Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը. Ազգային ժողովի հայտարարությունը

Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը. Ազգային ժողովի հայտարարությունը
04.04.2016 | 21:07

Խորհրդարանն այսօր իր աշխատանքները սկսեց սահմանային վերջին լարվածությունների հետևանքով զոհվածների հիշատակը հարգելով:
Այնուհետև փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը դատապարտող Ազգային ժողովի հայտարարությունը:
«1994 թվականին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ զինադադարից հետո առաջին անգամ մեծ քանակությամբ ծանր սպառազինությունների կիրառումը, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը, Լեռնային Ղարաբաղի խորքում ընկած ենթակառուցվածքների թիրախավորումը ակնհայտորեն ցույց են տալիս, որ Բաքուն կանգնել է հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու իր պատրանքը կյանքի կոչելու անհեռատես և վտանգավոր ուղու վրա,- մասնավորապես ասված է խորհրդարանի հայտարարությունում,- Ադրբեջանի այս արկածախնդիր քաղաքականության պատճառով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ ապրելու իրավունքը: Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանային անվտանգության համար»:
«Ադրբեջանի բռնապետական ռեժիմը,- ասված է հայտարարությունում,- տառապելով իր իշխանությունը ամեն գնով պահպանելու մտասևեռմամբ, փորձում է ներքին խնդիրներից շեղել իր և միջազգային հանրության ուշադրությունը և չի խորշում դրա համար զոհել մարդկային կյանքեր»:
Հայաստանի խորհրդարանի հայտարարության տեքստում կոչ կա՝ ուղղված միջազգային կազմակերպություններին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին. «Հասցեական և համարժեք արձագանքել ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ադրբեջանական կողմին՝ կիրառելով ագրեսորի նկատմամբ զսպման բոլոր մեխանիզմները՝ լարվածության հետագա սրացումից և տարածաշրջանը ապակայունացնող քայլերից խուսափելու համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերներն իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն` դատապարտելով Բաքվի ահաբեկչական քաղաքականությունը և կմիանան Ադրբեջանին սանձելու միջազգային հանրության ջանքերին»:
Խորհրդարանի համատեղ հայտարարությունն ընթերցած Շարմազանովը նաև շեշտեց. «ՈՒզում եմ մեր բոլորի անունից մեր երախտագիտությունը հայտնել մեր հանրությանը աննախադեպ կոնսոլիդացիայի համար, բոլոր քաղաքական ուժերին, առաջին հերթին ընդդիմադիր քաղաքական ուժերին և մեր հասարակության բոլոր ներկայացուցիչներին»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ագրեսիա բնորոշելով տեղի ունեցածը, հայտարարեց, որ անկախ գործող իշխանության հետ ունեցած հակասություններից, իրենք պատրաստ են միավորվելու ագրեսիան հետ մղելու գործում. «Հայկական բանակը այսօր հերոսական մարտեր է վարում ռազմաճակատում, և մեր բոլորիս պարտքն է զորակցություն հայտնել մեր մարտիկներին, ամբողջ բանակին, ինչպես նաև սահմանամերձ խաղաղ բնակչությանը»:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ) և Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») բարձրացրին Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը:
Խորհրդարանի փոխխոսնակ Շարմազանովը արձագանքեց. «Կիսում եմ Ձեր մտահոգությունը, բայց, պարոն Բագրատյանը, Դուք տեղյակ եք, որ ՀՀ նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, հանրապետության նախագահը հանձնարարել է արտգործնախարարությանը աշխատել ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Հիմա աշխատանքներ են գնում այդ ուղղությամբ: Երբ դրանք ավարտվեն, ստորագրությունները լինեն, մենք կքննարկենք Ազգային ժողովում նաև այդ հարցը: Ամեն ինչ հերթով»:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը պատգամավորներն առաջիկայում կքննարկեն պաշտպանության նախարարության և արտգործնախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նման փակ հանդիպում կազմակերպելու առաջարկով հանդես եկան ընդդիմադիր պատգամավորները, և խորհրդարանական մեծամասնությունն անմիջապես դրական արձագանքեց:

Դիտվել է՝ 2821

Մեկնաբանություններ