Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ազատամարտիկները պահանջում են վերականգնել իրենց հաշմանդամության կարգը

Ազատամարտիկները պահանջում են վերականգնել իրենց հաշմանդամության կարգը
18.05.2018 | 10:31

Այս շաբաթ Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ իրենց հերթական բողոքի ձայնն էին բարձրացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ՝ պահանջելով վերականգնել իրենց հաշմանդամության կարգն ու թոշակը։ Նրանք նշում էին, որ վերջերս, բժշկասոցիալական փորձաքննություն անցնելուց հետո, կա՛մ փոխվել է կարգը, կա՛մ ընդհանրապես զրկվել են հաշմանդամության կարգից։ Ընդ որում` շատերին հաշմանդամության խումբ տրված էր ցմահ, բայց դա էլ հաշվի չեն առել:


Ազատամարտիկ Էդուարդ Թումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 1992 թ. վիրավորվել է ՀՀ սահմանները պաշտպանելիս, ստացել գանգուղեղային վնասվածք և բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից 2001 թվականին ստացել հաշմանդամության 2-րդ կարգ՝ մեկ տարի ժամկետով։ 2002-2007 թվականներին անցած փորձաքննություններից հետո հանձնաժողովի որոշումը չի փոխվել՝ ամեն տարի կայացվել են նույնանման որոշումներ։ 2008 թվականից եղած առողջական խնդիրներին գումարվել են նորերը, և նրան տրվել է հաշմանդամության 2-րդ խումբ` անժամկետ։
2018 թ. ապրիլին բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տված հանձնարարականի համաձայն իրականացվել է Էդուարդ Թումանյանի հսկողական կարգով փորձաքննություն, և հաշմանդամություն չի սահմանվել։


«Մենք այսքան տարի անաշխատունակ ենք, չենք կարողանում գումար վաստակել։ Մի երկու կոպեկ փող էին տալիս, դեղ էինք առնում, դրանից էլ են զրկել։ Հիմա նոր կառավարությունից ու նոր նախարարից պահանջում ենք վերանայել բժշկասոցիալական փորձաքննության արդյունքները և վերականգնել հաշմանդամության կարգը։ Էլ տեղ չունեն դիպչելու, ազատամարտիկներին են դիպչում, որոնք այսօր հացի ու դեղի փող չունեն»,- ասում է Էդուարդ Թումանյանը, ավելացնելով, որ իր ու իր ընկերների ճակատագիրն այսօր շատերն են կիսում, ու բոլորն էլ պահանջում են վերականգնել իրենց հաշմանդամությունը։ Նշենք, որ 2-րդ կարգի հաշմանդամ ազատամարտիկների թոշակը մոտ 80 հազար դրամ է, ինչն այս պահի դրությամբ լուրջ գումար է։ Ազատամարտիկները նշում են նաև, որ եթե բժիշկներն են մեղավոր և սխալներ են թույլ տվել, ապա պետք է պատասխանատվության կանչվեն։
Էդուարդ Թումանյանի տեղեկացմամբ՝ միայն Մասիսի շրջանից 27 ազատամարտիկի փորձաքննության արդյունքներ են փոխվել, իսկ ամբողջ հանրապետությունում նրանց թիվն անցնում է 400-ից։ Ընդ որում` այդ գործընթացը շարունակվում է։


Ազատամարտիկներն իրենց բողոքը ցանկանում են լսելի դարձնել նոր նախարարին, սակայն աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի հետ հանդիպել չի հաջողվել, հանդիպել են փոխնախարարին, ներկայացրել իրենց պահանջը՝ վերանայել 2018 թ. փորձաքննության արդյունքները։ Նախարարությունում խոստացան ուսումնասիրել գործը, ընթացք տալ և պարզաբանել իրավիճակը։ Ազատամարտիկները հույս ունեն, որ իրենց պահանջը դրական լուծում կստանա։


Անահիտ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 3594

Մեկնաբանություններ