Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Նախագահը պակաս հայրենասեր չէ մյուսներից»

«Նախագահը պակաս հայրենասեր չէ մյուսներից»
18.07.2014 | 00:34

«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգումը կարող է և՛ տեխնիկական պատճառներով լինել, և՛ քաղաքական,- այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ, ով երեկ հյուրընկալվել էր «Իրատես de facto» ակումբում:- Կան նաև Ադրբեջանի հետ կապված հարցեր: Շատ բնական է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Ադրբեջանն էլ այդ միության անդամ դառնա, իսկ վերջինս էլ որոշակի խաղեր է տալիս»։
Սկզբնական շրջանում չբացառելով որոշակի խնդիրների առաջացումը, պատգամավորը փաստեց, որ Ռուսաստանը շահագրգիռ է այդ միությանը Հայաստանի անդամակցությամբ. «Ռուսաստանը չի կարող չուզել մեր անդամակցությունը, քանի որ այս տարածաշրջանում նրա դիրքերն ամրանալու են Հայաստանի միջոցով, և Ռուսաստանին ձեռնտու չէ Հայաստանն Ադրբեջանով փոխարինելը: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, Հայաստանում ոչ մեկը չի պատրաստվում զիջումների գնալու, իսկ ստատուս քվոյի պահպանումը ձեռնտու չէ Ադրբեջանին ու Եվրոպային, Ռուսաստանին է հարմար այդ կարգավիճակը: Ռուսաստանը միշտ դրա վրա խաղում է և վերջնական լուծման առանձնապես չի ձգտում»։
Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին Սերժ Սարգսյանի արձագանքին Լեռնիկ Ալեքսանյանն արձանագրեց, որ նման հարցերում հանրապետության նախագահը փորձված է և գիտի, երբ այդ կարգի հայտարարություններ անել. «Չասված խոսքը քո ստրուկն է, ասվածը` քո տերը: Դիվանագիտությունը չի սիրում էմոցիաներ, ունեցածդ փամփուշտը պետք է ժամանակին օգտագործես: Հանրապետության նախագահը 90-ականներից այդ ամենի մեջ է և լավ պատկերացնում է ամեն ինչ, ոչ մեկն իրենից տեղեկացված չէ: Նախագահը պակաս հայրենասեր չէ, քան մյուսները»:
Աշնանը սպասվող ներքաղաքական զարգացումների առնչությամբ էլ ՀՀԿ-ականը համոզված է, որ եթե քաղաքական գործիչը կամ ուժը հստակ նպատակ ունեն, ապա ժամանակը, եղանակը չեն խանգարի: Նրա դիտարկմամբ, այստեղ խնդիրը ոչ թե ընդդիմադիր հատվածի պասիվությունն է, այլ հասարակությունը, քանի որ համապատասխան «լիցքավորում» չկա: «Քաղաքական ուժերը պետք է փորձեն և՛ հասարակության, և՛ քաղաքացիական շարժումների հետ համագործակցել, ու Աստված տա այդ միավորումն առողջ ընդդիմության ստեղծման ծիլեր տա: Յուրաքանչյուր իշխանության առողջ ընդդիմություն է պետք, որ զգոն պահի»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ընդդիմությունն ու իշխանությունը մեկ ամբողջություն են, և եթե իշխանության ներսում կան վատ, անազնիվ, պատեհապաշտ մարդիկ, մյուս դաշտում ևս կան. «Ամենավատն այն է, որ օբյեկտիվ գնահատականներ չեն տրվում: Ե՛վ իշխանության, և՛ ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք քծնող են, ներկայանալի են, և նույնիսկ նրանց ճանաչողներն են շփոթվում, ասում են` դե ազնիվ խոսք են ասում, ոնց չհավատալ: Այդ մարդիկ ժամանակին իշխանություն էլ են ունեցել, այսօր էլ օգտվում են ընդդիմադիրի իրենց կարգավիճակից: Օրինակ, այն մեծահարուստը, որը ընդդիմության դաշտում է, դառնում է բարեգործ, իշխանության մեջ նույն տիպի մարդուն դարձնում են սատանա, թալանչի: Ավելին, նույն մարդուն մեկ սատանա են դարձնում, մեկ էլ բարեգործ: Չի լինում նման բան»։
Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու մասին լրագրողների հարցին ի պատասխան իշխանության ներկայացուցիչն ասաց. «Եթե քաղաքական դաշտն ընդունեց Ռոբերտ Քոչարյանին, նրա պահանջարկը եղավ, ինչո՞ւ չի վերադառնա: Փորձը կա. Լևոն Տեր-Պետրոսյանը լռեց, լռեց, հետո համարեց, թե իր պահանջարկը կա, բայց պարզվեց, որ այդ պահանջը չկա, կամ էլ ճիշտ ժամանակը չի ընտրված: 90-ականները չէին, երբ մարդիկ հեղափոխական էին: Ժամանակը շատ կարևոր է, հանրության քաղաքական լիցքերը կուտակվում են, հետո պարպվում: Հասարակությունը պետք է լիցքավորվի ու պատրաստ լինի դրան: Այսօր ոչ թե հեղափոխության պահանջը չկա, այլ հասարակությունը լիցքավորված չէ, հանրային դժգոհություն կա, բայց միայն վատ կենսապայմաններ ունենալու պատճառով: Եթե այդ խնդիրներին լուծում տրվի, ոչ մեկը հեղափոխություն չի ուզենա»: Ազգային հոգեկերտվածքին էլ անդրադառնալով, Լեռնիկ Ալեքսանյանը պնդեց, որ մենք ընտանիքասեր ենք, ընկերասեր, բոլոր հարաբերություններում լավն ենք, բայց պետության լավ քաղաքացիներ չենք, քանի որ մեր տունը «փայլեցնում» ենք, իսկ թե ինչ է կատարվում մեր շեմից դուրս, մեզ ընդհանրապես չի հետաքրքրում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ