Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ամեն մարդ ինքն է որոշում իր հոգևոր ճակատագիրը

Ամեն մարդ ինքն է որոշում  իր հոգևոր ճակատագիրը
27.04.2018 | 02:35

Սա աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ և ՄԱԿ-ի փորձագետ Կարինե Դանիելյանի պատմածն է այն մասին, որ Հայաստանում 1988 թ. երկրաշարժից հետո մի քանի բնակարանների պատերին անբացատրելի պատկերներ են հայտնվել: Ինչպե՞ս, ի՞նչ պատկերներ… Դրանցից մեկի հայտնվելուն Կարինե Դանիելյանն անձամբ է ականատես եղել:
«Հայաստանում 1988-ի երկրաշարժից հետո մի քանի տեղ պատկերներ են հայտնվել բնակարանների պատերին,- տողերիս հեղինակի հետ զրույցում պատմեց Կարինե Դանիելյանը:- Դրանք հայտնի են, դրանց մասին խոսվել է: Օրինակ՝ մեկը Էջմիածնի շրջանի մի գյուղում էր, մյուսը՝ Երևանում: Ինձ հրավիրեցին դա տեսնելու: Գնացի, և տեսածս կյանքում մինչ օրս իմ ստացած ամենամեծ տպավորություններից մեկն է: 1988-ի երկրաշարժից հետո էր՝ 1988-ի վերջը կամ 89-ի սկիզբը: Պատկերները երևանյան բնակարաններից մեկում էին, հավատացյալ մի բուժքրոջ խոհանոցի պատին, գազօջախի և լվացարանի միջև: Բուժքույրը պատին հայտնաբերել էր երկու պատկեր: Մեկը կին էր՝ երեխայի հետ, որ շատ նման էր Աստվածամոր պատկերին, մյուսը տղամարդու պատկեր էր, որը շատերը նմանեցնում էին այս կամ այն առաքյալի պատկերին:


Այն ժամանակ, եթե հիշում եք, մեզ աջակցող համերգներով հանդես գալու համար Հայաստան էին եկել Գալինա Վիշնևսկայան և Մստիսլավ Ռոստրոպովիչը: Նրանք էլ եկել, տեսել էին այդ պատկերները և բնակարանի տիրոջ մոտ գրառումներ թողել, թե ինչքան տպավորված են այդ պատկերներից:
Երբ ես ինֆորմացիայի գիտահետազոտական ինստիտուտի իմ աշխատակիցների հետ (երկու երիտասարդ կանանց, որոնցից մեկի բարեկամուհին էր տանտերը) մտա խոհանոց, առանձնահատուկ ինչ-որ բան չնկատեցի: Սկզբում տպավորիչ չէր. կարծես գորշ գույնի ինչ-որ հետքեր էին յուղաներկով ներկված պատի վրա: Ի դեպ, երբ կինը հայտնաբերել էր պատկերները, սկզբում հարևաններին էր կանչել: Հարևաններով, երևի կասկածները փարատելու համար, սպասք լվանալու փոշով սկսել էին լվանալ պատը, բայց պատկերները չէին լվացվել, չէին անցել: Ինչևէ, սկզբում հիասթափություն ապրեցի՝ չտեսնելով պատկերները, որոնց մասին ասել էին: Նույնիսկ ինքս ինձ մտովի նախատեցի, թե արդեն այդ տարիքում, այն էլ՝ գիտաշխատող լինելով, ինչպե՞ս կարող էի հավատալ նման բանի: Ամաչեցի, բայց չարտահայտվեցի:
Որոշեցի նստել, քանի դեռ աղջիկները տանտիրոջ հետ խոսում էին այդ թեմայով: Մտածեցի՝ մի քիչ կնստեմ, կթողնեմ-կգնամ, բայց պարբերաբար նայում էի պատին: Հետաքրքիրն այն էր, որ այդ պատկերները կարծես աստիճանաբար շփման մեջ էին մտնում նայողի հետ, և որքան շատ էիր նայում, այնքան պատկերներն սկսում էին ցայտուն երևալ: Ինձ համար հատկապես հստակ էր տղամարդու պատկերը, աղջիկներն ավելի հստակ տեսնում էին կնոջ պատկերը: Ես դրա միայն ուրվագծերն էի տեսնում. երիտասարդ կին էր՝ բարուրը ձեռքին և քողը գլխին: Աղջիկներն ավելի մանրամասն՝ նաև դեմքն էին տեսնում:


Տղամարդու պատկերն ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց: Նրա դեմքը կիսապրոֆիլով էր արտահայտված, բայց ինչքան նայում էիր, շուռ էր գալիս և ոչ թե կիսով չափ կողքից, այլ ուղիղ, դիմացից էր երևում: Կարծես շարժուն, դինամիկ պատկեր էր: Նույնիսկ այն տպավորությունն էր, որ գնալով մոտենում էր նայողին և ուղիղ ինձ էր նայում: Տղամարդու հայացքը շատ ծանր էր, կարծես երկու զգացում էր արտահայտում: Մեկը՝ տանջանք. նա մեզ համար շատ էր տանջվում, բայց հայացքը նաև նախատինք էր արտահայտում, թե այս ի՞նչ եք անում... Այս երկու զգացումները միասին էի զգում: Գլխին փշեպսակ կար, և իմ մեջ միտք ծագեց, որ Հիսուս Քրիստոսի պատկերն է»:
Կարինե Դանիելյանի տեղեկացմամբ, հետաքրքիր մի բան էլ է եղել. երբ մթնել է, տան տիկինը լույսը չի միացրել: Բերել է մոմեր, դրել սեղանին, վառել, և այդ պատկերները արձագանքել են մոմի լույսին. սկսել են շատ թույլ լույս արձակել, իսկ հետո պատկերի շուրջն էլ առաջացել են խաչերից կազմված ուղղանկյունաձև շրջանակներ:


«Այդ խաչերը,- շարունակեց գիտնականը,- սկսեցին նաև լույս արձակել: Շատ տպավորիչ էր, ես մի քանի օր այդ տպավորության տակ էի, անընդհատ հիշում էի կատարվածի մասին, հետո առօրյա կյանքը կամաց-կամաց իրենը վերցրեց: Օրեր անց հերթական անգամ մտա աշխատավայր: Գրադարանում իմ աշխատանքն այն էր, որ նայում էի շաբաթվա ընթացքում ստացված ամբողջ գրականությունը, ընտրում էի այն հոդվածները, որոնք գիտատեխնիկական տեղեկատվության (տնտեսություն, գիտություն և այլն) առումով կարող էին պետք լինել մեր կառավարությանը և պետական այլ մարմինների: Հանկարծ ամսագրերից մեկը ձեռքիցս ընկավ, և երբ բարձրացրի, թերթեցի, բացված էջի պատկերը նկատելով՝ անչափ զարմացա և ամբողջ գրադարանով մեկ գոռացի՝ պատին իմ տեսած տղամարդը... Ամսագրում պատկերվածը 19-րդ դարի ռուս հայտնի նկարիչ Նիկոլայ Գեի «Քրիստոսը և Պիղատոսը» նկարն էր, այն դրվագը, երբ Պիղատոսը դատում էր իր առջև կանգնած Քրիստոսին: Քրիստոսի պատկերը գրեթե 100 %-ով նման էր պատին իմ տեսած պատկերին, միայն դեմքի պրոֆիլն էր տարբեր, սակայն դա, կարծում եմ, նշանակություն չունի: Մնացած ամեն ինչ, այդ թվում` դեմքի արտահայտությունը, շատ տպավորիչ աչքերի պատկերը նույնն էին:
Հետո մի հեռուստաֆիլմ տեսա Նիկոլայ Գեի մասին, թե ինչ դժվարությամբ է նկարել այդ նկարը, քանի անգամ չի ստացվել և ոչնչացրել է, մինչև որ կհաջողվեր ստանալ իր ուզածը: Հասկացա նաև, թե ինչու եկեղեցին թույլ չի տվել, որ Քրիստոսի պատկերն ինչ-որ մարդկանց նմանությամբ անեն, այսինքն՝ մարդուն ընտրեն որպես բնորդ: Այդ պատկերը պետք է գա, այդ պատկերը պետք է նկարչին տրվի, ինչպես, կարծում եմ, տրվել է Գեին»:
Կարինե Դանիելյանի տեղեկացմամբ, 1989 թ. Մասիսի գյուղերից մեկի բնակչի պատին նույնպես Աստվածամոր պատկեր է հայտնվել: Ըստ նրա, ականատեսներ կան, որ մինչև այսօր հիշում են դա:


Հավատացյալները, իհարկե, կհավատան Աստծո հրաշքի մասին այս իրապատումին, անհավատները կամ նրանց մեծամասնությունն անտեսելով նույնիսկ պատմողի ով լինելը, լրջությունը, գուցե այդպես էլ չհավատան: Իրենց գործն է, ամեն մարդ ինքն է որոշում իր հոգևոր ճակատագիրը… Այնուհանդերձ, ներկայացնենք Աստծո հրաշքի մասին ևս մեկ և միանգամայն իրական պատմություն՝ այս անգամ քաղված Աշոտ Հունանյանի «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» ժողովածուից: Աշոտ Հունանյանը «Հավատով խոստովանիմ» զորավոր աղոթքը» ենթավերնագրի ներքո տեղեկացնելով, որ 1982 թ. Օրջոնիկիձեի (այժմ` Վլադիկավկազ) Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հոգևոր հովիվն էր տեր Հարություն քահանա Դարբինյանը և նա էլ պատմել է այս իրական պատմությունը, գրել է.
«Խորհրդային այդ տարիներին այնտեղ կար չնայած փոքրաթիվ, բայց ամուր հավատով հայկական համայնք, որի մեջ էր կապուտաչյա, բարեպաշտ Աննա տատիկն իր ընտանիքով։ ՈՒսումնական տարվա վերջում, երբ իրենց ավարտական քննություններն են հանձնում նաև բժշկական ինստիտուտի շրջանավարտները, Աննա տատի թոռնուհին՝ Աննան, իր համակուրսեցիների և դասախոսների հետ որոշում են ավտոբուսով մեկնել էքսկուրսիա՝ Կազբեկ լեռան վրա, ծովի մակարդակից 2170 մ բարձրությունում գտնվող Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Նա շտապելով իրերն է հավաքում, որ գնա ու միանա իրեն սպասող ընկերներին։ Աննա տատը նրան խորհուրդ է տալիս ճանապարհ գնալուց առաջ աղոթք անել, որին թոռնուհին պատասխանում է, թե ժամանակը քիչ է, ուշանում է, և թող տատիկն իր գնալուց հետո առանձին աղոթք անի։ Տատը վրդովված դիմում է աղջկա հորը՝ իր որդի Միշային, որպեսզի նա ազդի դստեր վրա։ Միշան, որ մի բարեպաշտ տղամարդ էր, ասում է. «Մայրիկ, եթե Աննան քեզ չլսի, ապա նա ոչ մի տեղ էլ չի գնա»։ Դրանից հետո Աննան ու տատիկը միասին ծնկած անում են սբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը, ապա տատը թոռնիկի վերնաշապիկի գրպանն է դնում եկեղեցու համայնքի անդամների համար քահանայի ու երեցկնոջ կողմից ձեռագրով բազմացված այդ նույն աղոթքի մի օրինակ, ասելով, որ եթե մի բան պատահի, այս աղոթքը կպահպանի, ու օրհնելով ճանապարհ է դնում։
Ոլորապտույտ ճանապարհով ավտոբուսն իր 45 ուղևորներով բարձրանում է, և երբ արդեն մոտ են լինում եկեղեցուն, դիմացից առաջանում է մի պանելակիր բեռնատար։ Ճանապարհի նեղության ու անհարմարության պատճառով ավտոբուսի վարորդը ստիպված է լինում մեքենային հետընթացք հաղորդել, սակայն, ցավոք, մի կարճ տարածություն անցնելուց հետո ճանապարհի հողահատվածը փլուզվում է անիվի տակից և մեքենան գլորվում է ձորը այդ ահռելի բարձրությունից։


Աղետի մասին լուրը շուտով հայտնի է դառնում Օրջոնիկիձեում, և տեղական իշխանությունները՝ Կաբալովի ղեկավարմամբ, այն ժամանակվա հնարավոր բոլոր միջոցներով փորձում են ջարդուփշուր եղած ավտոբուսը հանել ձորի հատակից։ Եվ երբ ուղղաթիռի ճոպաններն էին հարմարեցնում, զարմանքով նկատում են, որ այդ ճզմված մետաղակույտի ներսում կենդանության նշաններ կան։ Երևում է մի աղջկա դեմք, որն օգնության է կանչում, շարունակ ռուսերեն կրկնելով. «Դուք հավատու՞մ եք Աստծուն, դուք հավատու՞մ եք Աստծուն…»։ Նրան դուրս են հանում և հանգստացնելուց հետո հետաքրքրվում են դեպքի մասին։ Աննան նկարագրում է ավտոբուսի անկման պատճառները, իսկ այն հարցին, թե ինչպես է պատահել, որ այդ սարսափելի անկումից միայն ինքն է կենդանի մնացել և այն էլ առանց որևէ վնասվածքի ու քերծվածքի, նա պատմում է. «Երբ ավտոբուսը սկսեց գլորվել անդունդը, այնտեղ հայտնվեց մի բարձրահասակ, սպիտակամորուս, վեհ ու գեղեցիկ ծերունի, որն այդ ողջ գահավիժման ընթացքում ինձ պահում էր իր հզոր ու հոգատար ձեռքերի վրա և չէր թողնում, որ իմ մարմնի որևէ տեղն ինչ-որ մի բանի զարնվի ու վնասվի։ Նա իմ գրպանում տատիկիս դրած աղոթքի հեղինակն էր՝ սբ Ներսես Շնորհալին, և անհայտացավ միայն ավտոբուսի լրիվ անշարժանալուց հետո։ Ես երախտապարտ եմ տատիկիս, որ ստիպեց ինձ ճանապարհից առաջ աղոթք անել և իմ գրպանը դրեց այդ զորավոր աղոթքը»։


Դեպքից հետո տարբեր թղթակիցներ հանդիպում են Աննա տատին, որը նրանց ներկայացնում է իրենց տանը եղած սբ Ներսես Շնորհալու հին աղոթագիրքը։ Նույնիսկ կոմունիստա-աթեիստական այն ժամանակաշրջանում Աննա թոռնիկին հաճախ կանչում էին հեռուստաստուդիա և հարցազրույցներ էին վերցնում նրանից։ Միաժամանակ մի քանի անգամ ավելացել էր հայոց եկեղեցի այցելող մարդկանց քանակը, գալիս էին նաև այլ ազգերի ներկայացուցիչներ՝ ռուս, վրացի, օս, նույնիսկ մուսուլմաններ, որոնք ուզում էին իրենց մոտ ունենալ մեր մեծ սրբի զորավոր ու հրաշագործ աղոթքի մի օրինակ, և հայ համայնքի հավատացյալ անդամները ջանադրաբար ռուսերենով արտագրում ու բազմացնում էին այդ աղոթքը։ Եղան նաև այլազգիներից ոմանք, որոնք կամեցան մկրտվել Հայոց առաքելական Սուրբ Եկեղեցու մկրտությամբ»:


Հավելենք, որ հայ եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ Ներսես Շնորհալուն (Ներսես Դ Կլայեցի, 1102-1173 թթ.) ժամանակակիցները իր բազմատաղանդության համար են կոչել Շնորհալի: Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռն է եղել, հայոց կաթողիկոս՝ 1166 թվականից: Ներսես Շնորհալին մշակել ու լրացրել է Պատարագամատույցը, Շարակնոցը, կանոնավորել է հայկական եկեղեցական երգերի տարվա փուլերը՝ իր սեփական ստեղծագործություններով լրացնելով դրանք։ Երաժշտական ասպարեզում ունեցած հաջողությունների համար նրան շնորհվել է Երգեցող պատվանունը, որին քչերն են արժանացել։ Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցին նրան սրբադասել է, մեր եկեղեցու տոնելի սրբերից է, նրա հիշատակը նշվում է ամեն տարի Թարգմանչաց տոնին։


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ