Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեկ անգամ ևս այն մասին, թե իրականում ով է հրամաններ տալիս Արցախի հայերի դեմ պատերազմի առնչությամբ

Մեկ անգամ ևս այն մասին, թե իրականում ով է հրամաններ տալիս Արցախի հայերի դեմ պատերազմի առնչությամբ
11.09.2018 | 00:39

(Նախորդ մասը)

«Զրոյական արդյունքը» այն բանի հետևանքն էր, որ Քավանոն չկարողացավ վաղօրոք նախազգուշացնել Ջորջ Բուշ Կրտսերին, որ Ռուսաստանը և Ֆրանսիան հակված են պաշտպանելու Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ Իրանի որոշ պահանջները: Իհարկե, նաև այն բանի, որ Հեյդար Ալիևը, Բաքու վերադառնալով, հրաժարվեց այն ամենից, ինչն ընդունել էր Քի ՈՒեսթում: Քի ՈՒեսթի շուրջ ամեն ինչ բոլորից լավ գիտի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ի միջի այլոց, սրտաշարժ է, որ արտքաղաքական գործերից 1998-ի հունվարից հեռացված Տեր-Պետրոսյանը փորձել է ինչ-որ «անմատչելի» բան հաղորդել Փաշինյանին: Հասկանում եմ և նույնիսկ գիտեմ, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանի նախկին երեք նախագահները հանդիպել են «մի սեղանի շուրջը», տեղեկություններ և տպավորություններ փոխանակել և այլն: Օրինակ, խորհրդակցել են նաև հենց նույն 2008 թ. մարտի 1-ից հետո: Բայց որևէ մեկը կարո՞ղ է վիճարկել, որ 2001 թ. Քի ՈՒեսթի և ԵԱՀԿ ՄԽ-ի հետագա նախաձեռնությունների վերաբերյալ բոլոր մանրամասնությունները, այդ թվում՝ գաղտնիացված, շատ ավելի մեծ չափով Ռ. Քոչարյանի առանձնաշնորհն են, քան թե Լևոն Տեր-Պետրոսյանի: Քոչարյանի ձեռքի տակ եղած «անմատչելի» տեղեկույթը շատ ավելի կարևոր է նրանից, որն անձամբ ինքը հարկ է համարել ասել կամ չասել, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին: Սույն պարզաբանումներն անհրաժեշտ են գիտակցելու, որ 1996-ին ՄԽ-ի ռուս համանախագահ Կազիմիրովի նախագուշակած ինչ-որ «հաշվի չառնված անվերահսկելի երրորդ կողմերը» Քի ՈՒեսթի բանակցությունների ռուս, ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների համար լիովին պատկերացնելի էին: Պարզ է, որ դա հասկանում էին նաև Ռ. Քոչարյանն ու Հ. Ալիևը: Այնպես որ ոչ թե երեկ և նույնիսկ ոչ թե 2016-ի ապրիլին է հայտնի դարձել, որ Իրանը կարգավորման գործոն է, թեկուզ և լուռ դիտորդի համեստ դերում: Եվ ամենևին ոչ վատ «երրորդ ուժ» է:


Հավաստի աղբյուրների տեղեկություններով՝ 2016-ի ապրիլին Իրանն այդ մասին կոշտ կերպով հիշեցրեց և՛ Ադրբեջանին, և՛ հայկական երկու կողմին: Մենք այդ մասին արդեն հիշեցրել ենք ընթերցողներին, ուստի միայն ավելացնենք, որ 2016-ի ապրիլին Իրանը սպառնացել է, որ կկրկնի 1993-ի նախադեպը, եթե ադրբեջանական և հայկական կողմերը չդադարեցնեն կրակը: Իսկ Իրանում վաղուց գրեթե ոչինչ չեն թաքցնում: Այսպես, ԻՀՊԿ-ի նախկին գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Մոհսեն Ռեզային 2013-ին, լինելով նախագահի թեկնածու, նախընտրական հանդիպումների և հանրահավաքների ժամանակ բացահայտ խոստովանել է, որ Իրանն 90-ականներին արցախյան պատերազմին միջամտել է նաև ռազմական մեթոդներով: Չեմ հասկանում, թե էլ ինչ է հարկավոր Տեր-Պետրոսյանին, Փաշինյանին, ընդհանրապես հայ հանրությանը՝ գիտակցելու, որ այս աշխարհում ոչ ամեն ինչն են որոշում Ռուսաստանը կամ Ամերիկան: Եվ երբ մի ուրիշ գեներալ՝ այաթոլահ Խամենեիի գլխավոր ռազմական խորհրդական և նույնպես ԻՀՊԿ-ի նախկին գլխավոր հրամանատար Եհիա Ռահիմ Սեֆևին, 2016-ի ապրիլին կոշտ կերպով նախազգուշացրեց Թուրքիային, որ եթե Անկարան շարունակի հրահրել Ադրբեջանին, ապա Թեհրանը կվերանայի թուրքերի հետ իր բոլոր հարաբերությունները բոլոր ոլորտներում, ապա դա ոչ թե պարզապես «խոսք» էր, այլ Թուրքիային «խաղաղություն պարտադրելու» գործողության սպառնալիք: Ճիշտ է, նախ միայն Այսրկովկասում: Եվ, ի տարբերություն հայերի, Թուրքիայի նախագահ Էրդողանն անմիջապես հավատաց գեներալ Սեֆևիին և Իրանի ու Ռուսաստանի հետ բանակցություններ սկսեց, այդ թվում՝ Սիրիայի հարցով:


Բայց, ավաղ, Իրանից բացի, Արցախի հարցում կան նաև այլ հաշվի չառնված «երրորդ կողմեր»: Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) մատակարարման շուրջ Իսրայելում ծագած սկանդալից պարզվեց, որ, բացի տանկերի և նույնիսկ քաղաքացիական ավտոբուսի դեմ իսրայելական և, ավելացնենք, ամերիկյան, ԱՕԹՍ-ների օգտագործումից, Ադրբեջանն «առել» և ապրիլյան պատերազմում օգտագործել է նաև ԱՕԹՍ-ների իսրայելցի մասնագետ օպերատորներին: Իսկ իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության տնօրենությունը 2016-ի վերջին հրապարակավ խոստովանեց, որ իսրայելական հետախույզ և հակահետախույզ սպաները սովորական հաստիքներով աշխատում են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ընդերքում: Հետաքրքիր է, նույնիսկ երևանյան ծայրահեղականների այն հեծեծանքների առկայության դեպքում, թե «ապրիլյան պատերազմում հայերի վրա կրակել է ռուսական զենքը», եթե հանկարծ պարզվի, որ ԱՕԹՍ-ի իսրայելցի օպերատորները հանրագումարում սպանել են նույնքան հայերի, որքան զոհվել են Արցախի պաշտպանության բանակի դիրքերի վրա ադրբեջանցիների ու թուրքերի հարձակումները հետ մղելիս, ապա այդ ծայրահեղականները և նույնիսկ վարչապետ Փաշինյանը որևէ կերպ կմեղադրե՞ն եթե ոչ Իսրայելին, ապա այն իսրայելական ընկերություններին, որոնց օպերատորները 2016-ին կռվել են Ադրբեջանի կողմից: Եվ Փաշինյանն Իսրայելի հասցեին գոնե քողարկված մեղադրանք կհնչեցնի՞, որ Թել Ավիվը պետք է մի երկու անգամ աչքով անի Իլհամ Ալիևին, և պատերազմ չի լինի: Իսկ դա ճշմարտություն է: Ադրբեջանում իսրայելական ներդրումներն անհաշիվ են, Իսրայելում Ալիևների ընտանիքի ներդրումները՝ նույնպես մեծածավալ: Ընթերցողները դեռ չե՞ն համոզվել, որ արցախյան հակամարտությունում Իսրայելը տիպիկ հաշվի չառնված «երրորդ կողմ» է: Եթե ոչ, ապա այդ ընթերցողները հաշտ չեն տրամաբանության և առողջ դատողության հետ: Հենց Իսրայելին է միշտ ձեռնտու եղել և է, որ Իրանի արտաքին սահմանների պարագծով միշտ հուրհրան պատերազմների կրակները:

Ահա ձեզ 2018-ի ամենաթարմ տվյալները: Իսրայելից սպառազինության արտահանության 13-15 %-ը գնում է հենց Ադրբեջան՝ հաղորդվել է այս տարվա մայիսի 3-ին: Իսրայելցի քաղաքագետ Յուրի Բոչարով, ապրիլի 12. «Իսրայելում ասում են. «Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է», իսկ Ադրբեջանում ասում են. «Իսրայելը մեր ռազմավարական գործընկերն է»: Ադրբեջանը մեր դրոշակակիրն է մուսուլմանական աշխարհում: Մենք բարեկամություն ենք անում արաբական երկրների հետ, բայց որպես ռազմավարական գործընկեր ենք դիտարկում հենց Ադրբեջանը: Իսրայելը պատրաստ է Ադրբեջանի ուղեկցորդը դառնալու հրեական աշխարհում ու հրեական սփյուռքում և պատրաստ է Ադրբեջանին օգնելու նրա շահերի լոբբինգի գործում»: Քի՞չ է: Լավ, ավելացնեմ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի 2017 թ. դեկտեմբերի 20-ի հայտարարությունը. «Հայերի ցեղասպանությունն Իսրայելը չի ճանաչում Ադրբեջանի պատճառով: Անկասկած, Ադրբեջանի հետ կապերը մեզ համար անհամեմատ կարևոր են»:


Կա հակամարտության ևս մեկ հաշվի չառնված և անվերահսկելի «երրորդ կողմ»՝ ԱՄՆ-ը: Մենք բազմիցս նշել ենք պատերազմի վերսկսման մասին սպառնալիքները, որոնք հնչեցրել են և՛ ՄԽ նախկին համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը, և՛ այդ պաշտոնում նրան փոխարինած Էնդրյու Շեֆերը, և՛ Երևանում ԱՄՆ-ի դեսպանները՝ սկսած Մարի Յովանովիչից, իսկ եթե լինենք ծայրահեղ ազնիվ, ապա նույնիսկ սկսած Մայքլ Լեմոնից: Միայն ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսն էր օբյեկտիվ մարդ և չէր սպառնում: Ի միջի այլոց, հենց դրա համար էլ նրան հեռացրին պետդեպարտամենտից: Նույնպես բազմիցս ընթերցողների ուշադրությունն ենք հրավիրել այն բանին, որ ներկայիս իրադրությունում պատերազմը վերսկսելու հրամաններ կարող են տալ բացառապես ԱՄՆ-ը և նրա դաշնակից երկրները, և հիշեցրել ենք, որ ամենևին պատահական չէ, որ 2015-ի վերջից ԱՄՆ-ը հովանավորում է «Հարավային գազային միջանցք» (ՀԳՄ) նախագիծը, իսկ 2016-ի հունվարից կտրուկ ակտիվացել են միջոցառումներն այդ ուղղությամբ և Վաշինգտոնի «խրախուսանքները» ՀԳՄ նախագծի մասնակիցներին: Ամենևին պատահական չէ, որ 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմական գործողություններից առաջ՝ մարտի 29-31-ին, միաժամանակ Վաշինգտոնում էին գտնվում նախագահներ Էրդողանը, Ալիևն ու Սերժ Սարգսյանը: Իսկ ադրբեջանական ագրեսիան սկսելու օրը՝ ապրիլի 2-ին, փայատերերը և նրանց անունից SOCAR-ի (Ադրբեջանի պետնավթընկերություն) ղեկավար Ռովնագ Աբդուլաևը հայտարարեց, որ պլանավորում են մինչև ընթացիկ տարվա վերջը միջազգային ֆինանսական կազմակերպություններից մոտ 2 մլրդ դոլարի ներդրումներ ստանալ, որ բանակցություններ են ընթանում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի, Զարգացման ասիական բանկի հետ և այլն: Միջոցները ներգրավվելու են 20 տարվա ժամկետով, շատ ցածր տոկոսներով: Հիշեցնենք նաև, որ Իլհամ Ալիևը վերջերս տվեց այդ ՀԳՄ-ի շինարարության հանդիսավոր մեկնարկը: Իսկ 2018-ի փետրվարին, այսինքն, «Հայաստանի հեղափոխությունից» 2 ամիս առաջ, ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը «Սպառնալիքների համաշխարհային գնահատական» ամենամյա զեկույցում, ըստ էության, Ադրբեջանին «ազդանշան տվեց»:


Հիշեցնենք պարոն Քոութսի կեղծ թեզերը: Զեկույցի՝ Արցախին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմի՝ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, կողմնակի ճնշման ուժեղացումը, Ադրբեջանի ռազմական կայուն արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումը 2018-ին կարող են հանգեցնել խոշորամասշտաբ մարտական գործողությունների»: «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ լարվածությունը կարող է փոխարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալուն ռազմական բախման, որը կարող է ներգրավել Ռուսաստանը՝ իր տարածաշրջանային դաշնակցին պաշտպանելու համար»,- նշվում է փաստաթղթում: Եվ այդ կապակցությամբ մենք փետրվարին ուղղակի հարցեր ենք տվել. ինչու՞ Ադրբեջանի կողմից զենքի երբեմն ավազակային (ինչպես Չեխիայում սպառազինության ձեռքբերումը) մեծածավալ և մեծաքանակ գնումները Քոութսը համեստորեն անվանում է ընդամենը «Ադրբեջանի ռազմական կայուն արդիականացում»: Ադրբեջանը զենք է գնում բոլորից, այդ թվում և Ռուսաստանից, բայց Քոութսի զեկույցում այդ մասին ոչինչ չի ասվում: Գուցե այն պատճառով, որ Ադրբեջանի զինմանը և վերազինմանը մասնակցում է պատերազմների գլխավոր պատվիրատու (համենայն դեպս՝ Մերձավոր Արևելքում) Իսրայե՞լը: Մյուս կողմից, Քոութսի զեկույցում Իրանն իր ջանքերով և քայլերով պաշտոնապես հռչակվում է «սպառնալիք Ամերիկային», բայց «տարածաշրջանային սպառնալիք»: Երևում է պարոն Քոութսը չի դիտարկում այն հնարավորությունը, որ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ լարվածությունը կարող է փոխարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալուն ռազմական բախման, որը կարող է ներգրավել Իրանը, ընդ որում ոչ թե «իր տարածաշրջանային դաշնակցին պաշտպանելու համար», այլ հանուն սեփական անվտանգության պաշտպանման: Այսինքն այն, ինչ եղել է 2016-ի ապրիլին, երբ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները հարկադրված էին բացատրություններ տալու իրենց իրանցի գործընկերներին, օրինակ, այն մասին, թե ով է գնդակոծել իրանական տարածքները սահմանամերձ Խոդա-Օֆարին գյուղի մերձակայքում:


Ադրբեջանում Թրամփի ընտանիքի ներդրումների, Իսրայելի և Ամերիկայի սիոնիստական շրջանակների հետ ԱՄՆ-ի նախագահի սերտ կապի մասին հիշատակումների կողքին դժվար է չնշել, որ... 2017-18-ից «վերակենդանացել» է վերը հիշատակված Ք. Քավանոն, ընդ որում, հենց Արցախի վերաբերյալ «կանխագուշակումների» հիման վրա: Որպես միջազգային հարաբերությունների գծով ամերիկյան խորհրդի անդամ, Կենտուքիի համալսարանի դիվանագիտության և հակամարտությունների լուծման պրոֆեսոր ահա թե ինչ է հայտարարել նա ԼՂՀ-Արցախի վերաբերյալ իր զեկույցում 2017 թ. փետրվարին. «Լեռնային Ղարաբաղի համար հայերի և ադրբեջանցիների բախման հավանականությունը առավել բարձր կլինի հաջորդ տարվա ընթացքում»: Այսինքն՝ 2018-ին: Այնուհետև. «Նոր բախումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար, հաշվի առնելով, որ Ռուսաստանը պարտավորություններ ունի Հայաստանի պաշտպանության գծով, Թուրքիան խոստացել է պաշտպանել Ադրբեջանը, իսկ Իրանն ընդհանուր սահման ունի երկու երկրի հետ: Բացի այդ, Հարավային Կովկասը տարածաշրջան է, որի օգնությամբ ԵՄ-ն կարող է նվազեցնել Ռուսաստանից իր էներգետիկ կախվածությունը: Նոր բախման դեպքում վտանգ կա, որ անկարգություններ ու հումանիտար ճգնաժամ կառաջանան Հայաստանում և Ադրբեջանում կամ հարևան երկրներում, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանում Ռուսաստանի ավելի մեծ միջամտությանը»: Հեղինակի կարծիքով՝ բախումը կարող է բռնկվել սադրանքի կամ «պատահական ռազմական գործողությունների հետևանքով»: Փորձագետն ընդգծում է, որ հաշվարկի մի չնչին սխալը կարող է բախման հանգեցնել: Համեմատաբար փոքր ռազմական բախումները կարող են օգտագործվել քաղաքական միավորներ շահելու կամ մարտի դաշտում առավելություն ստանալու համար, ինչն իր հերթին կարող է հանգեցնել գործողությունների հետագա ծավալման: Ահա և Քավանոյի եզրակացությունը. «Լեռնային Ղարաբաղի շուրջը բախման վերականգնման հեռանկարը մի կողմից խնդիր է, բայց նաև հնարավորություն Դոնալդ Թրամփի վարչակազմի համար: ԱՄՆ-ի նախագահը կարող է խաղարկել ղարաբաղյան կարգավորումը, Ղարաբաղի հարցը կարող է դառնալ հաշտության (ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև) հասնելու գործոն... Լեռնային Ղարաբաղը կարող է մի աստիճան դառնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ավելի ակտիվ համագործակցության ճանապարհին»:


Դիվանագիտական լեզվից շարքային քաղաքացիներին մատչելի, սովորական լեզվին թարգմանած սա նշանակում է. Արցախում պատերազմն ԱՄՆ-ին պետք է իր հարաբերությունները ՌԴ-ի հետ կարգավորելու համար: Ճիշտ է, ի տարբերություն Քոութսի և «ուոռլիքների», Քավանոն լավ է սովորել Իրանի մասին 2001-ի դասը: Նա առաջարկում է Թուրքիան ավելի շատ ներգրավել երկխոսությունների մեջ և «չմոռանալ Իրանի մասին. նպատակն է՝ Իրանը չներգրավել որպես մասնակցի, այլ տեղեկացված կողմնակից ունենալ կայունությունը պահպանելու և կարգավորման հասնելու համար»: Իսկ ընդհանուր առմամբ Քավանոյի զեկույցում և՛ «անակնկալ առիթի» գործոնը կա (հիշենք Կազիմիրովին, 1996 թ.), և Այսրկովկասում քաղաքականության ԱՄՆ-ին ու Իսրայելին այնքան սրտամոտ «թրքացումը» («ավելի շատ ներգրավել Թուրքիան», ինչը դարձավ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» 2009-ին): Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը նշանակում է այնպիսի կորուստ հասցնել Այսրկովկասում, որը Մոսկվային ստիպի ճանաչել իր պարտությունն այդ տարածաշրջանում: Եթե այսքանից հետո էլ Փաշինյանն ու նրա նման մտածողները շարունակեն պնդել, որ միայն «Ռուսաստանն ունի պատերազմական գործողություններ թույլ չտալու հնարավորություններ», ապա նրանք տեղ չունեն արտաքին քաղաքականության մեջ: Առավել ևս՝ ԼՂՀ-Արցախին վերաբերող բանակցություններում: Փաշինյանից սպասելի՞ են բազմիմաստ խիստ դիտողություններ ԱՄՆ-ի հասցեին, թե՞ նրա մտքում միայն «ռուսական սպառնալիքն է: Բայց չէ՞ որ արդյունքը պարզ է. Արցախի հարցով ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականության չեզոքացումը տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի թուլացումն է և երկար սպասված խաղաղության մոտեցումն ու ԼՂՀ-ի ճանաչումը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 7149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ