Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Այդպես երկիր չեն պահում, գլուխ են պահում

Այդպես երկիր չեն պահում, գլուխ են պահում
28.09.2018 | 00:20

Երևանի ավագանու ընտրությունների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք այցի համապատկերում գրեթե աննկատ մնաց, որ ՔՊ անդամ Սասուն Միքայելյանը որոշել է ԵԿՄ նախագահ դառնալ: Ճիշտ է, նա դեռ հայտարարում է, որ ժամանակ է պետք որոշում ընդունելու համար, բայց դա սոսկ ձևականություն է` առանց նրա նախնական համաձայնության ԵԿՄ-ում ոչ հավաք կլիներ, ոչ էլ նա կմասնակցեր այդ հավաքին: Ի՞նչ է կատարվում ԵԿՄ-ում: Ավելի ճիշտ` ԵԿՄ-ի շուրջ:


ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո երկրորդ հարցը դարձավ ԵԿՄ-ի ճակատագիրը, և այդ օրերին ոչ Սասուն Գրիգորյանը, ոչ Արկադի Տեր-Թադևոսյանը (երկուսն էլ ԵԿՄ անդամ չեն), ոչ այսօր ԵԿՄ-ի ճակատագիրը որոշել փորձողները չցանկացան որևէ քայլ անել ու մի բարի խոսք ասել ԵԿՄ-ի մասին: Նույն Սասուն Գրիգորյանը կտրականապես հրաժարվեց նախագահել ԵԿՄ-ն: Չի բացառվում, որ ԵԿՄ-ն պարզապես դադարեր գոյություն ունենալ, եթե Արամ Սարգսյանը պաշտպան չկանգներ Վազգեն Սարգսյանի հիմնած կառույցին: Այնքան երկար ժամանակ չի անցել հուլիսից, որ նրա հարցազրույցներն ու ԵԿՄ-ականների որոշումները խոր մոռացության տրված լինեն: Արամ Սարգսյանի ինչի՞ն էր պետք ԵԿՄ-ն: ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հիմնած միությունը պահելու և երկրապահների պատվի ու հեղինակության, վարկի ու նշանակության պահպանման խնդիրը կար երկրում, որ դեռ պատերազմի մեջ է: Պաշտպան կանգնելով հարվածի տակ հայտնված ԵԿՄ-ին` այն օրերին Արամ Սարգսյանը չէր հավակնում ԵԿՄ նախագահ դառնալ, որոշումն ընդունել ու նրան առաջարկել են իրենք` ԵԿՄ-ականները: Եվ Արամ Սարգսյանը համաձայնել է, ավելին, կար պայմանավորվածություն սեպտեմբերին ԵԿՄ համագումար հրավիրել ու ընտրություններ անել:


Ի՞նչ է այսօր փոխվել: ԵԿՄ-ի փոքրաթիվ հատվածի տրամադրությունների փոփոխությունը ամբողջությամբ տեղավորվում է ԵԿՄ անդամ Վլադիմիր Առաքելյանի հայտնի հավաքում տված հարցի մեջ. «Եթե Սասունը չլիներ իշխանություն, նրան կառաջարկեի՞ք նախագահ»: Հարց, որի պատասխանը այդ օրը չտրվեց: Ավելի ճիշտ կլիներ հարցը ձևակերպել այլ կերպ. «Եթե Արամը լիներ իշխանություն, Սասունին կառաջարկեի՞ք»: Փաստը մնում է փաստ, որ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել ԵԿՄ-ն, իսկ Արամ Սարգսյանի պարագայում դա հնարավոր չէ: Մնում է Սասուն Միքայելյանին առաջ մղել` դարձնելով նոմինալ նախագահ ու կառույցը ուղիղ կախման մեջ դնելով իշխանությունից: Իսկ ժամանակի մեջ հարմար պահի` կառույցը ցրել, հիմնավորելով, որ վաղուց արդեն կա Հայաստանի ազգային բանակը, և կառույցի գոյության անհրաժեշտությունը վերացել է: Ակնհայտ է, որ ԵԿՄ-ի կազմակերպական ու մարդկային վիթխարի ռեսուրսը կանոնակարգելու, պահպանելու ու զարգացնելու ոչ մի նպատակ իշխանությունը չունի: ԵԿՄ-ն գլխացավ է, որից հնարավորինս արագ պիտի ազատվել:
Վստահաբար Սասուն Միքայելյանը, որ բոլորովին այլ կառույցի ղեկավար է և ժամանակին ինքն է հեռացել ԵԿՄ-ից ու «Ոգու փորձությունը» ստեղծել, չի առարկի Նիկոլ Փաշինյանին: Նույնքան վստահաբար կլռի և Շուշիի ազատագրման բոլոր դափնիները չգիտես ինչու միայն իր ուսերին կենտրոնացրած ու «Պատերազմի վետերանների միության» նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը: Կլռեն և այսօր մյուս աղմկողները` Ռուստամ Գասպարյանը, Սմբատ Հակոբյանը, Մանվել Եղիազարյանը, Վարդան Ավետիսյանը… Նրանք սովոր են միշտ իշխանության կամքը կատարել` ով էլ լինի իշխանություն: ՈՒ՞ր էին նրանք ամռանը, որ հիմա հանկարծ ԵԿՄ-ի պատվի ու հեղինակության վերականգնման մասին հիշեցին: Կամ ո՞վ է Արկադի Տեր-Թադևոսյանը, որ, ԵԿՄ անդամ չլինելով, հրամայի ԵԿՄ անդամ չեղող Սասուն Միքայելյանին դառնալ ԵԿՄ նախագահ: Ինչու՞ էր Արկադի Տեր-Թադևոսյանը լռում 2008-ին, երբ նույն Սասուն Միքայելյանը բանտում էր:


Դավաճանությունը ԵԿՄ-ին ու ԵԿՄ-ում սկսվեց Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո ու շարունակվում է մինչև հիմա: Համենայն դեպս, մինչև այսօր ոչ մի ԵԿՄ-ական հարց չի բարձրացրել` ինչքա՞ն պիտի կալանավորված մնա իրենց նախկին նախագահը, որ Արցախի հերոս է, զորավար էր, հրամանատար էր, տեր ու տիրական էր, որ քաղցկեղ ու շաքարախտ ունի ու ստացիոնար բուժման կարիք, որ այս ընթացքում հնչեղ քրեական գործերով միակ կալանավորվածն է, որ գրավով ազատ չի արձակվել: Արկադի Տեր-Թադևոսյանը այս թեմայով չի՞ ուզում «հրաման տալ» Սասուն Միքայելյանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ԵԿՄ-ն հասարակական կառույց է ու քաղաքականությունից դուրս, բայց ստացվել է այնպես, որ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո ԵԿՄ-ն օրվա իշխանությունը միշտ դարձրել է իր ձեռքի գործիքը` շռայլ ֆինանսավորմամբ ու կոչումներ շռայլելով վերնախավին, մոռացության մատնելով շարքային անդամներին: Այսօր ԵԿՄ-ն ինքն իր ներսում պիտի որոշում կայացնի` ի՞նչ է ուզում, մնալ խամաճի՞կ, թե՞ մտածել իր «մաքուր ախպերների» մասին` նրանց կյանքը արժանավայել դարձնելու, պատիվն ու հարգանքը պահելու ու ԵՐԿՐԱՊԱՀ, ոչ թե իշխանապահ մնալու հարցի շուրջ: Նիկոլ Փաշինյանին հասկանալ կարելի է` նրան առաջնորդում են վախն ու անվստահությունը և բոլորին ու ամեն ինչ իր անձնական իշխանությանը ենթարկելու ցանկությունը, բայց ինչպե՞ս հասկանալ իրենց երկրապահ համարողների քամելեոնությունն ու իշխանության գույնը իրենց վրա առնելու ցանկությունը: Վախենում են կերակրատա՞շտը կորցնել: ՈՒ կարծում են, որ Սասուն Միքայելյանը լիքը փողեր է բերելու ու իրենց պահելու՞: Սասու՞նը: Կասկածը, որ «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանը ԵԿՄ-ն կօգտագործի քաղաքական նպատակներով, ու ԱԺ արտահերթ ընտրություններում ԵԿՄ-ն կաշխատի նրա օգտին, տեղին կլիներ, եթե Երևանի ավագանու ընտրություններում Արամ Սարգսյանի հորդորով որևէ ԵԿՄ-ական ձայն տված լիներ կամ աշխատեր «Լույս» դաշինքի օգտին: Գործնականում ԵԿՄ-ն նույնիսկ կաշկանդելու է Արամ Սարգսյանին, և հաստատ նա չէ այն մարդը, որի միջոցով փորձում են ԵԿՄ-ն նորից մասնատել` ցրելուց առաջ: Այս ամբողջ անվայել պատմության մեջ ամենանողկալին այն է, որ կառույցը քանդողները իրենց տան պատերին Վազգեն Սարգսյանի նկարն են պահում ու խոսում են նրա անունից` ամեն քայլով ոտնահարելով նրա ստեղծած արժեքներն ու նրա գործը: Այդպես երկիր չեն պահում, ընդամենը գլուխ են պահում` երկրի անունից ճամարտակելով: Պատմությունը գուցե ներել գիտի, ժամանակը` ոչ:

Դիտվել է՝ 9975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ