Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Խնդրի լուծումը, իրոք, շատ երկար ձգձգվեց

Խնդրի  լուծումը, իրոք, շատ երկար ձգձգվեց
10.04.2018 | 10:00

Հայաստանի իշխանությունները, Երևանի քաղաքապետարանն արդեն երկար, շա՜տ երկար ժամանակ չեն կարողանում կամ չեն ցանկանում որոշել, թե հայոց մայրաքաղաք Երևանի կենտրոնական՝ Հանրապետության հրապարակում, տարիներ առաջ հանված Լենինի արձանի տեղում ինչ արձան կամ հուշակոթող պետք է դրվի: Այնտեղ հիմա և արդեն երկար տարիներ շարունակ, ըստ էության, դատարկություն է, նախկին արձանի տեղը թափուր է, բայց հաստատ դատարկությունը չէ, որ խորհրդանշում է մեզ՝ երևանցիներիս, մեր ազգին:
Վերոնշյալ իրողությունը հաստատ սազական ու պատվաբեր չէ աշխարհի հնագույն, հանրության մի մասի կարծիքով կամ համոզմամբ՝ նաև ամենախելացի ազգի ներկայացուցիչներիս, եթե, իհարկե, չասենք, որ անպատվաբեր և ամոթալի է: Քաղաքամայր Երևանի սրտում մի արձանի ում կամ ինչը պատկերելու կամ խորհրդանշելու, այդ արձանը պատրաստելու ու տեղադրելու հարցը վաղուց արդեն պետք է լուծած լինեինք: Այս խնդրի լուծումը, իրոք, շատ երկար ձգձգվեց:


Նախկինում բարձրացված խնդիրը եղել է հանրային քննարկման դաշտում, եթե չեմ սխալվում, քաղաքապետարանում էլ է քննարկվել, բայց այդպես էլ լուծում չի գտնվել: Կարող ենք ենթադրել, որ քաղաքապետարանը չի ուզում այս առումով իր անցավ գլուխը ցավի տակ դնել, արժանանալ որոշ մտավորականների, քաղաքական, հասարակական գործիչների, ԶԼՄ-ների, ավագանու անդամների մի մասի բուռն քննադատությանը, քանի որ, կասկածից դուրս է, քննադատելու են բոլոր նրանք, ում ճաշակով կամ սրտով չի լինելու քաղաքապետարանի կամ նրա ձևավորած մասնագիտական հանձնաժողովի առաջարկած տարբերակը (քաղաքական գործիչների և ավագանու անդամների մի մասը քննադատելու է նույնիսկ անկախ այդ հանգամանքից, ախր ինչպե՞ս կարելի է բաց թողնել այդ հրաշալի առիթը…): ՈՒմ արձանի ընտրության վրա էլ կանգ առնի քաղաքապետարանը կամ մասնագիտական հանձնաժողովը՝ Հայկ Նահապետի թե Սասունցի Դավթի, Մեծ Մհերի թե Փոքր Մհերի, Նարեկացու թե Թումանյանի, Անանիա Շիրակացու թե Դավիթ Անհաղթի, Կոմիտասի թե Արամ Խաչատրյանի, Տիգրան Մեծի թե Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի թե Անդրանիկի, հայ զինվորի (որպես հավաքական կերպարի) թե հայ նոր ճարտարապետության հիմնադիր, Երևանի գլխավոր հատակագծի և «Մեծ Երևանի» հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի, հայաստանյան հանրության ու նույնիսկ Հայաստանի, Երևանի կյանքի հանդեպ ոչ անտարբեր սփյուռքահայության շրջանում անտարակույս լինելու են տարակարծություններ, իրարամերժ դիրքորոշումներ, առարկություններ, քննադատություններ, անհամաձայնություններ, հրապարակային բանավեճեր: Նույնիսկ սուրբ Մեսրոպ Մաշտոցի արձանը (տողերիս հեղինակի համոզմամբ՝ անձանցից միակը, որը հայոց համար ամենակարևոր նշանակությունն է ունեցել և այս պահին էլ ունի հայ ժողովրդին ու մարդկությանն իր դեռ մասամբ հայտնի ու դեռ լիովին չգնահատված գյուտով) Հանրապետության հրապարակում տեղադրելու առաջարկի դեմ կլինեն առարկողներ: Կպատճառաբանեն, որ հայոց գրերը Մաշտոցից առաջ գոյություն են ունեցել (ինչը համապատասխանում է իրականությանը, գոյություն ունեցել են, բայց չէ՞ որ, թեկուզ մասամբ, կորսվել էին…), կասեն նաև, որ նրա արձանը Մատենադարանի մոտ տեղադրված է արդեն: Առարկողները հաստատապես չգիտեն Մաշտոցյան գյուտի ազգափրկիչ (ներկայի և ապագայի առումով) էությունն ու նշանակությունը: Խոսքն այդ գյուտի ազգապահպան նշանակության մասին չէ, որը թերևս բոլորին է հայտնի, և դժվար թե այդ առումով որևէ առարկող լինի:


Դիմելով մեր հարգարժան ազգակիցներին, երևանցիներին ու հանուն հայոց ազգի խնդրելով նրանց աջակցությունը, օրերս իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր առաջարկությամբ է հանդես եկել գրող, հրապարակախոս Ռուզաննա Ասատրյանը:
«Բազմիցս առիթ է եղել խոսելու Երևանի կենտրոնական հրապարակում, Լենինի արձանից մաքրված տարածքում հայկական համազգային խորհրդանշան տեղադրելու մասին,- մեզ հետ զրույցում ասաց Ռուզաննա Ասատրյանը:- Տարբեր առաջարկներ են եղել՝ հայ հանճարների, զորավարների արձանները տեղադրելուց մինչև ֆանտաստիկ մտահղացումներ, սակայն այդ առաջարկները հանրության մեծամասնության կողմից չեն ընդունվել: Խոնարհվելով հայոց բոլոր մեծերի փառավոր հանճարի առաջ և համոզված լինելով, որ իրենք էլ մեծահոգաբար իրենց տեղը կզիջեին հայոց հզոր պետականության պատմական վավերագրին, առաջարկում եմ Հանրապետության հրապարակում տեղադրել հայկական ամուր գրանիտից պատրաստված մի մեծ հուշասալ, որի՝ հրապարակին նայող երեսին պատկերված կլինի դեռևս մ.թ.ա. 6-րդ դարից մեզ հասած և Հայաստանը պատկերող աշխարհի հնագույն քարտեզը՝ հայտնի «Բաբելոնյան քարտեզ» անվանմամբ (Հայաստանը միակ ժամանակակից երկիրն է, որը պատկերված է այդ քարտեզի վրա):


Առաջարկում եմ նաև, որ սալիկի հակառակ՝ դեպի Շահումյանի արձանը նայող շատրվանների կողմում պատկերվի մեր պատմական, ժամանակավորապես կորուսյալ հայրենիքը և Հայոց պահանջատիրությունը խորհրդանշող, հայերիս համար սրբազան բիբլիական Արարատը՝ Նոյյան տապանով, որը կխորհրդանշի, թե ողջ աշխարհի համար փրկությունն ու նոր՝ հետջրհեղեղյան կյանքը որտեղից են սկիզբ առել: Կարծում եմ, աշխարհի հնագույն՝ Բաբելոնյան քարտեզը, որի վրա պատկերված երկրներից Հայաստանը միակ ժամանակակից երկիրն է, միջազգային հանրությանը աշխարհի պատմության հայտնի վկայություններից, յուրօրինակ վավերագրերից մեկը լինելով, մեզ ազգային ինքնարժեքի գնահատման սթափության է կոչում:
Այս խորհրդանշանը՝ առաջարկվող հուշարձանը, ի տես Հանրապետության հրապարակ այցելած աշխարհի խոշոր և մանր ազգերի, պետությունների ներկայացուցիչների, անփոխարինելի ապացույց կլինի Հայաստանի հնամենի անցյալի վերաբերյալ, իսկ ոմանց գուցե կօգնի ազատագրվելու Երևանն ու հայերիս էթնիկ տարածքներն իրենցը համարելու զառանցանքներից: Այն մեր գալիք սերնդի կենդանի հիշողությունը կդառնա և հոգևոր վահանը՝ հավերժության մեջ: Բարձրացրեք ձեր ձայնը, միացեք այս առաջարկին, սրանից ավելի տեղին, մնայուն և անմերժելի արժեք մենք չենք գտնի...»:


Բաբելոնյան քարտեզը տարածաշրջանից աշխարհի պահպանված ու մարդկությանը հայտնի քարտեզներից ամենահինն է և միակը: Այդ քարտեզը գիտնականները թվագրում են մ.թ.ա. 8-րդ դարի վերջից մ.թ.ա. 7-րդ դարի սկիզբ (Horowitz W. The Babylonian Map of the World // Iraq. — London: British Institute for the Study of Iraq, 1988. — Թօտ. 50. — C. 147—165, Cartographia. — New York: Library of Congress, 2007. — C. 10. — 266 c. — ISBN 0316997668): Չկա ավելի հին քարտեզ, որի վրա Հայաստանը թեկուզ պատկերված չլինի, եթե որևէ մեկին հայտնի է պահպանված (ոչ թե պատմիչների աշխատություններում, հին ձեռագրերում հիշատակված) ավելի հին քարտեզ, խնդրում ենք տեղեկացնել, դրա համար միայն շնորհակալ կլինենք: Միաժամանակ հայտնի է, որ Հայաստանի գոյությունը պատմության հնագույն շրջանից` վաղնջական ժամանակներից է սկսվում և ոչ թե մ.թ.ա. 8-րդ դարից, որը, ըստ մասնագետների, պատմության հնագույն շրջանի ավարտին (մ.թ.ա. 6-րդ դար, Վանի թագավորության անկում) մոտ է: Հայաստանի (Քրիստոսից առաջ 28-րդ դարից շումերական աղբյուրներում հիշատակված և «Արատտա» անվանմամբ հայտնի պետության) պատմության հնագույն շրջանը սկսվել է անհիշելի ժամանակներից, նույնիսկ շումերական աղբյուրներում մ.թ.ա. 3-րդ հազարամյակում հիշատակվելուց էլ շատ առաջ ու շարունակվել մինչև մ.թ.ա. 6-րդ դար, Արատտան պարզապես Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի ամենավաղ պետական կազմավորումն է: Այս ամենով հանդերձ, Բաբելոնյան քարտեզն արժեքավոր է նրանով, որ աշխարհի հնագույն քարտեզն է, այդպիսին է ճանաչվում միջազգային հանրության կողմից, և այդ բացառիկ քարտեզի վրա պատկերված երկրներից Հայաստանը միակն է, որը մինչ օրս գոյություն ունի:


Ռուսական Վիքիպեդիա` ազատ հանրագիտարանի համաձայն, քարտեզի հայտնաբերման ստույգ վայրը հայտնի չէ, սակայն հավանական է, որ այն մասն է նորբաբելոնյան փաստաթղթերի` հայտնաբերված երբեմնի Բաբելոնի հյուսիսում, Եփրատ գետի արևելյան ափին, Սիպպար քաղաքում (այժմյան Իրաքի տարածք): Կավե տախտակի վրա փորագրված Բաբելոնյան քարտեզը պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում BM 92687 համարի տակ:
Ըստ «BlogNews» կայքի հրապարակման, «Քարտեզի վրա Երկիրը պատկերված է թռչնի թռիչքի բարձրությունից՝ երկու հարթ, համակենտրոն շրջանների ներսում և ունի հարթավայրի տեսք: Հարթավայրը բոլոր կողմերից ողողում է «Դառը գետ» կամ այլ տեքստերից հայտնի «Աղի ջուր», «Ծովային աղ» կոչվող օվկիանոսը: Բաբելոնյան աշխարհացույցը մեզ հայտնի միակ քարտեզն է, որտեղ ցույց են տրված հորիզոնի կողմերը: Հյուսիսում պատկերված են լեռներ, որոնցից սկիզբ են առնում Եփրատ ու Տիգրիս գետերը, որոնք էլ իրենց հերթին պատկերված են երկու զուգահեռ գծերի տեսքով և թափվում են քարտեզի ստորին հատվածում գտնվող ճահճի մեջ: Բաբելոնը գտնվում է մեծ ուղղանկյան մեջ՝ Երկրի կենտրոնում՝ զբաղեցնելով ցամաքի լայնքի կեսը: Տարբերակված են նաև Վերին ծովի՝ Սև ծովի, և Ստորին ծովի՝ Պարսից ծոցի, երկրները: Բաբելոնից դեպի հյուսիս-արևելք պատկերված է Ասորեստանը, որը հյուսիսում սահմանակից է ՈՒրաշտու-Հայաստանին: Բաբելոնից հարավ-արևմուտք նշված է Հաբբան երկիրը: Բացի խոշոր երկրներից՝ քարտեզը պարունակում է այլ անանուն բնակավայրեր ևս:


Քարտեզի գրությունների արձանագրություններում ամփոփված է ընդհանուր առմամբ 25 անվանում, որոնցից 7-ը երկրանուններ են՝ Բաբելոն, ՈՒրաշտու-Հայաստան, Ասորեստան, Դերի, Սուզա, Բիթ Յակին, Հաբբան, իսկ 18-ը՝ մարդկության համար խորհրդանշական այլ վայրեր: Վերջիններս են՝ Աստվածների ժողովի լեռը, Քաղաքը (նշվում է 2 անգամ), Ճահճուտը, Ջրանցքը, Օվկիանոսը (նշվում է 4 անգամ) և Շրջանը (նշվում է 8 անգամ)… ՈՒրաշտու-Հայաստանի հիշատակումը Բաբելոնյան աշխարհացույցում մատնանշում է Հայաստանի ճանաչումը Հին Արևելքի պետությունների շարքում, հզորությունն ու հնամենիությունը: Բացի այդ՝ ժամանակակից երկրներից Հայաստանը միակն է, որը պատկերված է հնագույն այս քարտեզում»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ