Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Քեսաբահայությունը երկմտում է` արժե՞ վերադառնալ ու ամեն ինչ սկսել նորից»

«Քեսաբահայությունը երկմտում է` արժե՞ վերադառնալ ու ամեն ինչ սկսել նորից»
04.07.2014 | 15:46

Նոր իրավիճակ է ստեղծվել Մերձավոր Արևելքում: Տեղի են ունենում բավականին լուրջ գործընթացներ, որոնք բոլորովին այլ միտում ունեն: Սպառնալիքները շատ ավելի մեծ են և համամարդկային: Այս մասին երեկ «Իրատես de facto» ակումբում ասաց արաբագետ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, նշելով, որ սիրիական հակամարտության կարգավորման հեռանկարները բավական մշուշոտ են, իրավիճակը բարդանում է նաև Իրաքում և շատ ավելի սպառնալից է, քանի որ Իրաքը փաստացի կանգնած է տրոհման առաջ, էթնոդավանաբանական սկզբունքի հիման վրա հնարավոր է բաժանումը երեք մասի` շիական, սուննիական, քրդական: «Ծայրահեղ իսլամացման վտանգը սպառնում է ողջ տարածաշրջանին: Վերջին օրերին բավականին սուր իրավիճակ է ստեղծվել նաև պաղեստինա-իսրայելական ճակատում, հասունանում է նոր ռազմական առճակատում: Խնդիրներ կան նաև Լիբանանում, երկրում քաղաքական ճգնաժամ է ստեղծված` դարձյալ սիրիական հակամարտության ազդեցությամբ»: Անդրադառնալով Քեսաբի ներկայիս իրավիճակին` Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ Քեսաբn ազատագրված է, սակայն խնդիրները չեն լուծվել: Քաղաքը զրկված էր էլեկտրականությունից, շարժական և բջջային հեռախոսակապից, համացանցից, ջրամատակարարումից: Երբեմն հարձակումներ են լինում թուրքմենական գյուղերից։ Տեղեկություն կա, որ Քեսաբն ազատագրած սիրիական բանակի էական մասը հետ է քաշվել տարածքից և ուղարկվել այլ ուղղություններով` ռազմական գործողություններ իրականացնելու: Ըստ թուրքական լրատվամիջոցների` 1500 զինյալներ, որոնք նահանջել են Քեսաբից, շարունակում են մնալ սիրիական սահմանի մերձակայքում գտնվող թուրքական Յայլադաղ բնակավայրում։ Բնական է, որ հարկ եղած դեպքում կարող են անցնել հարձակման:
«Շատ բան չի փոխվել, հույսն ու խանդավառությունն է նվազել, որ կվերադառնան և կվերաշինեն հայրենիքը: Բնական է, որ քեսաբահայությունը երկմտում է` արժե՞ վերադառնալ ու ամեն ինչ նորից սկսել»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է թուրքերի որդեգրած քաղաքականությանը, բանախոսը Քեսաբի օրինակով նշեց, որ այնպիսի իրավիճակ են ստեղծում, որպեսզի հայերն արտագաղթեն, վերացնում են հայկականության հետքերը, ավերում են հայկական հոգևոր մշակութային արժեքները` եկեղեցիները, մշակութային օջախները, անգամ պղծվում են հոգևոր հայրերի շիրիմները: Մինչդեռ, ըստ բանախոսի, մենք կարող էինք գրագետ ձևով Քեսաբի դեպքերն օգտագործել, ցույց տալով, որ Ցեղասպանության 100 տարին դեռ չլրացած` թուրքերը նույն քաղաքականությունն են շարունակում:

Ակումբավար`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ