Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իբրանոսյան

Իբրանոսյան
06.07.2018 | 03:15

Ժամանակակիցների, քո կողքին ապրողների ճիշտն ու սխալը որոշելն անիմաստ բան է, որովհետև ժամացույցի սլացքն ընթացքի մեջ է, և հեշտությամբ կարող ես սխալվել: Ի սկզբանե դատավոր չես: Շատ ավելի դյուրին է կյանքն ավարտած պատմական դեմքերին կշռադատելը: Բայց այստեղ էլ ես առնչվում բացառությունների:


Ես մի քանի տարի ուսումնասիրեցի այդ մարդու կյանքն ու գործը, սակայն այդպես էլ չկարողացա հանգել միանշանակ եզրակացության: Չպարզեցի արդարն ու անարդարը, լավն ու վատը: Ինձ մնում է լոկ բարեխղճորեն, անաչառ շարադրել այդ զարմանալի, տարօրինակ կերպարի պատմությունը:

Հաջի աղան Լոնդոնում ավարտել էր մանուֆակտուրային դժվար բանակցությունները, Պա դը Կալեն հատել, հասել էր Փարիզ ու, չնայած խիստ հոգնությանը, շտապեց կայարան: Նա առհասարակ շտապում էր օր առաջ հասնել Պոլիս, ուր ամբողջ գործը մնացել էր ավագ եղբայր Եփրեմի ու նրա որդիների ուսերին:
Հաջին գնեց Փարիզ-Բելգրադ գնացքի երրորդ կարգի վագոնի տոմս: Թեպետ կարող էր ոչ միայն առաջին կարգի, այլև ամբողջ գնացքի բոլոր տոմսերը գնել, բայց նա ուներ անխախտ սկզբունքներ` լինել խնայասեր, փողը չշռայլել ու երբեք փողով չհպարտանալ:


Մտաբերեց տարիներ առաջ եղած մի դեպք: Ինքը Պոլսից մեկնում էր Բրուսա` տեղի մասնաճյուղի գործերը քննելու և, սովորության համաձայն, ճամփորդում էր երրորդ կարգի վագոնով: Հանկարծ անցնելիս իրեն տեսավ համերկրացի` ամասիացի մի վարժապետ, որին ճանաչում էր: Երբ նա զարմացած հարցրեց. «Հաջի, դու այդքան հարուստ մարդ, ինչու՞ ես երրորդ կարգի վագոնով ճամփորդում», հազիվ զսպեց կատաղությունը: «Տո, քե՞զ ինչ, քո ի՞նչ բանն է»,- քիչ մնաց պատասխաներ, բայց իր բամբ ձայնով քթի տակ մռթմռթաց.
-Որովհետև չորրորդ կարգի վագոն չկա:


Ապշահար վարժապետի բերանը բաց մնաց, բայց ապիկարը հետո Պոլսի թերթերից մեկում գրեց այդ մասին: Իբր, իրեն ծաղրելու, ժլատությունը ցույց տալու, վարկաբեկելու համար: Ջհանդա՛մը, հաջի աղան նման մանր բաների ուշադրություն չէր դարձնում:
Փարիզյան գնացքի երրորդ կարգի վագոնը տարբերվում էր թուրքականից: Ճիշտ է, այստեղ, ասես, գտնվում էր բաբելոնյան աշտարակից պոկված քարաբեկոր` տարբեր ազգությունների մի խառնամբոխ, բայց ժխոր չկար, բոլորը լուռ էին, ամեն մեկը` իր մտքերի, դարդ ու ցավի հետ:


Հաջի աղան տեսավ երկու մուհաջիր թուրքի մոտ ազատ տեղ, նստեց նրանց կողքին` պինդ գրկելով սակվոյաժը: Նրա հաշվարկը պարզ էր` օրուկես տևողությամբ, մի գիշեր հետո հասնել Բելգրադ, այնտեղից ցանկացած փոխադրամիջոցով հայտնվել տանը:
Օրվա ընթացքում մեկ անգամ գնաց վագոն-ռեստորան` ճաշելու, մեկ անգամ էլ իջավ ավստրիական ինչ-որ կայարանում` ոտքերը մարզելու:
Վրա հասավ երեկոն, և գնացքի միապաղաղ ճոճքի տակ ճանապարհից հոգնած Մարուքե Իբրանոսյանը քնեց` գլուխը հենելով երկաթե ձողին:
Կեսգիշերն անց էր, երբ գնացքը հատեց Սերբիայի սահմանը: Եվ ճիշտ այդ ժամանակ մի խումբ գնչու ձիագողեր փախցրին հարուստ սերբ ագարակատիրոջ երամակը: Մեկ ժամից էլ պակաս ժամանակ էր մնացել մինչև Բելգրադ, երբ մեքենավարը ուշացումով նկատեց երկաթուղագծերի վրայով անցնող ձիերին: Մտածելու ժամանակ չկար, և մեքենավարը կտրուկ արգելակեց:
Երրորդ կարգի վագոնում Իբրանոսյանի գլուխը ցնցվեց, հետուառաջ արեց և ամբողջ թափով զարնվեց երկաթե ձողին: Հարվածից նա մեռավ, ու դժվար է ասել` հասցրե՞ց արթնանալ, թե` ոչ:
Վագոնում խուճապ առաջացավ, գոռում-գոչյուն տարածվեց, շատերը կոտրվածքներ ու վնասվածքներ ստացան: Չգիտես որտեղից ոստիկաններ հայտնվեցին, որոնք գտան ընդամենը մեկ մեռածի, որի դին տեղափոխեցին Բելգրադ:
1920 թվականի հոկտեմբերի 18-ն էր:


Ոստիկանները մահացածի գրպանից հայտնաբերեցին անձնագիրը և առավոտյան հեռագիր ուղարկեցին փաստաթղթում նշված հասցեով:
Հոկտեմբերի 20-ին Բելգրադ հասան Եփրեմ Իբրանոսյանը և նրա որդի Կարապետը:
Փողը բոլոր հարցերը լուծեց: Դիակնոցում անհրաժեշտ գործողություններն արեցին, հանգուցյալին պատշաճ տեսքի բերեցին, հագուստը փոխեցին ու դրեցին թանկարժեք շքեղ դագաղի մեջ:


Մինչ հայր ու որդի Իբրանոսյաններն իրենց հարազատին Պոլիս կհասցնեին, տեղական բոլոր հայկական, թուրքական և օտարալեզու թերթերն արդեն տպագրել էին հաջի աղայի սենսացիոն մահվան բոթը: Ֆրանսիական «Օրիենտ» թերթը նույնիսկ գրել էր, որ դժբախտ պատահարի` երկաթուղային աղետի զոհ էր դարձել ոչ միայն Թուրքիայի, այլև Մերձավոր Արևելքի ամենահարուստ մարդը:
Հոկտեմբերի 23-ին դին հասավ Պոլիս, իսկ հաջորդ օրը` կիրակի առավոտ, Բերայի Սբ Երրորդություն եկեղեցում պետք է տեղի ունենար հուղարկավորության արարողությունը:
Բայց մինչ հուղարկավորությանն անդրադառնալը, ընդհանուր գծերով ներկայացնենք պարտված Թուրքիայի մայրաքաղաքում տիրող իրավիճակը: Պոլսում տերուտնօրեն էին դաշնակիցները` անգլիացիների գլխավորությամբ, որոնք զբաղված էին Օսմանյան կայսրությունը մասնատելով, նոր պետություններ ծնելով և ռազմատուգանքները մեջ-մեջ անելով:


Հայության շրջանում այնպիսի խինդ և ուրախություն էր տիրում, որ Բերայում ու Թաքսիմի շրջանում թուրքերեն խոսակցություն իսկ չէր լսվում: Ալեքսանդր Խատիսյանը Պոլսում եղած ժամանակ խանդավառ ելույթներ էր ունեցել ազգակիցների առջև, ոգեշնչել և կոչ արել ներազգային հանգանակություն կազմակերպել ու գումարը տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, որպես ներքին պետական փոխառություն: Այս հարցով կազմավորվել էր ազդու հանձնաժողով` դրամատեր Արսենյանի նախագահությամբ: Հանձնաժողովի անդամներ էին հայտնի վաճառականներ և անվանի կապիտալիստներ, որոնցից մեկն էլ Մարուքե Իբրանոսյանն էր: Բայց մինչև հարկ եղած մուծումն անելը, նա առևտրային անհետաձգելի գործով հարկադրված էր մեկնել Լոնդոն, իսկ մեկնելուց առաջ նիստի ժամանակ խոստացել էր 100 հազար լիրա տրամադրել (ինչն այն ժամանակ համարժեք էր նույնքան դոլարի):
…Հոկտեմբերի 24-ին Բերայի Սբ Երրորդություն եկեղեցին մարդաշատ էր: Ներկա էին ոչ միայն գաղութի երևելի դրամատերերը, վաճառականները, մտավորականները, այլև դաշնակիցների զինվորական իշխանության պաշտոնյաները: Դագաղը պատված էր անհամար ծաղկեպսակներով, իսկ հոգեհանգստյան արարողությունը կատարեց անձամբ Զավեն պատրիարքը` եպիսկոպոսաց ու քահանայից դասի ուղեկցությամբ:


Երբ դագաղը դուրս բերեցին եկեղեցու շրջափակ, տեղի ունեցավ անսպասելի, արտառոց բան: Մի խումբ մարդիկ, հիմնականում` երիտասարդներ, փակեցին ճանապարհը և արգելեցին դին հողին հանձնել… Նրանք պահանջներ ունեին` 1 մլն լիրա Հայաստանի Հանրապետությանը, 100 հազար` Կիլիկիայի ինքնապաշտպանությանը և հանգուցյալի խոստացած 100 հազարը` որպես փոխառություն: Այս պահանջները փաստարկվում էին այն բանով, որ Մարուքե Իբրանոսյանն իր անբավ հարստությունից երբևէ մասնաբաժին չէր հանել ազգային ծով կարիքներին: Պատմության մեջ շատ դեպքեր էին եղել, երբ չունևորության պատճառով աղքատ մարդուն թաղել էին առանց որևէ կրոնական հանդիսավորության, բայց սա առաջին դեպքն էր, երբ թաղում կատարել թույլ չէին տալիս… հարստության պատճառով:
Դագաղը շրջափակում դրված` սկսվեց պարզ սակարկություն ցուցարարների և հանգուցյալի հարազատների միջև` ի դեմս Կարապետ Իբրանոսյանի, որը հրաժարվեց այդքան գումար վճարել` ի չիք լինելու պատճառաբանությամբ: Չորս ժամ տևած բանակցությունները ոչ մի արդյունքի չհանգեցրին, երկու կողմն էլ անդրդվելի մնաց:


Զավեն պատրիարքի անդորրության, հանդարտության, հնազանդության հորդորները մնացին անարձագանք, ինչի հետևանքով նա խիստ վիրավորվեց ու հեռացավ եկեղեցուց:
Բանը հասավ այնտեղ, որ ժամանեցին դաշնակցային ոստիկանական ուժեր, որոնք, սակայն, ձերբակալություններ չկատարեցին:
Ցուցարարները հանգուցյալի դին տեղափոխեցին եկեղեցու խցերից մեկը, դուռը կողպեցին ու բանալին փոխանցեցին պատրիարքին:
Անշուշտ, դիակը քայլելու ընդունակություն չունի, ուստի Մարուքե Իբրանոսյանին առայժմ թողնենք այդ խցում և պատմենք, թե ով էր նա:

Հայրը` հաջի Կարապետ աղա Իբրանոսյանը, Ամասիայի երևելի վաճառականներից էր, որին ամասիացիներն անվանում էին Իբրանոս հաջի աղա բեյ: Պատմում էին, որ նա առևտրային հարաբերություններ էր ունեցել Ղրիմի վաճառականների հետ, մի քանի անգամ ինքն էլ էր գնացել Ղրիմ և զանազան ապրանքներ ներմուծել, մասնավորապես` Բրաշովի գործվածքներ: Ամասիայի գավառի քաղաքներում և այլ գավառակներում առևտրային նպատակով շրջագայելիս ավազակներից պաշտպանվելու համար Իբրանոս հաջի բեյը հրացան կրելու արտոնություն ուներ: Անվախ, քաջ մարդ էր և ձմռանը հագնում էր գայլի մորթուց մուշտակ:
Նրա ժամանակակիցն ու համաքաղաքացին էր մեկ այլ մեծահարուստ և ազդեցիկ մարդ` Զատիկ օղլի հաջի աղան: 1865 թ. սրա ավագ որդին գալիս է հոր մոտ ու գուժում Իբրանոս հաջի բեյի մահը: Զատիկ օղլին պատասխանում է.
-Ծո, գնա բանդ, Իբրանոս աղան չի մեռնիր:


Կասկածանքի մեջ հայտնվելով, տղան դուրս է վազում, ապա վերադառնալով` հորն ասում.
-Հաջի աղա, խաչ որ իրավ է, բոլոր եկեղեցիներու կոչնակները կը հնչեն, ամեն մարդ դեպի եկեղեցի կը վազե, հիմա մի քանիին հարցուցի, իրավ է մեռած ըլլալը:
Զատիկ աղան նորից հանգիստ կրկնում է.
-Ծո, գնա բանդ, Իբրանոս հաջի աղան չի մեռնիր կ’ըսեմ քեզի, երբ ըսեն քի Զատիկ հաջի աղան մեռեր է, այն ատեն հավատացեք, Իբրանոս հաջի աղան խայըրլը զավակներ ունի, անիկա չի մեռնիր:


Ովքե՞ր էին խայըրլը, Ամասիայի բարբառով` աչքաբաց, գործունյա, պիտանի զավակները: Իբրանոս հաջի բեյն ուներ վեց զավակ` Բիրաբ (Բրաբիոն), Եփրեմ, Մարիամ, Մարուքե, Հռիփսիմե և Վարդուհի: Նրանց թողել էր եռահարկ մեծ տուն, կալվածքներ և այլ անշարժ գույք: Դուստրերին կտակել էր 100-ական լիրա, որդիներին` 400-ական, նրանց էր հանձնել նաև առևտրային բիզնեսը:
Ահա այս մեկնարկային դրամագլխով որդիները ձեռնամուխ եղան գործի: (Հարկ եմ համարում ընթերցողին հուշել, որ դրամական միավորների թվային արտահայտությանը պետք չէ մեծ նշանակություն տալ, կարևորը գնողունակության ցուցանիշն է):
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Մարուքե Իբրանոսյան
  • Ամասիա
Դիտվել է՝ 5608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ