Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ադապտացիան», նախագահի երիտասարդական մրցանակն ու Երևանը

«Ադապտացիան», նախագահի երիտասարդական մրցանակն ու Երևանը
25.05.2018 | 13:28

Երիտասարդ ռեժիսոր ՄԱՆԵՆ (ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ) «Ադապտացիա» ֆիլմի համար արժանացել է ՀՀ նախագահի 2017 թ. երիտասարդական մրցանակին : Էքսպերիմենտալ, վավերագրական իր ֆիլմը Մանեն նկարահանել է 2017-ին, Երևանում: Հերոսները մեր քաղաքի բնակիչներն են: Առանցքում՝ փոփոխվող ու անփոփոխ ժամանակը:

-Մանե, այս կարճ ժամանակահատվածում ի՞նչ ճանապարհ է անցել ֆիլմդ՝ հաջողություններ, մրցանակներ, համագործակցության առաջարկներ...
-Ֆիլմի հաջողությունները սկսվեցին Չինաստանից ։ Այստեղ հաղթեց «Լավագույն մոնտաժ» անվանակարգում «Ասիայի երիտասարդական կարճամետրաժ» ֆիլմերի կինոփառատոնում և ցուցադրվեց տեղի կենտրոնական հեռուստատեսությամբ։ Դրան հաջորդեցին Մոսկվայի բարեգործական կինոփառատոնի երկու մրցանակները՝ «Լավագույն դեբյուտային վավերագրական ֆիլմ» և «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգերում։ Այս փառատոնի ընթացքում միաժամանակ մասնակցում էի «ՎԳԻԿ» միջազգային ուսանողական կինոփառատոնին, ապա Հայաստանում «Կին» միջազգային կինոփառատոնին, որտեղ ստացա «Լավագույն հայկական ֆիլմ» դիպլոմը։ Ֆիլմը մասնակցեց նաև Գերմանիայում տեղի ունեցած «Գրենցլանդ կինոյի օրեր միջազգային» կինոփառատոնին, ապա Սևաստոպոլում տեղի ունեցած «Հաղթել ենք միասին» փառատոնին։ Այժմ «Ադապտացիան» մասնակցում է Սևաստոպոլում, Յարոսլավլում, Մոսկվայում, Թուրքիայի Ալանիա քաղաքում, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցող կինոփառատոներին։ Այսօր այն առաջարկ ունի Լատվիայից ֆիլմի գնման հետ կապված։ Օրերս արժանացավ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին։
-Նշված մրցանակներից, ձեռքբերումներից ինքդ ո՞րն ես հատկապես արժևորում:
-Արտերկրում մրցանակներս ու ձեռքբերումներս ավելի շատ ստացվեցին։ Բայց ինձ համար առաջնային է հայրենակիցների կարծիքն ու գնահատականը, քանի որ ֆիլմի հերոսներն իրենք են և ֆիլմը իրենց մասին է ։
-Գիտեի՞ր, որ ֆիլմդ հաջողություն կունենա:
-Ոչ, ընդհանրապես չէի մտածել այդ մասին:
-«Ադապտացիայի» մեկը մյուսի հետ կապ չունեցող հերոսները կապված են այնքանով, որ մեր քաղաքի բնակիչնե՞րն են:
-Ոչ միայն: Ես կարծում եմ, որ բոլոր մարդիկ կապված են իրար հետ: Իսկ եթե այդ մարդիկ ապրում են նույն ժամանակահատվածում ու քաղաքում, ուրեմն իրար հետ խոսելու անվերջ թեմաներ կունենան։
-«Անցյալի ու ներկայի մարդիկ»… «Ոչինչ չի կատարվում»… ֆիլմի սկզբում նման ուղերձներ են հնչում: Կարծում ես՝ իսկապե՞ս ոչինչ չի փոխվել: «Հնդկական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառը Հայաստանում» գրությունը գալիս է հաստատելու էլի այն միտքը, որ ոչինչ չի՞ փոխվում:
-Ոչինչ չի կատարվում: Սա իմ կողմից արված մի փոքր փիլիսոփայական արտահայտություն է։ Ֆիլմի ամբողջ ընթացքում մեծ հաշվով ոչինչ չի կատարվում: Սա նաև քաղաքին է վերաբերում։ Քչերից եք, ով նկատեց հայկական ավտոբուսի վրա գրված այդ տողը: Իհարկե, հաստատում է այդ միօրինակությունը, քանի որ այդ գրությունը տարիներ ի վեր է արդեն կա և անգամ գույներն են խամրել ու մաշվել:
-Կարծում ես՝ ժամանակը կանգ է առնում դրսու՞մ (փողոցում, քաղաքում, երկրում, աշխարհում), թե՞ մարդու ներսում:
-Ինձ թվում է, որ ժամանակը երբեք կանգ չի առնում: Դեռ չենք հասել այն տիեզերական փուլին, որտեղ կզգանք կանգ: Հենց ժամանակի անվերջ հոսքի շնորհիվ է նկատվում միապաղաղ գնացող տրոլեյբուսը , մուրացկան կինը և դատարկ շարժասանդուղքը։
-Հերոսներդ հիմնականում պատահական անցորդներ են: Ինչո՞վ է այս կամ այն հերոսը գրավել ուշադրությունդ:
-Գրավում է նրանց գործողությունը, պահը, լուսանկարչական պատկերը, կերպարը… բայց առաջին հերթին մարդկանց էներգիաներն են ձգում դեպի իրենց: Ինձ թվում է, որ չկան ոչ ֆոտոգենիկ մարդիկ: Կան ոչ համապատասխան վայրեր, լույս կամ ֆոն: Բոլոր մարդիկ կարող են լինել ֆիլմի հերոս:
-Աղքատություն, անուրախ ծերություն, բարեգործական ճաշարան, արտագաղթ. սրա՞նք են ամենաշատը անհանգստացնում քեզ: Կարելի՞ է ասել, որ ֆիլմի ենթատեքստը քաղաքական է: Որովհետև վատ կյանքին հարմարվելը, կյանքի անուղղակի կամ մեռած ռիթմը ուղղակիորեն կապված է սոցիալ- տնտեսական- քաղաքական խնդիրների հետ:
-Այո, դրանք ամենացավալի հարցերն են ինձ համար։ Նպատակ չեմ ունեցել ի սկզբանե քաղաքական ենթատեքստ տալ այդ ֆիլմին, քանի որ սա պետք է լիներ երևանյան տպավորություններով կառուցված քաղաքի երաժշտական, թեթև ֆիլմ: Բայց աշխատանքս ավարտելուց հետո, ես էլ զգացի, որ իրականությունն այն է, ինչ մենք տեսնում ենք: Եվ այդ սուր հարցերը չեն կարող կապակցված չլինել սոցիալական ճգնաժամի հետ, քաղաքի ու պետության անկման հետ, ի վերջո չքավոր կյանքի հետ... խնդիրները շատ են: Ես դա փորձել եմ փոխանցել տպավորություններով, քանի որ թվելը անհնար է:
-Լուսավոր դետալներ էլ կան ֆիլմում: Սիրահար զույգը գիտի՞, որ հայտնվել է կադրում:
-Շատ մարդիկ չգիտեն, որ դարձել են այս ֆիլմի հերոսները: Եվ հենց դրանում է ցանկացած վավերագրության հաջողությունը: Եթե հերոսները չգիտեն, որ նկարահանվում են, ապա նրանք այնպիսին են, ինչպիսին որ կան։
-Սուսերով՝ շշերով պարը ինչպե՞ս ես մտահղացել:
-Միշտ մտահղացում եմ ունեցել նկարահանել խմիչքներ կամ գործարանի շշեր։ Դրանց նկատմամբ լուսանկարչական աղոտ պատկերացումներս ի վերջո դարձրի պարզ իրականություն։ Նկարահանեցի կոնյակի գործարանի առօրյան, իսկ մոնտաժի սեղանի մոտ աշխատելիս, պատահաբար հեռվից լսեցի Արամ Խաչատրյանի երաժշտությունը, և մի քանի րոպեում այդ դրվագը ամբողջովին փոխվեց՝ դառնալով շշերով պար։
-Գրական միջոցառումից արված կադրերը ի՞նչ կարող են ասել ֆիլմի ընդհանուր կոնտեքստում:
-Այս դրվագն էլ ևս մի գիծ է քաղաքի դիմանկարում։ Այստեղ մարդիկ են հավաքվել, ովքեր գրական ցերեկույթ են անցկացնում: Ընթերցված բանաստեղծությունը ևս մի ապացույց է, որ միապաղաղ է այս մարդկանց կյանքը այս ժամանակում ու քաղաքում։
-Եթե հենց այսօր նկարահանեիք այս ֆիլմը` նու՞յն շեշտադրումները կլինեին: Ինչ-որ բան է փոխվել մեր քաղաքում (երկրում) գոնե ադապտացիայի առումով: Ճիշտ հակառակ պատկերն է: Մարդիկ էլ ոչնչի հետ հարմարվել- հաշտվել չեն ուզում:
-Ես միշտ շրջում եմ տեսախցիկով: Նայելով իմ նկարահանած նոր, 2018 թվականի Երևանին, հասկանում եմ, որ այս ժամանակի մարդիկ չեն ադապտացվել: Այս նույն ծեր մարդիկ պատրաստ են փոխել 2017 -ի, երեկվա Երևանը: Ժամանակը ամեն բան ցույց կտա: Գուցե մի ուրիշ ֆիլմ նկարահանվի մեկ այլ քաղաքի մասին: Ամեն րոպե կարող են փոխվել իրողությունը և մարդու տեսակը: Դրա համար կարելի է ասել, որ վավերագրությունը այդ պահի հավերժացումն է և հենց այդ օրվա հավերժացումը, որը հնանալով ավելի հավերժական է դառնում։
-Ըստ քեզ՝ ի՞նչ կասի երևանյան այս քրոնիկան այլազգի կինոդիտողին:
-Այս արդեն հասցրել եմ քիչ թե շատ հասկանալ: Նրանք զարմանալիորեն լավ են հասկանում այն, ինչ ես ցանկացա ցույց տալ: Բայց ինձ համար շատ տպավորիչ է, որ այլազգի ներկայացուցիչների համար ֆիլմում կան դետալներ, որոնք նրանք համարում են ստեղծագործական լուծումներ, հայկականություն են տեսնում դրանցում, օրինակ, հենց նույն շշերի տեսարանը, կամ էլ մետրոյի դրվագը։ Կարծում եմ` որտեղ կա մարդը, այնտեղ միշտ հետաքրքիր է ուսումնասիրելը։ Ազգը կապ չունի, կարևորը մարդիկ իրենց տեսնեն ուրիշների մեջ, նույնացնեն իրենց ուրախությունը կամ մխիթարվեն մեկը մյուսով:
-Հայ հանդիսատեսը ե՞րբ կարող է դիտել «Ադապտացիան»:
-Մոտ օրերս սպասվում է ցուցադրություն: Համացանցում տարածում կլինի, կարծում եմ հետաքրքրվողները կարող են տեղեկանալ:
-Ինչի՞ մասին է լինելու հաջորդ ֆիլմը:
-Հաջորդ ֆիլմը արդեն իսկ նկարահանված է: Սա իմ դիպլոմային աշխատանքն է։ Ֆիլմը մեր օրերի մասին է, այն մասին, թե ինչ վտանգներ է ստեղծում մարդ արարածը իր տան՝ Երկիր մոլորակի համար, և արդյո՞ք ժամանակը չէ հետ կանգնելու։
Սա նույնպես մոնտաժային ֆիլմ է։ Կա հատված Չեխովի Ճայից, որը պրոդյուսերի՝ Արարատ Գրիգորյանի հետ միասին որոշել ենք ներկայացնել որպես տիեզերագնաց: Սա արդեն գլոբալ խնդիրների մասին է: Այս ֆիլմն էլ կունենա ցուցադրություն մոտ օրերս։


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3375

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ