Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գրական թարգմանիչների երկլեզու սեմինար՝ «Գյոթե կենտրոնում»

Գրական թարգմանիչների երկլեզու սեմինար՝ «Գյոթե կենտրոնում»
24.09.2018 | 10:35

Երևանում «Գյոթե կենտրոնի» և Գերմանիայի թարգմանիչների ֆոնդի Տոլեդո ծրագրի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ մեկնարկել է գերմաներենից հայերեն և հայերենից գերմաներեն գրական թարգմանիչների սեմինարը: Գերմաներենից հայերեն խմբում ընդգրկված են վեց, հայերենից գերմաներեն խմբում՝ երեք թարգմանիչ: Մասնակիցների ընտրությունը կատարվել է մրցութային կարգով: Սեմինարը վարում են գրական թարգմանիչներ Գայանե Գինոյանը և Վալերի Էնգլերը: Հրավիրված են նաև հայտնի թարգմանիչներ՝ Ռոզեմարի Թիցեն և Րաֆֆի Քանթյանը, որոնք իրենց փորձին հաղորդակից կդարձնեն սեմինարի մասնակիցներին և խորհուրդներով աջակից կլինեն նրանց վերապատրաստմանը:

ԳԱՅԱՆԵ ԳԻՆՈՅԱՆԻ տեղեկացմամբ՝ Գերմանիայի թարգմանիչների ֆոնդը կազմակերպում է գրական թարգմանիչների երկլեզու սեմինարներ Գերմանիայում և համապատասխան լեզվի երկրում: Գերմաներենից հայերեն և հայերենից գերմաներեն գրական թարգմանիչների համար նմանօրինակ սեմինար կազմակերպվում է երկրորդ անգամ: Առաջին սեմինարն անցկացվել է 2014 թվականին Գերմանիայում Եվրոպայի թարգմանիչների կենտրոնում: Կազմակերպիչը Վրաստանում «Գյոթե ինստիտուտն» էր: «Գերմանիան Գյոթե ինստիտուտներ կամ կենտրոններ ունի աշխարհի տարբեր երկրներում: Անցյալ տարի դեկտեմբերին բացվել է նաև Հայաստանում և Ադրբեջանում, մինչ այդ տարածաշրջանում միայն Վրաստանում կար, որը պատասխանատու էր նաև տարածաշրջանի երկրների համար»,- պարզաբանեց մեր զրուցակիցը, նշեց նաև, որ սեմինարների շարունակական լինելը կախված է գերմանական կողմի ֆինանսավորումից:

«Տարիներ առաջ, երբ զրուցեցինք թարգմանական խնդիրների մասին, ասացիք, որ քիչ են թե՛ գերմաներենից հայերեն, թե՛ հայերենից գերմաներեն թարգմանությունները: Այսօր հրատարակչական բում կա, լրացվու՞մ է այդ բացը»,- մեր այս հարցին ի պատասխան՝ Գայանե Գինոյանն ասաց, որ գերմաներենից հայերեն թարգմանությունների դեպքում բում չկա. «Իհարկե, անցյալ տարիների համեմատ, դրական տեղաշարժն ակնհայտ է: Իսկ հայերենից գերմաներեն, որքան տեղյակ եմ, վերջին 4 տարում 3 գիրք է տպագրվել: Սեմինարն առաջնահերթ դրան է ուղղված՝ գտնել ու վերապատրաստել թարգմանիչներ, որոնք հայ և գերմանալեզու գրականությունը կթարգմանեն ու կներկայացնեն համապատասխանաբար գերմաներեն և հայերեն: Ցավոք հայերենը Գերմանիայի մեկ համալսարանում է դասավանդվում, իսկ այնտեղ ուղղված մեր դիմումներին, թե կա՞ն արդյոք հայերենի իմացությամբ և թարգմանությամբ հետաքրքրվողներ, պատասխան չստացանք: Գուցե հայ համայնքներում կան մարդիկ, որ ծնվել կամ մեծացել են Գերմանիայում և բավարար չափով գիտեն գերմաներեն, բայց արդյո՞ք նրանք կզբաղվեն թարգմանությամբ, դա է կարևոր պարզել: Մենք սեմինարը սկսել ենք որոնողական աշխատանքներով, հարկ է նշել, որ այս անգամ դրան որոշ չափով աջակցել է նաև Գերմանիայում Հայաստանի դեսպանատունը, ինչի համար շնորհակալ ենք»:

ՈՒ՞մ կողմից պետք է լինի շահագրգռվածություն, որ հայ գրականությունը ներկայացվի գերմանալեզու ընթերցողին: Մեր զրուցակցի կարծիքով՝ առաջին հերթին՝ մեր կողմից. «Որովհետև ես իմ աչքի առաջ արդեն ունեմ վրացական փորձը, 2012-ից շատ ինտենսիվ զբաղվում են թարգմանիչներ գտնելով-վերապատրաստելով և 2012-ից մինչ հիմա մոտ 60 անուն գիրք են թարգմանել ու հրատարակել գերմաներեն: 2018-ին ֆրանկֆուրտի տոնավաճառում իրենք հյուր երկիր են, և այնքան աչալուրջ են իրենց մշակույթը տարածելու գործում, որ օգտագործելով մշակույթի նախարարության հնարավորությունները և Գերմանիայի թարգմանիչների ֆոնդի ու Վրաստանում Գյոթե ինստիտուտի աջակցությունը այսօր արդեն գերմանական գրքի շուկայում ունեն լուրջ ներկայություն»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ