«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դավաճաններին նզովում են ոչ միայն կենդանության օրոք

Դավաճաններին նզովում են ոչ միայն կենդանության օրոք
15.06.2018 | 00:47

Թշնամիները որոշել են Արցախի Հանրապետությանը հարվածել ներսից: Այո՛, այո՛, թշնամիները: Եվ կարևոր չէ, թե Ստեփանակերտի վերջին միջադեպերի ժամանակ ով էր արդար, ով էր մեղավոր, արդարացի՞ էին հանրահավաքների մասնակիցների վրդովմունքն ու պահանջները: Որովհետև միայն թշնամին է հանրահավաքներ կազմակերպում պատերազմի ժամանակ և ռազմաճակատի այն տեղամասերի անմիջական մերձակայքում, որտեղ 2016-ի ապրիլին զոհվում էին և՛ «քաղաքացիական ակտիվիստների», և՛ Ստեփանակերտում պարապ թրև եկողների, և՛ այլոց, ասենք, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ու տեղական աստիճանավորների կյանքն ու անվտանգությունը պաշտպանող հայ երիտասարդները: Խիղճ չեն ունեցել և չունեն նրանք, ովքեր ուրախացան փողոցային անկարգությունների համար և իսկույն «Հանրահավաքի կազմկոմիտե» ստեղծեցին:

Արդյունքում կադրային փոփոխություններ եղան, իբր հանրահավաքավորներն են պահանջում: Իսկ եթե վաղը ձեր հանրահավաքավորները երկնքից Լուսինն ուզեն, ի՞նչ է, էլի՞ պիտի «ճարեք», այ, այսպես կոչված «ոչկառավարական կազմակերպությունների» հաճկատարներ: Արցախի ու Հայաստանի հանրապետություններն իրենց վերաստեղծման օրվանից ապրում ու զարգանում են «հաղորդակից անոթների տեսության» համաձայն: Ինչ կատարվում է Հայաստանում, նույնն արվում է Արցախում և հակառակը: Եվ պետք չէ «լոլո կարդալ», թե մարդիկ «դժգոհ են»: Մարդիկ ամեն ինչից են դժգոհ. համարյա ամեն երկու ընտանիքից մեկում կինը մարդուց է դժգոհ, մարդը՝ կնոջից, մեկը՝ զոքանչից, ուրիշը՝ սկեսուրից ու սկեսրայրից: ՈՒրեմն դուրս եկեք փողոց ու «հրաժարական» պահանջեք: Հրաժարեցնել բոլոր կանանց ու ամուսիններին: Երեխաների՞ց են դժգոհ, կորչեն երեխաները: Ինչու՞ չէ: Բայց չէ՞ որ երկիրն էլ մի մեծ ընտանիք է: Ի՞նչ է, հասել եք 2018-ին և այդպես էլ չե՞ք հասկացել այդ պարզ ճշմարտությունը:


Պետք է քննել ու հասկանալ, թե Ստեփանակերտի վերջին միջադեպերում ով էր այն վարձու սադրիչը, որի սադրանքից հետո տեղական «ժողովրդավարական ոչկառավարական կազմակերպությունները» (իմա՝ Արևմուտքից սնվող) դիմեցին աննախադեպ դավաճանութան՝ «խաղաղ պահանջների» և «խաղաղ պարերի» տեսքով թիկունքում անկարգությունների կազմակերպման (կամ՝ կազմակերպման փորձի): Ի՞նչ է, հրապարակներում պարե՞լ ուզեցիք: Գրոհեք Բաքվի վրա, գրավեք ու նրա հրապարակներում հաղթական պար պարեք, այնպես, ինչպես մեր նախնի հայրենակիցները 1945-ին Բեռլինում էին պարում նվաճված ռայխստագի ֆոնին: Այդքան ուժ ու խիզախություն չունե՞ք նախնիների սխրանքը կրկնելու համար: ՈՒրեմն լռեք և օրինաբար հասեք արդարության:


Բայց նախ փորձենք հասկանալ, թե ինչ էր կատարվում այնտեղ՝ ճակատի գծից հաշված կիլոմետրերի վրա: Ընդ որում, հղում անելով Ստեփանակերտի բնակչին՝ հայտնի հայրենասեր, բլոգեր «Լեռնայինին»: Ինչու՞ եմ նրան հավատալու կոչ անում: Որովհետև նա խաբեբա չէ, պատերազմի մասնակից է, անձամբ կռվել է և ուրիշների թիկունքում չի թաքնվել:
Ահա թե ամենաթարմ հետքերով Ֆեյսբուքի իր էջերում ինչ է հաղորդել «Լեռնայինը»: Մեջբերում եմ. «Ստեփանակերտում կատարվող իրադարձությունների մասին զանազան հորինվածքներին, ասեկոսեներին ու ենթադրություններին վերջ տալու համար հաղորդում եմ հետևյալը: Երեկ երեկոյան երկու քաղաքացու և Արցախի ԱԱԾ-ի հատուկ նշանակության ջոկատայինի միջև կենցաղային հողի վրա վիճաբանություն է եղել: Երբ վեճը վերածվեց տուրուդմփոցի, հատուկջոկատայինն օգնություն կանչեց: Ժամանեց օգնությունը (10-20 մարդ՝ տարբեր տեղեկություններով): Արդյունքում՝ երկու քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում, տարվել են հիվանդանոց (բազմաթիվ վնասվածքներ ու կոտրվածքներ, այդ թվում՝ ծնոտի): Զայրացած հարազատներն ու նրանց միացածները փակեցին Արցախի հատուկ ծառայության հենակետի մուտքը: Այնուհետև՝ ավտոկայանի մոտի ճանապարհը: Պահանջում էին պատժել մեղավորներին: Աստիճանաբար պահանջները դարձան ավելի քաղաքականացված: Բողոքավորները դիմեցին Արցախի նախագահին՝ պահանջելով հեռացնել ուժային կառույցների բոլոր ղեկավարներին, քանի որ առաջին դեպքը չէր, երբ այդ կառույցների աշխատակիցները, խախտելով օրենքը, ծայրահեղ դաժան էին վարվում հասարակ քաղաքացիների հետ:


Բնականաբար, բողոքողներին անմիջապես միացան իշխանության կերակրատաշտից հեռացված զանազան անհատներ և «ընդդիմադիր» պատգամավոր Հայկ Խանումյանը, որն ավելի քան մեկ տարի առաջ գլխին հարվածներ էր ստացել հատուկջոկատայինի կազմվածքով (ըստ նրա), չպարզված անձանց կողմից: Ըստ վերջին տվյալների (Խանումյանի հնչեցրած), Արցախի նախագահի հետ բանակցությունից հետո, Բակո Սահակյանը մտադիր է պաշտոնից հեռացնելու հատուկ ջոկատի անմիջական հրամանատարին և այն վարչության պետին, որին ենթարկվում են նրանք, Արցախի գլխավոր դատախազին հանձնարարել է ստուգել ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների նախկին ապօրինի գործողությունները: Ավտոկայանի շրջանում Ազատամարտիկների փողոցը շրջափակված է Արցախի ճանապարհային ոստիկանության մեքենաներով: Հանրահավաքավորների թիվը շատ է նվազել, բայց նրանք դեռ կան...»: Շա՞տ համառոտ է: Այո, զինվորավարի կարճ է, բայց հիմնական բնութագրերը կան: Նշված է արևմտամետ Հայկ Խանումյանի դերը: Առաջին անգամ չէ, որ այդ անձը տակնուվրա է անում հասարակությանը: ՈՒ՞մ էին պաշտպանում արևմտամետ Խանումյանը և «իշխանության կերակրատաշտից հեռացված զանազան անհատները»: Նրանցից մեկի մասին, կրկին Ֆեյսբուքի էջում, Ստեփանակերտի բնակիչները հաղորդում են, որ նա ամբողջ քաղաքում հայտնի թմրամոլ է: Ես չեմ ասում, որ եթե մարդը թմրամոլ է, նրան կարելի է խեղդել: Բայց եկեք մտորենք. այդ ինչու՞ զայրացած ստեփանակերտցիները և մյուսները չեն բողոքում, որ երկուսով հարձակվել են մեկի վրա:

Մի՞թե դա ստեփանակերտցի հայերի սովորույթն է: Մեկը մեկի դեմ չեն համարձակվում, իսկ երկուսով մեկի վրա՝ խնդրեմ: Եվ բոլորն ուզում են, որ այդ երկու հարձակվողներն անպայման «խեղդե՞ն» հատուկջոկատային զինվորականին: Ես Արցախի բնակիչ չեմ: Բայց ես պահանջում եմ պատասխանատվության ենթարկել այդ երկու «քաջերին»: Թե՞ Ստեփանակերտում կարելի է, որ քաղաքացիական անձինք հարձակվեն զինվորականների վրա: Երկրորդ հարցը. այդ ի՞նչ հատուկջոկատային է, որ չի կարողանում «տեղը դնել» ընդամենը երկու հոգու, որոնցից մեկը թմրամոլ է: Այդ ի՞նչ անձնակազմ ունի Արցախի հատուկ նշանակության ջոկատը, որ այդ մի հատուկջոկատայինն ստիպված օգնության կանչեց, այն էլ՝ 10-20 հոգու: Հարձակվողները զե՞նք ունեին, սպառնու՞մ էին հատուկջոկատայինի կյանքին ու առողջությանը: Ինչու՞ այդ հարցերը հրապարակավ չեն հնչում:


Երրորդ հարցը. այդ ո՞ր սրիկան է սկսել տուժածների հարազատների սովորական պահանջները դարձնել «ավելի քաղաքականացված»: Ինչու՞ մինչև հիմա նշված չեն պանթյուրքիստների գործակալների անունները: Քանի՞սն են նրանք ՝ մե՞կը, երկու՞սը, քսան-երեսու՞նը: Չորրորդ հարցը. ինչու՞ Արցախի իշխանությունները պետք է պատճենեն Հայաստանը և Արցախի Հանրապետության տարածքում չհայտարարեն ռազմական դրություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: 2016-ի ապրիլի սկզբի ողբերգական դեպքերը պետք է համոզեին Արցախի քաղաքական և զինվորական ղեկավարությանը, որ մեր երկրորդ պետությունը պարզապես իրավունք չունի շռայլություն թույլ տալու՝ համարելու, որ արդեն խաղաղություն ու երանություն է, և դադարեցնի խիստ վերահսկողությունն ու կարգապահությունը թիկունքում: Կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» պայմաններում վերահսկողության և կարգապահական խստության ուժեղացման գծով լուրջ որոշում ընդունելու համար մի՞թե կրկին հարկավոր է մի քանի տասնյակ կամ հարյուր հայ երիտասարդների կյանքը: Արցախցիներ, Հայաստանում այն ամենը, ինչ կա, ինչ ստեղծվում է, ժողովրդի բարեկեցության համար չէ. ժողովուրդը մշտապես խաբված «կատեգորիա» է: Դու՞ք ինչու եք ուզում կրկնել այն բոլոր հիմարությունները, որոնք ժամանակ առ ժամանակ լինում են Հայաստանում: Ձեր սահմաններին և երկրի ներսում 1994-ից հետո պատերազմը ոչ մի րոպե չի դադարել, և ես՝ Հայաստանի քաղաքացիս չէ, որ պետք է դա ձեզ հիշեցնեմ ու բացատրեմ:
Եվս մեկ հարց. մի՞թե Արցախում տեղացի ողջամիտ քաղաքացիներ չկան, որ Հայաստանի վարչապետի դիմումը պահանջվեց հանրահավաքները դադարեցնելու համար: Որտե՞ղ են պետական իշխանության ինստիտուտների խստությունն ու ներգործությունը: Կամ՝ Երևանից հետո Արցախու՞մ էլ ինչ-որ շրջանակներ որոշեցին, որ պետական ինստիտուտներ հարկավոր չեն, որ ամեն ինչ կարելի է և պետք է լուծել «փողոցում»:

Լսեք, պետությունը մեծ գյուղի ձեր այդքան սիրելի պատկերը չէ: Այստեղ հարցերը չեն կարող և չպետք է լուծվեն գյուղական ժողովի մակարդակով: Պետմակարդա՞կ չեք ուզում, գյու՞ղ եք ուզում: Այդ դեպքում՝ կա՛մ պետություն, կա՛մ գյուղ: Ի միջի այլոց, նույնը վերաբերում է Հայաստանին: Միայն հունիսի 5-ին հայտարարվեց, որ Ստեփանակերտի ծեծկռտոցի գործով ձերբակալություններ են եղել: Նախաքննությունն իրականացնող մարմինն այդ գործով մեղադրանք է ներկայացրել Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վլադիմիր Ղարամյանին: Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ձերբակալությունը: Վերջինը Արցախի ԱԱԾ-ի նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին է: Հը՞, հասա՞ք ձեր ուզածին, որ պաշտոնից հեռացվի Արցախի անվտանգության ոլորտի բարեփոխմամբ զբաղվող մարդը: Այդքանից հետո մի՞թե դուք առնվազն ադրբեջանական գործակալներ չեք:


Verelq.am կայքը հունիսի 7-ին նշում էր. «Ցանցում հայտնված տեսանյութերում հստակ երևում է, որ տուրուդմփոցն սկսել են քաղաքացիական անձինք՝ երկուսով հարձակվելով հատուկջոկատայինի վրա, հետո միայն վրա են հասել վերջինիս ընկերները, որոնք ծեծել են ծեծկռտուքն սկսողներին: Արդյունքում 15 հոգի բերման է ենթարկվել: Ժողովուրդը բողոքի գործողություններն սկսեց ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով, որոնք, ըստ ակտիվիստների, «Արցախում կամայականություններ են սարքում»: Հունիսի 6-ին հրաժարական տվեցին Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը, ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը: Հունիսի 6-ի երեկոյան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը վերոնշյալ պաշտոններում նոր նշանակումներ արեց»: Այ ակտիվիստներ, ո՞րն էր իշխանությունների կամայականությունը տվյալ դեպքում: Որ երբ ձեր երկուսը անհայտ դիտավորությամբ հարձակվեցին մեկի վրա, նրան օգնելու նետվեցին նրա ընկերնե՞րը: Մեկ անգամ էլ կրկնեմ. պետք է վերջին տականք և արտասահմանյան գործակալ լինել կենցաղային տուրուդմփոցը իշխանության կամ անիշխանության հարց դարձնելու համար, քանի որ փողոցին զիջելը վաղ թե ուշ հանգեցնում է ոչ թե պարզապես անիշխանության, այլ անարխիայի և իշխանության մեջ թշնամու գործակալության թափանցման:


Վաղուց ժամանակն է, որ Արցախն ունենա սեփական հայացքը կյանքի ու նրա հեռանկարների վերաբերյալ: Օրենք ընդունեք, որ բոլոր այն ոչկառավարական կազմակերպությունները, որոնք ստանում են գումարներ, որոնց «արմատներն աճում են» Արևմուտքում (նույնիսկ եթե այդ գումարները տեղ են հասնում Հայաստանով), պարտադիր կարգով գրանցվեն որպես արտասահմանյան գործակալներ, և ողջ ժողովուրդն իմանա, թե ումից սպասի ստորություն ու դավաճանություն: Դուք եք ապրելու Արցախում, դուք էլ որոշեք, թե ինչ եք ուզում: Կախվածությու՞ն, թե՞ անկախություն: Ցեղասպանությու՞ն, թե՞ պարզապես հպատակություն թուրքերին (հերթական անգամ): Անգիր իմացե՛ք՝ թուրքերը գերհրճվում են, երբ երկպառակություն են տեսնում հայերի թիկունքում, երբ երկու-երեք տականք կամ պարզապես խոսելացավով տառապող շաղակրատ կարող են պայթեցնել Հայաստանի կամ Արցախի հանրության կայունությունը: Եվ հիշեք՝ Արցախի զինված ուժերը միշտ իրավունք ունեն ստանձնելու թիկունքի կարգուկանոնի և կայունության ողջ պատասխանատվությունը: Դա Հայաստանի և Արցախի շուրջն ստեղծված ծանր իրավիճակի պահանջն է: Դա է պահանջում այն քաղաքացիների դրսևորած անպատասխանատվությունը, որոնք փափագում են վերադառնալ իշխանության կերակրատաշտին, որից նրանց ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ հեռացրել է, կամ էլ երազում են իբր «քաղաքացիական հասարակության» գծով արևմտյան հոնորարների ավելացման մասին: Եվ հիշեք՝ դավաճաններին նզովում են ոչ միայն կենդանության օրոք:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 6233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ