Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կոռուպցիայի դեմ պայքարը ցնցում է Հայաստանի քաղաքականությունը

Կոռուպցիայի դեմ պայքարը ցնցում է Հայաստանի քաղաքականությունը
31.07.2018 | 10:49

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո չարաշահումների մեջ կասկածվող մարդկանց ցանկը երկարում է մինչև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատը` գրում է Իզաբել Մանրոն Le Monde-ում: Մայիսի 8-ին վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն պարծեցել է, որ 36 միլիոն եվրո հափշտակված գումար է վերադարձրել: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված է սահմանադրական կարգի տապալման ծանր մեղադրանք, նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում, եթե մեղավոր ճանաչվի ընտրությունները կեղծելու մեջ, որ 2008-ի փետրվարին իշխանության բերի իր այն ժամանակվա դաշնակից Սերժ Սարգսյանին:

«Դա միանգամայն շինծու մեղադրանք է,- ասել է Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ին «Երկիր Մեդիայի» հեռուստաեթերում:- Խոսքը քաղաքական հետապնդման մասին է, թավշե հեղափոխության վենդետայի»: Առաջին զանգվածային հարվածը հունիսի կեսին էր` տեսախցիկների տակ խուզարկվեց պաշտոնաթող գեներալ, ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տունը: Ապշահար հայերը տեսան, որ գեներալ Գրիգորյանը լավ հայտնի է Ադրբեջանի դեմ Ղարաբաղում կռիվներից, յուրացրել է զինվորների համար նախատեսված սննդամթերքը` կերակրելու համար իր անձնական կենդանաբանական այգու գազաններին: Մյուս հետաքննությունները նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատում էին` նախ զարմիկի, ում ընկերությունը կասկածվում էր 500000 եվրո հարկեր չվճարելու մեջ, հետո խուզարկվեցին նրա եղբայր Ալեքսանդր Սարգսյանը և ընտանիքի այլ անդամներ: Զտումների փոթորիկը պտտվեց և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջ` իր վիթխարի կարողության մասին տեսաֆիլմից հետո նա ստիպված էր հրաժարական տալ: «Կատարվողը Փաշինյանի խոստումների տրամաբանական հետևանքն է,- գտնում է մոսկվացի անկախ փորձագետ Արկադի Դուբնովը:-Նա, անկասկած, շարունակելու է` ընդհուպ մեծ քրեական գործեր հարուցելը` ցույց տալու համար, որ արդյունավետ է աշխատում:

Սակայն որոշակի սահմաններ կան, որոնցից անցնել նա չի կարող, որովհետև երկրի կառավարման համար պահեստայինների շատ կարճ նստարան ունի: Առաջ գնալու համար նա պետք է օգնություն ստանա երկրի ներսում: Հիմա նա դանակի սայրով է քայլում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև»:

Արդեն լուրեր են պտտվում ներկա զանգվածային զտումներին կազմակերպված դիմադրության մասին: Նախկին խարիզմատիկ լրագրողը քննադատությունից դուրս չէ: Շատ թերթերի գլխավոր խմբագիրներ նրան մեղադրում են ԶԼՄ-ները շրջանցելով գործելու մեջ` օգտագործելով սոցիալական ցանցերը, որ նպաստեցին նրա իշխանության գալուն: Լինելով հիմնադիր խմբագիրը Հայաստանի գլխավոր թերթերից մեկի «Հայկական ժամանակի», որի խմբագիրը հիմա նրա կինն է` Աննա Հակոբյանը, նոր վարչապետը գիտակցաբար ընտրությունը կատարում է հայերին Facebook-ի ուղիղ եթերներով դիմելու օգտին` պատասխանելով ամենից շատ լայքեր հավաքած օգտատերերի հարցերին:
Իզաբել ՄԱՆՐՈ, Le Monde


Հ.Գ. Հետաքրքիր է` ինչ կգրեին ֆրանսիացիները, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ իրենց նախագահը (Ֆրանսիայում նախագահական կառավարում է) և նման բացահայտումներ լինեին Ֆրանսիայում: Կհամարեին ժողովրդավարության էտալո՞ն, թե՞ Ռոբին Հուդ: Թեպետ Ֆրանսիայում նախկին նախագահներին հարցաքննելն ու մեղադրանքներ ներկայացնելը ավանդույթ է, բայց ոչ սահմանադրական կարգի տապալման, գերազանցապես նախընտրական արշավում նշվածից ավելի գումարներ ծախսելու, երբեմն` հովանավորչության մեջ: Հարցաքննությունները գրեթե երբեք չեն հասել դատավարության, իսկ եթե հասել են, ոչ մի նախագահ չի բանտարկվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ