Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մարզական իմաստով գուցե շատ բան կորցրի, բայց հպարտ եմ, որ Հայաստանում եմ խաղացել, ուրախացրել մեր ֆուտբոլասերներին»

«Մարզական իմաստով գուցե  շատ բան կորցրի, բայց հպարտ եմ,  որ Հայաստանում եմ  խաղացել, ուրախացրել մեր ֆուտբոլասերներին»
15.11.2013 | 11:17

«Իրատես de facto»-ի հյուրն է ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆԸ, որի ծննդյան 75-ամյակը լրանում է կիրակի օրը` նոյեմբերի 17-ին։


ԿՈՂՊԵՔԸ... ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ
-Ձեր արտասովոր մարզական ուղին հետաքրքիր է հատկապես ներկա ֆուտբոլասերների համար, ովքեր Ձեր խաղի ականատեսը չեն եղել, սակայն ծանոթ են Հովիվյան անվանը` պարուրված ֆուտբոլային լեգենդներով։
-Հայաստան եկա 1957-ին` հրավերով։ Խաղում էի Քութայիսի «Լոկոմոտիվում»։ Երկրորդ շրջանում Երևան փոխադրվեցի և քանի որ պաշտոնական խաղերին մասնակցելու իրավունք չունեի, հանդես էի գալիս ընկերական հանդիպումներում, մերվում էի թիմին։
Նույն տարում ԽՍՀՄ սպորտկոմիտեն միջազգային հանդիպում տրամադրեց մեզ Ֆինլանդիայի առաջատար թիմերից մեկի հետ։ Սպորտկոմիտեն, անշուշտ, գնահատում էր մեր ուժը և հնարավորություն տալիս սովետական երկիրը ներկայացնելու։ Հաղթեցինք 4։0 հաշվով։ Դա իմ առաջին խաղն էր Երևանի «Սպարտակի» կազմում։ Եվ այդ խաղով ես ճանաչվեցի։ Գոլ չեմ խփել, սակայն իմ փոխանցումներով երկու գոլ խփեցին։ Հետաքրքիր մի էպիզոդ գրավեց հանդիսատեսին։ Մոտ 30 մետրից կատարած հարվածիցս հետո գնդակը դիպավ դարպասի հորիզոնական ձողափայտին ու նույնքան էլ հետ թռավ։
-Դարպասապահ Ռաֆայել Մաթևոսյանը մի առիթով ասել է, թե 1959 թ. Հովիվյանը դարձել էր ֆուտբոլասերների ու խաղընկերների կուռքը։ Սակայն Ձեր «բեմելը» 1958-ին էր։
-1958-ին ԽՍՀՄ առաջնությունների «Բ» խմբում հանդես եկող Երևանի «Սպարտակի» ղեկը ստանձնեց ճանաչված ֆուտբոլիստ և մարզիչ Բորիս Վասիլևիչ Սմիսլովը։ Դա անշուք մրցաշրջան էր։ Հավանաբար այն պատճառով, որ մենք ենթարկվող չէինք, ամբողջ ուժով չէինք մարզվում, խախտում էինք ռեժիմը և այլն։
1959-ի խաղաշրջանից առաջ Սմիսլովը հավաքեց թիմը և ասաց. «Ես ձեզ շատ լավ եմ ճանաչում, գիտեմ ձեր հնարավորությունները, և ուղղակի ամոթ է, որ «Սպարտակը» հանդես գա «Բ» խմբում։ Երկու բան է մեզ անհրաժեշտ «Ա» խումբ անցնելու համար»։ Մենք միանգամից վրա տվեցինք` ի՞նչ։ Ասաց` մարզական ռեժիմը պահպանել և մեծացնել մարզումների ծանրաբեռնվածությունը։
Առաջին երկու խաղում հաղթեցինք։ Հաջորդ երկու խաղերը արտագնա էին, հաղթեցինք մեկում, մյուսում ոչ-ոքի խաղացինք։ Վստահություն ու հավատ ձեռք բերեցինք, գնահատեցինք մարզչի խոսքերի արժեքը։
1959-ը առհասարակ անցանք առանց պարտության։ Առաջին շրջանում դարպասապահ Սերգեյ Զատիկյանը ոչ մի գոլ բաց չթողեց։ «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթում մեր դարպասը նկարել էին... կողպեքը վրան։ 10 միավորով առաջ էինք անցել երկրորդ տեղում ընթացող թիմից։ Վերջին խաղը Բաքվում էր` «Նևթյանիկի» հետ։ Ըստ խաղի տրամաբանության, պետք է հաղթեինք 5։0 կամ 7։0 հաշվով։ Բայց ադրբեջանցիներն իրենց ողջ կեղտոտ զինանոցը գործի դրեցին, և կաշառված մրցավարը բացահայտորեն վարում էր խաղը հօգուտ բաքվեցիների։ Խաղավարտից 1 րոպե առաջ մեր դարպասին 20 %-անոց 11-մետրանոց նշանակվեց։ Մրցավարը լավ գիտեր, որ Զատիկյանին այլ կերպ գոլ չեն խփի։ Ինչևէ, դա մեր միակ պարտությունն էր 1959-ի մրցաշրջանում։
-Հիշո՞ւմ եք մրցավարին։
-Իհարկե։ Օսիպով։ Կախ ընկած շրթունքի համար նրան կոչում էին Գուբա։ Հետագայում նա դարձավ ՌՍՖՍՌ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Ինչևէ, 1959-ը երջանիկ տարի էր հայ ֆուտբոլասերի և մեզ համար։

«ԵԹԵ ԶԱՆԱԶԱՆՅԱՆԸ ԼԻՆԵՐ ՄԵՐ ԱՎԱԳԸ...»
-Ֆուտբոլի հնագիտակները պատմում են, որ 1959-ին Հովիվյանը, գնդակը վերցնելով Զատիկյանից, շրջանցում էր հակառակորդի անխտիր բոլոր խաղացողներին... նաև դարպասապահին ու գնդակը տեղավորում դարպասում։
-Այնքան էլ կարևոր չէ, թե ինչ-որ խաղում ինչ-որ զարմանալի բան է արվել։ Կարևորն այն է, որ մենք ունեինք հրաշալի թիմ` փայլուն կատարողներով։ Զատիկյանը, Գիլո (Գրիգոր) Համբարձումյանը, Վալտեր Անտոնյանը, Մանուկ Սեմերջյանը, Քաջայր Փոլադյանը։
-Հրաշալի նորամուտը «Ա» խմբում։
-Առաջին խաղը Մոսկվայի «Դինամոյի» հետ էր։ Այս թիմը ավանդաբար իր ուսումնամարզական հավաքն անցկացնում էր Գագրայում։ Եվ ահա թե ինչի հանդիպեցինք։
Սմիսլովը մեր երկրորդ մարզչին գործուղեց Գագրա, ծանոթանալու «Դինամոյի» գաղտնիքներին, որ դրանք ներգրավենք մեր զինանոցում։ Գնաց, վերադարձավ ու հայտարարեց, թե... Միխեյը մեզնից վախենում է։ Միխեյը «Դինամոյի» ավագ մարզիչ, այդ ժամանակվա երկրի լավագույն մարզիչ Միխայիլ Յակուշևի մականունն էր։ Դա մեզ թուլացրեց, հանգստացրեց... Արդյունքում պարտվեցինք 0։4 հաշվով։ Ծանր էր, քանի որ բացման խաղն էր, մարզադաշտը` լեփ-լեցուն հանդիսատեսներով։ Խաղից հետո «Դինամոյի» դարպասապահ Լև Յաշինին ռեստորան հրավիրեցի։ Ինձ մխիթարում էր, թե Սարգիս, ոչինչ, խաղ է, կպարտվեք էլ, կհաղթեք էլ։
Եվ իմանալով Միխեյի «վախի» հետ կապված պատմությունը` պատմեց, որ Յակուշինն էլ իրենց մարզչին է գործուղել ծանոթանալու այն թիմին, որը «Բ» խմբում անպարտելիի համբավ ուներ։ Մեր մարզիչը, պատմում էր Յաշինը, վերադարձավ ու ասաց, որ, գիտեք ինչ, «Սպարտակը» անհասկանալի թիմ է, խաղում են բրազիլական ոճով և հարկավոր է շատ լուրջ վերաբերվել նրանց։ Այնպես որ, «Դինամոն» մեզ շատ լուրջ վերաբերվեց։
-Դժվա՞ր էր այդ սառը ցնցուղից սթափվելը։
-Սովորաբար, նման խաղից հետո մեկ-երկու խաղացող փոխարինվում է, և կտրուկ նվազում է հանդիսականների թիվը։ Սակայն մենք խաղադաշտ դուրս եկանք նույն կազմով և մարզադաշտը դարձյալ լեփ-լեցուն էր։ Եվ սկսվեց հաղթանակների շարքը։ 4։1 հաշվով հաղթեցինք Մոսկվայի «Սպարտակին», որը, ըստ էության, ԽՍՀՄ հավաքականն էր ներկայացնում, բացառությամբ Յաշինի։ Մենք, իհարկե, ֆիզիկապես ու արագաշարժությամբ շատ ավելի ուժեղ «Սպարտակին» կարողացանք հաղթել տեխնիկական վարպետության և տակտիկական ճկունության շնորհիվ։ Այնուհետև հաղթեցինք Թբիլիսիին` 5։1, Քիշնևին` 4։0, Ռոստովի ուժեղ թիմին` 3։0։ Ժողովրդի ուրախությունը չափ ու սահման չուներ, մենք իրենց էինք երջանկացնում, իրենք` մեզ։ Շատ ֆուտբոլասերներ իրենց սիրեցյալներն ունեին. Մանուկը, Գիլոն, Զատիկյանը, Քաջայրը։ Մեր պարապմունքներին այն ժամանակ ավելի շատ ֆուտբոլասեր էր հավաքվում, քան այսօր մեր թիմերի խաղերին։
Եթե հիշում եք, Սարի թաղով գնացքներ էին անցնում։ Խաղի ժամանակ գնացքը փչում էր գուդոկը, կանգ էր առնում, սպասում մեր գոլին, հետո գուդոկ փչելով հեռանում։ Այդ տարի 24 թիմերի մեջ գրավեցինք 9-րդ տեղը, 61-ին` 8-րդ։ Եվ եթե մենք այն հեռավոր տարիներին Զանազանյանի նման թիմի ավագ ունենայինք, կարող էինք չեմպիոն դառնալ։ Թիմի ավագը շատ կարևոր նշանակություն ունի նրա հաղթանակներում։ Հովհանը այդպիսի ավագ էր։ ՈՒ եթե 71-73-ին նա չլիներ, «Արարատը» դժվար թե չեմպիոն ու գավաթակիր դառնար։

ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ԷՔՍՊՐՈՄՏ
-Բրազիլական ուղևորության մեկնեցիք նշանավոր մի քանի ֆուտբոլիստներով ուժեղացված Մոսկվայի «Սպարտակի» կազմում։
-ՈՒղևորությունից հետո «Սպարտակի» պետ Ստարոստինը խոստովանեց, որ իրեն հրավիրել են կենտկոմ և տեղյակ պահել, թե նա կմնա թիմում, եթե «Սպարտակը» գոնե մեկական հաղթանակ տանի Հարավային Ամերիկայում, Բրազիլիայում կամ ՈՒրուգվայում։
Բրազիլիայից բացի, շատ ուժեղ էին ՈՒրուգվայի, Կոլումբիայի և Վենեսուելայի թիմերը։
Խաղացինք յոթ խաղ` չորս հաղթանակ, մեկ ոչ ոքի և երկու պարտություն արդյունքով։ Մրցելույթում չորս գնդակ խփեցի, և ելույթներիս մասին դրական էր արտահայտվել թե՛ հարավամերիկյան, թե՛ խորհրդային մամուլը։
Փարիզից Մոսկվա վերադարձանք այդ ժամանակների համար նոր ՏՈՒ-104 ինքնաթիռով, համարյա 4 ժամում։ Ողջ ճանապարհին Ստարոստինը համոզում էր տեղափոխվել Մոսկվա, խոստանում էր բնակարան, բարձր աշխատավարձ, ելույթներ հավաքականում։ Չհամաձայնեցի։ Հիշում էի հորս` Վարդան Հովիվյանի պատգամը, որ խաղամ միայն Երևանում։ Նա շատ հայրենասեր մարդ էր։ Անկեղծ ասած, հիմա էլ չեմ փոշմանել։ Մարզական իմաստով գուցե շատ բան կորցրի, բայց հպարտ եմ, որ Հայաստանում եմ խաղացել, ուրախացրել մեր ֆուտբոլասերներին։ Ինձ համար մեծ պատիվ էր ճանաչված լինել այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսիք էին Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, Ավետ Ավետյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը։ Ի դեպ, երբ հռչակավոր Միխայիլ Մեսխին ինձ քեֆի էր հրավիրում, Թբիլիսիում մեր սեղանը իր երգով զարդարում էր հայազգի Գլախո Զաքարյանը։

«ԿԱՐԱԽԱՆԸ ՄԵԶ ԴԻՄԱՎՈՐԵՑ ԵՐԳՈՎ` «ԴՈՒ ԴՐԱԽՏԻ ՓԵՐԻ ԵՍ»
-66-ի աշխարհի առաջնությունից առաջ կարծես թե առիթ էր ստեղծվել, որ տեղափոխվեք «Տորպեդո», հանրահռչակ Ստրելցովի հետ դուետ կազմելու «Տորպեդոյում» և երկրի հավաքականում։
-Այսօր էլ Ստրելցովին համարում եմ բոլոր ժամանակների աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Սակայն դաժան էր ճակատագիրը նրա հանդեպ։ 1957-ին, իր ծննդյան օրը, Ֆրանսիայում կայացած խաղի ժամանակ նա չորս անպատասխան գոլ է խփում։ Ապշած ֆրանսիացիներն առաջարկում են, որ մնա Ֆրանսիայում։ Դե դա, իհարկե, հնարավոր չէր։ Հետո նրա վրա գործ սարքվեց, նա կալանավորվեց երկար ժամանակով։ ՈՒ երբ նա զգացել էր, որ ամեն բան շատ լուրջ է, բացականչել էր. «Какой я дурак, что не остался во Франции»։ Կարծում եմ, ՊԱԿ-ը դա չներեց Ստրելցովին։
Ես տեսել եմ Ստրելցովի խաղը մինչև կալանավորվելը։ Իհարկե, մեծ հաճույքով կխաղայի նրա հետ նույն թիմում, սակայն «Սպարտակում» հայտնվեցի։ Ինչևէ, մենք ընկերներ էինք, հրաշալի մարդ էր, հրաշք ֆուտբոլիստ Էդուարդ Ստրելցովը։
-Այնուամենայնիվ, ի՞նչն էր այդ մեծ ֆուտբոլիստի ձերբակալման հիմքը։ Տարբեր և իրարամերժ պատմություններ են մինչ այսօր շրջանառվում։
-Ես այդ ամենին տեղեկացել եմ անմիջականորեն, ինչ-որ առումով պատահաբար։ Մրցաշրջանի վերջում հեռագիր եկավ ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար մարշալ Գրեչկոյի ստորագրությամբ` ինձ բանակ զորակոչելու հրամանով։ Գրեչկոն հովանավորում էր ԲԿՄԱ-ն, և իրենց անհրաժեշտ խաղացողին զորակոչում էին անձամբ Գրեչկոյի հեռագրով։ Հանրապետության զինկոմ Դուքսուզյանը, մտահոգված Գրեչկոյի ստորագրությունից, մտնում է կենտկոմի առաջին քարտուղար Թովմասյանի մոտ ու ասում, որ այսպիսի հեռագիր է եկել, ի՞նչ անենք։ Բայց Թովմասյանին արդեն ազատում էին պաշտոնից ու նա պատասխանում է. «Ծվպ րպռփՈր վպ ՊՏ ԿՉՌՉÿվՈ»։
Այսպիսով, մի կապիտան` Դրաստամատ անունով, ինձ ուղեկցում էր դեպի Մոսկվա, «հանձնելու» ԲԿՄԱ-ին։ Բոլորին թվում էր, որ հերթական արձակուրդս անց եմ կացնում Սուխումում` ծնողներիս հետ։ Դրաստամատն ասաց, որ ինչ-որ ձևով ուզում է ինձ օգնել Երևանում մնալու` իր բարեկամի միջոցով։ Արդեն Մոսկվայում նրան հայտնի դարձավ, որ Կարախանի 70-ամյակն է։ Կարախանը Մոսկվայի պտուղ-բանջարեղենի ցանցի տնօրենն էր, շատ հարուստ ու ազդեցիկ մարդ։ Եվ նա պետք է զբաղվեր խնդրի լուծմամբ։
Գնացինք Կարախանի ամառանոց։ Դուռը ինքը բացեց, պատկառելի տեսքով տղամարդ էր, ինչ-որ չափով Բաղրամյանին նման։ Տրամադրությունը բարձր էր, մեզ դիմավորեց երգով` «...դու դրախտի փերի ես...»: Նստած ենք խնջույքի սեղանի շուրջ, ուր շատ անվանի մարդիկ կան։ Որոշ ժամանակ անց հարցրեց` էս ջահելն ո՞վ է։ ՈՒ ինձ ուղեկցողները պատմեցին եղելությունը, խնդրեցին Բաղրամյանի և Միկոյանի միջոցով կարգավորել հարցը։ Կարախանը միանգամից օձիքն ազատեց` խնդրելով ընդհանրապես ֆուտբոլից չխոսել։ Պարզվում է, որ Ստրելցովի պատմությունը Կարախանի ամառանոցում է կատարվել։ Երեք տղա ու աղջիկ են եղել, նաև Ստրելցովը։ Որևէ քրեական, տհաճ բան այնտեղ չի կատարվել։ Ինչ-որ առիթով Էդիկը թեթև ապտակել էր աղջիկներից մեկին, ու նրան համապատասխան օրգանները ստիպել էին մի ծանր ցուցմունք տալ։ Ստրելցովի հետ էին Օգարկովն ու Տատուշինը։ Նրանք, բնականաբար, չընդգրկվեցին 1958-ի աշխարհի առաջնության մասնակից ԽՍՀՄ հավաքականում։ Իսկ Ստրելցովը բանտում անցկացրեց ամբողջ 7 տարի։
Հետաքրքիր է, որ, բացի Ստրելցովի հետ կապված պատմությունից, հետևում էին նաև Կարախանին։ Նրա այգուց տասնյակ կիլոգրամներով ոսկի էին հայտնաբերել։ Ինչևէ, ինձ հանձնեցին ԲԿՄԱ-ին, 12 օր ուշացումով։ Իսկ Դրաստամատի մի աստղը հանեցին և ուղարկեցին ծառայելու Հայաստանի հեռավոր շրջաններից մեկում։

ԲՈՒՆՏ` ՀԱՆՈՒՆ ՀՈՎԻՎՅԱՆԻ
-1961-ին Ձեզ զորակոչեցին ԲԿՄԱ։ ԲԿՄԱ-ն ժամանեց Երևան... Հետո կատարվեցին բաներ, որոնք աննախադեպ էին խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։
-Վաղ առավոտյան գնացքը հասավ Երևան։ Ինձ ոչ ոք չէր դիմավորում։ Ճիշտն ասած, տխրեցի` մի՞թե մոռացել են։ ՈՒղևորվեցինք հյուրանոց։ Քիչ անց նախավարժանքի մեկնեցինք «Սպարտակ» մարզադաշտ։ Սակայն մարզադաշտի առջևի հրապարակը և մարզադաշտը լիքն էին երևանցի ֆուտբոլասերներով։ Մարզումը ձախողվեց։
-Ֆուտբոլասերները, որոնք ոչ մի կերպ չէին համակերպվում այլ թիմում Հովիվյանի հանդես գալու մտքի հետ, նրան ձեռքերի վրա տարան դեպի դաշտ։
-Հիշում եմ։ Շատ էի զարմացած և հուզված։ Հետո մարզումը փորձեցին տեղափոխել Նորագավիթի օդանավակայանի մոտ գտնվող ինչ-որ փոքրիկ խաղադաշտ։ Բայց տրամվայով, ավտոբուսներով, բեռնատարներով ու տաքսիներով ժողովուրդը հասել էր այդ անհայտ մարզադաշտն ու շրջափակել այն։ Վերադարձանք «Սևան» հյուրանոց։ Անկեղծ ասած, լավ չէի պատկերացնում, թե իրականում ինչ է կատարվում։ Մարզումները ձախողվել էին, իսկ ապրիլի 9-ին մենք օրացուցային առաջին խաղը պետք է անցկացնեինք Տալլինի «Կալև» թիմի հետ։ Ես այդ ամենին անտեղյակ էի։ Ինչ-որ պատվավոր պատվիրակություն եկավ Բեսկովի մոտ, պատկառելի տեսքով տղամարդիկ էին, գվարդիականի արտաքինով, և նրանք էլ անհանգիստ էին։ Անսպասելի երկրորդ մարզչին հրահանգեցին, որ Սարգիսը թող տղաների հետ... թղթախաղով զբաղվի համարներից մեկում։ Հյուրանոցի միջանցքում հանդիպեցի մի գյումրեցի ֆուտբոլասերի` երեխայի հետ։ Նա Գյումրվա բառ ու բանով խնդրեց, որ գոնե պատշգամբից դուրս գամ. «Ժողովուրդ է հավաքվել, և քեզ են ուզում տեսնել»։ Հյուրանոցի առջևի հրապարակը լեփ-լեցուն էր երկրպագուներով, տրանսպորտը կանգ էր առել։ Դուրս եկա, ու ինձ մի հարց տվեցին` դու ուզո՞ւմ ես խաղալ «Սպարտակում»։ Ասացի` այո։ Հետո այդ հսկայական բազմությունն ուղևորվել էր կենտկոմ, ու պատվիրակները հանդիպել էին առաջին քարտուղար Յակով Զարոբյանի հետ։ Զարոբյանը խոստացել էր մեկ տարի անց ինձ փոխադրել Երևան։ Եվ նա կատարեց խոստումը։ Դա հեշտ բան չէր։ Ծառայությունը երեք տարի էր և անհրաժեշտ էր եղել դիմել Բաղրամյանի և Միկոյանի միջնորդությանը։
-Այդ տարիներին հայկական ֆուտբոլում վառ անհատականություններ կային։ Ի՞նչ ֆուտբոլային մակարդակ ունեին նրանք։
-Բրազիլիայում նախ դիտեցինք խաղը «Բոտաֆոգոյի» և «Ֆլումինենսեի» մասնակցությամբ։ «Բոտաֆոգոյում» Գարինչան էր խաղում, Վավան և Նիլտոն Սանթոսը։ Սանթոսը` 1958-ի աշխարհի առաջնության լավագույն պաշտպանը, ինձ չափազանց ծանոթ թվաց։ Բայց առաջին անգամ եմ նրա խաղը տեսնում։ Հետո գլխի ընկա` ինչ-որ անում էր նա, Երևանում կատարում էր մեր ձախ պաշտպան Մանուկ Սեմերջյանը։
-Հրաշագործ Գարինչայի գաղտնիքը։
-Նա ծնվել էր ֆուտբոլի համար և գլխով էր խաղում, արագությամբ, տակտիկապես չափազանց գրագետ։
Իհարկե, Գարինչան բոլոր ժամանակների աշխարհի լավագույն աջ եզրային հարձակվողն է։


ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԿՈՂՄՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
-«Սպարտակը» հետաքրքիր շրջագայություն ունեցավ այն տարիների աշխարհի ֆուտբոլային մեկ այլ գերտերությունում` Հունգարիայում, 1960-ին։
-Աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն էր Հունգարիայի հավաքականում խաղում` Շանդորը։ Հռչակավոր էին Հիդեկկուտին, Պուշկաշը, Ալբերտը և այլք։ 60-ականների վերջերին Մոսկվան մեզ ուղևորության հնարավորություն տրվեց դեպի Հունգարիա։ Սա նշանակում էր, որ Երևանի «Սպարտակի» հեղինակությունը բավականին բարձր էր։
Հունգարիայում առաջին անգամ ականատես եղա բացահայտ մրցավարական կողմնապահության։ Խաղում էինք Բուդապեշտի հավաքականի հետ։ Նրանց կազմում էր Շանդորը, որին կարգապահական խախտման պատճառով ազգային հավաքականի հետ արտասահման չէին ուղարկել։ Առաջին խաղակեսում հաղթում էինք 2։1 հաշվով։ Դատավորը «սարքեց» հաշիվը 2։2։ Շանդորը երկրորդ խաղակեսում դաշտ մտավ։ Հունգարացի դատավորը չեղած 11-մետրանոց նշանակեց։ Բողոքեցինք, չօգնեց։ Զատիկյանին ասացինք, որ թողնի դարպասը։ Մրցավարը երեք անգամ փորձեց Զատիկյանին կանգնեցնել դարպասում։ Չստացվեց և հունգարացիները գոլ խփեցին դատարկ դարպասին։ Պարտվեցինք խոշոր 4։2 հաշվով, բայց խաղից հետո հանդերձարան եկավ ԽՍՀՄ դեսպանը և ասաց. «Молодцы ребята, молодцы армяне, мы считаем, что на самом деле победили вы. Я обо всем сообщу в Москву, в Спорткомитет»։ Ի դեպ, այդ չարաբաստիկ խաղում Շանդորին մեկուսացնելու համար խաղադաշտ մտավ Մանթառլյանը և այնպես մեկուսացրեց, որ նրան խաղադաշտից ուղիղ հիվանդանոց տարան և զրկվեցինք ավանդական բանկետի ժամանակ Շանդորի հետ շփվելու հաճույքից։
-Ինչ-որ անհասկանալի պատճառով 1963-ից «Արարատ» վերանվանված թիմը շատ անսպասելի կորցրեց դեմքը։
-Ժողովրդին անչափ ոգևորել էր «Արարատ» անունը։ Հիշում եմ, ծնված տասը տղա երեխայից 7-8-ի անունը Արարատ էին դնում։
Այդ տարի Թուրքիայի թիմի հետ ընկերական խաղ նշանակվեց Երևանում։ Ժողովուրդը ծայրաստիճան վրդովված էր և պահանջում էր թույլ չտալ նրանց այցը Հայաստան։ Ի վերջո, հանդիպումը չեղյալ համարվեց։ Սա ինչո՞ւ հիշեցի։ Այսօր մեր մշակույթի որոշ գործիչներ հաճույքով Թուրքիա են ուղևորվում, ելույթներ ունենում։ Կարծում եմ, անընդունելի է նման վարքագիծը։ Բայց վերադառնամ հարցին։ 1963-ին մարզիչն էր Հայկ Արշակի Անդրեասյանը` ժամանակի հարգված մարզիչներից մեկը։ Սակայն մրցաշրջանի կեսից նա ազատվեց, և գլխավոր մարզիչ նշանակվեց Ղազարոս Թեքնեջյանը, ով առհասարակ իրավունք չուներ մարզիչ աշխատելու, այն էլ` «Ա» խմբի թիմի գլխավոր մարզիչ։ Իսկ Անդրեասյանի գլխավորությամբ մենք հասել էինք մեր լավագույն արդյունքին` 1961-ին գրավելով 8-րդ տեղը։ Մի դեպք եմ հիշում, որը բնորոշում է Թեքնեջյանին։ Մեզ բախտ վիճակվեց հյուրընկալվելու վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինին։ Ընդունելության ժամանակ լուսահոգի դարպասապահ Ռաֆիկ Մաթևոսյանը նկատեց, որ Վեհափառի գահաթոռի հետևում տուփեր են դարսված և թաքուն շշնջաց, որ Վեհափառը նվերներ է պատրաստել մեզ համար։ Ամեն բան շատ լավ էր ընթանում, մեզ շատ հպարտ էինք զգում Սբ. Էջմիածնում Վազգեն 1-ի հյուրը լինելով։ Վերջում մեզ մատնոցաչափ գավաթներով կոնյակ հյուրասիրեցին, ինչ-որ աստվածային մի բան։ ՈՒ մեկ էլ Թեքնեջյանը հայտարարեց, թե Վեհափառ, մենք հավաքի մեջ ենք, մեզ չի կարելի խմել։ Վեհափառը շատ վատ զգաց իրեն, ու հանդիպումն արագ իր վախճանին հասավ։ Մի խոսքով, տուփերը չստացանք, փոխարենը մեկական փողկապի արժանացանք։ Ահա այսպիսի «ղեկավար» էր Թեքնեջյանը։ Չմոռանամ, որ ազատ ժամերին մենք... շշերով էինք խմում։ Կարծիք էր ուզում ստեղծել։ Եվ նրա պատճառով «Արարատը» առհասարակ դուրս մնաց «Ա» խմբից։

«ԳՈՒԼՅԱԵՎԸ ՄԱՀՃԱԿԱԼԻՍ ՄՈՏ ՇՇԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑ»
-Սարգիս, գիտե՞ք, որ ֆուտբոլասերի աչքից ու ականջից ոչինչ չի վրիպում և անհայտ չի մնացել, որ հարավամերիկյան շրջագայության ժամանակ ՈՒրուգվայի մարզադաշտերում Ձեր ուղղությամբ բղավում էին` Գարինչա։ Այնուհանդերձ, Դուք չհաստատվեցիք ԽՍՀՄ հավաքականում։ Ինչո՞ւ։
-Մեղավորը ես էի։ Երկու անգամ եմ հրավիրվել հավաքական։ 1960-ին, երբ ԽՍՀՄ հավաքականը նվաճեց Եվրոպայի գավաթը, ինձ էլ էին հրավիրել վերջին հավաքին։ 26 ֆուտբոլիստ էր մասնակցում, հավաքը ԳԴՀ-ում էր։ Մեկ ամիս անց հիմնական կազմում հաստատված 16 ֆուտբոլիստ պետք է ուղևորվեին Հոլանդիա, այնտեղից էլ` Եվրոպայի առաջնություն։ Երկրորդ մարզիչը Նիկոլայ Գուլյաևն էր։ Հերթական ստուգման ժամանակ իմ մահճակալի մոտ շշեր հայտնաբերեց, իհարկե` ոչ հանքային ջրի։ Ենթարկվող չէի ու չէի պահպանում մարզական ռեժիմը։ Դա էր միակ պատճառը։
-Ֆուտբոլի արքա Պելեն խոստովանել է, որ բոլորովին չի զարմանա, եթե ողջ խաղի ընթացքում իրեն ստվերի պես հետևող պաշտպանները խաղից հետո իր հետևից հյուրանոց գան։
-Նույն ձևով հսկում էին և Ստրելցովին։ Նա մի անգամ խոստովանեց. «Саркис, я принципиально иногда так тихонько выхожу с поля, с линии..., а эти идиоты приходят и стоят со мной рядом»։ Ես նման դեպքերում պարզապես հանգիստ կանգնում էի։ Այնքան, որ ինձ հսկողները ձանձրացած հեռանում էին օգնելու խաղընկերներին։ Հետո արդեն միանգամից միանում էին խաղին։
-73-ին բռնկվեց «Արարատը»։ Տարիների հեռվից կարո՞ղ եք ասել, թե այդ «ոսկյա կազմից» ով էր համաշխարհային մակարդակի ֆուտբոլի պահանջները բավարարում։
-Նախ ասեմ, որ 50-60-70-ականների Երևանի թիմի լավագույն կազմը կարող էր մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և հասնել մինչև քառորդ եզրափակիչ, ոչ պակաս։ Մարգարովը և Աբրահամյանը կարող էին աչքի ընկնել աշխարհի առաջնություններում։ Անդրեասյանը ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում կարող էր հիանալի խաղ ցուցադրել։ Առհասարակ, առաջին անգամ չէ, որ սա ասում եմ, մենք ունեցել ենք միջազգային կարգի վարպետներ. Զատիկյանը, Գր. Համբարձումյանը, որը չէր զիջում Բրազիլիայի աջ հանրահայտ պաշտպան Ջալմա Սանթոսին, հռչակավոր Նիլտոն Սանթոսից հետ չմնացող ձախ պաշտպան Մանուկ Սեմերջյանը։
-Լավ, ներկայացրեք բոլոր ժամանակների «Արարատի» խորհրդանշական հավաքականը։
-Խնդրեմ։ Դարպասապահ Սերգեյ Զատիկյան, աջ պաշտպան` Գրիգոր Համբարձումյան, կենտրոնում` Քաջայր Փոլադյան և Ալեքսանդր Կովալենկո։ Ձախում, իհարկե, Մանուկ Սեմերջյան։
Կվերցնեի չորս կիսապաշտպանի։ Հենակետային կիսապաշտպան` Հովհաննես Զանազանյան, ձախից` Խորեն Հովհաննիսյան, աջից` Բոնդարենկո, կենտրոնում, քիչ առաջ քաշված` Արկադի Անդրեասյան։
-Հարձակվողների երկյա՞կը։
-Մարգարով և Հովիվյան։


Հարցազրույցը`
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ