«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Հիվանդը գանգատվում էր ձախ ոտքի ցավից, բայց ախտորոշվեց սրտամկանի ինֆարկտ»

«Հիվանդը գանգատվում էր ձախ ոտքի ցավից, բայց ախտորոշվեց սրտամկանի ինֆարկտ»
27.03.2018 | 00:26

«Արամյանց» բժշկական կենտրոնի սրտաբան ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ զրուցել ենք սրտանոթային հիվանդությունների տարածվածության, դրանց առաջացման պատճառների ու հնարավոր կանխարգելման մասին:

-Սրտանոթային հիվանդություններն ի՞նչ տարածում ունեն Հայաստանում և, առհասարակ, ամբողջ աշխարհում:
-Ըստ առողջապահության միջազգային տվյալների՝ ամբողջ աշխարհում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունն առաջին հորիզոնականում է: Նկատելի է նաև հիվանդության երիտասարդացում:
-Որո՞նք են սրտանոթային հիվանդությունների ամենատարածված տեսակները, դրանք ավելի շատ ձեռքբերովի՞ են լինում, թե՞ գենետիկական։
-Մեծ տոկոս են կազմում սրտամկանի ինֆարկտը, ստենոկարդիան, զարկերակային հիպերտենզիան, սրտային անբավարարությունը, սրտի ռիթմի խանգարումները: Սրտանոթային համակարգի հիվանդությունները լինում են և՛ ձեռքբերովի, և՛ գենետիկական, այսինքն, եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ռիսկայնությունը մեծանում է, որ հետագա սերունդների մեջ նույնպես կարող են լինել նման խնդիրներ: Ձեռքբերովի խնդիրները կապված են մեր ապրելակերպի հետ: Անառողջ սննդակարգը, նստակյացությունը, ծխախոտամոլությունը, ալկոհոլամոլությունը, այն գործոններն են, որ բարձրացնում են սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկայնությունը:
-Ո՞րն է սրտամկանի ինֆարկտի առաջացման հիմնական պատճառը:
-Երբ թրոմբային մարմնիկը փակում է պսակաձև զարկերակների որևէ հատված, խաթարելով արյան շրջանառությունը, սրտի որոշակի հատված սնուցում չի ստանում, և առաջանում է սրտամկանի ինֆարկտ: Ռիսկայնությունը բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն զարկերակային ճնշում, շաքարախտ, խոլեստերինի բարձր մակարդակ, հավելյալ քաշ, ժառանգական նախատրամադրվածություն, վարում են նստակյաց կյանք, տղամարդիկ մեծ տոկոս են կազմում ռիսկային խմբում: Սակայն պետք չէ առանձին դիտարկել սրտամկանի ինֆարկտը: Գոյություն ունեն սրտանոթային համակարգի հիվանդություններ՝ ստենոկարդիա (կրծքահեղձուկ), սրտային անբավարարություն, սրտի ռիթմի խանգարումներ, զարկերակային հիպերտենզիա, որոնց խորացումը նույնպես կարող է պատճառ դառնալ հիվանդի մոտ սրտամկանի սուր իշեմիայի՝ ինֆարկտի զարգացման:
-Այսինքն, մինչ սրտամկանի ինֆարկտը որոշակի նախանշաններ լինու՞մ են:
-Իհարկե, կրծքավանդակում ցավ, ծանրության զգացում, այրոց, մրմուռի զգացողություն, շնչարգելություն, հևոց, սրտխփոց, զարկերակային ճնշման տատանումներ, սրտի անկանոն աշխատանք, սառը քրտինք: Սրանք կարող են սրտամկանի ինֆարկտի նախանշաններից մեկը լինել, բայց գոյություն ունեն գանգատների ատիպիկ ձևեր, որոնցից գաստրալ ձևի ժամանակ ստամոքսի շրջանում լինում են ծանրության զգացում, ցավ, սրտխառնոց, փսխում, կոկորդում խեղդոցի զգացողություն: Կարող են դրսևորվել նաև ուշագնացության, ճնշման կտրուկ տատանումների տեսքով, հիվանդը կարող է ունենալ դաստակի ցավ, ծնոտի ցավ: Իմ պրակտիկայում ես հիվանդ եմ ունեցել, որը գանգատվում էր ձախ ոտքի ցավից, բայց ախտորոշվեց սրտամկանի ինֆարկտ:
-Հակառակ պատկերը նույնպես կա, երբ դժգոհում են սրտի ծակոցներից, սրտխփոցից, բայց խնդիրը սրտանոթային համակարգին չի վերաբերում: Ո՞ր դեպքում պետք է դիմել սրտաբանի:
-Ծակոցները սովորաբար կապված են նևրոզների հետ, բայց եթե կա գանգատ, պետք է դիմել մասնագետի, գոնե մեկ անգամ անցնել էլեկտրասրտագրություն: Հետազոտություններից հետո պարզ կլինի՝ խնդիրը սրտի՞ն է վերաբերում, թե՞ ոչ:
-Ինչպե՞ս կարելի է հնարավորինս կանխարգելել սրտանոթային հիվանդությունները։
-Տարին մեկ անգամ դիմել բժշկի՝ հետազոտվել, հետևել առողջ ապրելակերպի կանոններին, շատ շարժվել, հետևել զարկերակային ճնշմանը, եթե կա շաքարախտ, հսկել, որ այն ցածր թվերի վրա լինի, եթե ունեն խոլեստերինի բարձր մակարդակ, սննդակարգի ու դեղորայքի միջոցով կարգավորել, հասցնել նորմայի սահմաններին: Չգերազանցել ալկոհոլի քանակը, հետ կանգնել ծխելու սովորությունից, մարզվել, շատ քայլել, յուղոտ սննդամթերք քիչ օգտագործել, սննդակարգում ավելացնել բանջարեղենը, մրգերը: Մեծ դեր ունեն նաև նյարդային համակարգը, հանգիստը, լիարժեք քունը, սթրեսներից զերծ մնալը:
-Լավ մասնագետ լինելու համար պարտադի՞ր պայման է արտասահմանում վերապատրաստվելը։
-Հայաստանում բժշկագիտությունն այսօր բավականին մեծ քայլերով առաջ է գնում: Հուրախություն բոլորիս, կարող եմ ասել, որ մենք գրեթե չենք զիջում առաջնակարգ երկրներին: Սրտաբանությունը մեծ վերելք է ապրում ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Բայց յուրաքանչյուր մասնագետի համար շատ կարևոր են արտերկրում վերապատրաստվելը, փորձի փոխանակումը, այսինքն, անհրաժեշտ է դրսի հմտությունները, փորձը, նորարարական մեթոդները վերցնել և կիրառել Հայաստանում:
-Կա կարծիք, որ արտասահմանում զարգացած է տեխնոլոգիան, իսկ մեզ մոտ մասնագետներն են ավելի որակյալ և բանիմաց։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Անկեղծ ասած, այո, կա նման բան, որովհետև, եթե մեր բժիշկներին համեմատենք այլ երկրների բժիշկների հետ, կտեսնենք, որ մեզ մոտ բժշկին դիմում են ցանկացած խնդրի դեպքում, անկախ նրանից, թե ինչ մասնագետ է: Վիրաբույժին կարող են դիմել ճնշման խնդրով, ստամոքսի ցավի համար, թեև, իհարկե, ճիշտ է, որ եթե սրտաբան ես, պետք է զբաղվես սրտաբանությամբ: Անձամբ ես, եթե դիմում են տարբեր խնդիրներով, իհարկե, կարող եմ խորհուրդ տալ, բայց ուղղորդում եմ համապատասխան մասնագետի մոտ:
-Հաճախ նույնացնում ենք սիրտն ու հոգին։ Որպես սրտաբան` մտածե՞լ եք այդ մասին, գուցե սիրտն իսկապե՞ս հոգու տեղակայման օրգան է:
-Նույն կերպ կարող են ասել, որ հոգին գտնվում է գլխուղեղում, թոքերում, արյան մեջ: Դա մի առանձին գիտություն է, բայց թե որտեղ է գտնվում հոգին, այդ հարցին չեմ կարող պատասխանել, գուցե՝ ամբողջ մարմնում:
-Ինչու՞ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:
-Բժշկի ընտանիքից եմ, այդ մթնոլորտում եմ մեծացել և վստահ եմ եղել, որ ինքս էլ բժիշկ եմ դառնալու: Կա ևս մի կարևոր հանգամանք, որ նպաստել է իմ որոշմանը. պապիկիս միակ թոռնիկն եմ եղել, նա մահացավ, երբ ես չորս տարեկան էի, նրա վերջին ցանկությունն էր, որ ես բժիշկ դառնամ: Այդպես ընտրեցի իմ ուղին:
-Տարաձայնություններ լինու՞մ են ավագ և երիտասարդ սերնդի բժիշկների միջև։
-Ավելի ճիշտ, քննարկումներ են լինում: Ավագ սերնդի բժիշկներից միշտ էլ սովորելու բան ունենք: Երիտասարդ սերունդը տիրապետում է նոր հմտությունների, նոր մոտեցումների, բայց չենք մոռանում հինը: Հենվելով հնի վրա, համադրելով նորը՝ ստեղծում ենք ճիշտ տակտիկա: Առհասարակ, եթե կա խնդիր, փորձում եմ այդ հարցին լուծում տալ, խորհրդակցում եմ գործընկերներիս հետ՝ և՛ ավագ, և՛ երիտասարդ սերնդի մասնագետների:
-Մի փոքր շեղվենք զրույցի թեմայից. ի՞նչ կարծիք ունեք կառավարության աղմկահարույց որոշման՝ դեղատոմսով դեղերի դուրսգրման նոր համակարգի մասին:
-Որպես պրակտիկ բժիշկ կողմ եմ նման օրենքին, բայց ո՛չ այս օրենքին: Որպեսզի հասնենք դրան, դեռ ժամանակ է պետք: Լավ է, որ հիվանդները ծանոթ-բարեկամ-հարևանից չեն հարցնի՝ ի՞նչ դեղ խմեն, ամեն պատեհ-անպատեհ առիթով, առանց բժշկական ցուցման հակաբիոտիկներ չեն օգտագործի: Բայց կան շատ բացեր: Աստիճանաբար է պետք անցնել նոր համակարգին, մտածել բոլոր բարդությունների մասին, որոնք կարող են առաջանալ:
-Դեղատոմսով դեղերի տրամադրում միջազգային փորձն է թելադրում, դրսի փորձը հաշվի առնելով` հնարավոր չէ՞ նաև բացերը լրացնել:
-Դրսում երկար տարիներ է այն կիրառվում, և բոլորս էլ գիտենք` ինչ ահռելի տարբերություն կա եվրոպացու և հայի միջին աշխատավարձի միջև: Եվ հետո` արտասահմանյան երկրներում գործում է ապահովագրական համակարգ, մարդիկ պարբերաբար բուժհետազոտություն են անցնում: Մեր հարևան երկրում նույնպես օրենքն ընդունվեց և կարճ ժամանակահատվածում կասեցվեց, որովհետև դժգոհությունների մեծ ալիք բարձրացավ: Նոր օրենքի ներդրումը մեծ ծանրաբեռնվածություն կարող է առաջացնել պոլիկլինիկաներում, շտապօգնության կանչերի քանակը կարող է ավելանալ, ռեսուրսները չեն բավականացնի բնակչությանը ժամանակին սպասարկելու համար:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 17892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ