Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հարկային դաշտը, ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը և գործարարների պրոֆեսիոնալիզմը

Հարկային դաշտը, ֆինանսական  ռեսուրսների մատչելիությունը և գործարարների  պրոֆեսիոնալիզմը
21.03.2014 | 11:41

Փոքր բիզնեսը զիջում է դիրքերը ոչ իր կամքով։ Գնալով ավելանում են փակվող վաճառատներն ու սպասարկման ոլորտի օբյեկտները։ Այս թեմային էր նվիրված «Իրատես de facto»-ի հերթական «Կլոր սեղանի» շուրջը ծավալված զրույցը։ Հյուրերն էին «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ի նախագահ, հրապարակախոս, Blogbox.am կայքի գլխավոր խմբագիր ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, ՀԺԱՄ-ի անդամ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, «Ռուբինա և Դավիթ» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀ իրավակարգի նախկին աշխատակից ԱՐՏԱԿ ՏՈՆԱՊԵՏՅԱՆԸ։

«ԵՐԲ ԲԻԶՆԵՍԸ ԴԵՌԵՎՍ ՍԿՍՆԱԿ Է, ՉՊԵՏՔ Է ՆՐԱՆ ԳԼԽԱՏԵԼ»


ԼՐԱԳՐՈՂ- ՓՄՁ-ների զարգացման խնդիրը եղել և մնում է հանրապետության տնտեսական գերակայություններից մեկը, որը սակայն գերի է վարչահրամայական համակարգի ձեռքում։ Որո՞նք են խոչընդոտները։
ԱՐՏԱԿ ՏՈՆԱՊԵՏՅԱՆ -Խոչընդոտները հիմնականում հարկային դաշտում են առաջանում։ Եթե բիզնեսը դեռևս սկսնակ է, չպետք է նրան գլխատել դեռ թափ չհավաքած։ Չէ՞ որ կան բազում խնդիրներ, որոնք պիտի լուծել, մուտքագրվել շուկա, ճշտել կադրային քաղաքականության հարցերը և այլն։ Սակայն առաջին իսկ քայլից հանդիպում ես վարչարարական ճնշմանը, և միշտ չէ, որ վարչարարությունը օրինականության սահմաններում է գործում, սա է ցավալին և վտանգավորը։
ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ- Եկեք կոնկրետ օրինակով բացահայտենք խնդիրը։ Ինքս մայրաքաղաքի կենտրոնում եմ բնակվում։ Մեր բակում մի փոքրիկ վաճառատուն է գործում, շենքերի արանքում տեղակայված, քիչ այն կողմում «SAS» սուպերմարկետն է, մի այլ հատվածում` «Մոսկվիչկան»։ Մեր վաճառատանը գները մատչելի են, սպասարկումն էլ` հաճելի։ Բայց մի օր խանութ եմ մտնում և անսովոր տեսարանի հանդիպում. վաճառողը, որ նաև սեփականատերն է, լացակումած բռնել է գլուխը։ Զարմացած հարցրի` ի՞նչն է բանը, հաճախորդներով լի ու բոլ ապահովված ես և խնդիր չպետք է ունենաս։ Պարզեցի հետևյալը. նա խանութում նստած սպասում է իր հերթական հաճախորդին, մի անծանոթ կին է ներս մտնում, առևտուր է անում և, «միամտաբար» մի բան մոռանալով, հեռանում է։ Հինգ րոպե անց կինը նորից է խանութ մտնում, վերցնում է «մոռացածը», շնորհակալություն է հայտնում և երկու տուփ չիպս գնելով ¥ընդ որում` դրանք սեփական ձեռքով պոկելով ապրանքների ցուցադրման վահանակից¤, գոհ ու երջանիկ հեռանում է։ Երեք րոպե անց խիստ մարտական տրամադրված 7-8 տղամարդ են խանութ ներխուժում և հարձակվում վաճառողի վրա, թե էս ի՜նչ եք դուք անում, թալանում եք երկիրը... Եվ տուգանում են մարդուն, օրեր անց մի այլ տուգանքի ենթարկում, հետո դարձյալ այցելում և այս անգամ խնդրում, որ վաղօրոք վերջինս մուծում կատարի, քանզի պետական գանձարանը դատարկ է, այն լցնել է պետք։
ԼՐԱԳՐՈՂ- Նման դեպք վերջերս Արտակ Տոնապետյանի հետ է կատարվել, երբ հարկայինի ծառայողները բառացիորեն խարդախում են և գործ սարքում ազնիվ գործարարի գլխին։
ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ - Պարոն Տոնապետյանը ճիշտ է նկարագրում նորահայտ փոքր բիզնեսի ընթացքը` տեղայնացում, կադրային քաղաքականություն, սպառողական զանգվածի ներգրավում և այլն։ Սրանք փուլեր են, որոնք քաղաքակիրթ աշխարհում են ընդունված։ Բայց, տեսեք, հաջողակ գործը խափանում են, և Հայաստանը հավանաբար միակ երկիրն է աշխարհում, ուր հերթի տակ աշխատող և բարի համբավ վայելող սեփականատերը կամենում է վաճառել ամեն բան և հեռանալ երկրից։
ԼՐԱԳՐՈՂ- Պարոն Կիրակոսյան, խնդրում եմ գնահատեք դաշտը։
ԷԴՈՒԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ- Կարծում եմ` փոքր և միջին բիզնեսի առջև երեք խնդիր է ծառացած` հարկային դաշտը, ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը ¥ավելի տեղին կլինի ասել` անմատչելիությունը¤ և գործարարների պրոֆեսիոնալիզմը։ Մինչև 2013-ը ընդունված էր տարեվերջին հարկային փաթեթի ընդունումը, գրեթե բոլոր օրենքների փոփոխություններով ներառված։ 2011-ին փաթեթն ընդունվեց, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 12-ին, 2012-ին` դեկտեմբերի 26-ին։ Այսինքն` մի քանի օրվա ընթացքում բիզնեսը պիտի պատրաստ լինի նոր օրենսդրական փաթեթով գործելուն, բայց չէ՞ որ ժամկետը սահմանափակ է, առջևի նախապատրաստական օրերն էլ տոնական են։ Նման պարագայում փոփոխությունները պիտի կատարվեն գոնե վեցամսյա ժամկետում, ոչ պակաս։ 2012-ի վերջերին ընդունվեց «Շրջանառության հարկի մասին» օրենքը, նպատակաուղղված նպաստելու փոքր և միջին գործարարության զարգացմանը։ Բայց ինչ դուրս եկավ. նախկինում գործարարը իր շրջանառությունից որոշակի տոկոս էր մուծում, և դրանով ամեն ինչ ավարտվում էր։ Մենք քննարկեցինք օրենքի նախագիծը, եզրակացրինք, որ այն շատ լավ օրենք է, սակայն նախատեսված 3,5 տոկոսադրույքը առևտրի համար շատ բարձր է։ Մեր առարկությունը հետևյալն էր. եթե առևտրի բնագավառի ներկայացուցիչը վճարում է 3,5 տոկոս շրջանառության հարկ, այնուհետև նա պիտի տարածքի համար վճարի, կոմունալ ծախսերը հոգա, աշխատավարձերը վճարի, համապատասխան հարկային պարտավորություններն իրականացնի, նրան մնում է մեկ բան. դիմակայելու համար թաքցնել շրջանառության իրական ծավալները, այսինքն` օրենքը դրդում է, որ փոքր և միջին բիզնեսը հայտնվի ստվերում։ Մենք երկար պայքարեցինք և, ի վերջո, հետևյալն առաջարկեցինք. շրջանառության հարկը նվազեցնել մինչև 1-1,5 տոկոս այն կազմակերպությունների համար, որոնք փաստաթղթերով հիմնավորում են իրենց շրջանառությունը, իսկ ովքեր չեն հիմնավորում, թող գործեն 3,5 տոկոսի շրջանակում։ Վերջերս կառավարությունը վերջապես համաձայնել է, որ, իրոք, 3,5 տոկոսը բավականին բարձր տոկոսադրույք է։
ԼՐԱԳՐՈՂ- Եվ ի՞նչ։
ԷԴՈՒԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ- Եվ այն, որ պահանջում են շրջանառությունը գրեթե 100 տոկոսով հիմնավորել փաստաթղթերով։ Սրա շուրջ բանակցություններ են ընթանում, նման բազմաշերտ թղթաբանությունը իր հերթին է խոչընդոտում գործարարությանը։ Հիմա անդրադառնանք ֆինանսների խնդրին։

«ՄԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԲԱՐՁՐ ԵՆ, ՈՐ ԴՐԱՆՑՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԲԻԶՆԵՍՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ»


ԼՐԱԳՐՈՂ- Այժմ քննարկումը տեղափոխենք ֆինանսական դաշտ։
ԷԴՈՒԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ- Մեր վարկային տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ դրանցով հնարավոր չէ բիզնեսում ներդրումներ կատարել, գրավ ունենալ, գրավն էլ միայն Երևանում է բանկերի համար ընդունելի, իսկ գյուղական բիզնեսն ինչպե՞ս պիտի զարգանա։ Մենք մի շատ լավ անդամ կազմակերպություն ունենք` «Մինսին». դեղաբույսեր և քսուքներ է արտադրում և գտնվում է Լոռու մարզում։ Սակայն նրանք վարկ վերցնել անկարող են, նրանց գրավադրման առարկաները Երևանում չեն։ Եվ փոքր բիզնեսի ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմն այս պայմաններում դաշտի գերազանց իմացությունն է` սեփական շահերը պաշտպանելու համար։ Սա բարդ է մայրաքաղաքում, առավել ևս մարզերում։ Ահա այս երեք խնդիրների լուծումը պիտի նպաստի ՓՄՁ-ների բնականոն զարգացմանը, այնինչ նրանց թիվը տարեցտարի կրճատվում է։ Մի քանի թիվ վկայակոչենք. գործարար դաշտում գրանցված կազմակերպությունների շուրջ 97 տոկոսը ՓՄՁ-ներն են, այսինքն` կա 160-170 հազար կազմակերպություն, որոնց 70-80 տոկոսն է աշխատում։
ԼՐԱԳՐՈՂ- Լավ, իրավիճակը ՓՄՁ ոլորտում, մեղմ ասած, բարվոք չէ, նախաձեռնող, աշխատատեղ ստեղծող մարդկանց մեր օրենսդրությունն ու նրա վարձկանները մղում են դաժան երկընտրանքի` կամ խուսանավել վարչարարական ճնշումներից` տեղն արևի տակ պահպանելու համար, կամ էլ խնդիրը լուծել արմատականորեն, այսինքն` արտագաղթել։ Ե՞լքը...
ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ - Փաստելուց զատ, եկեք առաջարկներով հանդես գանք։ Տարիներ առաջ ՕԵԿ-ը նախագիծ ներկայացրեց սուպերմարկետների տեղակայման սահմանափակումների մասին, որը ենթադրում էր խոշոր վաճառատների տեղակայումը քաղաքների արվարձաններում, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում։
ԼՐԱԳՐՈՂ- Ես լավ եմ հիշում ՕԵԿ նախագահի կարգախոսը. «Ոչ թե մեկ մարդ ունենա հարյուր խանութ, այլ հարյուր մարդ ունենա մեկական խանութ»։
ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ- Ճիշտ եք հիշում, բայց շատ կարևոր այս նախագիծը ոչ մի կերպ օրենքի ուժ չի ստանում։ Ոչ պակաս շահեկան, սոցիալական բնույթի այլ առաջարկներ էլի են եղել, մասնավորապես ընտանեկան, նոր զարգացող ընտանիքների բիզնեսին նպաստող և այլն։ Բայց և այնպես դրանք կյանքի չեն կոչվում։ Ինչո՞ւ։ Նման, բառիս բուն իմաստով, ազգանպաստ նախագծերը մնում են օդում, երբ հաճախ անհասկանալի օրենքներ են ընդունվում ուղղակի մի շնչով։
ԼՐԱԳՐՈՂ- Որտե՞ղ է այսօր թաղված շան գլուխը, պարզե՞լ եք։
ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ- Իհարկե, օրենքներն ընդունողների ճնշող մասն այս կամ այն կերպ առնչվում է խոշոր բիզնեսին։ Ի դեպ, ՀՅԴ-ի և այլ խմբակցությունների բարեփոխչական առաջարկները ևս ոչ մի կերպ չեն վերածվում օրենքի։ Ինչ է կատարվում իրականում. երկրի կառավարությունը եզրակացություն է ներկայացնում ու հատկանշում է, որ նախագծի այս և այն դրույթներին համաձայն չէ, այս դրույթը ահա սրան է հակասում, մյուսն ահա նրան։ Միաժամանակ գրում են, որ կարևոր են համարում օրենքի նախագիծը։ Այսինքն, մնում է, որ նման պարագայում կառավարությունը բարեփոխի նախագիծը և ներկայացնի օրենսդիր մարմնին։
ԼՐԱԳՐՈՂ- Մեզ ընկերակցում է ՀԺԱՄ ներկայացուցիչը, այս կուսակցության կարգախոսը տնտեսաքաղաքական լուրջ նպատակ էր հետապնդում. «Ձևավորենք միջին խավ»։ Ձևավորվե՞ց։
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ- Միջին խավը որոշակի ապահովություն պիտի ունենա, բայց նման հստակ հաշվարկ չկա ո՛չ պետական ատյաններում, ո՛չ էլ մեզ մոտ։ Մեր կարգախոսը քաղաքական հայեցակարգ էր, որը պիտի հենվեր սեփականատերերի բանակի ձևավորման վրա։ Քսան տարի առաջ երկրում սկիզբ առած մասնավորեցման գործընթացը ձևավորեց 500 հազար հողի սեփականատեր։ Դա հենց միջին խավի բաղադրիչն էր, սակայն գյուղատնտեսական խնդիրներն արդյունավետ լուծում չունեցան և շատերը սկսեցին վաճառել իրենց հողերը։ Եթե պետական քաղաքականությունը նպաստում է միջին խավի ձևավորմանը, այսինքն` քաղաքացիական հասարակությունը կայացած է, ապա և՛ մտավորականությունը, և՛ ՓՄՁ ներկայացուցիչները կարող են միջին խավի լիիրավ անդամ հանդիսանալ։

«ՄԵԶ ՄՈՏ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ԵՐԵՎՈՒՅԹԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ Է»


ԼՐԱԳՐՈՂ- Փոքր բիզնեսի ծավալների կրճատումը միաժամանակ մեծացնում է անապահովությունը երկրում, և բնակչության մի ստվար շերտ հայտնվում է անպատվաբեր սոցիալական լարվածության մեջ։
ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ- Գոյություն ունի կարևոր մի չափորոշիչ` «Նվազագույն սպառողական զամբյուղ»։ Մեզ մոտ նվազագույն զամբյուղի երևույթը խեղաթյուրված է, քանզի նրա չափորոշիչներով ապրող մարդու դիմադրողականությունն ընկնում է, առաջանում են բուժման խնդիրներ և այլն։ Պաշտոնական տվյալներով` անապահովները երկրում կազմում են բնակչության 24 տոկոսը։
ԼՐԱԳՐՈՂ- ՈՒշագրավ է ասվածը, բայց չշեղվենք թեմայից։
ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ- Չեմ շեղվում. միջին խավ ասելով պետք է նաև ճշտենք նրա ապահովության սահմանագծերը, անապահովության պարագայում նվազագույն գումարային չափը 35 հազար դրամ է, եթե միջին վիճակագրական հայ ընտանիքը բաղկացած է 4 անձից, նշանակում է` այն պիտի ապրի 140 հազար դրամով։ Սա դուրս է որևէ տրամաբանությունից։
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ- Կա կենսամակարդակ հասկացությունը, որով էլ որոշվում է այս կամ այն հասարակական խավի զբաղեցրած տեղը հասարակական կյանքում։
ԼՐԱԳՐՈՂ- Վերադառնում ենք փոքր բիզնեսի դաշտը։
ԱՐՏԱԿ ՏՈՆԱՊԵՏՅԱՆ- Ես կարող էի, այժմ էլ կարող եմ գործս շարունակել Սոչիում։ Բայց համոզված եմ, որ յուրաքանչյուր պատվախնդիր մարդու համար առաջնային են սեփական երկրում ապրելն ու գործելը։ Մի խոսքով, նախաձեռնեցի գործս փոքր բիզնեսի ոլորտում և սա, ինչ խոսք, փորձ էր։ Փորձը, կարծես, փորձանք է դառնում, քանզի ես, ըստ էության, չեմ զբաղվում իմ բուն գործով, հիմնականում զբաղվում եմ վարչարարների ոտնձգությունները կանխարգելելով։ Ես իրավակարգի ծառայող եմ եղել, հանրապետության ու նրա բնակչության (նաև ներկա վարչարարների) բնականոն կյանքն ապահովել գործընկերներիս հետ, հաճախ շատ դժվարին պայմաններում։ Այսօր սեփական երկրում շատ ավելի աննպաստ են գործարարության պայմանները, քան ասենք Ռուսաստանում։ Էլ ի՞նչ «Արի տուն» ծրագրի մասին է խոսքը։ Այսինքն` ապրում ենք այնպիսի մի իրավիճակում, ուր եռանդն ու նվիրումը և պրոֆեսիոնալիզմը բավարար չեն բարեկիրթ աշխատանքի համար։
ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ- Մի հետաքրքիր օրինակ բերեմ. անգլիացի Ռոբերտ Գրաուսը աշխարհի ամենահաջողակ բիզնեսմեններից է և տնօրինում է շուրջ 25 հազար փոքր բիզնեսի օբյեկտներ ¥կրպակներ և այլն¤, այսինքն` մեծահարուստ է և, խնդրեմ, խոստովանում է, որ իր կյանքում անգամ մեկ թերթ չի կարդացել։ Բնականաբար, նաև հեռու է գրքից։ Նա միաժամանակ ասում էր, որ անծանոթ է օրենքներին, դրանք լավն են, թե վատը, ինքն աշխատելու տերն է, ուրիշ ոչինչ։
ԱՐՏԱԿ ՏՈՆԱՊԵՏՅԱՆ - Գրաուսը նման շռայլություն կարող է իրեն թույլ տալ, քանի որ քաղաքակիրթ աշխարհում օրենքի գերակայություն է, և գործի մարդն ինքնաբերաբար պաշտպանված է։ Այսօր իմ գլխավոր ցանկությունն է, որ դրսից հնարավորինս շատ գործարարներ վերադառնան, պայքարեն և փոխեն երկրի խառնակ բիզնես միջավայրը։ Ես ցավով եմ սա փաստում, բայց չեմ տեսնում կամք` ներկա կառավարության պարագայում կարգի բերելու գործարար ոլորտը, նույնը և հարկային տեսչությունում է` այնտեղ ևս կամք և ցանկություն չունեն մեզ որպես գործընկեր վերաբերվելու։
ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ- Երբ կառավարությունը իրավիճակը փրկելու նպատակով բարձրացնում է աշխատավարձերը, հետաքրքիր է, թե ում հաշվին է դա անում. խոշո՞ր բիզնեսի, կասկածելի է, աշխատավարձերը բարձրացվում են ՓՄՁ-ներից գանձվող հարկերի հաշվին։
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ- Ցավոք, բյուջեի մուտքային մասը հենվում է խոշոր բիզնեսի վրա։
ԷԴՈՒԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ- Փոքր բիզնեսն ապահովում է բյուջեի 2-3 տոկոսը։

«ՕՐԵ՞ՆՔՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄԸ»


ԼՐԱԳՐՈՂ- Փոքր բիզնեսը, մի կողմից, շփվում է օրենքի տառի հետ, մյուս կողմից` օրենքի ներկայացուցիչների հետ։ Արդյո՞ք այստեղ ամեն բան է կարգավորված։
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ- Խնդիրը, ըստ իս, հետևյալն է` օրե՞նքն է ծնում իրավախախտումը, թե՞ օրենքը նորմալ է, սակայն մարդկային գործոնն է խաթարում նրա կենսագործումը։
ԷԴՈՒԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ- Ընդհանուր առմամբ մեր օրենքները վատը չեն, դրանց կատարումն է թերի։
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ- Ընկերներիցս մեկը աշխատում է ԱՄՆ-ում, զբաղվում է բժշկական գործիքների վաճառքով արդեն հինգ տարի։ Նա հաջողակ գործարարի կերպար է և պատմում է, որ այդ տարիներին երբևէ չի առնչվել հարկային ծառայության հետ, ամեն բան կատարվում է էլեկտրոնային տարբերակով։ Մասնագետ-վերլուծաբանները ճշտորեն հաշվարկում են, թե տվյալ բիզնեսը տվյալ միջավայրում որքան եկամուտ կարող է ունենալ։ Եվ գործարարը անխռով աշխատում է։
ԷԴՈՒԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ- Տեղին կլինի, որ փոքր բիզնեսը մեր իրականությունում դիտարկվի որպես սոցիալական հարց և ընդհանրապես ազատվի հարկերից։ Ի վերջո, այն սոցիալական խնդիրներ է լուծում, նրա ներդրումն ընդհանուր հարկային կաթսայում գրեթե աննշան է և, կարծում եմ, հնարավոր է նման մոտեցումը։
ԼՐԱԳՐՈՂ- Գերազանց միտք է, և կարծում եմ, որ ժամանակին դա կկիրառվի Հայաստանում։ Այստեղ չմոռանանք` փոքր գործարարության ներկայացուցիչն իրավունք ունի բարեկեցիկ ապրելու, ոչ թե գոյատևելու և վարչական հերթական բռնաճնշումից հետո գոյացած եկամուտը նվիրելու նյարդաբույժին։
ԱՐՏԱԿ ՏՈՆԱՊԵՏՅԱՆ- Խանութը նաև պիտի իր գովազդն ապահովի։ Բարի, գեղեցիկ ցուցանակներով հուշում ես քո ապագա գնորդին, թե ինչ են նրան առաջարկում, թե ինչի համար նա նախապատվությունը հենց քո առաջարկներին տա։ Սակայն, գովազդային վահանակի ներկը դեռ չչորացած, հայտնվում է վարչական շրջանի ներկայացուցիչը և պահանջում համապատասխան վճարումները կատարել։ Այսինքն` պիտի մեկ աշխատակիցդ հարկայինին դիմագրավի, մյուսը զբաղվի գովազդով և դրա հետ կապված վճարումներով, այսինքն, եթե վաճառատանս զբաղեցրած մակերեսը 30 քմ է, ես պիտի 30 աշխատող ունենամ։
ԼՐԱԳՐՈՂ- Բարի, եկեք «Կլոր սեղանի» շուրջ մեր զրույցն ավարտենք առաջարկություններով։
ԱՐՏԱԿ ՏՈՆԱՊԵՏՅԱՆ- Հաշվապահական թղթաբանությունը պիտի թեթևացնել, 1,5 տոկոս շրջանառությունը ապահովել, հարկային ծառայությունը, անշուշտ, իր վերահսկողական գործառույթն իրականացնելով լինի մեզ գործընկեր, ոչ թե պատժիչ մարմին։ Մի՞թե սա հնարավոր չէ։
ԷԴՈՒԱՐԴ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ- Պիտի թույլ տալ, որ փոքր բիզնեսը զարգանա բնականոն եղանակով։ Դիցուք ՀԴՄ-ները հնարավոր է տեղադրել շրջիկ ավտոմեքենաներում, որոնցում տեղակայված սարքերը էլեկտրոնային եղանակով ապահովեն կապը գործարարի և հարկային տեսչության միջև։ Անհրաժեշտ է հնարավորության սահմաններում նվազեցնել ուղղակի շփումը գործարարի և հարկային աստիճանավորի միջև։
ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆ - Օրենքի տառը խոշոր բիզնեսի հանդեպ այնպես պիտի գործի, ոնց գործում է փոքրերի հանդեպ։
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ- Շահութահարկի գծով անհրաժեշտ է կիրառել պրոգրեսիվ հարկատեսակը, այսինքն` որքան մեծ է բիզնեսը, նույնքան մեծ լինի նրա հարկային վճարումների նիշը։
ԼՐԱԳՐՈՂ- Շնորհակալ եմ գործնական և հետաքրքիր զրույցի համար և կարծում եմ, որ պատկան կառույցները հաշվի կնստեն ձեր ներկայացրած փաստերի և առաջարկությունների հետ։


«Կլոր սեղանը» վարեց
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 175195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ