Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ՀԲ-ն նախկինում հիվանդանոցային ծրագրեր չի իրականացրել Հայաստանում»

«ՀԲ-ն նախկինում հիվանդանոցային ծրագրեր չի իրականացրել Հայաստանում»
19.09.2013 | 11:55

Վերջին շրջանում, իսկ ավելի ստույգ` օգոստոսին, մեկը մյուսի հետևից տարբեր մարզերում շահագործման հանձնվեցին վերակառուցված և բժշկական արդի սարքավորումներով հագեցած ամբուլատորիաներ։ Նկատենք, որ սա նորություն էր, քանի որ մինչ այս արդիականացվեցին և շահագործման հանձնվեցին մարզային բժշկական կենտրոններ։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մարզային առողջապահական համակարգում նախարարությունը փոխել է իր քաղաքականությունը։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք առողջապահության փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։

-Մարզերի առողջապահական համակարգերի զարգացման քաղաքականությունը չի փոխվել։ Այն 2005-ից իրականացվել է ՀՀ նախագահի կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում։ Առաջին փուլում հիմնականում իրականացվեցին շինարարական, վերականգնման և արդիականացման աշխատանքներ, յուրաքանչյուր մարզում` մեկական հիվանդանոց։ Այժմ ծրագիրը շարունակվում է, և իրականացվում են աշխատանքներ ոչ պակաս նշանակության հիվանդանոցներում։ Այս անգամ հաշվի են առնվել այն մարզերը, որոնց բնակիչների թիվը մեծ է, այսինքն, տվյալ հիվանդանոցը մեծ սպասարկում ունի։ Մասնավորապես, շինարարական և արդիականացման շատ հետաքրքիր ծրագիր է սկսված Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում։ Դուք գիտեք, որ Գորիսի հիվանդանոցն ամբողջությամբ վերանորոգվել է երկու տարի առաջ։ Սակայն հասկանալի է, որ ամբողջ Սյունիքի մարզի համար մեկ արդիականացված հիվանդանոցը բավարար չէ բնակիչների սպասարկման համար։ Հասկանալի է, որ Կապան քաղաքը շատ ավելի մեծ է, բացի այդ, կողքի գյուղերի սպասարկումը ևս իրականացվում է այս հիվանդանոցում։ ՈՒզում եմ նշել, որ բժշկական կենտրոնների վերակառուցումը զուտ շինարարական աշխատանք չէ. անհրաժեշտ է, որ դրանք ֆունկցիոնալ առումով համապատասխանեն առողջապահական արդի պահանջներին։ Օրինակ, հին հիվանդանոցների ընդունարաններն այլևս չէին գործածվում։ Վերակառուցումից հետո դրանք դարձել են ֆունկցիոնալ լուրջ օղակ, և բժիշկ-հիվանդ առաջին շփումն այստեղ է տեղի ունենում։
-Ասացիք, որ առողջապահության արդիականացման մարզային քաղաքականությունը չի փոխվել, հետաքրքիր է իմանալ, թե անցած տարի քանի՞ բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներ են սկսվել։ Եվ բացի այդ, վերջին երկու ամսում տարբեր մարզերում շահագործման հանձնվեցին վերանորոգված և արդիականացված ամբուլատորիաներ։ Սա նշանակում է, որ զուգահեռաբար ամբուլատորիաների վերանորոգման քաղաքականությո՞ւն է իրականացվում։
-Հետաքրքիր է, որ մարզերի առողջապահական զարգացման ծրագիրն սկսել ենք տարիներ առաջ` հենց ամբուլատորիաներից։ Առաջին վարկային ծրագիրը հաստատվել է 1998-ին, այն ժամանակ դեռ հիվանդանոցների մասին խոսք չկար։ Ինչպես նշեցինք, հիվանդանոցների արդիականացումը ՀՀ նախագահի պահանջն էր։ Այսօր ՀՀ-ում գոյություն ունի 253 ամբուլատորիա, որից 162-ը վերանորոգվել է մեր ուժերով։ Ընդ որում, վերանորոգվել է 70-ը, կառուցվել է 92 նոր ամբուլատորիա։ Այժմ վերանորոգման և վերազինման կարիք ունեն 53 ամբուլատորիաներ։ Այս պահին 13 ամբուլատորիաներում ընթանում են աշխատանքներ, իսկ 4-ն արդեն շահագործման են հանձնվել։ Մնացած 9 ամբուլատորիաները նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ։ Ամբուլատորիաների վերակառուցման և արդիականացման անհրաժեշտությունը բխում է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հաստատած «առաջնային բուժօղակներում սքրինինգային» քաղաքականությունից։ Գաղտնիք չէ, որ ամբուլատորիաները շատ կարևոր օղակ են առաջնային առողջապահության ոլորտում, և այս նոր քաղաքականության հաստատմամբ փորձ է արվում հիվանդությունը հայտնաբերել ու ախտորոշել վաղ շրջանում։ Այդ առումով, ժամանակակից ամբուլատորիաները մարզերում շատ կարևոր դեր են ստանձնում։ Այս քաղաքականությունը միտված է նաև հիվանդության նվազեցմանը և բուժման արդյունավետությունը բարձրացնելուն։ Հաջորդ առաջնահերթությունը, որը կարևորում է նախարարությունը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրն է։ Ծրագիր է մշակվում նաև ուռուցքային, սրտանոթային, դիաբետիկ հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ։ Սրանք լուրջ աշխատանքներ են, որոնք, համոզված եմ, իրենց դրական արդյունքները կտան։
-Դուք չասացիք, թե վերջին երկու տարում քանի՞ նոր մարզային հիվանդանոց է վերակառուցվել։
-Արդեն նշեցի, որ սկսվել են Կապանի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, նախատեսվում է այն ամբողջությամբ, սարքավորումներով հագեցած, շահագործման հանձնել 2014-ին։ Առաջիկայում կսկսվեն Մեղրիի բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2015-ին։ Այժմ վերակառուցման աշխատանքներ են իրականացվում Ճամբարակի հիվանդանոցում, որը ծայրահեղ վատ վիճակում է։ ՀՀ նախագահի հանձնարարականով այն իրականացվում է սոցներդրումների հիմնադրամի հետ համատեղ։ Այս պահին վերակառուցման մեջ են Աբովյանի, Ալավերդու հիվանդանոցները, որոնք շահագործման կհանձնվեն այս տարի։
-Մարզային առողջապահության վերազինման ծրագիրը մեծ մասամբ իրականացվում է ՀԲ-ի վարկային ծրագրերի շրջանակներում։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որի հետևանքները դեռ լիովին չեն հաղթահարվել, բացասական ազդեցություն չի՞ ունեցել ծրագրի ֆինանսավորման վրա։
-Միանգամից ասեմ, որ ո՛չ։ Ավելին, վարկային ծրագրերն ավելացել են։ Մասնավորապես մեծացել են գումարները, և սկսվում է Վանաձորի նոր հիվանդանոցի, Երևանի օնկոհեմատոլոգիական, ժամանակակից ուռուցքաբանական կենտրոնների կառուցման նոր վարկային ծրագրերի իրականացումը։ Նկատեմ, որ ՀԲ-ն նախկինում հիվանդանոցային ծրագրեր չի իրականացրել Հայաստանում, սակայն մենք մեր աշխատանքներով ապացուցեցինք, որ այն շատ արդյունավետ է, և այժմ շատ երկրներ հետաքրքրված են մեր փորձով, այն աստիճանի, որ որոշ երկրներ դիմում են մեզ` որպես փորձագետի։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ