, մեր բոլորի համար, մեղքերի պատճառով մեկ անգամ մեռավ և Ինքը՝ Քրիստոսը, Արդարը անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնի Աստծուն. Նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է Հոգով, որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծո համբերությունը հետաձգվում էր նրանց համար Նոյի օրերին, երբ տապանն էր շինվում» (Ա Պետ. 3.18 -19):
Մեր Տերը, Որի համար ողջ տիեզերքը «նեղ» է, մինչև մահվան աստիճան խոնարհվելով Հորը, այս փոքրիկ ու անշուք Գերեզմանում պարփակվեց, բայց որտեղից, գիշերվա խավարը ցրող լուսաբացի պես, Հարության զորությամբ «մահվամբ զմահ կոխեաց»՝ մահը կոխկրտեց, Իր մահվամբ մահը գերի բռնեց, և Իր կյանքով կյանքի աղքատներիս ավետիս տվեց: Եվ այժմ աշխարհի բոլոր ազգերից, ցեղերից, գույներից, լեզուներից ու բարբառներից այստեղ կարող ես տեսնել, որովհետև նրանց բոլորի հոգիները մահվան խավարից դեպի կենաց լույսն են ձգտում, որի անբարբառ ու լուռ վկան է մեր բոլորի Տեր Հիսուս Քրիստոսի դատարկ Գերեզմանը:
Եկեք և մենք մտնենք այդտեղ, սիրելի հայորդի, որտեղ Աստված կամեցել է, որ քո հայրերի լեզվով նորից գրված լինի. «Ի հիշատակ ազգիս Հայոց»: Այս մակագրությամբ պատկերը գտնվում է Տիրոջ մարմինը դրած քարի ոտքերի կողմում, որովհետև ով Քրիստոսի ոտքերի մոտ է, նա ամենամոտն է Տիրոջ սրտին: Հիշենք Ղուկասի Ավետարանի այն պատկերը, որ երբ Մարթան սպասավորում էր Հիսուսին, նրա քույր Մարիամը Տիրոջ ոտքերի մոտ նստած լսում էր Նրա խոսքերը: Տերն ավելի վեր դասեց սրա արածը, ասելով, որ Մարիամը լավագույնն է ընտրել:
Այստեղ էլ, ինչպես մյուս սրբատեղերում, ամեն ինչ բաժանված է երեք «զորավորների» միջև: Գերեզմանի մեջտեղի մասը հույներինն է, գլխի մասը՝ լատիններինը և, ինչպես ասացինք անոտիցը՝ ոտքի կողմը՝ մերը:
Հայոց կողմում իրավունք ունենք միշտ վեց մոմ վառելու և թարմ ծաղիկներ դնելու արծաթյա ծաղկամանի մեջ, որը պարզ ու անպաճույճ մի սափոր է: Սրա կողքին փակցված է Քրիստոսի հարությունը նկարագրող մի գեղեցիկ յուղաներկ կտավ որը հայերինս է: Մեջտեղում` հունաց բաժնում, հարուցյալ Տերը պատկերված է մարմարե քարին: Պիտի նշեմ, որ մասնակիորեն արծաթով ձևավորված այդ նկարը կարող է շատերին տարօրինակ թվալ, հունական արվեստի բարձրաճաշակ մնացած գործերի հետ համեմատած: Խորքում՝ լատինների հատվածում, արծաթե միակտոր թիթեղի վրա վարպետորեն դրվագված է Տիրոջ հարության պահը: Այդ երկու եկեղեցիները նույնպես իրավունք ունեն մոմեր ու ծաղկամաններ դնելու և, ի տարբերություն մեզ, շքեղ ու թանկարժեք ծաղկամաններով ու մոմակալներով աչք են զարմացնում: Թող ոչ ոք չընկճվի, թե ինչո՛ւ մեր կանթեղներն ու մոմակալները շքեղազարդ չեն, այլ անպաճույճ: Չեմ ուզում խորանալ դրա հիմնապատճառների մեջ, բայց այն գիտեմ, որ Հիսուսը շքեղություն չի պահանջում մեզնից, այլ հակառակը` պարզություն՝ թե՛ հոգու, թե՛ արտաքինի: Ինքն է ասել, որ փափուկ հանդերձներ, այսինքն՝ թանկարժեք շորեր հագնողները շքեղազարդ պալատներում են ապրում, մինչդեռ Ինքը հասարակ մարդկանց ու մեղավորների, մաքսավորների և ձկնորսների հետ էր նստում: Իսկ մի ուրիշ առիթով էլ ասել է. «Ով ուզում է առաջինը լինել, թող ամենահետինը լինի»:
Սուրբ Գերեզմանի վերևի կոնաձև փոքրիկ գմբեթի տակ կարողացել են կողք կողքի տեղավորել քառասուներեք կանթեղ. տասներեքականը «երեքինս» է, իսկ մնացած չորսը՝ ղպտիներինը: Ղպտի ազգի մասին քիչ հետո կխոսենք, որպեսզի պատկերացում ունենանք, թե այդ ովքեր են «հզորների» հետ գնացողները: Տիրոջ պառկած տեղի Գերեզմանաքարի չափսերը նույնպես համեստ են. երկարությունը՝ մոտ երկու, լայնությունը` մեկ, բարձրությունը` կես մետր:
Այստեղ, ինչպես Տիրամոր գերեզմանում, նեղության պատճառով հնարավոր չէ երկրպագություն անել, բայց ծնկի գալ ու Տիրոջ պառկած տեղի մարմարյա սալաքարը համբուրել կարելի է: Այն մոտ երկու մետր երկարությամբ ու 70 սմ լայնությամբ մարմարյա երկու մեծ սալիկներից է բաղկացած, որոնց միջև եղած ճեղքում, չգիտես ինչու, ժողովուրդը սիրում է մատանիներն ու զարդերը «օրհնել տալ», բայց, ընդհանրապես, բոլորը իրենց հուշանվերները դնում են գերեզմանաքարի վրա, որոնք աղոթքից հետո համարում են օրհնված: Իսկ հայերս, օգտվելով մեզ Աստծո տված իրավունքներից, գիշերային պատարագի ժամանակ դրանք շարում ենք այդ տեղում, որից քիչ բարձր, երկու տախտակ է դրվում երկարությամբ, որպես պատարագամատույցի սուրբ Սեղան, որտեղ և դրվում է օծված քարը, որի վրա սուրբ Պատարագն է մատուցվում: Ավելի մեծ օրհնանք դժվար է պատկերացնել. ներքևից՝ սուրբ Տիրոջ Գերեզմանը, վերևից` սուրբ Պատարագը: Հայոց եկեղեցու գիշերային Պատարագը կատարվում է ժամը 3-ից 5-ը: Այդ արարողության կարևորությունն անգնահատելի է ու չափազանց կարևոր աշխարհի համար: Սա, ըստ իս, բոլոր ժամանակների մեջ ամենախորախորհուրդ այն պահն է, երբ մեր Տերը հարություն առավ մեռելներից: Այդ ահեղ ժամին կատարվող սուրբ Պատարագը նման է ատոմային ռեակտորների ուրանային ակտիվ ու շիկացած այն միջուկին, որի ընդերքում ատոմի ճեղքումից առաջացած վիթխարի Էներգիան շարժման մեջ է դնում էլեկտրականություն արտադրող տուրբինները: Նմանապես՝ այս և մյուս պատարագների կենսատու խորհուրդն է զորացնում, սնում և առաջնորդում ողջ աշխարհի քրիստոնեական եկեղեցու անտեսանելի մարմինը, որի գլուխը Ինքը՝ Քրիստոս Տերն է:
Տիրոջ Գերեզմանաքարի սնարին հույները մի փոքրիկ փայտյա գանձանակ են դնում, որտեղ բարեպաշտները կարող են իրենց նվիրատվությունները կամ էլ մոմերի վճարը գցել: Կարծես թե սովորական մի բան է, բայց հոգևոր աչքով նայելիս այստեղ սատանայի ձեռագիրն է երևում, որովհետև այդ գանձատուփի վրա միշտ մեկ դոլարանոց են փակցնում, որպեսզի մտնողն իմանա, թե ինչի համար է ծառայում այն: Այս սուրբ տեղում անիրավ մամոնայի խորհրդանշանը տնկելը, ըստ իս, սրբապղծությանը համազոր արարք է: Աստված թող ողորմի հիմարներիս, որ Քրիստոսին Բելիարի հետ ենք խառնում, մինչդեռ Պողոս առաքյալը զգուշացրել է` ասելով. «Ի՞նչ միաբանություն ունի արդարությունը անօրենության հետ, և ի՞նչ հաղորդակցություն ունի լույսը խավարի հետ, և ի՞նչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ, կամ ի՞նչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ, և ի՞նչ հարմարություն ունի Աստծո տաճարը կուռքերի հետ» (Բ.Կորնթ. 6.14,15): Եվ այն, որ մամոնան, այսինքն՝ փողն ու հարստությունը, շատերս կուռքի ենք վերածել, փաստ է:
Այս ամենի վրա, ինչի մասին պատմվեց, մարդկային արվեստավարժ ձեռքի կնիքն է երևում, բայց Գերեզմանի ներսի սրահում, աչքից ծածուկ մի գողտրիկ տեղ կա, որը դարերի անձեռակերտ կնիքն է կրում: Այն սովորական այցելուների համար չէ, այլ մշտական աղոթողների, ովքեր աղոթելուց հետո բացում են դիմացի պատին ծխնիներով ամրացված փայտի վրա յուղաներկով արած Տիրամոր հին պատկերը (ինչը որպես յուրօրինակ մի դուռ է ծառայում), որի հետևում երևում է այն ժայռապատը, որ Հովսեփ Արիմաթացին է փորել տվել որպես գերեզման: Ձեռքդ դնելով այդ տեղում և հոգով քսան դար հետ գնալով՝ կարող ես «հաղորդվել» այն սուրբ ու ահեղ պահի հետ, երբ Հարության Սուրբ Հոգին մահկանացուներիս համար ավետիս էր պատրաստում. «Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց. օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի»:
Այս տողերը գրելուց մի քանի շաբաթ անց, երբ աշխարհը տոնում էր երրորդ հազարամյակի սկիզբը, Երուսաղեմ էին այցելել բոլոր ուղղափառ եկեղեցիների առաջնորդները: Առաջին պատարագը Տիրոջ սուրբ Գերեզմանի մոտ թույլ տվեցին կատարելու Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդին: Բայց մինչ այս պատմությունը շարունակելը, որպես ուշագրավ տեղեկություն ասեմ, որ այս սուրբ Տաճարում, սուրբ Տիրամոր գերեզմանում և Բեթղեհեմի սուրբ Ծննդյան վայրում որևէ ազգ, բացի հույներից, հայերից ու լատիններից, իրավունք չունի սեփական լեզվով պատարագ մատուցելու և Ավետարան կարդալու այլ, որպես բացառիկ մի բան, թույլ են տալիս միաժամանակյա պատարագ մատուցել, որտեղ գերակշռող և առավել կարևոր պահերը կատարվում են միայն այդ երեք լեզուներով: Հայերը նման խնդիրներ չունեն, որովհետև մենք, ինչպես գիտեք, միայն մեզ ենք ներկայացնում:
Ռուսիո պատրիարքը սուրբ Երկիր էր եկել իսկապես ռուսական թափով. նրան ուղեկցողների թիվը երևի հարյուրից անց էր, միայն երգիչները 40 հոգի էին, և չհաշված 5-6 հաղթահասակ թիկնապահներին, որոնք ողջ Պատարագի ընթացքում, ըստ իրենց աշխատանքի բնույթի, ոչ թե դեպի սուրբ Գերեզմանն էին նայում, այլ անընդհատ շուրջբոլորն էին զննում, բայց վերջում, ժամավորներից հետո, նրանք նույնպես մոտեցան սուրբ Հաղորդությանը: Պատարագի վերջում, երբ արդեն գիշերվա ժամը երեքն էր, պետք է հայերս սկսեինք մեր պատարագը և, ըստ «Ստատիկոնի», ոչ ոք իրավունք չունի խախտելու այդ ժամը: Հույները ռուս պատրիարքին զգուշացրել էին, որ չհապաղի, որովհետև հայերի ժամն է մոտենում: Նրանք էլ ճիշտ այդ ժամին կարողացան ավարտել իրենց արարողությունը, որից հետո իսկույն սուրբ Տաճարով մեկ հնչեց հայերի կոչնակի զիլ ձայնը, ի նշան այն բանի, որ աշխարհի առաջին քրիստոնյա ազգը սուրբ Պատարագի օրհնություններ ու փառաբանություններ պիտի վերառաքի Տիրոջ սուրբ Գերեզմանից:
Ռուս ուխտավորները պատարագից հետո բնական է, որ կփափագեին սուրբ Գերեզման մտնել, բայց արդեն մեր ժամն էր: Եվ փափկասիրտ, հյուրասեր հայերս չխոչընդոտեցինք նրանց՝ մեր ունեցած իրավունքները բանեցնելով, այլ եղբայրաբար թույլ տվինք «մեր հաշվին» օրհնություններ վայելել, մինչև որ սկսեինք պատարագը: Շփվելով մնացած եկեղեցիների խստության հետ, հավատացնում եմ, որ նրանք հաստատ մոտ չէին թողնի և ոչ մեկին: Թող Աստված մեր կողմից «Ստատիկոնի» այդ «խախտումը» հայոց ազգի մեղքերին քավություն համարի:
Ռուսներից հետո, հաջորդ օրը վրաց պատրիարքը պատարագեց սուրբ Գերեզմանի վրա, և իհարկե, նորից հույների հետ համատեղ: Մեզ համար շատ հետաքրքիր էր լսել ու տեսնել, թե նրանք ինչպես կանցկացնեն պատարագը: Ի տարբերություն ռուսների, ընդամենը մի քանի երգիչ տղաներով, այն էլ՝ քաղաքացիական հագուստով և թոշնած ու հոգնած դեմքերով 20-30 ուխտավորով անցկացրին իրենց, ես կասեի, դժգույն պատարագը: Ավարտեցին «արագացնելով», որովհետև հայերի պատարագելու ժամն էր մոտենում: Հայերի, որոնց դավանանքը վրացիները 608 թվին լքեցին, և միացան հույներին:
Երբ վրաց նկարահանողները սուրբ Գերեզմանը նկարելու համար հարմար դիրք էին փնտրում, մենք սիրով նրանց թույլ տվինք բարձրանալ հայոց Երկրորդ Գողգոթան, որը Տիրոջ Գերեզմանի մոտ է. այդ բարձունքից առավելագույն ընդգրկուն է երևում այդ օրհնյալ վայրը: Նրանք, իհարկե, օգտվեցին մեր ընձեռած հնարավորությունից, բայց նրանց մռայլ դեմքերը ցույց էին տալիս, որ մարդկային ամենատարածված մեղքը` նախանձն է այժմ տիրում նրանց սրտերին, թե ինչո՛ւ հայերն այս մեծ իրավունքները ունեն, իսկ իրենք` ոչ: Գնա՛ ու լավ մտածիր` ինչու: Եվ առանց մի հատիկ իսկ շնորհակալություն հայտնելու, նրանք շտապ-շտապ իջան «հայոց իրավունքի բարձրությունից»:
Այդ օրը խորհրդաշատ մի դեպք պատահեց, որը քչերը նկատեցին ու իմաստավորեցին: Ինչպես ասացինք, Տիրոջ սուրբ Գերեզմանի մատուռի առջև կա 12 աշտանակ, որոնցից վեցը` ամենաբարձրերը, էլեկտրալույսով են, իսկ մնացածները՝ մոմերով: Ահա վրացիների պատարագի ժամանակ մեկ էլ տեսանք, որ հունական աշտանակների փոխարեն մեր հայկականներն են վառվում: Կարծելով, թե սխալմամբ են մերը վառել, ու գնացինք զգուշացրինք պատասխանատու հույնին, բայց նա ասաց, որ ինքն է ստիպված միացրել մեր աշտանակների լույսերը, որովհետև իրենցը անսպասելիորեն փչացել է: Եվ վրացիները, այդպես էլ չիմացան, որ այս սուրբ տեղում, որտեղից մի ժամանակ ուզում էին իրենք վտարել հայերին, այժմ հայոց լույսի ներքո անցկացրին իրենց հոբելյանական Պատարագը: Հիրավի անքննելի են Աստծո զարմանահրաշ գործերը: Իսկ մեկ օր հետո, երբ բոլոր ուղղափառ եկեղեցիների առաջնորդները միասին այցելեցին Տիրոջ սուրբ Տաճարը, համատեղ ժամերգությունից դուրս գալիս, Ռուսիո պատրիարքի հետևից գնացող նրա թիկնապահներից մեկը, սուրբ Գերեզմանի դիմաց, անզգույշ շարժում արեց, և թևի տակ պահած ատրճանակը կոստյումի տակից աղմուկով ընկավ հատակին: Նա, կայծակնաբար վերցնելով, նորից թաքցրեց այն, բայց շուրջը կանգնած զբոսաշրջիկները տեսան, որ ռուս «գորիլլան», ինչպես իրենք են անվանում թիկնապահներին, զենքը վայր գցեց: Եվ լավ է, որ գոնե այդքանով ավարտվեց, և սուրբ Տաճարում գետնին ընկնելուց չկրակվեց, ինչպես հաճախ է պատահում նման պարագայում: Ահա այսպիսի չար ու խճճված ժամանակներում ենք ապրում, երբ հոգևորը, խառնվելով մարմնավոր, քաղաքական արժեքներին, միայն արտաքնահարդար աստվածպաշտության կերպարանքն է հղկվում:
Այս մասին բավ է: Հիմա դուրս գանք այս սուրբ տեղից, որովհետև աչքի համար հետաքրքիր բան այլևս չկա: Բայց հոգով միշտ այստեղ լինենք, քանզի Քրիստոսի դատարկ ու սուրբ Գերեզմանը մեր հավիտենական կյանքի միակ երկրային գրավականն է: Տիրոջ Գերեզմանի արտաքին երկու կողմերում ձեթի երեքական կանթեղներ են կախված, որոնցից երկուսը մեզ են պատկանում: Հոգևոր և մարմնավոր տկարություն ունեցողները սրանց միջի օրհնված ձեթից օգտվում են անարգել: Ըստ իս, դա մեր ազգային հյուրասեր բնավորությունն է խորհրդանշում: Իսկ հույներին պատկանող կանթեղները այնքան բարձր են կախված, որ մարդ չի կարող օգտվել դրանց պարունակությունից: Նմանապես՝ Տիրամոր ուշաթափման վայրում կախված մեր կանթեղից բոլորն անարգել օգտվում են և շատ անգամ էլ անզգուշորեն ձեթը կաթեցնում են մատուռի մարմարյա պատվանդանին, բայց հոգ չէ, կմաքրենք, միայն թե մարդիկ բժշկվեն: Եվ Աստված էլ թող մեր ազգին օրհնի ու պահպանի:
Այժմ պտտվենք Տիրոջ Գերեզմանի շուրջն ու զարմացած մնանք. բայց ոչ թե ուրախ, այլ տխուր առիթով: Կարմրավուն մարմարից կառուցված Գերեզմանամատուռի պատերը խոր ու խոշոր ճեղքեր են տվել և չորս կողմից երկաթյա կոպիտ ու տգեղ սյուներով ու հաստ, չհղկված տախտակներով են ամրացրել, որ չմասնատվի: Դա էլ 1927 թվի ուժգին երկրաշարժի հետևանքն է, որ մինչև հիմա չի վերացվում: Իսկ թե երբ են վերաշինելու Տիրոջ սուրբ Գերեզմանամատուռը, անհայտ է: Ինչպես ամենուր, դժբախտաբար այստեղ էլ է երևում չարի մատը: Այն շինությունը, դեպի ուր ողջ աշխարհի քրիստոնեությունն է դիմում, ինչի համար մեծագումար նվիրատվություններ են ժողովվում, ավելի քան կես դար փլուզման եզրին է կանգնած: Միշտ փողի պակասն է լինում որևէ գործ գլուխ չգալու պատճառը: Իսկ այստեղ իհարկե սիրո պակասը. նախ Աստծո, ապա միմյանց հանդեպ:
(շարունակելի)


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի կրոնի ուսուցիչ

Դիտվել է՝ 3433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ