Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ ինտերնատը դառնում է տուն, իսկ աշխատակիցները՝ հարազատներ

Երբ ինտերնատը դառնում է տուն, իսկ աշխատակիցները՝ հարազատներ
30.03.2018 | 10:18

Հայերիս համար ծերանոցը և մանկատունը մշտապես չընդունված հասկացություններ են: Բոլորն այլ աչքով են նայում այն մորը, որը երեխային մանկատան հույսին է թողնում, և այն զավակին, որը ծնողին ուղարկում է ծերանոց: Առաջին երևույթին այս անգամ չենք անդրադառնա, իսկ ծերանոցի մասին գրելու առիթ մեզ ընձեռվեց, քանի որ այնտեղի բնակիչներից մեկի պատմածն իսկապես ուշադրության էր արժանի: Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից մեկը իր հիացմունքն էր հայտնել նրա ու անձնակազմի, նաև պայմանների մասին: Որոշեցինք անձամբ համոզվել ու գնացինք այնտեղ: Այն, ինչ տեսանք և լսեցինք, կփորձենք հնարավորինս հանգամանորեն մեր ընթերցողին ներկայացնել՝ եզրահանգումները թողնելով նրան:


Ճաշի ժամն էր: Ճաշացանկը՝ բլղուրով ապուր, տապակած կարտոֆիլ, խոզի միս, բանջարեղենային աղցան, կոմպոտ, սուրճ, թեյ: Այսպիսի հարուստ ճաշացուցակ էլ կար նախաճաշին ու ընթրիքին, չէր անտեսված նաև քաղցրավենիքը՝ կոնֆետներ և թխվածքաբլիթ: Բժշկի հսկողությամբ սահմանվում է ճաշացանկը, չեն անտեսվում նաև բնակիչների նախասիրությունները, չեն մոռացվում նաև դիետիկ սնունդ նախընտրողները:
Մեծերի հետաքրքիր աշխարհում կա այն ամենը, ինչի կարիքն ունենք դրսում ապրողներս: Ինտերնատն ապահովված է բուժանձնակազմով, սոցիալ-հոգեբանական, տնտեսական աշխատակազմով: Հարկ է նշել մի ուշագրավ հանգամանք. տուն-ինտերնատի աշխատակիցները հիմնականում երիտասարդներ են, որոնք հաճույքով էին խոսում իրենց աշխատանքի մասին, սիրով ներկայացնում ամեն մի անկյուն և, ըստ բնակիչների, շատ բարեհամբույր ու ուշադիր են նրանց հանդեպ: Այս առնչությամբ ավագ հոգեբան Մելինեն շատ դիպուկ արտահայտվեց: Երբ հետաքրքրվեցի, թե չի՞ լինում այնպես, երբ ինչ-որ բանից նյարդայնանում կամ զայրանում են, վստահեցրեց. «Եթե տարիքով մեծ են, բնականաբար ունեն բազմաթիվ հոգեբանական խնդիրներ, հիմնական պահանջն ուշադրության կենտրոնում լինելն է: Քանի որ այստեղ ուշադրությամբ շրջապատված են, բավարարվում է այդ պահանջը: Որպես մեծերի՝ նրանց շատ ենք հարգում, նրանք էլ մեզ ընդունում են իրենց երեխաների պես, այսինքն` հարգանքը փոխադարձ է»: Իսկ հոգեբանական խնդիրներ ունեն շատերը, քանի որ կա վիրավորվածության, բաժանման զգացողություն, սկզբնական շրջանում շատ դժվար է անցնում նրանց հարմարվելու շրջանը:


Կառույցի տնօրենությունը մտածել է նաև իրենց բնակիչների ժամանցը լավ կազմակերպելու մասին: Բավականին տպավորիչ գրաֆիկ է կազմվել՝ էքսկուրսիաներից սկսած մինչև տարաբնույթ միջոցառումներ: Երեք մասնաբաժին ունեցող շենքի առաջին հարկում կա միջոցառումների դահլիճ, որտեղ ամեն ուրբաթ բնակիչները կարող են ֆիլմ դիտել, իրենց այցելած պարի, երգի համույթների կատարումները նայել: Ամեն հարկում կան հեռուստացույց, նարդի, շաշկի, շախմատ, թղթախաղ խաղալու սեղան-աթոռներ: Նրանք կարող են նաև թենիս ու բիլիարդ խաղալ: Այ, հենց խաղասեղանի շուրջն էլ թեժ բանավեճի են բռնվում, իսկ երբ հերթը հասնում է մրցաշարերի, որտեղ որոշվում է, թե ով է լավագույնը տվյալ խաղաձևում, ավելի կատաղի «մարտեր» են լինում, և ողջ հարկը լցվում է պապիկների ակտիվ խոսքուզրույցով: Իսկ մրցանակակիր պապիկի ոգևորությունն էլ անսահման է լինում: Նա ստանում է հատուկ պատվոգիր: Հեռուստացույցով էլ տատիկները նախընտրում են դիտել հնդկական սերիալներ, ինչի առթիվ աշխատակիցները կատակում են. «Եթե այդ օրվա սերիան լավ չի վերջանում, ուրեմն բոլորի ճնշումը միանգամից բարձրանում է: Փաստորեն, սերիալները այնքան էլ լավ չեն անդրադառնում նրանց վրա»:


Էքսկուրսիաներ ևս կազմակերպվում են: Մասնակցում են տարբեր համերգների, այցելում թատրոններ: Ամռանը գնում են Սևանա լիճ, Գառնի, Գեղարդ: Քաղաքից դուրս կազմակերպվող էքսկուրսիաներին շատ ակտիվ են մասնակցում բնակիչները, որոնց ժամանակ պարտադիր ներկա են լինում բուժաշխատակազմի ներկայացուցիչները, որպեսզի խնդիրների դեպքում օգնություն ցուցաբերեն: Վերջին շրջանում եկեղեցականները մեծ ուշադրություն են դարձնում տուն-ինտերնատի բնակիչներին: Յուրաքանչյուր ուրբաթ այցի են գալիս, զրուցում են նրանց հետ, ծերերն են գնում եկեղեցի ու հանդիպում հոգևոր հայրերի հետ, իրենց հուզող հարցերն են տալիս: Վերջերս էլ մկրտության արարողություն է կատարվել ինտերնատում:
Տարեցներն առաջին հարկում ունեն իրենց սեփական դեղատունը, որտեղից անվճար դեղեր են ստանում: Ավագ բուժքույր Ելենան վստահեցնում է, որ դեղատանը, բացի առաջին բուժօգնությունից, կան նաև այլ դեղեր: Բնակիչները հիմնականում գանգատվում են բարձր ճնշումից, հոդացավերից, շարժողական խնդիրներից: Դեղեր տուն-ինտերնատը ձեռք է բերում տենդերով, վճարումը կատարվում է պետբյուջեից: Բժիշկներն ամեն առավոտ պարզում են բնակիչների առողջական վիճակը և համապատասխան ցուցումներ տալիս, դեղեր նշանակում:


Երկրորդ հարկում շատ գեղեցիկ որմնանկարներով ընդարձակ մարզադահլիճն է, որը ձմռան ամիսներին հիմնականում որպես քայլուղի է ծառայում: Աշխատակիցները վստահեցնում են, որ իրենք փորձում են ակտիվ մարզական առօրյա ապահովել, բայց բնակիչների ամենասիրած մարզաձևը քայլելն է: Մեկ-մեկ էլ գնդակով են ցանկանում խաղալ: Բակում ևս կան մարզասարքեր: Հավանաբար պապիկնե՞րն են ամենաշատը մարզվում, հարցրի: Աշխատակիցները ծիծաղեցին. «Չէ, տատիկները իրենց կազմվածքին են հետևում»:
Հատուկ ուշադրության է արժանի գրադարանը, որը բավականին հարուստ է և համալրվում է բարեգործական հիմունքներով: Լինում են նաև բնակիչներ, որոնք ծերանոց են գալիս իրենց գրքերով: Շատերի սիրած անկյունն է գրադարանը, պարզապես տեսողության խնդիրների պատճառով բոլորը չէ, որ կարող են ընթերցանությամբ զբաղվել, չնայած գրադարանում վատ տեսնողների համար կա հատուկ խոշորացնող սարք: Կա երկլեզու գրականություն՝ ռուսերեն և հայերեն:


Գրադարանավարուհի Նունեն պատմեց, որ բնակիչների կեսը սիրում է ընթերցել: Բացի գեղարվեստական գրականությունից, բնակիչներն ընթացիկ զարգացումներին էլ են հետևում, թերթեր ևս ստանում են: Խաչբառերն էլ մեծ պահանջարկ ունեն: Մեծահասակները նախընտրում են դետեկտիվ և արկածային գրականություն: Գրադարանում նաև գրական միջոցառումներ են կազմակերպվում, գալիս են գրողներ, ներկայացնում իրենց աշխատանքները, զրուցում ծերերի հետ: Ի միջի այլոց, կան բնակիչներ, որոնք գրադարանի գրեթե բոլոր գրքերը կարդացել են, ոմանք էլ ստեղծագործում են: Հատուկ պատ է առանձնացվել, որտեղ փակցված են լավագույն ընթերցողների նկարները, իսկ մուտքի դռան հարևանությամբ պատին ընթերցողներից մեկը ձեռագրով մեծ պաստառ է կազմել՝ ներկայացնելով հետաքրքիր փաստեր, հումորային նյութեր, տարբեր ստեղծագործություններից մեջբերումներ, ամենասկզբում էլ վերնագրել է. «Կյանքը պայքար է»: Ընթերցասեր են հիմնականում տղամարդիկ, իսկ կանայք այլ ձևով են իրենց ժամանցը կազմակերպում՝ ասեղնագործություն, հելունագործություն: Կա բնակչուհի էլ, որ սիրում է բակում զբաղվել ծաղիկներ մշակելով, յուրահատուկ կոմպոզիցիաներ պատրաստելով:
Երկրորդ հարկում է նաև վերանորոգված բաղնիքը՝ տղամարդկանց և կանանց առանձին բաժիններով: Շաբաթը երկու անգամ բնակիչները կարող են լոգանք ընդունել: Եթե կան ծերեր, որոնք չեն կարող միայնակ լոգանք ընդունել, հատուկ օգնողներ կան: Ինչ վերաբերում է մաքրությանը, աշխատակիցները վստահեցրին, որ շաբաթը մեկ անգամ անկողինը փոխվում է, սենյակները, սանհանգույցը ամեն օր մաքրվում են:


Ամենահուզիչ անկյունը, այսպես ասած, «skype»-ի սենյակն է, որտեղ տեղի է ունենում վիրտուալ հանդիպում ծերերի ու իրենց հարազատների միջև: Այդ ամենի ականատես, միջոցառումների կազմակերպիչ Գոհարը շատ ազդեցիկ պատմություններ գիտի: Կան բնակիչներ, որոնք միշտ կապի մեջ են հարազատների հետ, ոմանք էլ հարազատներ ունեն, բայց նրանցից ոչ մի տեղեկություն չունեն:


Կան բնակիչներ էլ, որոնք ունեն հարազատներ, սակայն ցանկություն չունեն նրանց հետ շփվելու, հավանաբար ներքին վիրավորվածությունը դեռ չեն հաղթահարել: Իսկ օրինակ, Նուբար տատիկը մինչ նախաճաշը ամեն օր պարտադիր պետք է խոսի եղբոր ընտանիքի հետ: Գոհարը բավական հուզիչ մի պատմություն էլ հիշեց: «ՈՒնեինք մի բնակիչ, որը չէր ցանկանում տղայի հետ կապ հաստատել: Ամեն անգամ սենյակի կողքով անցնելիս զգում էի, որ, այսպես ասած, ոտքը կախ էր գցում, բայց միևնույն ժամանակ էլ հրաժարվում էր որդու հետ խոսելուց: Ներքին վիրավորվածություն կար: Հարցրի տղայի անունը, իհարկե, իրեն նախապես ոչինչ չասացի: Գտա որդուն, կանչեցի պապիկին ու ասացի. «ՈՒզու՞մ ես խոսել որդուդ հետ»: Զգացի՝ դողում է, հուզմունքից ոչինչ չի կարող ասել: Անցավ մի քանի օր, եկավ, ասաց, թե ուզում է խոսել որդու հետ: «skype»-ով զանգեցինք: Մի կողմում նստած էր հայրը, մյուսում՝ որդին, շուրջ 15-20 րոպե իրար էին նայում, ոչ տղան էր խոսում, ոչ հայրը: Ոչ մի բառ: Մտածեցի, գուցե կապի հետ կապված խնդիր կա: Ասացի, կարող եք խոսել, խոսեք: Հասկացա, որ երկուսն էլ հուզմունքից չեն կարող խոսել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ վերջին ամենահուզիչ պատկերը սա էր, բայց նման տեսարաններ շատ են լինում:


«Լինու՞մ են դեպքեր, որ ծերերը հարազատների հետ խոսելիս ցանկություն են հայտնում տուն վերադառնալու» հարցին ի պատասխան նա ասաց, որ բնակչուհի ունեն, որի որդին ամեն անգամ խնդրում է, որ գա մորը տանի, բայց մայրը հակադարձում է. «Ես ձեզանից եմ փախել, սա ինձ համար տուն է, ոչ մի բանի կարիք չունեմ: Այն, ինչ դու պիտի տայիր, էստեղ տնօրենն ա տալիս, աշխատակիցները: Էստեղ նյարդերս հանգիստ են, ինչ ուզում ուտում եմ, ինչ ուզում անում եմ»: Ի դեպ, էլի կան զավակներ, որոնք փորձում են իրենց ծնողներին տուն տանել, սակայն վերջիններս հրաժարվում են, քանի որ հարմարվել են ինտերնատի պայմաններին, կենսակերպին և չեն ցանկանում իրենց միջավայրը փոխել: Հավելենք, որ կան հնաբնակներ, որոնք քսան տարուց ավելի ապրում են ծերանոցում: Կան անգամ ծերեր, որոնք իրենց սերն են գտել այստեղ: Տուն-ինտերնատում կազմակերպվել են հարսանիքներ, որոնց ամենայն մանրամասնությամբ աշխատակիցները պատրաստվել են, հարսի շորից սկսած մինչև տարոսիկներ, նվերներ: Այս պահին կա հինգ զույգ, որոնցից մեկն արդեն ամուսնացած է եկել, իսկ չորսն իրենց կեսին գտել են ինտերնատում:


Փորձեցինք զրուցել նաև բնակիչների հետ և անձամբ նրանցից լսել կարծիք իրենց պայմանների, խնդիրների և մտահոգությունների մասին: Մեկ անգամ տուն վերադարձած, բայց նորից ինտերնատ եկած Սեդա տատիկն առաջին հերթին առանձնացրեց բուժանձնակազմին. «Ցանկացած ժամի առանց տրտնջալու մեզ օգնում են, մեր կողքին են: Մեր խոհարարներից էլ շատ գոհ եմ, համեղ պատրաստում են: Իսկ այս ամենը մեր տնօրենից է գալիս, շատ խստապահանջ է, դրա համար էլ բոլորն իրենց տեղում շատ լավ աշխատում են: Բոլորին չեմ կարող մեկիկ-մեկիկ նշել, բայց բոլորն էլ շատ լավն են: Այստեղ ես ինձ երջանիկ ու ջահել եմ զգում: Շնորհակալ եմ Աստծուն, որ գլխիս վերևում կտուր կա»:


Իսկ արդեն 4 տարվա բնակիչ Լաուրա տատիկը գլխավերևում կտուր ունի, բայց նախընտրում է մնալ տուն-ինտերնատում: «Տուն ունեմ, բայց դուռը փակել եմ, եկել եմ այստեղ, որովհետև չեմ կարող մենակ ապրել: Այստեղ ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ հավաքվում ենք մի սենյակում, անեկդոտներ ենք պատմում, հիշում ենք մեր կյանքը, ուսանողական տարիները: Ես բարձր ճնշում ունեցող կին եմ, իսկ էդ կատակներից հետո ճնշումս անմիջապես իջնում է»,- ասաց տատիկը: Երբ փորձեցինք հասկանալ, այդուհանդերձ, կա՞ մի բան, որը նրան դուր չի գալիս, Լաուրա տատիկն ուներ դրա պատասխանը:

«Կուզենայի նույն մակարդակի մարդիկ նույն սենյակում լինեին, դա մեծ հաճույք կպատճառեր, իսկ երբ տարբեր մտածելակերպի մարդիկ են լինում, երբեմն շատ բաներ ես կուլ տալիս, երբեմն վատ ես զգում, այսինքն` խնդիրներ են առաջանում: Տարիքով մարդիկ կայացած անհատականություններ են, ունեն իրենց սովորությունները և դժվար է համակերպվելը մյուսների սովորությունների հետ: Շատ չեմ սիրում բողոքել, առողջական խնդիրները ներկայացնել, որովհետև հիշում եմ, որ ես 86 տարեկան եմ: Միակ բանը, որ ինձ խիստ անհանգստացնում է, ընկերակցության հարցն է: Եթե դու ասում ես՝ նարինջ, կողքիդ ապրողն ասում է՝ նարինջն ինչ է, շատ դժվար է»,- նշեց մեր զրուցակիցը: Հավելենք, որ մեկ սենյակում ապրում է 2-4 բնակիչ: Յուրաքանչյուրն ունի իր անկողինը, պահարանը, աթոռը:
Լաուրա տատիկը երեխաներ չունի, բայց շատ լավ հիշում է, թե իր հայրն ինչպես է իրենց դաստիարակել ու որքան ճիշտ են եղել նրա դասերը: «Հայրս ոչ մի անգամ մեզ մի կոնֆետ չի տվել: Այս փաստն ինձ միշտ զարմացրել է: Երբ մեծացա, այդ հարցը տվեցի հայրիկիս, թե ինչու ինձ մի կոնֆետ չի տվել: Ասաց, թե չի ուզել, որ մենք իրեն կոնֆետի համար սպասենք: Դրա համար կոնֆետը տվել է մայրիկիս, որ նա մեզ դա տա, իսկ մենք միշտ կարոտով սպասենք ոչ թե կոնֆետին, այլ հայրիկին»:


Տուն-ինտերնատն ունի նաև ֆեյսբուքյան էջ, որտեղ ներկայացված են բոլոր միջոցառումները, բնակիչների ծննդյան շնորհավորանքները: Ի դեպ, աշխատակիցները հատուկ տախտակ ունեն, որտեղ գրված են այդ ամսվա բնակիչների անուններն ու ծննդյան օրը: Ամեն առավոտ աշխատակիցները քաղցրավենիքով օրվա հերոսի սենյակ են մտնում, շնորհավորում նրան: «Մեր երեխաներն անգամ չեն հիշում մեր ծնունդը, իսկ դուք հիշում եք»,- սա է լինում եզրահանգումը, երբ ստանում են աշխատակիցների շնորհավորանքը: Ժամանակակից ռիթմին հետևող բնակիչներ էլ ունի տուն-ինտերնատը, որոնք Facebook-ի և Одноклассники-ի օգտատեր են:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ