Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Նա, ով անցածի վրա ատրճանակով կրակի, ներկան նրա դեմ թնդանոթներ կհանի»

«Նա, ով անցածի վրա ատրճանակով կրակի, ներկան նրա դեմ  թնդանոթներ կհանի»
08.05.2018 | 00:50

ԻԲՐԵՎ ՆԱԽԱԲԱՆ


Բարոյականության և արդարամտության սովի պայմաններում անգամ սեփական տան աղբի դուրս հանումը, կարծում եմ, վայելուչ գործ չէ: Բայց ի՞նչ անել, երբ շարունակվում են գոյացումները, և քեզ լսող չկա: Ավելի ճիշտ կա: Կա նաև ինքնավստահ պատասխան. «Ես այդպես եմ ուզում»: Ինքնադրսևորվող գործատուն, սակայն, չի կարևորում լրատվամիջոցներով հնչեցրած իր իսկ միտքը. «…ո՛չ Համազգային թատրոնը, ո՛չ էլ Սունդուկյան թատրոնը կամ որևէ թատրոն որևէ մեկի սեփականությունը չեն»: Համամիտ եմ, թատրոնը ոչ մեկիս ապուպապի բոստանը չէ, որ ինչպես ուզենանք, այնպես էլ վարուցանք անենք: Բա՞յց…
Լավ տնօրենը նա է, ով ոչ թե բյուջեի փողերն է բաշխում ըստ հայեցողության, իր ընդունած մարդկանց նշանակում բարձր աշխատավարձեր, անտեսում մասնագիտական աշխատանքի փորձը, կոլեկտիվը բաժանում իմ ու հների, այլ ոտք դնելով նոր աշխատավայր, հարգալից վերաբերմունք է դրսևորում նախորդի թողած ժառանգության, ստեղծված ավանդույթների ու աշխատակազմի նկատմամբ՝ փորձելով փոխադարձ հարգանքի հենքի վրա շտկել-լրացնել բացթողումները, աշխատանքային առողջ մթնոլորտում իրականացնել նոր մտքեր, նոր ծրագրեր:


Ինքս թարմության, առողջ փոփոխությունների կողմնակից եմ: Աշխատանքային 40 տարիների ընթացքում, 15-ը՝ մայր թատրոնում, քանիցս գործով եմ ապացուցել իմ այդպիսին լինելը: Չէի ասի հեշտությամբ: Նախորդ տնօրենի հետ ունեցել եմ տարաձայնություններ, բայց, ի պատիվ նրա, ստեղծված իրավիճակներում առաջին քայլը ինքն է կատարել, մեծահոգության և քինախնդրության իսպառ բացակայության դասեր տալով ապացուցել իր մեծ մարդ լինելը: Հաճախ եմ մտածել. ինչպե՞ս կվարվեի ես, եթե լինեի նրա փոխարեն: Անկեղծ՝ չեմ գտել պատասխան: Ահա թե ինչու հարգանքս նրա նկատմամբ, որի մեծագույն ձեռքբերումներից մեկը ընտանիքի համ ու հոտով կոլեկտիվի ստեղծումն է, բազմապատկվել է: ՈՒ ոչ միայն իմ:
Իսկ հիմա…

ՍԵՎԸ ՍԵՎ Է, ՍՊԻՏԱԿԸ` ՍՊԻՏԱԿ
Ես սունդուկյանցիներից այն մեկն եմ, որ Վարդան Մկրտչյան անուն-ազգանունը լսել և մի անգամ տեսել էի հեռուստատեսությամբ, հայ բեմի երախտավորներից մեկի՝ Սոս Սարգսյանի կողքին: Այդ օրից մինչ հիմա շատ ջրեր են հոսել: Ամիսներ առաջ նրան ներկայացրին որպես մայր թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` ասելով, որ «Եթե կայանալիք մրցույթում մեկը նույնպես հավաքի անցողիկ բալեր, միևնույն է, տնօրենը լինելու է նախարարի թեկնածուն՝ Վարդան Մկրտչյանը»:
Գործընկերներիս հայացքը մտածելու տեղիք տվեց: Արդյո՞ք ձևական չէ մրցույթը: Չէ՞ որ նման մրցույթի, ընտրությունների արդյունքում ունենում ենք այն, ինչը նախապես կանխորոշված է:
Խոստովանեմ, տպավորված էի ժ/պ-ի կարճատև, կիրթ ու գրագետ ելույթով, յուրօրինակ քրքջան ծիծաղով: Նոր մարդ, նոր ծրագրեր, նոր մոտեցումներ, հետն էլ՝ երիտասարդ:
Մտքումս մի միտք էլ պայծառացավ: Արդյո՞ք պաշտոնը, ծառայողական մեքենան, քարտուղարուհին, փափուկ բազկաթոռը, վերին ատյանների հեռախոսազանգերը չեն փոխում մարդուն. այս հարցը տարիներ առաջ տվել ու ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանից լսել էի հանճարեղ պատասխան. «Ո՛չ, պաշտոնը բացահայտում է մարդուն: Մեկին՝ շուտ, մյուսին՝ ուշ»:


Սունդուկյանցիներիս դեպքում լավ է, որ տնօրենը վարդի նման շուտ բացվեց, չթաքցնելով ոչ առաջին ցանկությունը (եկել է աշխատելու բացառապես իր թիմով) և ոչ էլ մարտավարությունը: Ճիշտ այնպես, ինչպես 90-ականների ՀՀՇ-ն: «Որքան վատ, այնքան լավ» փիլիսոփայության պտուղները, ճիշտ է, շարունակաբար ճաշակում ենք, բայց դա չի նշանակում, թե մեկընդմիշտ հաշտվել կամ ընդունում ենք քիմքային ցանկացած դրսևորում:
Ես սունդուկյանցիներից այն մեկն եմ, որ իրավիճակային փոփոխությունների ժամանակ երբեք գույները չեմ խառնել՝ սևը սև է, սպիտակը՝ սպիտակ:

ԱԽՊԵՐՍ ՈՒ ԵՍ
Ասել, թե այս ընթացքում տեղաշարժեր չեն կատարվել, այդպես չէ: Առնվազն կույր պետք է լինես, որ չարձանագրես տոմսային տնտեսության կառուցողական փոփոխությունը, առանձին աշխատանքների համակարգչայնացումը, հովանավորներ գտնելը, գուցե էլի ինչ-որ բաներ, որոնց մասին առաջինը տեղեկանում ենք լրատվամիջոցներից: Ինչու՞: Որովհետև տնօրենը խոսում-կիսվում է միայն դրկիցի և իր հետ բերած աուդիտի հետ, որոնք այնուհետև ներկայացվեցին իբրև իրավաբաններ և 6 ամիս շարունակ ծանրանալով թատրոնում, քննախուզության ենթարկեցին կոլեկտիվի մի մասին: Ստեղծվեց տպավորություն, որ մեզանում կազմավորվել են իրավաբանական և ֆինանսատնտեսագիտական օֆիսներ, որոնց տերուտնօրենի մոտ մտնելն ավելի դժվար է, քան ցանկացած նախարարի:


Յուրաքանչյուր գործատու, իհարկե, ունի իր աշխատաոճը: Բայց դա առաջին հերթին հարգանք, ոչ թե վախ է առաջացնելու, կարևորելու է կոլեկտիվի ցանկացած անդամի եսը, նրա կարողություններն ու հմտությունները չեն անտեսվելու, տնօրենի գործելակերպում չպետք է իշխեն անհարկի կասկածամտությունը, անվստահությունը: Բանը հասնի նրան, որ ինքն անձամբ հերթապահի մուտքի մոտ և աշխատանքի ավարտից հետո կանգնեցնի տողերիս հեղինակի ավտոմեքենան՝ ստուգում կատարելու նպատակով: Եվ ներողություն չխնդրի իր անօրինական գործողությունների համար: Տեսնես կռահե՞ց, թե նման քայլով ում հեղինակությունն է գցում և ումը՝ էլ ավելի բարձրացնում, և առհասարակ, անտեսի մարդու արժանապատվությունը, առաջնային հարցեր լուծելու փոխարեն ամեն քայլափոխի ավելացնի տեսախցիկները: Սպասելի էր, և սպասենք ավելիին, քանի որ ծանոթ եմ նրա ինքնագնահատականին. «Իմ մոտեցումը սկզբունքային տարբերություն ունի շատերից, բայց ես գիտեմ ինչ եմ ուզում»: Իսկ ինչո՞ւ մենք չգիտենք: Կես տարուց ավելի տնօրեն եք, ինչու՞ մի օր չհավաքեցիք կոլեկտիվին և մասնակից չդարձրիք Ձեր մտածումներին, գուցե մի խելոք բան էլ մենք ասեինք կամ պարզապես հարցնեինք. «Ձեզնից առաջ ո՞ր տնօրենը նպատակ չի ունեցել Սունդուկյանը դարձնել Հայաստանի թատերական աշխարհի կամերտոն, նաև մրցակցային»: Իրականում այդպես չէ՞: Դուք կարծում եք` 95-ամյա թատրոնը մեր երկրի սահմաններից դուրս չի՞ եկել, միջազգային թատերաբեմերում հաջողություններ չի՞ գրանցել: Ձեզ ինչու՞ է թվում, որ մայր թատրոնի նորագույն պատմությունը սկիզբ է առել 2017 թ. օգոստոսից, Ձեր բարի գալուստից: «Ախպերս ու ես» մտածողությունը, կոլեկտիվը սպիտակների և սևերի բաժանելը լավ բանի չեն հանգեցնի: Սերտեք նշանավոր մարդկանցից մեկի հետևյալ խոսքերը. «Նա, ով անցածի վրա ատրճանակով կրակի, ներկան նրա դեմ թնդանոթներ կհանի», և հետևություն արեք: Ճիշտը եղածի վրա հենվել-կառուցելն է, մանավանդ որ նախորդը լավ ժառանգություն է թողել: Ճիշտը բոլորի հետ ազնիվ վերաբերվելն է, բաց և թափանցիկ երկխոսելը, դիմացինի կարծիքը հարգելը: Պետք չէ վախենալ, ճշմարտությունը ծնվում է տարաձայնությունների, գործնական վեճերի արդյունքում, թե չէ օդից բռնած զեկուցագրերի հիման վրա կամ ամեն գնով անցանկալի (միայն Ձեզ համար) աշխատակիցներից ազատվելը հարցադրում ունի. մարդկայինո՞վ, օրենքո՞վ, թե՞ «տապոռի» քաղաքականությամբ: Ինչպիսին էլ լինի նորանշանակ տնօրենի հակվածությունը, այնուամենայնիվ, առանձին դեպքերում դրանք քննարկվելու են այլ հարթություններում:

ԽԱՄԱՃԻԿՆԵՐԻ ՖԻԼԻԱ՞Լ, ԹԵ՞…
Փորձարարական բեմ-նկարչատուն. հնչում է հպարտ, իբրև նորարարություն: Գուցե: Մտահղացման հեղինակը գործատուն է և նրա դրկիցը, ինչի մասին տեղեկացանք դարձյալ մամուլից: Փնովելու ոչինչ չկա, բայց դիտարկման խնդիր կա. թատրոնի մեծ բեմի տակ գտնվող 30-40-տեղանոց գողտրիկ բեմ-դահլիճը, մոտ 4 հազար դոլարով ձեռք բերված թեթև, հավաքովի կոնստրուկցիաներով ամբողջացող շարժական բեմը, մեր ունեցած փայտե տախտակամածներով ջրավազանի վրա բեմահարթակ դարձող բեմը քանի՞ անգամ է նպատակային օգտագործվել և ի՞նչ օգուտներ է ապահովել: Ի վերջո, ինչքա՞ն կարելի է ակադեմիական թատրոնը վերածել փորձարարականի: Մենք դրա արդյունքները տեսել և չենք մոռացել: Կառուցվելիք 4-րդ բեմը, ասում են, բյուջեի հաշվին չէ: Հետո ի՞նչ: Մի՞թե սա է առաջնայինը: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե հովանավորչությամբ ձեռք բերվող դրամական միջոցները ուղղորդվեին այլ տեղ, ասենք՝ տանիքաշինության ոլորտ, որ տեղումների ժամանակ անձրևանոցներով չտեղաշարժվեինք: Տանիքի վերանորոգումը, այո, հույժ կարևոր է և մեծ գումարներ է պահանջում, ինչը, հասկանալի պատճառներով, 7-րդ տարին է` չի ակնկալվում կառավարությունից: Իսկ համագործակցության պարագայում գուցե սայլը տեղից շարժվե՞ր: Եթե չկա ինքնուրույն և արդարացվող մտածողություն, փույթ չէ, օրինակ վերցրեք Վանաձորի թատրոնից:


Տնային փոքր լողավազանից բաց օվկիանոս տեղափոխված գործատուն, անշուշտ, շատ անելիքներ ունի: Խնդիրների խնդիրը կոլեկտիվի սերն ու հարգանքը վայելելն է: Անդրադառնալով նախորդ աշխատավայրում իր կատարած աշխատանքներին, մի առիթով ասել է. «Համազգայինում շատ փոփոխություններ եմ իրականացրել, չգիտեմ՝ դրանք վա՞տ էին, թե՞ լավ: Թող հանդիսատեսը գնահատի»: Ավելորդ համեստությու՞ն, թե՞ չիմացություն:
Որոշակիություն մտցնելը իմ իրավասություններից դուրս է: Բայց վերջերս իմ սեփական մաշկի վրա զգացի լավի և վատի, սրտացավության և անտարբերության, ֆինանսներ ունենալ-չունենալու, թողնված-չթողնված ժառանգության տարբերությունը, երբ «Սանտա կրուս» ներկայացման ողջ ընթացքում 3 հանդիսատեսներ 9-րդ շարքի մեջտեղում չհաջողեցին խույս տալ տեղացող անձրևակաթից:

ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒ՞Մ, ՈՒՌՃԱՑՈՒ՞Մ, ԹԵ՞ ՉՄՏԱԾՎԱԾ ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ
2004-ից սկսած թատրոնի ֆինանսատնտեսական բաժնում աշխատել է 4-5 մասնագետ: Հիմա նրանք 7-ն են, և անհասկանալի է, թե ով ինչով է զբաղված, գլխավոր հաշվապահին (ոչ միայն նրան) ճանաչող, տեսնող քանի՞ սունդուկյանցի կա: Կամ՝ աշխատավարձի գծով փորձառու, երիտասարդ հաշվապահի կողքին ի՞նչ իմաստ ունի երկրորդին՝ մասնագիտությամբ ընտանեկան ստոմատոլոգին, որն ընդամենը 2017-ի դեկտեմբերին է 96-ժամյա հաշվապահական կուրսեր անցել, բերել, փաղաքշանքով պահել: Զուտ նրա համար, որ բարեկա՞մն է: Անխոհեմ քայլ է, երբ պրոֆեսիոնալ հաշվապահին իջեցնում են տոմսավաճառի, իսկ Համազգայինից բերված «կասիրին» «աճեցնում» չգիտեմ ինչ հաշվապահի:
Գրեթե 20 տարի անընդմեջ թատրոնն ունեցել է տնօրենի 2 տեղակալ, և աշխատանքները վատ չեն ընթացել: Այժմ, եռանդը տեղը գործատուն աշխատում է 3 տեղակալների, 3 խորհրդականների և 1 օգնականի աջակցությամբ, որոնց ամսական աշխատավարձի ֆոնդն անցնում է աներևակայելի թվից, այնքան է, որքան ամեն օր քրտնող 20 աշխատակիցներինը:
Հարց է առաջանում. աշխատանքի ծավալնե՞րն են մեծացել, թե՞ մեկի կարողությունները չեն հերիքում:


Կյանքի լավագույն տարիներից 22-ը թատրոնում մաշած արձակագիր, դրամատուրգ և նրա նվիրվածությամբ վարակված իրավաբան տեղակալների գործառույթները օր օրի նվազել, դարձել են մատնոցաչափ, իսկ նորեկինը մտացածին ընդլայնվել, որպեսզի արդարացվի վերջինիս աննախադեպ բարձր աշխատավարձը: Եվ քանի որ նա՝ տնօրենի հույսն ու հավատը, իրոք, վազվզող երիտասարդ է, «հնահոտ» սունդուկյանցիները հումորով նկատել են. «Ջահելի մատոռը մի օր ստուկ է տալու կամ գրիժան է դուրս ընկնելու»: Խտրականությունն այնքան ցցուն է, որ առաջին հայացքից նկատելի են թևավորվողներն ու թևաթափ եղածները: Նորեկների աշխատավարձերը, բացառությամբ պարետի, նախանձելի են՝ «օպտիմալացվածների» և արտաբյուջետային եկամուտների հաշվին:


Աշխատանքային ոչ մի ժամվա փորձ չունեցող տնօրենի ուսանողուհի օգնականը, օրինակ, գործի է գալիս ժամը 14-ի սահմաններում, այսինքն՝ 4-ժամյա աշխատանքային ռեժիմով, և ստանում բեմի առաջատար վարպետների և տնտեսագետի չափ աշխատավարձ: Տասնմեկ գործընկերների նկատմամբ ընդգծված առավելություն ունի նույնիսկ Համազգայինից հրավիրված հավաքարարը, բուտաֆոր Արմենը, որի աշխատավարձը ընդունվելու պահին 40 հազարով բարձր էր բաժնի վարիչի աշխատավարձից և մնաց անփոփոխ՝ բեմադրական մասի վարիչի օգնականի պաշտոնը ստանձնելիս: Առհասարակ նրանք, ովքեր տնօրենի թիմակիցներն են, չտեսնված կարգավիճակում են: Մի քանիսի համար թատրոնը 2-րդ, նույնիսկ 3-րդ աշխատատեղն է: Իսկ թե ինչպիսին է նրանց օգտակար գործողության գործակիցը, դժվար չէ պատկերացնել: Մի բան, սակայն, պարզ է. աջ ձեռքով՝ օպտիմալացում, ձախով՝ ուռճացում, շռայլություններ: Եվ սա արտաբյուջետային եկամուտներ ապահովող մի քանի աղբյուրների իսպառ չորացման պարագայում, տնօրենի ցանկությունների շղթայում: Նման իրավիճակում անխուսափելի է դառնում հերթական հարցադրումս. կոշկակարի հաստիքի վերացու՞մն էր անհրաժեշտություն, թե՞ արտահաստիքային լուսանկարչի ընդունումը, կամ որքա՞ն կարելի է չարաշահել հրշեջ-պահակների համբերությունը և հերթափոխային աշխատանքը կազմակերպել օրենքի խախտումով: Որքա՞ն էր բարոյական և իրավաչափ վարկերի տակ ճռռացող ավագ էլեկտրագետին զրկել մի երկու կոպեկ աշխատելուց, որից հետո նա մահկանացուն կնքեց աշխատավայրում, և նույն հաջողությամբ ջրի «բիզնեսը» յուրայինին հանձնելը: Ի՞նչ իրավունքով է հսկիչը աշխատանքի ժամին զբաղվում առևտրով:


Աշխատանքի չներկայացողների կամ տուրիստի կարգավիճակով թատրոնում երևացողների մասին նույնպես խոսել ենք, և դրանք ունեցել են կարճ ավարտ. «Նրանք աշխատում են օնլայն տարբերակով»: «Ընդունե՞լ, թե՞ չընդունել» համլետյան հարցին հարցով հարցնեմ.
ա) ինչո՞ւ հնաբնակների մեջ չկան նման աշխատողներ,
բ) կբացատրե՞ք, թե ինչպես է օնլայն աշխատում չարենցավանցի Ձեր վարորդը:
Շռայլությունների շարքից ևս մեկ օրինակ: Ոտք դնելուն պես, գործատուն ֆիքսվել էր թատրոնին կից դրամատիկական ստուդիայի վրա: Չեմ առարկում: Ձևակերպման և կարգավիճակի առումով գուցե օրենքի հետ կապված աղերսներ կային: Բայց այդ բացը կամ սխալը ոչ միայն չուղղվեց 7 ամսում, այլև ինքնաֆինանսավորվող կառույցի աշխատակազմ միանգամից «երակ» մտան թատերարվեստի 3 ներկայացուցիչներ, այդ թվում՝ տնօրենն ինքը գեղարվեստական ղեկավարը… Եվ դարձյալ երևելի աշխատավարձերով: Արդյունքում խախտվեց աշխատավարձի ֆոնդ և հավաքագրվող գումար հավասարակշռությունը՝ թատրոնին հասցնելով ամսական 200 հազարի վնաս: Էլ չենք խոսում այն մասին, որ թատրոնի աշխատավարձի ֆոնդի տնտեսումից շուրջ 1,5 մլն դրամին հավասարազոր գումար տրամադրվել է արտաբյուջետային աշխատողներին, որոնց կարիքը, իմ կարծիքով, այդ պահին անհրաժեշտություն չէր: Բայց կար ինքնաբավ տնօրենի համառ ցանկությունը` թատրոնը լցնել իր մարդկանցով, հավատարիմ բարեկամներով, սանիկներով, ընկերներով:

ՄԱՐԴԿԱՅԻՆՈ՞Վ, ՕՐԵՆՔՈ՞Վ, ԹԵ՞ «ՏԱՊՈՌԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
Իրենց՝ մի քանիսին, ամեն ինչ, մնացածներին՝ ոչինչ, ավելի ճիշտ՝ խստացված ռեժիմ, աշխատանքային իրավունքների և պարտականությունների սահմանափակում, երբեմն էլ՝ զրոյացում, հանձնարարությունների կատարման համար ժամերի ու րոպեների սահմանում, իրար դեմ հանել-լարելու սցենարներ… Նպատակը՝ ծնվող զեկուցագրերի հիման վրա նկատողության հրամանների արձակումն է՝ հետևանքներով հանդերձ: Այլ կերպ ասած՝ ձկնորսություն պղտոր ջրում:


ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223 հոդվածի 1, 2, 3 կետերին հղում անելը տնօրենի իրավասության ոլորտում է: Բայց չէ՞ որ մինչ այդ կան համաձայնության, խոսել-զրուցելու, հասկանալ-հասկացնելու և այլ տարբերակներ: Կադրային հարցը լուծել մարդկայինո՞վ, օրենքո՞վ, թե՞ «տապոռի» քաղաքականությամբ, անշուշտ, նախասիրության հարց է: Լայն ընտրության պարագայում նախընտրել վերջինը, ինձ թվում է, խոցելի է: Եթե ոմանք այս ընթացքում չեն համարձակվել պաշտպանել իրենց իրավունքները՝ թողել-հեռացել են դիմումով, ոմանք էլ համակերպվել են` ստվերում մնալ և ոչինչ չանել կամ էլ՝ աշխատանքային ժամերին շարունակել ուսումը այս կամ այն բուհում և վարձատրվել 100 %-ով, դա չի նշանակում, որ Դուք ամեն ինչում ճիշտ եք և «կտրիճ Դավոն» եք:
Տնօրենը, հայտնվելով նոր միջավայրում, իր կայացման և ծրագրերի իրականացման խնդիրը լուծելու է կոլեկտիվի հարգանքն ու վստահությունը շահելու պարագայում: Մնացած դեպքերում՝ 37 թվականների ոգով ու ոճով, կոմկուսի վարչարարությամբ և հանրապետականների «ես եմ, որ կամ» փիլիսոփայությամբ լավ տեղ չես հասնի: ՈՒնակ եք, չէ՞, եզրակացություններ անելու: Թե չէ ի՞նչ. բարեփոխումների ճանապարհին գործատուն դանդաղ շտապում է կամ շտապելով դանդաղում, ու նրա հուշարարներից ոչ մեկը գլխի չի գցում, որ արդյունքում ստացվում է նույնություն:


Արդյո՞ք առողջ մտածելու պակասի պատճառով չէր, որ աշխատանքից ազատվեց հանրապետությունում ձայնահնչյունային սարքավորումների լավագույն մասնագետներից մեկը՝ Դավիթ Սաֆարյանը, որպեսզի նրա տեղը զբաղեցնի համախոհներից հերթականը՝ Հայկ Իսրայելյանը, և մեկ շաբաթ անց, երբ ակնհայտ դարձավ վերջինիս նվազ իմացությունը, հետողորմյա կանչեցիք: Դավիթը վերադարձավ աշխատանքի, բայց այս անգամ էլ տեղի տվեց հարգարժան տնօրենի ողջախոհությունը. նա ընդունվեց արտաբյուջետայինների ցանկում, Հայկից ցածր աշխատավարձով, փոքր-ինչ ծռված կարգավիճակով:
Նույն մեթոդոլոգիայով կատարվել են նաև այլ փոփոխություններ, դրամական խրախուսանքներ: Բեմադրական մասի վարիչի օգնականին, որպեսզի ազատվի հաստիքի կրճատման անվան տակ, համոզեցին դիմում գրել և պարգևատրել մեկ ամսվա աշխատավարձի չափով: Եթե չեմ սխալվում, որպես բարեխիղճ, անշառ աշխատողի: Իսկ շուրջ 20 տարի նյարդերը թատրոնում տերը տված, վաստակաշատ գլխավոր հաշվապահին ճանապարհեցին միայն ազատման դիմումը հարգելով:

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՆԱ, ԵՎ Ո՞Վ Է ՆՐԱ «ՏԱԼԿԱՉԸ»
Մուտիտյան Մուտիտը մականուն է, կնքահայր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության: Նա շատերիս է պիտակավորում, չի խնայում և իրեն: Սիրենք, թե չսիրենք, միևնույն է, Մարությանը տաղանդավոր դերասան է, հեռատես, բայց և հարափոփոխ մարդ, իրավացիորեն՝ թատրոնի հենասյուներից մեկը, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել:
Նրա սկզբունքայնության շնորհիվ էր, որ ֆինանսական խոշոր չափի չարաշահումների համար մականունավոր դերասանը կրեց միայն տեղական նշանակության պատիժ՝ հեռացվեց ստուդիայի ուսումնական մասի վարիչի պաշտոնից: Բայց լույսը չբացված, նշանակվեց գեղարվեստական ղեկավարի օգնական: Նոր տնօրենի օրոք, որի ուսանողական տարիների ընկերն է, ավելի առաջ քաշվեց: Թատերախմբի վարիչն է, աննախադեպ, բեմի վարպետներից 30-35 հազարով ավելի աշխատավարձով և լուրջ դերակատարումով: Նրա գործառույթներից մեկը թելադրանքով զեկուցագրեր գրելն է, որի հիման վրա առաջին զոհը դարձավ բազմազավակ մայր, 21 տարվա սունդուկյանցի Անի Միքայելյանը: Դերասանուհու.
ա) «Բեռնարդան և նրա աղջիկները» ներկայացման ավարտին պակլոնին մասնակցելը պարտադիր չէ,
բ) ոմանց կարելի է հրաժարվել մասովկաներից, ինձ՝ ոչ, արդարացի պատճառաբանությունները, ցավոք, չհարգեցին: Աշխատանքային պայմանագրի 2.1.5 կետը, իրոք, դերասանին թույլ չի տալիս հրաժարվել մեծ կամ փոքր դերերից, ներմուծումներից: Իսկ Անիի բացատրության հիմքում խտրական վերաբերմունքի հարցն էր և, իհարկե, պայմանագրի վերանայման անհրաժեշտությունը, որին քանիցս անդրադարձելեն, բայց գործնականում ոչինչ չի արվել:


Մ. Մ.-ի մեկ այլ զեկուցագրի և դրան հաջորդած կիսահաս, ուղղորդված հրամանի պատճառով աշխատանքի վայրում գետնին տապալվեց թատրոնի խոհանոցը լավ իմացող աշխատակցուհիներից մեկը: Փա՜ռք Աստծո, որ ամեն ինչ ավարտվեց միայն ուշագնացությամբ: Սա ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքն է: Զեկուցագիր-բացատրագիր-հրաման մշակույթ ձևավորողի աննահանջ վարվեցողության արդյունքում ոչ քիչ սունդուկյանցիներ են սթրեսի ենթարկվել: Գործընթացը շարունակվում է նույն սցենարով, նույն ծառայողների մասնակցությամբ: Վերջերս թատերախմբի կամակատար վարիչի ձեռքը երկարեց դեպի անձնակազմի կառավարման բաժնի պետը: Արտահաստիքային լիազորություններով օժտված Մ. Մ.-ն, ստանալով հերթական առաջադրանքը, մտնում է հրշեջ-պահակային ծառայություն և սուսիկ-փուսիկ թելադրում պահանջվող զեկուցագիրը: Սա, ի միջի այլոց, առաջին դեպքն է, որ ինչպես ժողովուրդն է ասում. «Մուրազը փորում մնաց»: Զեկուցագիրը նկատողության հրաման չդարձավ միայն վկաների «ցուցմունքի» շնորհիվ:
Մ.Մ-ի մատուցած ծառայությունները իզուր չեն անցնում: Եվ չգիտես որ արժանիքների համար է նա առանձնանում թե՛ իր հասակակիցներից և թե՛ ավագ սերնդից՝ մնալով միշտ ջրի երեսին: Ոմանց սերը նրա նկատմամբ այնքան է առանձնահատուկ, որ «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման առաջնախաղի առնչությամբ 82 աշխատակիցների թվում ստանում է դրամական ամենամեծ պարգևը, նույնիսկ գլխավոր դերակատարներ, ՀՀ վաստակավոր արտիստներ Ալբերտ Սաֆարյանից և Հարություն Մովսիսյանից առավել, մնացածներից 2-3 անգամ ավելի, այն դեպքում, երբ ինքը ընդգրկված չէ հիշյալ ներկայացման մեջ:
Մոտալուտ առնետավազքի նախաշեմին մեղքերը չնչին տոկոսով փարատելու նպատակ հետապնդող ոմանց թելադրանքով, Մ.Մ.-ն, որ չի եղել և չէր կարող լինել մեր ըմբոստ, ազնիվ երիտասարդների շարքերում, օրեր առաջ, գեղարվեստական ղեկավարի դստեր հետ շուրջպար բռնած «դուխով» ձայնարկություններ էր արձակում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հասցեին… Ինչու՞ հարցին արդարամիտ և հիմնավոր պատասխան լինել չի կարող, բայց խախուտ պատճառաբանություն, անշուշտ, կգտնվի: Սա էլ է տանելի: Անտանելին ուրիշի ձեռքերով շագանակներ հանելու արատավոր երևույթն է, որ անհնար է գուշակել, թե որքան կտևի: Ճիշտ է, ժողովրդական մեկ այլ ասացվածքով սահմանվում է 40-օրյա ժամկետ, բայց եթե երկարի, ուրեմն մեղավորը մենք ենք:


ԷԼԲԱԿՅԱՆԱՑՈՒՄ
Պատերի տակ շոշափվող թեմա է, որ ահագնանում և տեղապտույտ է տալիս նույն տարածքում՝ կուլիսներում: Անծանոթ աչքը նույնպես նկատել է, որ… Բայց ի՞նչ զարմանալի աշխարհ են թատրոնը, դերասան կամ բեմադրիչ լինելը, հաստատուն կարծիք ունենալը: Տարիներ առաջ Վահե Շահվերդյանի հասցեին մեղադրանքներ հնչեցվեցին լիազորությունների գերազանցման առիթով, քանի որ գիտեին գեղարվեստական ղեկավարի հաստիքի վերացման և ազատ բեմահարթակ կոչվածի մասին: Եթե նույնը կրկնվի այսօր, «համարձակների» հերթեր կգոյանան: Քանի որ չկա նման մտադրություն, չկան նաև «հերոսացողներ»: Բայց սակավաթիվ չեն շշուկով ու տեղին մտմտացողները: Մի երկուսը տնօրենի ականջին հասցրել են բարձրաձայնել, թե ինչու՞ վերջերս թատրոնի մասին նկարահանված և մի քանի անգամ ցուցադրված հեռուստաֆիլմում Էլբակյանները կան, իսկ ոչ պակաս ավանդ ունեցող արտիստներից (Նելլի Խերանյան, Գրետա Մեջլումյան, Արմեն Մարության, Մուրադ Ջանիբեկյան, Ալլա Վարդանյան և այլք) ոչ մեկը չկար: Չէի՞ն ցանկացել: Գուցե որոշո՞ղն էր այդպես կամեցել: Սրանք հարցեր են, որ կրում են զուտ խոհանոցային բնույթ և հասու չեն հանդիսատեսին: Իսկ ազդագրերից եկող նրանց կարծիքը՝ խաղացանկում Էլբակյանների իշխանություն է, տեղին է: Ամիսներ շարունակ, գիշեր-ցերեկ շողշողացող մեծադիր և թանկարժեք (թեկուզ՝ անվճար կամ հովանավորությամբ) 6 ազդագրերը դրա վկայությունն են: Կռահում եմ տնօրենի պատասխանը մյուսների հարցում՝ փող չկա, իսկ եթե կա, դժվար չէ հասկանալ հաջորդ արդարացումը ևս. «Նույն կերպ անդրադառնալու ենք նաև մյուսներին»: Բա չդառնա՞ս ու հարցնես. եղբայր, ի՞նչը կխանգարեր, եթե «Մեծապատիվ մուրացկանների» 3 ազդագրերից մեկը լիներ, ասենք Վահե Շահվերդյանի, մյուսը՝ Տիգրան Գասպարյանի կամ մեկ այլ բեմադրիչի գործերից: Անպատվաբեր վարքագիծ է, երբ 7 ամիս շարունակ տնօրենությունը «մոռանում» է այլոց ներկայացումների ազդագրերը, որոնք կան և մամռոտում են նկուղներում: Իսկ մի՞թե մարդկային ուղեղը չի կարող մթագնել Էլբակյանների «Մեծապատիվ մուրացկանները», «Պեպո», «Մուսա լեռան 40 օր» և «Սառցե սիրտը» ազդագրերից, որոնց թիվը ավելացավ ևս մեկով: Որքանո՞վ է արդիական անդրադարձը քանիցս բեմադրված և նկարահանված «Հարսնացու հյուսիսից» պիեսին: Որքա՞ն կարելի է ծեծել ծեծված թեմաները, ինչո՞վ է բացատրվում այն փաստը, որ թատրոնի թանգարանում նիրհող ավելի քան 700 անուն պիեսի նկատմամբ չկա ուշադրություն: Ալարու՞մ են կարդալ: Չխորանանք այլ հարցերում, ուղղակի կամենանք, որ Մկրտչյան-Էլբակյան սիամական զույգը օր օրի ավելացնի շարված պատը առանց ցնցումների, կարևորի մարդկային գործոնն առանց արևածաղկի նման ջոկջոկելու, կոլեկտիվը զերծ պահի սթրեսներից, թատրոնը չդարձնի ֆուտբոլային թիմ, որտեղ հարձակվողները քիչ են, բայց զորեղ, պաշտպանվողները՝ շատ ու վախվորած. «Բա որ ինձ է՞լ աշխատանքից ազատեն»: Ի՞նչ կլինի վաղը: Նույնի շարունակությու՞ն, թե՞ դարձի կգան: Կկարողանա՞ն:


…Եթե կատարվի հրաշք՝ վարեն կադրային ճիշտ և հեռատես քաղաքականություն, նվազագույնի հասցնեն իրենց եսակենտրոնությունը, իսկ ամենից առաջ՝ փոխեն բարոյահոգեբանական մթնոլորտը, որն այսօր չգիտես ինչի է նման՝ դժոխային դրա՞խտ է, թե՞ դրախտային դժոխք:


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 6587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ