Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բիբլիական Արարատն իր արքայական տեսքով պետք է արտացոլված լինի զինանշանի վրա

Բիբլիական Արարատն իր արքայական տեսքով պետք է արտացոլված լինի զինանշանի վրա
23.10.2013 | 22:15

Սահմանադրական դատարանի հարգարժան նախագահ Գագիկ Հարությունյան և ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ:
Վերջերս օրաթերթերից մեկում ընթերցեցի մի հոդված, որ իբր ՀՀ «Սահմանադրությունում մեծ բաց, մեծ խոց չկա», սակայն համամիտ չլինելով այդ մտքի հետ, որոշեցի ձեզ ներկայացնել կարծիք-առաջարկություն: Հոդվածում նաև տեղեկատվություն կար, որ, ՀՀ նախագահի լրատվական ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվել:
Հարգելի Գագիկ Հարությունյան, համոզված եմ, որ հիշում եք՝ անկախության ձեռքբերման այն խառնաշփոթ օրերին մեր նորելուկ պետական այրերը իրենց անհեռատեսության պատճառով, առանց ժողովրդի ձայնը լսելու, անսպասելիորեն զինանշանից դեն նետեցին Հայոց լեռնաշխարհի արքա Արարատ լեռան բնապատկերը, արհամարհելով այն հանգամանքը, որ Արարատի բնապատկերի առկայությունը զինանշանում մեզ կապում էր Արևմտյան Հայաստանի հետ և հիշեցնում այն անմեղ զոհերի մասին, որոնք նահատակվեցին, նույնիսկ գերեզման էլ չունեցան հայրենի հողում:
Ելնելով այն հանգամանքից, որ ստեղծվել է հանձնաժողով, և տեղի են ունենալու սահմանադրական բարեփոխումներ, խնդրում եմ ընդունել և քննարկել նաև այս առաջարկությունը, որը բխում է հայ ժողովրդի շահերից: Վերոհիշյալ սխալից հետո, որպես ծաղրանք, մայր օրենքում սուտ ու սխալ նշեցին, որ «Հայաստանի զինանշանի կենտրոնում, վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», ինչը վիրավորանք է, արհամարհանք հայ ժողովրդի նկատմամբ, քանի որ ոչ մի իրեն հարգող հայորդի, ինչպես նաև Դուք և հատկապես սփյուռքահայությունը, զինանշանի վրա չեն կարող տեսնել Արարատի արքայական պատկերը: Ստացվում է, որ մենք տարիներ շարունակ պետականորեն ինքներս մեզ ենք անամոթաբար խաբում: Բիբլիական Արարատը Ցեղասպանության լուռումունջ վկան է, հայ ժողովրդի ոգեղեն կապը Արևմտյան Հայաստանի հետ, և այն ինչպես հնում, իր արքայական տեսքով պետք է արտացոլված լինի զինանշանի վրա, և ոչ թե ողորմելի, սրտաճմլիկ ու այլանդակված տեսքով:
Եթե Արարատը իր բնական տեսքով, իրոք, իր արժանի տեղում լիներ, ապա համոզված եմ, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը առավել լայն տարածում կստանար: Ճիշտ է, գործող զինանշանը ևս գալիս է մեր պատմության խորքերից, սակայն տեսողական առումով այն ո՛չ մեզ, ո՛չ էլ խաբված և շփոթված այլ ազգերի, հատկապես քաղաքական գործիչներին Ցեղասպանության մասին ոչինչ չի հուշում:
Այսօր նոստրադամուսներ չկան, որ գուշակեն, թե մեկ դար հետո ինչպիսի աշխարհագրական դիրք կունենանք մենք, այնպես որ եկեք հեռատես լինենք և սերունդների ազգային զգացմունքները չփոշիացնենք, այլ ամրապնդենք, որպեսզի, եթե անգամ հիասթափված լքեն երկիրը, հոգով հայ մնան և Արևմտյան Հայաստանն էլ ծովից ծով Հայաստանի բախտին չարժանացնեն:
Այսօր Թուրքիան լայնածավալ կերպով խոչընդոտում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, սակայն, միևնույն է, ոչ մի արդյունքի չի հասնի, քանի որ ամբողջ աշխարհն է հիշում բեռլինյան դատավարությունը, երբ Սողոմոն Թեհլերյանին դատում էին որպես մարդասպանի, սակայն դատարանի դահլիճից ազատ արձակվեց որպես մեղադրող: Թուրքերը քաջատեղյակ են, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը օտարերկրացիները ընդունում են որպես Թուրքիայի պատմության ամոթանքի հուշարձան: Նրանք լավ էլ գիտակցում են, որ չկա ագրեսիվ ժողովուրդ, կա ագրեսիվ քաղաքականություն, որին, ցավոք, մենք արժանացանք իրենց բարբարոս քաղաքականության պատճառով, ոչ թե թուրք հասարակության, ժողովրդի պահանջով:
Հարգելի Գագիկ Հարությունյան, ինչպես տեսնում եք, առաջարկությունը բխում է հայ ժողովրդի շահերից, այնպես որ համարձակություն ունեցեք, հանրաքվե անցկացրեք, լսեք ժողովրդի ձայնը և հանուն մեր նահատակների հիշատակի, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ուղղեք նախկինում մեր պատգամավորների թույլ տված սխալը՝ Արարատ լեռան բնապատկերը վերադարձրեք զինանշան:
Հակառակ դեպքում այն, ինչ ձևականորեն, ի միջի այլոց շարադրված է Սահմանադրությունում, որ իբր «ՀՀ զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ լեռը», հանե՛ք, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը, ցավում եմ, որ անունը կա, ինքը չկա:
Հարգելի հանձնաժողովի նախագահ, վերջապես եկեք անդադար չխոսենք Ցեղասպանությունից, այլ գործ էլ անենք, որպեսզի Ցեղասպանությունը միջազգային լայն ճանաչում ստանա: Ճիշտ է, Արարատի վերադարձով Դուք ժողովրդին երջանկություն չեք պարգևի, սակայն համոզված եղեք, ուրախություն կպարգևեք: Տարիներ շարունակ մեր երկրի պետական գործիչներին հուշել եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի Ծիծեռնակաբերդի ստորոտին կանգնեցվի հայ ժողովրդի վաղեմի բարեկամ Ֆրանց Վերֆելի արձանը: Այս առաջարկը ևս մատնվել է անուշադրության, խնդրում եմ, որ Դուք էլ նրանց նման անտարբերության չմատնեք:
Ողջունելի է, որ վերջապես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվել, ուստի հուսանք, որ այդ գործում Դուք լիարժեք ազգային մոտեցում կցուցաբերեք, դառը ճշմարտությունը կտարբերեք այն քաղցր ստից, ինչը գրված է Սահմանադրությունում: Վերջին հաշվով, այս հարցում սփյուռքահայությունը ևս իր ասելիքը պետք է ունենա, քանի որ Սփյուռքը հիմնականում ձևավորվել է ցեղասպանության պատճառով:

Հարգանքով և պատասխանի ակնկալիքով՝
Էֆրիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Իրավաբան

Դիտվել է՝ 23563

Մեկնաբանություններ