Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բեմադրում է ինքը, խաղում է կինը, բեմադրում և խաղում է աղջիկը (էդ ո՞նց, էդ ինչպե՞ս, էդ ինչի՞ համար)

Բեմադրում է  ինքը, խաղում է կինը, բեմադրում և խաղում է աղջիկը (էդ ո՞նց,  էդ ինչպե՞ս, էդ ինչի՞ համար)
25.05.2018 | 06:21

ՎԱՐԱԳՈՒՅՐ


Տարիների թմբիրից վերջապես արթնացում ունեցանք, լույս նշմարվեց թունելի վերջում: ՈՒ հիմա բոլորը շունչները պահած սպասում են ժամանակից շուտ ժողովրդի համակրանքը շահած ՀՀ նախագահի և ժողովրդի ընտրյալ վարչապետի կոնկրետ ձեռնարկումներին: Շատերը վստահ են, որ հույս ու հավատ ներշնչած Փաշինյանն իրենց չի հիասթափեցնի, որ շուտով ամեն ինչ լավ է լինելու՝ ոստիկանը կաշառք չպետք է վերցնի, կոռուպցիոն ռիսկերը նվազելու են միանգամից, օրինախախտները գիշերները հանգիստ չեն քնելու, դեր չեն խաղալու քավոր-սանիկական ու խնամիական կապերը, և մենք, որպես Հայաստանի հպարտ քաղաքացիներ, արդեն իսկ ապրում ենք բոլորովին այլ երկրում:


Վերևներից սպասվող բարեփոխումներին ընդառաջ, արդյո՞ք մենք պատրաստ ենք համարժեք քայլ կատարելու, գիտակցե՞լ ենք, որ էականը ոչ թե գործող ֆիգուրների տեղաշարժն է, զինվորը փղի վերածելը կամ ձիուն հարվածելը, այլ խաղացվելիք պարտիայի ռազմավարությունը, ծրագիրը: Օրեր առաջ ձևավորված կառավարության կազմը նայելիս հոգիս հրճվանքից ալեկոծվեց երիտասարդների գերակայությունից, թարմ մտքից, բայց, միևնույն ժամանակ ավելացավ սրտիս բաբախը. նորեկները, որոնցից մի քանիսն աշխատանքային նվազ կենսագրություն ունեն, ինչպե՞ս են գլուխ հանելու ստեղծված սոդոմ-գոմորից: Եթե մենք մեր տեղում չմաքրենք ավգյան ախոռները, չաջակցենք միմյանց, ի՞նչ է անելու, օրինակ, մայր թատրոնում «Հարսնացու հյուսիսից» ներկայացման պրեմիերային իր մասնակցությամբ հաճելիորեն զարմացրած մշակույթի նորանշանակ նախարարը՝ շրջապատված հանրապետականներով կամ ՀՀԿ-ի նվիրյալ այն համախոհներով, որոնք մեկ անգամ չէ, որ ի տես են դարձրել կուսակցությունից կուսակցություն թռչելու վարպետություն, «վիզ դրել» նախագահների շրջապատի ազդեցիկ մարդկանց կամ առաջին տիկնանց հետ մտերմանալու համար: Լողացող մարդկանց այս տեսակը, ցավոք, քիչ չէ, ամենուր են, նաև՝ մշակույթի ոլորտում, նաև մեր մայր թատրոնում:

ԱՐԱՐ 1-ԻՆ. ՎԵՐՀՈՒՇ` ՉՈՒՇԱՑԱԾ ԱՆԴՐԱԴԱՐՁՈՎ


Վարչապետի և մշակույթի ասպարեզի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում շեշտադրվեց ներկայացումներ նայելու կարևորությունը, շփումն արվեստի հետ դեռ դպրոցական տարիներից: Իհարկե՛ ճիշտ է: Պահանջարկ, անշուշտ, կա: Հարցն այն է, թե ինչպե՞ս է այն բավարարվում, ասելիքը արդիակա՞ն է, կերպարակերտությունները համոզի՞չ են, թե՞ «Հարսնացու հյուսիսից» ներկայացման Արուսի դերակատարի խաղը դիտելիս գլուխդ առնելու ես ափերիդ մեջ` անզորությունից ինքնախորովվես կամ ճչաս. «Կախե՛լ հայ կնոջ մաքրամաքուր և շիտակ կերպարը դեբիլոտված կնոջ (ներող, համեմատությունս արտասանական ապարատի և դժվարընկալման մասին է) կերպարի վերածելու մտահղացումը երկնողին»: Սա հերթական անգամ թույլ է տալիս կարծել, որ թատրոնն այսօր վերածվել է էժանագին սերիալի մակարդակի արհավիրքի, քանի որ չկա թատրոնի մասին օրենք, հետևապես կատարյալ ազատություն է… Ներկայացման վրա անկաշկանդ ծախսելով կլորիկ գումար, բեմադրիչը պատասխանատվություն չի կրում իր թողարկած խոտան արտադրանքի համար, մշակութային քաղաքականության տերը ոչ այնքան նախարարությունն է, որքան… Կասկածու՞մ եք: Եկեք ազգային ակադեմիական թատրոն և դիտեք գեղարվեստական ղեկավարի «գլուխգործոցներից» ցանկացածը, որոնց մասին մամուլում հնչած քննադատություններին սովորաբար «կարճ ու երկար, հաստ ու բարակ» թմբկահարել է Էլբակյանի բանասիրական գիտությունների թեկնածու ընկերը: Վառ օրինակը՝ «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումն է: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն, որին, ի դեպ, քիչ ռեժիսորներ չեն անդրադարձել, այդ թվում և ինքը՝ դրամատիկական թատրոնում: Համեմատության արդյունքում նկատենք. հերթականը՝ ցածրորակ էստրադային համարներից բաղկացած մի… կույտ է, որտեղ, պարզ է, Հ. Պարոնյանի ստեղծագործությունից գրեթե ոչինչ չի մնացել: Բեմում գռեհկություն է, կատարյալ բալագան: Ոմանք, իհարկե, կարող են այլ կարծիք ունենալ, գոհանալ գործող անձանց տեղաշարժից, մանավանդ որ նրանք սերիալների հայտնի դեմքեր են: Սթափություն բերողը իսկական թատերարվեստի այն սիրահարներն են, որոնք եղել ու համարձակորեն բարձրաձայնել են. «Ի՞նչ եք բեմադրում, որ այսուհետև էլի գանք, գանք, որ ի՞նչ անենք, ժամանակ վատնե՞նք»:


Ես թատերագետ չեմ, բայց վատ հանդիսատես էլ չեմ և իմ սուբյեկտիվ կարծիքը մնում է անփոփոխ: Ցիտենք Պարույր Սևակին. «Գնալ ժողովրդի ճաշակով, նշանակում է չծառայել ժողովրդին»: «Մեծապատիվ մուրացկանները» ոչ թե մշակութային կյանքի անորակություն է, այլ հակամշակութային պայծառ երևույթ: Եվ սա բեմադրիչի միակ գործ չէ՝ շաղախված «ժամանակի» շնչով: Էժանագին հնարքների, ռեպլիկների կիրառումը, Աննա տիկնոջ հանկարծաստեղծություններն ու հանդիսատեսի հետ սնամեջ երկխոսելու հնաձևությունները բավարար չեն, որպեսզի գրական այս կամ այն երկը բնութագրվի որպես էլբակյանական վարկած: Հանուն թատրոնի և դրամարկղի, Աճեմյանը նույնպես դեպքից դեպք նախընտրել է թեթև ասելիքը, բայց նրա մեծությունը և հաջողությունը կայանում են նրանում, որ նա դա արել է տաղանդով: Եթե որևէ մեկը կպնդի հակառակը, ուրեմն` նա կփորձի հաստատել հանրության դեգրադացումը: Այդպե՞ս է, թե՞ ոչ: Պատասխանը մեր օրերի թավշյա հեղափոխությունն է:


Այս ամենին զուգահեռ, թատրոնում եղել են ու կան հաջողված գործեր, որոնք տնօրենության կողմից դժվարությամբ են հիշվում: Իմա` «Բեռնարդան և նրա աղջիկները», «Քաոսը»… կամ տարվա բեմական կյանք ունեցող «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը, բեմադրիչ՝ Տ. Գասպարյան: Ո՞րն է խնդիրը:

ԱՐԱՐ 2-ՐԴ. ԿՈՐՑՐԵԼ Է ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅՏԱՐԱՐԸ


Երեք տարի առաջ, երբ թատրոնում գեղարվեստական ղեկավարի կարգավիճակով հայտնվեց Ա. Էլբակյանը, նրա առաջին գործնական քայլը եղավ իր աշխատասենյակից Վ. Աճեմյանի և Ա. Գուլակյանի յուղաներկ, մեծադիր դիմանկարների վտարումը: Արվեստի գործ համարվող այս աշխատանքները ավանդույթի ուժով, տասնյակ տարիներ գամված են եղել նույն տեղում, գեղ. ղեկավարներ Հր. Ղափլանյանի, Խ. Աբրահամյանի, Վ. Շահվերդյանի և Տ. Գասպարյանի օրոք: Փոխարենը պապայի միջին չափի լուսանկարը աչքի առաջ ունենալն էր: Եվ ունեցավ: Ծնողապաշտությունը, անշուշտ, ամենքին չի տրված և արժանի է հարգանքի: Խոնարհվում եմ: Բայց հենց որ կատարում ես քայլ դեպի հանգստի սենյակ, շվարում ես արդեն Արմեն Էլբակյանի մեծադիր, շրջանակված լուսանկարից…
Գեղղեկի բնավորության առանձին գծեր այնքան են փոթորկվել նրա ներսում՝ կորցնելով ընդհանուր հայտարարը, որ 3-րդ հարկի միջանցքում փակցնել է տվել Հովհ. Աբելյանի տարբեր տարիների 2 դիմանկարները սանտիմետրերի հեռավորությամբ, Արտավազդի գիպսե կիսանդրին նկուղ է ուղարկել… Հենց այդ պահից էլ հասկացողը հասկացավ, որ ճաշակին ընկեր չկա, և պրոֆեսորը «ճիշտ» է:


Երկրորդ և ոչ պակաս հիշարժան գործը ծնունդ է մասնագիտական խանդի: Չմարսելով «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացման արձագանքները, ծափերի ուժգնությունն ու տևողությունը, իսկ մյուս կողմից՝ փառասիրությունն ու էգոն ստիպեցին, որ նա խաղացանկից հանի հիշյալ ներկայացումը: Եվ ոչ միայն այս:
Որ թատրոնը դարձել է Էլբակյանի համար մենաշնորհային տարածք՝ «Ինչ ուզեմ, կանեմ» հանրապետականի հայտնի նշանաբանով, այլ կարծիք լինել չի կարող: Էդ ո՞ր մի ռեժիսորական տաղանդի, առանձնահատկությունների և առավելությունների համար է դուստր Էլբակյանին հնարավորություն ընձեռվել երկրի գլխավոր թատրոնում բեմադրություն անելու, և դեռ ոչինչ չձեռնարկած, գործատուն դեսուդեն ընկած գովազդում էր «Սառցե սիրտը» որպես մեր իրականության ամենաշքեղ մյուզիքլ, հպարտանում ծախսվելիք գումարի չափով: Շքեղաշուք ներկայացմանը շքեղակույր գումարներ ներդնելու փոխարեն, պարոնայք, քայլ արեք աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ: Կա՞ հնարավորություն: Իհա՛րկե: Հարգարժան տնօրեն, վերանայեք Ձեր խնդրանքով, Ձեզ համար գրածս կարճաժամկետ և երկարաժամկետ գործունեության ծրագիրը, որի առնչությամբ քանիցս դրվատանքով եք արտահայտվել, անգամ բարեկամաբար նախատել. «Պարոն Մովսիսյան, ինչու՞ չեք հարցնում, թե Ձեր ծրագրային դրույթներից քանի՞ տոկոսն եմ կատարել…»: Թե չէ ո՞վ չգիտի, որ հիշյալ ներկայացման գումարով կարելի էր 2 բեմադրություն իրականացնել: Ինչևէ: ՈՒնենք այն, ինչն առկա է: Իսկ որքանո՞վ է այն տարբերվում հանրահայտ մուլտֆիլմից, կուրացնող չէ՞ արդյոք առանձին դեկորացիաների թխվածությունն ու բեմի լցոնվածությունը, որտե՞ղ է ընդգծվում բեմադրիչի ինքնուրույն ձեռագիրը (Ձեզ նման տաղանդավոր չասեմ), շնորհաշատությունը: ՈՒ՞մ համար պարզ չէ, թե ինչպես և ում շնորհիվ է 30-ը բոլորած ռեժիսոր-դերասանուհին երկու անգամ արժանացել «Արտավազդ» մրցանակի: Մինչդեռ երևանյան փողոցներում կարող ես հանդիպել շատ ավելի կայացած, շնորհալի, բայց անգործության մատնված բեմադրիչների, որոնք կարող են մայր թատրոն բերել թարմ մտածողություն, եթե…


Մի՞թե մենք այնքան ենք քամվել, որ մայրաքաղաքում մի ընտանիք իրավունք ունի տնօրինելու 3 թատրոն, գլխավոր դերերը բաժին հանելու Աննա Էլբակյանին, որից իրենց վաստակով առավել ու պակաս չեն ՀՀ վաստակավոր արտիստներ Գրետա Մեջլումյանը, Նելլի Խերանյանը, Գայանե Մկրտչյանը, Ջուլիետա Ստեփանյանը, շատերը: Ի՞նչ եղան: Ինչու՞ հանդիսատեսը չի տեսնում Մուրադ Ջանիբեկյանին, Խորեն Լևոնյանին, Աիդա Բաբաջանյանին, Մարիաննա Մխիթարյանին… երիտասարդներից՝ Կարինե Հարությունյանին, Լուսյա Աբրահամյանին, Էռնա Ավետիսյանին և այլոց:
«Թատրոնը սեփական ամբիցիաների իրագործման տեղ չէ» ասողը գործով ապացուցում է ճիշտ հակառակը: Բեմադրում է ինքը, խաղում է կինը, բեմադրում և խաղում է աղջիկը: Է, հետո՞: Էդ ո՞նց, էդ ինչպե՞ս, էդ ինչի՞ համար մայր թատրոնը դարձավ մի ընտանիքի ինքնահաստատման վայր: Դուք չե՞ք տեսնում, որ անգամ պատերն են հոգնել Ձեր մի ներկայացումը գովազդող մեծադիր, միանման 5 ազդագրերից, իսկ մենք` այդ ամենի ականատեսը լինելուց: Դուք երբևէ մտածե՞լ էք հավասարության սկզբունքի, անիմաստ շռայլությունների, ճաշակի և եսակենտրոնության վնասաբերության մասին: Չե՞ք զգում, որ Էլբակյան ազգանունն արդեն ալերգիա է առաջացրել, ինչպես ՀՀԿ-ն՝ հանրապետությունում: Եթե կարծում եք, որ նույն սցենարի կրկնությունը բացառված է, դա Ձեր խնդիրն է: Եվ, ուրեմն, պարտավոր եմ հուշել. «Պատմության անիվը երբեմն հետ է պտտվում զուտ նրա համար, որպեսզի մեծ արագություն ձեռք բերի»: Հենց որ բերեց, կսրբի, կտանի ամեն ինչ, ու միանգամից կգա անարդյունավետ ծախսերի վերջը, ինչն ինքնըստինքյան կհանգեցնի ոմանց վերջին: Ձեր վերջի սկիզբը կամ սկզբի վերջն արդեն ընթացքում է:

ԱՐԱՐ 3-ՐԴ. ՀԱՅՏՆՎԵՑ ԾԱՆՈԹՈՎ, ՊԱՇՏՈՆԻ ՈՒԺՈՎ ՈՒ…


Ոչ ոք նրան չէր սպասում: Գեղարվեստական ղեկավարի այլ անուններ էին շրջանառվում, բայց ոչ երբեք Էլբակյան: ՈՒ նա թատրոնում է՝ իր կնոջ մերձավոր բարեկամ Դավիթ Հարությունյանի միջամտությամբ, որն այդ ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավարն էր: Ասում են, որ նշանակումը տեղի է ունեցել կուլիսների հետևում, նախարար Հասմիկ Պողոսյանի տիրույթից և իմացությունից դուրս: Տվյալ ժամանակահատվածում թատրոնը անտեր չէր, ուներ փորձառու տնօրեն և գլխավոր ռեժիսոր՝ ի դեմս Տ. Գասպարյանի: Վերադասը, չունենալով վերջինիս պաշտոնանկ անելու բավարար հիմքեր, բայց թիկունքում զգալով պետական այրի զորեղ ուժը, տարիների ընդմիջումից հետո, պատվերով, վերականգնեց գեղարվեստական ղեկավարի մշուշապատված հաստիքը և հայտարարեց. «Այսուհետ թատրոնն ունենալու է և՛ այն, և՛ այն, ոչինչ չի փոխվելու, հիմա ամեն ինչ լավ է, իսկ վաղը էլ ավելի լավ է լինելու»: Ասացին-գնացին, չպարզաբանելով, սակայն, թե ում համար է լավ լինելու և ում համար՝ վատ:


Կարճ ժամանակ անց, Էլբակյանի ճկուն քաղաքականության արդյունքում Գասպարյանն աստիճանաբար հայտնվեց խաղից դուրս վիճակում, հանվեցին ինչպես նրա, այնպես էլ նախորդ գեղղեկի բեմադրությունները: Սա չհայտարարված դուելի նախերգանքն էր միայն: Հետո տեղի ունեցավ ծրագրվածը: Անշշուկ, անձայն, դարձյալ` անօրեն, առանց հրամանի և ծանուցագրի, գլխավոր ռեժիսորի հաստիքը փոխակերպվեց սովորական ռեժիսորի, ընդ որում՝ աշխատավարձը թողնելով նույնը: Հաջորդ խախտումը ևս ընթացավ նույն կերպ: Այս անգամ Գասպարյանը զրկվեց թատրոնին կից ստուդիայի կուրսի ղեկավարի պաշտոնից՝ հիմնազուրկ հրամանով` աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ, մի բան, որ ընդհանրապես գոյություն չունի:

ԱՐԱՐ 4-ՐԴ. ԴՐՎԱԳԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ներկայացումների, դահլիճի վարձակալության, հանդիսատեսի մասնակցության պլանը, ֆինանսական մուտքերն ու ելքերը, նպատակային և ոչ նպատակային ծախսերը, արտաբյուջետային եկամուտներ բերող աղբյուրների ավելացում-պակասեցումը և համեմատության մեջ դիտարկվող կարևորագույն այլ բաղադրիչները մի կողմ թողած, մեջտեղ բերենք ստեղծագործական գործընթացի հետ կապված և թատրոնը ներկայանալի դարձնող մի հարց:


Էլբակյանի հայտնությանը նախորդած 3 տարիներին թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել նաև մեր երկրի սահմաններից դուրս՝ Լոնդոնում, Բրեստում, Լոս Անջելեսում, Թբիլիսիում և Բաթումում, գրանցել անուրանալի հաջողություններ: Խոսուն է հատկապես բրիտանական արձագանքը: Շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացնելով Տ. Գասպարյանի բեմադրած «Ջոն արքան», հեղինակավոր «The Guardian» և «Theatre» պարբերականներն ուրույն տեղ են հատկացրել Սունդուկյան թատրոնին: Ճիշտ է, փառատոնում չեն եղել մրցանակներ, բայց հանրահայտ «Գլոբուս» թատրոնի ղեկավարությունը արձանագրել է. «Հայաստանի ներկայացումը 7 երկրների թվում լավագույնն էր: Սա մեզ համար դաս էր: Եվ մենք նույնիսկ Ձեզ կկրկնօրինակենք»: Նույն ներկայացման առնչությամբ հիացական կարծիքներ են ասվել Վրաստանում կայացած մեկ այլ միջազգային փառատոնում: Ահա դրանցից մեկը՝ «Դուք կոտրեցիք հայ թատրոնի ընկալման մեր կարծրատիպը»:


Իսկ ի՞նչ ունենք Էլբակյանի հայտնությունից մինչ օրս: Ի՞նչ ենք շահել և ի՞նչ կորցրել: Համոզված եմ, և անհամբեր կսպասեմ շահածի մասին ներկայանալի հրապարակումների, պաշտոնական հաշվետվությունների, որոնց, անշուշտ կանդրադառնամ խորությամբ: Իսկ մինչ այդ, փաստենք թատրոնի տեղապտույտը, լավագույն դեպքում՝ մարզային մի քանի կիսաքաղաքային հյուրախաղերից անդին՝ ոչինչ: Չէր լինի նույնիսկ այս ոչինչը, եթե չլինեին նախկին նախարար Արմեն Ամիրյանի «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում նախապես պլանավորված շրջագայությունները` կիսապետական մակարդակով: Հուսանք, որ նոր իշխանությունները չեն անտեսի այսօրինակ խնդիրները, շահածն ու կորցրածը, վաստակածն ու վատնածը մի օր ջրի երես է, չէ՞, դուրս գալու:

ԱՐԱՐ 5-ՐԴ. ԻՋԵՑՎԱԾ Է ԱՐԴԵՆ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ


3-րդ շաբաթն է, ինչ ազդեցիկ արենայում չկա Դավիթ Հարությունյանը, բայց նրա շունչը դեռևս պահպանվում է, ու կա նաև Էլբակյանը, որը տնօրենի հետ քուն-դադար կորցրած, ջանում է պարզել, թե տողերիս հեղինակը ի՞նչ ճանապարհով է ներկա գտնվել «Հարսնացու հյուսիսից» ներկայացման առաջնախաղին: Մի՛ տառապեք` օրինական: Ավելի լավ է ինքնակենտրոնացեք և պատասխանեք Ձեր հրավիրած այն լրագրողների հարցերին, որոնք ընդմիջմանը փորձում էին գուշակել, թե երկրորդ գործողության ժամանակ բեմում ուղղաթիռ կտեսնե՞ն… Անընդունելի է, երբ ներկայացումն ունենում է զուտ տեղական նշանակություն: Տեխնիկական պատճառներով ուրիշ թատրոններում այն չես կարող խաղալ, շրջագայությունները այլ պահանջներ են առաջադրելու, «Մոսկվիչ» ավտոմեքենան, որի ձեռքբերման և վերանորոգման համար գումարներ և աշխատանք է թափվել, հո հրելով ԱՄՆ չե՞ս տանի: Որքա՞ն կտևի տնավարությունը և ինչքա՞ն կձգվի անտանելին: Չմոռանանք. դանդաղ հոսող ջուրն ավելի կործանարար է, քան արագահոսը:


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ