Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թրամփը պատրա՞ստ է ընդունելու ԱՄՆ-ի նահանջը Մերձավոր Արևելքից

Թրամփը պատրա՞ստ է ընդունելու ԱՄՆ-ի նահանջը Մերձավոր Արևելքից
13.07.2018 | 00:27

Աշխարհն ասես գլխիվայր է շրջվել, բայց ոչ միայն 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին հասնելու պատճառով: Հայտարարված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջին անձնական հանդիպման մասին, որի կապակցությամբ անպակաս են կանխագուշակումներն ու ենթադրությունները, թե ինչեր են քննարկելու ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջնորդները: Հարուստ է ոչ միայն գրչեղբայրության, այլև տարբեր երկրների կարծես թե լուրջ քաղգործիչների երևակայությունը: Օրինակ, Սերբիայում, և ոչ միայն այնտեղ, այլև ողջ Բալկաններում, ծայրահեղ անհանգստացած են փաստացի ԱՄՆ-ի հովանու ներքո ստեղծված «Մեծ Ալբանիայի» իրողությամբ և միամտորեն կարծում են, թե Պուտին-Թրամփ հանդիպումը մի րոպեում, ինչպես գրում է Բելգրադի «Բլից» հանդեսը, կարող է օգնել լուծելու օկուպացված սերբական Կոսովոյի և Մետոխիայի (Կոսմետ) խնդիրը: Թող ոչ ոք չմտածի, թե դա միայն լրագրողների կամ փորձագետների երազանքն է: Նույն մտորումներով է տառապում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որը հիանալի հասկանում է, որ կապիտուլյանտությունը շուտով կդառնա իր և իր կուսակցության դեմ համազգային բողոքի պատճառ: Նույն սխալ ճանապարհով գնաց և Սերբիայի նորարարության ու տեխնոլոգիական զարգացման նախարար Նենադ Պոպովիչը, երբ հուլիսի 4-ին, ժամանելով Բանսկայի (Կոսմետ) սերբական ուղղափառ մենաստան, հայտարարեց, թե Ռուսաստանը երբեք չի համաձայնի, որ Կոսմետը դառնա անկախ պետություն և ՄԱԿ-ի անդամ, որովհետև «Ռուսաստանը կաջակցի Կոսովոյի խնդրի այն լուծմանը, որը կհամապատասխանի 1244 բանաձևին և Սերբիայի Սահմանադրությանը, քանի որ միայն այդպիսի որոշումն է երաշխավորում խաղաղության պահպանումն ու տնտեսության ապագան և՛ սերբերի, և՛ ալբանացիների համար»:


Նորբանդերական Կիևում նույնքան միամտորեն կարծում են, որ եթե «Heritage Foundation վերլուծական կենտրոն» լոբբիստական կազմակերպությունը, որը համարվում է ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմին մոտ, ՆԱՏՕ-ի, ՈՒկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ հատուկ հուշաթերթիկ է պատրաստել, ապա Պուտինի հետ հանդիպման օրակարգում Թրամփը հաստատ կներառի «ուկրաինական հարցերի» ողջ համալիրը: Համապատասխան գրառում է հայտնվել «Թվիթերում» «Heritage Foundation»-ի էջում: Հուշաթերթիկն ուղղված է Թրամփին՝ Եվրոպա նրա աշխատանքային այցի նախօրեին: Համառոտ հուշաթերթիկի կազմողները, երևի վախենալով, որ Թրամփը կարող է շփոթել, թե ով է «լավը» և ով՝ «վատը», մանրակրկիտ բացատրել են ամեն բան: «Ահա թե ինչ պետք է հիշի Թրամփը Եվրոպա այցից առաջ. Ռուսաստանն ագրեսորն է, ՈՒկրաինան՝ զոհը: Ղրիմը պատկանում է ՈՒկրաինային: ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերը Եվրոպայում ծառայում են ԱՄՆ-ի ազգային շահերին: Եվրոպացիներն ավելի շատ ծախսեր պետք է անեն պաշտպանության նպատակով: Պուտինի գործողությունները ցույց են տալիս, որ նրան չի կարելի վստահել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մենք միտումնավոր չենք ընդգծում, թե իրականում տարիներ շարունակ ԱՄՆ-ում ում շահերն է պաշտպանել և պաշտպանում «Heritage Foundation»-ը, և այդ կենտրոնի «աշխատանքներն» ինչ չափով են արտացոլում նրան ֆինանսավորող շրջանակների շահագրգռվածությունը Ռուսաստանի ինքնիշխան պետականության ոչնչացմամբ:

Բայց «Heritage Foundation» կենտրոնի փորձագետների և ղեկավարների հակաչինական և հակաիրանական սուր ուղղվածությունը միանգամայն ակնհայտ է բազում տարիներ: Նաև չենք ուզում խոսել տխրահռչակ «ամերիկյան նեոկոնսերվատորների» մասին, թե ինչու է նրանց բացահայտ ատում ոչ վաղ անցյալի «դասական հանրապետական ճուռակ», ԱՄՆ-ի քաղաքական վերնախավում շոտլանդական կլանի ներկայացուցիչ Պատրիկ Բյուքենենը՝ ճիզվիտ կաթոլիկ, «Արևմուտքի մահը» և «Գերտերության ինքնասպանությունը. ողջ կմնա՞ Ամերիկան մինչև 2025 թիվը» հանրահայտ գրքերի հեղինակը: Բայց ընդգծենք. տարիներ շարունակ «ՈՒկրաինան Ռուսիա է, ոչ թե Ռուսաստան», «ՈՒկրաինան Ռուսաստան չէ» հակադրույթների վրա հույս դնող ամերիկյան շրջանակների դիրքորոշումը «խփված է», ընդ որում, նախկին ՈՒԽՍՀ-ի շարքային քաղաքացիների կողմից, առանց ՌԴ-ի ղեկավարության հատուկ դերակատարության:


Իսրայելում նույնպես որոշակի հույսեր են կապում Պուտին-Թրամփ հանդիպման հետ, և, մեր կարծիքով, նույնպես բավական միամիտ: Ընդունելով, որ բացառված չէ, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքները կարող են «ցնցել ողջ աշխարհը», Իսրայելը հույս ունի, որ հանդիպումը կանցնի հենց... Իսրայելի և Վաշինգտոնում նրա կողմնակիցների թելադրանքով: Համարում են, որ Դոնբասի թեման անպայման կլինի, իբր «Ռուսաստանն ինքն է հոգնել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի այդ ամբողջ թեմատիկայից» և այլն, և այլն: Հղում անելով ամերիկյան և արևմտյան ամենատարբեր աղբյուրների հաղորդումներին, Իսրայելում պնդում են, թե «փոխըմբռնման ամենապարզ առարկան կլինի Սիրիան: Նախագահ Թրամփը կցանկանար զորքերը լիովին հանել այնտեղից: Մենք կարող ենք համոզված խոսել դեպի հարավ սիրիական վարչակարգի զորքերի առաջխաղացման վերաբերյալ ամերիկա-իսրայելական համաձայնության մասին: Այն պայմանով, որ ընդդիմության ուժերի վրա հարձակվողների շարքում իրանցիներ չլինեն:

Այդպիսի պայմանավորվածությունները գործում են դեռ մինչև երկու նախագահների հանդիպումը: Հեռուստատեսությամբ ելույթում Ջոն Բոլթոնը Սիրիայի հարցով շատ հետաքրքիր հայտարարություն արեց. Ասադն ԱՄՆ-ի համար ռազմավարական խնդիր չէ, իսկ Իրանը՝ է: Նա նորից կրկնեց, որ թույլ չի տա, որ Թեհրանից Իրաքով և Սիրիայով դեպի Միջերկրական ծով իրանական միջանցք ստեղծվի: Ամերիկացիների ակնհայտ խնդիրն է Սիրիայի տարածքից իրանական օկուպացիոն ուժերի դուրսմղումը: Դա ոչ մի կերպ չի հակասում ռուսական շահերին, նույնիսկ համապատասխանում է»: Ճիշտ է, ԱՄՆ-ի համար նյութերում, օրինակ՝ «Բլումբերգ» հանդեսի համար իսրայելցի Զևա Չաֆետսի հոդվածում, Թել Ավիվն ավելի զգույշ և զուսպ է: Նա հասկանում է, որ Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում Իսրայելից շատ քիչ բան է կախված. «Պուտինի ուզածը Իսրայելի օգնությունն է Թրամփի հետ բանակցություններում: Թե ինչ աջակցություն ցույց կտա Իսրայելը, կախված կլինի այն բանից, թե հանդիպման ժամանակ Թրամփից ինչ է ուզում ստանալ Պուտինը: Իսրայելը նշանակալի ազդեցություն ունի Թրամփի վրա, և Երուսաղեմում ամերիկյան նոր դեսպանությունը դրա ապացույցն է: Թրամփին պետք չէ հիշեցնել Իրանից բխող վտանգի մասին. նա ինքն էլ դա գիտի: Ի տարբերություն Իսրայելի, ԱՄՆ-ը լուրջ զենք ունի Թեհրանի դեմ: Հենց միայն հակաիրանական պատժամիջոցների կիրառման սպառնալիքը ճնշում է գործադրում Իրանի տնտեսության վրա»:


Մինչ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահները կհանդիպեն Ֆինլանդիայում, կցանկանանք հիասթափեցնել և՛ սերբերին, և՛ նորբանդերականներին, և՛ իսրայելցիներին, և նրանց նմաններին: Ոչ ոք իրավունք չունի պնդելու, թե Կոսմետի, Դոնբասի կամ Սիրիայի հիմնախնդիրները բոլորովին չեն շոշափվելու. փոխադարձ հետաքրքիր թեմաների և հարցերի համաձայնեցումն առանց այն էլ լարված է ընթանում ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի միջև: Բայց այդ հարցերն իրապե՞ս գերիշխող կլինեն: Իհարկե ոչ: Մի շարք հարցերում Ռուսաստանի դիրքորոշումն այնքան հաստատ է, որ ամերիկացիներն էլ նախապես գիտեն՝ անիմաստ է վիճելը կամ ինչ-որ բան «քննարկման առաջարկելը»: Օրինակ, Կոսմետի հարցով. եթե Սերբիան ինքը հակված է այս կամ այն ձևաչափով կապիտուլյացիայի, ապա Մոսկվան իր «վերջին շապիկը չի պատռելու». Ռուսաստանը չի ճանաչի «ալբանական Կոսովոն», քանի դեռ հաստատակամ կլինի Սերբիան ինքը: Դոնբասի հարցով, հուլիսի 2-ին անգլիական «Ռոյթերս» գործակալությունը հաղորդեց, որ Ղրիմի կարգավիճակի հարցը չի քննարկվելու, Ղրիմի հարցն ընդհանրապես որևէ կերպ չի շոշափվելու: Ընդ որում, բրիտանացիները հղումներ են անում ոչ միայն ռուսական աղբյուրներին, այլև ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Բոլթոնի շրջապատին: Դա նշանակում է, որ ՈՒկրաինան ընդհանրապես «թեմայում չէ», ինչպես «թեմայում չէ» նաև Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և Արևմուտքի պատժամիջոցների հարցը. չէ՞ որ այդ պատժամիջոցները հենց ՈՒկրաինայի ֆաշիստական ուժերի լծի տակից ղրիմցիների ազատագրման հետևանք են եղել: Ինչ վերաբերում է Մալոռուսիային, ապա ՌԴ-ի փոխարեն վերջերս պատասխանել է ԴԺՀ-ի առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն. «Առանց անմիջականորեն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բանակցությունների և համաձայնեցման՝ ոչ մի խաղաղապահ, իսկ եթե դրանք երևան, ապա կդառնան ԴԺՀ/ԼԺՀ-ի զինված ուժերի նոր թիրախներ»: Այդ հայտարարության առնչությամբ Մոսկվայից մեկնաբանության բացակայությունը հիանալի ապացույց է, որ Կրեմլը լիովին համաձայն է Զախարչենկոյի տեսակետին: Այսինքն Դոնբասի հարցում էլ Մոսկվայի ու Նովոռուսիայի դիրքորոշումները լիովին ամուր և անդրդվելի են:


Իսկ ահա Սիրիայի հարցը շատ ավելի լուրջ է, քան մտածում են Իսրայելում: Չի կարող այնպես լինել, որ «փոխըմբռնման ամենապարզ առարկան լինի Սիրիան»: Դրա գրավականը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հուլիսի 4-ի հայտարարությունն է, թե Մոսկվան «բացարձակապես անիրական» է համարում Սիրիայից Իրանի լրիվ հեռացման մասին պահանջները, որովհետև Իրանը Սիրիայի և ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանի առանցքային ուժերից մեկն է, և «բացարձակապես անիրական» է իր շահերից Թեհրանի հրաժարվելը: Միաժամանակ Լավրովը սիրիական հակամարտության բոլոր արտաքին ուժերին առաջարկել է քննարկել փոխադարձ պահանջները և բանակցել փոխզիջման հասնելու շուրջ: Եթե նկատի ունենանք, որ այդ ամենը Լավրովը հնչեցրել է Մոսկվայում, Հորդանանի արտաքին գործերի և վտարանդիների գործերով նախարար Այման Սաֆադիի հետ բանակցելիս, իսկ Հորդանանն ԱՄՆ-ի և Իսրայելի ևս մեկ խամաճիկն է արաբական աշխարհում, եթե հաշվի առնենք, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն շտապում է հերթական անգամ աշխատանքային այցով Մոսկվա ժամանել Հելսինկիում ռուս-ամերիկյան բարձր հանդիպումից մի քանի օր առաջ, ապա պարտավոր ենք հասկանալ, որ Իսրայելն արդեն գիտի, որ Ռուսաստան-Իրան հարաբերություններում Թրամփի միջոցով ճեղքվածք առաջացնելու իր հույսերը դատապարտված են ձախողման: Հայտնի է, որ հուլիսի 4-ին «The Jerusalem Post» թերթը պնդում էր, որ Նեթանյահուն Պուտինի հետ մտադիր է քննարկելու գործնականում այն նույն մերձավորարևելյան հարցերը, որոնք Ֆինլանդիայի մայրաքաղաքում առաջիկա հանդիպման ժամանակ կշոշափեն Պուտինն ու Թրամփը: Եվ կրկին հիասթափեցնենք իսրայելցիներին. Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հուլիսի 6-ի հայտարարությունը հերքում է այն ամենը, ինչ հաղորդել են իսրայելական աղբյուրները և ԱՄՆ-ի ու Եվրոպայի իսրայելամետ ԶԼՄ-ները:

Ընդ որում, ուշադրություն դարձնենք՝ Պեսկովը քողազերծում է «իրանցիներին հանելու» մասին Իսրայելի և ԱՄՆ-ի պահանջների առաջացրած տարակուսանքի «ծխածածկույթը»: Մամուլի հաղորդումները, թե Սիրիայից իրանամետ ուժերը հանելու թեման գլխավորն է լինելու Պուտինի և Թրամփի բանակցությունների ժամանակ, չի համապատասխանում իրականությանը: «Դա հաղորդում է այն մասին, որ ինձ ամուսնացրել են առանց ինձ: Երրորդ երկրի փոխարեն որևէ որոշում ընդունելն անիրական է»,- ասել է Պեսկովը:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4310

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ