Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՈՒմ գրպանն են գնացել այդ փողերը, եթե պետբյուջե չեն մտել»

«ՈՒմ գրպանն են գնացել այդ փողերը, եթե պետբյուջե չեն մտել»
27.06.2014 | 12:04

Վերջերս ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց «Դեպի Եվրասիական միություն» շարժման անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով իրենց համապատասխան տեղեկություն տրամադրել, թե ինչպես, ինչ պայմաններով ու ինչ գումարով է հատկացվել դեսպանատան տարածքը: Բողոքի ակցիայի մասնակիցներին դեսպանատան աշխատակիցը լսել է և խոստացել 15 օրվա ընթացքում պատասխան տալ: Երեկ «Իրատես de facto» ակումբում շարժման պատասխանատուներ ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ և ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆԸ փաստեցին, որ իրենց հետագա քայլերը պայմանավորված կլինեն դեսպանատան պատասխանով:
Հիշեցնենք, որ շարժման անդամներն արդեն մեկ տարուց ավելի է, Հայաստանի տարբեր գերատեսչություններից տեղեկություն են պահանջում, թե ինչ գործարքի արդյունքում է ԱՄՆ-ի դեսպանատունը «յուրացրել» այդքան տարածք: Պարզվել է, որ դեսպանատան զբաղեցրած «ապօրինի» հողատարածքից ոչ մի տեղեկություն չունեն Հայաստանի պետական մարմինները` քաղաքապետարանը, կադաստրը, քանի որ նամակներին ու դիմումներին ոչ մի հստակ պատասխան չեն տվել: Ավելին, փաստել են անգամ, որ այդ վաճառքից պետբյուջե ոչ մի լումա չի մտել: Այս ամենում ակումբի հյուրերը մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, ում ստորագրությամբ է տրվել հողատարածքը, Վարդան Օսկանյանին, Անդրանիկ Մարգարյանին:
«Գործընթացը կշարունակվի այնքան, մինչև դառը ճշմարտությունը բացահայտվի: Այն երկիրը, որը ողջ աշխարհը ցնցել, դղրդացրել է «հանուն ժողովրդավարության» պայքարով, ՀՀ-ում կատարում է նման ապօրինություն»,- փաստեց Թովմասյանը, հավելելով, որ այս ողջ թնջուկում կարելի է գտնել ընդամենը երկու օրինական փաստաթուղթ. մեկը կառավարության որոշումն է` հողատարածք հատկացնելու առնչությամբ, և երկրորդը` քաղաքապետ Ալբերտ Բազեյանի ստորագրությամբ փաստաթուղթը, որով նա արգելում է նման հողահատկացումը:
Արմենուհի Ղազարյանն էլ, շարունակելով գործընկերոջը, նախ նշեց, որ այդ հողահատկացումը եղել է օրենքների կոպիտ խախտմամբ, որովհետև, ըստ պայմանագրի, դեսպանատանը տարածք տրամադրվել է «Հողային օրենսգրքին» հղում անելով, սակայն տրամադրման պահին Հայաստանում այդ օրենքը դեռ չի գործել: «Ակնհայտ երևում է, որ այստեղ թաքնված է կոռուպցիա, որին մասնակից են եղել գործարք իրականացնողները` Նարեկ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը: Մինչդեռ ԱՄՆ-ը Հայաստանով մեկ գումարներ է տարածում իբր կոռուպցիայի դեմ պայքարի համար, բայց հենց ինքն է դրա մասնակիցը: Պայմանագրով նաև նշված է, որ վճարվող գումարը չպետք է գերազանցի 2 մլն դոլարը, սակայն հետագայում դեսպանատան աշխատակիցը մամուլով փաստում է, որ վճարվել է ավելի քան 2,3 մլն դոլար: Այսինքն, պետք է պարզաբանվի՝ ով է եղել այս գործարքին մասնակից, ում գրպանն են գնացել այդ փողերը, եթե պետբյուջե չեն մտել»,- շեշտեց բանախոսը:
Ի դեպ, շարժման անդամներն իրենց անհանգստությունը հայտնեցին նաև երկրում տիրող ներքաղաքական վիճակի առնչությամբ և տեղեկացրին, որ առաջիկայում կհամախմբվեն սոցիալիստական ուժերը, որոնց օրակարգում կլինի նաև ԱՄՆ-ի դեսպանատան հարցը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ