Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ալիևն ու Փաշինյանը քաղաքական տանգոյում

Ալիևն ու Փաշինյանը քաղաքական տանգոյում
16.06.2018 | 11:22

Կատարվեց ինչ կանխատեսված էր` Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեկտեղեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Միջնորդը դարձավ առաջնության տանտերը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաշինյանը հանդիպումից հետո ասաց. «Ֆուտբոլային հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը կազմակերպել էր փոքր ընդունելություն ԱՊՀ երկրների ղեկավարների ձևաչափով: Այնտեղ էր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ռուսաստանի նախագահը մեզ ծանոթացրեց:

Տեղի ունեցավ ծանոթացման արարողություն, եթե կարելի է այդպես անվանել: Մենք պարզապես ծանթացանք: Դա տեղեկություն է, որ դուք պետք է իմանաք: Ոչ մի խոսակցություն, առարկայական քննարկում չի եղել»: Այդ իրավիճակներում առարկայական քննարկումներ չեն լինում ու չեն կարող լինել: Նման հանդիպումներն ու բանակցությունները երկար նախապատրաստում են դիվանագետները: Առավել ևս, որ Փաշինյանը նոր մարդ է մեծ քաղաքականության մեջ: Ի տարբերություն Ալիևի` առավել փորձառու ու հնարամիտ այդ առումով: Բայց արդեն նրանց անձնական ծանոթության բուն փաստը Մոսկվայում` Պուտինի մասնակցությամբ, նշանակում է քաղաքական տանգոյի սկիզբ, թեպետ դեռ ոչ ոք չգիտի` ի՞նչ պար են նրանք մտադիր, եթե մտադիր են, պարել: Նման պատկերավոր համեմատությունը միանգամայն տեղին է թեկուզ այն պատճառով, որ Ալիևը Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ տանգո էր պարում ղարաբաղյան միլոնեգրոյի ոճով` հրապարակայնորեն խոսում էին կոնֆլիկտի կարգավորման խնդիրների ու հակասությունների մասին, սակայն փաստացի մերձ գրկախառնումի մեջ էին` հաճախ հենվելով միմյանց վրա: Երկար տարիներ լսվում էր բուռն քաղաքական երաժշտություն, զուգընկերները պտտվում էին մեկ տակտով, մեկ տակտից դուրս: Իրենց տանգոն նրանք ավարտեցին նրանով, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունները շարունակվում են, իսկ արդյունքներ չկան: Այդ պատճառով երբ Փաշինյանը հայտարարեց ԵԱՀՄ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացում Արցախի Հանրապետության ներգրավման անհրաժեշտության մասին, սկսեց թվալ, որ Անդրկովկասում տեմպն արագացնում են մինչև արգենտինյան տանգո` ազատ կոմպոզիցիայով ու եռանդուն ռիթմով: Իսկ այնտեղ հաճախ է լինում, որ պարահրապարակում կամ պարահրապարակից դուրս ևս մեկ զուգընկեր կա, որ բարձրաձայն ծափահարում է` պահանջելով տեղն իրեն զիջել: Եվ այդ զուգընկերը Ստեփանակերտն է: Սակայն երաժշտությունը կարծես թե սկսում է մարել, որ երևում է փաստերի, իրադարձությունների ու գործընթացների պարզ թվարկումով: Հունիսի 7-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ «եթե կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված է լինելու բանակցություններում, դա կլինի իրենց որոշումը և մենք այդ որոշումը կհարգենք»: Բաքուն դեմ է Ստեփանակերտի մասնակցությանը բանակցություններին: Հունիսի 12-ին Երևանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նախօրեին նրանք հայտարարեցին, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի նոր ղեկավարության հետ: Ծանոթացան:

Այցի արդյունքներով ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնական հայտարարություն տարածեցին, որով հաստատեցին «ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ լուծման համար կողմերին աջակցելու վճռականությունը` Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա, ներառյալ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքները»: Նաև հաղորդվեց, որ քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարցը: Հետևաբար` կատարվում է ևս մեկ կանխատեսում, որ Երևանն այս փուլում կամ հրաժարվում է, կամ սառեցնում Ստեփանակերտին բանակցություններում ներառելու «Փաշինյանի բանաձևը»: Այդ դեպքում միանգամայն հիմնավորված է ենթադրությունը, որ Մամեդյարովի ու Մնացականյանի բանակցություններում կքննարկվի Ալիև-Փաշինյան հանդիպման հնարավորությունը: Այդ ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Նրա հետ հանդիպեց նաև Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը: Երկու դիվանագետները քննարկում էին հին հարցեր, որ վերաբերում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմակերպած մշտադիտարկումներին: Արցախի բանակցություններում ներառվելու հնարավորությունների մասին, Արցախի նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը ասաց. «Դա չի նշանակում, որ բանակցությունները պետք է հենց հիմա սառեցվեն, բայց զուգահեռ պետք է նոր որակ հաղորդել լիարժեք ձևաչափի վերականգնման աշխատանքներին»: Տեսականորեն ենթադրելի է, որ երկու երկրների ղեկավարները առաջիկա բանակցություններում այս կամ այն ձևով անդրադառնալու ու քննարկելու են բանակցություններում Արցախի ներգրավման հարցը: Բացառված չէ, որ Բաքուն որոշակի հանդիպակաց պայմաններ կառաջադրի: Ոչ ոք դեռ չգիտի` Փաշինյանը կպահպանի՞ նախկին գաղտնիության կարգը, թե՞ կփոխի խաղի կանոնները` հասարակությանը փոխանցելով իրադարձությունների նյուանսները:Առայժմ նա քաղաքական կշիռ է հավաքում: Մոսկվա այցից ու Պուտինի հետ հանդիպումից հետո, ում հետ Փաշինյանի խոսքով` ստեղծվում են «առանց մութ անկյունների հարաբերություններ», նա պատրաստվում է «առաջիկայում մեկնել Բրյուսել» և ընդհանրապես մտադիր է վարել առավել ակտիվ արտաքին քաղաքականություն: Առայժմ հնարավոր է արձանագրել միայն` Ղարաբաղի վրա նորից տանգո միլոնեգրոն է հնչում:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM

Հ.Գ. Ղարաբաղի վրա գուցե միլոնեգրո տանգո է հնչում, բայց Ղարաբաղում քաղաքական քոչարի են պարում: Տարօրինակ է, որ Ղարաբաղը Հայաստանին չի միացվել, բայց Հայաստանի իրադարձությունները թավշե հեղափոխության տեսքով Արցախում վերարտադրելու փորձեր են արվում` առանց ձևի համար գոնե Շուշիից ոտքով Ստեփանակերտ քայլելու:

«Մինչև 2020-ը Արցախում պետք է լինի անկուսակցական նախագահ, ով կապահովի ազատ ու արդար ընտրություններ»` հայտարարել է ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Հանրահավաքները շարունակվելու են` Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: Թեպետ նա արդեն ասել է, որ 2020-ին իր թեկնածությունը չի առաջադրելու: Խանումյանը հայտարարում է, որ հանրահավաքների վերջնանպատակը 2020-ի ընտրություններն ազատ ու արդար անցկացնելն է, բոլոր կուսակցությունների համար հավասար պայմաններ ստեղծելը: Նա կարծում է, որ Բակո Սահակյանը և «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունն այն ուժերն են, որոնք սահմանադրական փոփոխություններ են անցկացրել և չեն կարող ապահովել ազատ ու արդար ընտրություններ: «Թե նախագահը, թե ԱԺ նախագահը պետք է փոխվեն: Պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր ի վիճակի են ապահովել նման ընտրությունների անցկացում»` կարծում է պատգամավորը և ինքն իրեն հակասում, որ ոչ թե իշխանափոխություն, այլ՝ փոփոխություն է ուզում` «Մինչև 2020-ը պետք է լինի մի նախագահ, ով կլինի ոչ կուսակցական, ընդունելի բոլորի համար, հեղինակություն վայելող և կպատրաստի երկիրը ընտրություններին»: Չի բացառվում, որ հաջորդ քայլով Արցախում ևս արտահերթ ընտրությունների խնդիր դրվի: Փաստացի` Արցախի քաղաքական ու ոչքաղաքական ինչ-որ ուժեր ջանում են հայաստանյան իշխանափոխության տեխնոլոգիաները պրոյեկտել իրենց երկրում` լարել իրավիճակը և իշխանափոխության անել: Ինչու՞ սպասել2020-ին, երբ հայտնի չէ, թե ինչ իրավիճակ կլինի Հայաստանում ու Արցախում, տարածաշրջանում ու աշխարհում: Չի բացառվում, որ հեղափոխությունը Հայաստանից արտածվում է Արցախ` հիմա ու հետո առավել հարմար ու կառավարելի իրավիճակ ստանալու համար:

Իսկ պատերա՞զմը: Համարենք, որ իրավիճակը վերահսկելի է այնքան, որ արտաքին վտանգը երկրորդ պլան կմղի ներքաղաքական խնդիրները: Համենայն դեպս` ինտրիգը սրվում է, երբ Երևանում ազատ է արձակվում Սամվել Բաբայանը և անմիջապես հայտարարում, որ Հայաստանի իշխանություններն են որոշում իր ինչ անելը. «Իմ Արցախ գնալը կախված է Հայաստանի իշխանությունների որոշումից: Եթե Հայաստանի իշխանությունները, Հայաստանի հասարակությունը որոշի, որ ես պիտի էնդեղ լինեմ, ուրեմն ես կլինեմ էնդեղ: Բայց ներկա վիճակում Բաբայանը ոչ մի տեղ ոչ մտադիր ա գնա, ոչ մտադիր ա դեստաբիլիզացիա անի, ինչ-որ խնդիրներ դնի: Դա շատ լուրջ խնդիր ա, դա պետական խնդիր ա: Նրանք էլ, ովքեր հայտարարում են, մի պահ մտածեն ու հասկանան: Եթե կարծում են էդ պատասխանատվությունը ամեն մեկը կարա գնա, վերցնի իրա վրա, ուրեմն ապուշ են: Չի կարելի»:

Ապուշ են, թե ապուշ չեն, բայց փորձում են: Իսկ Սամվել Բաբայանը փաստացի` բաց տեքստով ասում է` ուզու՞մ եք, կգնամ ու իշխանությունը իմ ձեռքը կվերցնեմ, բայց ձեր պատասխանատվությամբ: Համենայն դեպս` երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը արցախցիներին չի հորդորել դեռ հանդարտվել ու կառուցողական քայլերով իրավիճակը լիցքաթափել: Ակնհայտ է, որ Բակո Սահակյանի իշխանազրկման շարժումը սկսվել է այն հաշվարկով, որ Սամվել Բաբայանը վերադառնա ու իր քայլն անի: Պե՞տք է դա Արցախին ու արցախցիներին: Իրականում ոչ: Սամվել Բաբայանը այն սերնդի ու այն համակարգի մարմնավորումն է, որի դեմ թավշե հեղափոխություն է լինում: Արգենտինական տանգո չի ստացվի: Իսկ եթե ստացվի, պարողները բոլորովին այլք են լինելու: Ալիևը թող սպասի ու փորձի հասկանալ` ի վերջո ի՞նչ է կատարվում Հայաստանում ու Արցախում, ու՞մ հետ է բանակցելու ու ինչի՞ համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ



Դիտվել է՝ 4372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ