«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Շատերը չեն հավատում, որ «Անտառապահը» կարող էի նկարահանել իմ ունեցած տեսախցիկով»

«Շատերը չեն հավատում, որ «Անտառապահը» կարող էի նկարահանել իմ ունեցած տեսախցիկով»
28.09.2018 | 12:12

ՆՎԵՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «Անտառապահը» վավերագրական ֆիլմը (2018 թ.) նկարահանվել է Դիլիջանի պետական արգելոցում: Անտառապահը պահպանում է բնությունը, բնությունը պահպանում, ապաքինում, ապրեցնում է անտառապահին: Մարդու և բնության անքակտելի կապը երբեմն խզվում է ծառահատումների տեսարանով: «Բնությունից կտրված մարդը չգիտի բնության արժեքը, նա կարող է ծառ կտրել, որ իր թոռան համար այֆոն գնի: Իմ հերոսը այլ արժեհամակարգ ունի, այլ կերպ է ապրում ու նայում կյանքին: Առհասարակ, իմ բոլոր ֆիլմերի հերոսներն ուրիշ հայացք ունեն»,- ասում է երիտասարդ ռեժիսորը:
«Անտառապահը» մասնակցել է փառատոների Հայաստանում և արտերկրում ու դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, առաջիկայում ներկայացվելու է Իտալիայում, ԱՄՆ-ում, Կոսովոյում: Թե՛ անտառապահի պատմությունը, թե՛ Դիլիջանի բնաշխարհը անտարբեր չեն թողնում օտարերկրյա կինոդիտողին ու բնասերներին: «Եթե «Անտառապահը» դիտելուց հետո թեկուզ մեկը ցանկանա գալ Հայաստան, տեսնել ֆիլմում պատկերված բնությունը, ես աշխատանքս հաջողված կհամարեմ»,- նշում է ռեժիսորը:


Նվեր Հովհաննիսյանը հեղինակել է նաև «Որտե՞ղ է երջանկությունը», «Մետամորֆոզ», «Ապրելու արվեստ», «Պակասություն», «Մենք կորցնում ենք կյանքը» ֆիլմերը: Զբաղվում է լուսանկարչությամբ, գեղանկարչությամբ, սցենարական աշխատանքով, կինոնկարչությամբ, հանդես է գալիս նաև որպես հաղորդավար: Վարել է «Մինորա մշակութային կենտրոնի» կազմակերպած երգի և պարի մրցույթ-փառատոները (2008-2011 թթ.), Վրաստանում անցկացվող «Սուրբ Գեորգի» միջազգային փառատոնը (2011 թ.):

-Ասում են՝ լավ ֆիլմ ունենալու գրավականը լավ սցենարն է: Ֆիլմերիդ սցենարները ինքդ ես գրում: Պատճառն այն է, որ չկա՞ն այսօր լավ սցենարիստներ, որոնց աշխատանքից կուզեիր օգտվել:
-Ես չեմ հանդիպել սցենարիստների, որոնց աշխատանքները կարող են ինձ հուզել, կամ որոնք կարողանային ճիշտ արտահայտել իմ մտքերը: Որպես ստեղծագործող մարդ՝ ունեմ իմ աշխարհընկալումը և ուզում եմ դա ներկայացնել: Ցանկացած սցենարի վրա ռեժիսորն անպայման միջամտություն է անում: Իմ «Որտե՞ղ է երջանկությունը» ֆիլմում ասվում է. «Նայելը քիչ է, պետք է նաև տեսնել»: Ռեժիսորի և սցենարիստի տեսնելու ունակությունը, իմ կարծիքով, շատ տարբեր է:
-Ինչպե՞ս ես ընտրել ֆիլմի երաժշտությունը: Այս դեպքում, կարծում եմ, անհրաժեշտ է մասնագիտական միջամտություն:
-Երաժշտությունը գրվել է ֆիլմի համար: Հեղինակը Գարեգին Առաքելյանն է («Գաթա բենդի» համահիմնադիր):
-«Անտառապահում» կար բնություն և կար մարդ, ում «ընտրել էր բնությունը» (ռեժիսորի բնորոշմամբ): Երբ նայում էի ֆիլմը, հարց առաջացավ՝ ո՞վ է գլխավոր հերոսը՝ անտառապա՞հը, թե՞ անտառն ինքը:
-Ֆիլմը բնության ու մարդու ներդաշնակության մասին է, երկուսն էլ հավասարապես գործող անձինք են: Անտառապահը բնության մասնիկն է, դժվար կլինի տարանջատելը: Կարող էի բնապահպանական շատ ֆիլմերի նման նույն տեսարանները ներկայացնել առանց անտառապահի, բայց մարդուն հետաքրքիր է տեսնել իր նմանի պատմությունը:
-Ի՞նչ ժամանակահատվածում ես նկարահանել ֆիլմը. տարվա բոլոր եղանակները տեսանելի են, անտառը երևում է նաև գիշերը: Ի՞նչ բարդությունների ես հանդիպել:
-Տարվա բոլոր եղանակներին նկարահանումներ եմ իրականացրել անտառում: Եթե օրերը գումարենք, կլինի մեկ ամիս: Բնական է, որ նաև գիշերել եմ: Բարդ էր այն առումով, որ չկային տեխնիկական բավարար միջոցներ: Ֆիլմը մի քանի օպերատոր ունի, այդ թվում՝ ես: Շատերը չեն հավատում, որ «Անտառապահը» կարող էի նկարահանել իմ ունեցած տեսախցիկով: Բայց այն արդյունքը, որ ստացել ենք, փակում է տեխնիկական բացերը:
-Բնապահպանությունը զուգորդվում է ՀԿ-ների, դրամաշնորհային ծրագրերի հետ: Այս ֆիլմում տեսնում ենք ամենաիսկական բնապահապանին, որն ապրում է անտառում, անտառի հետ, պահպանում ու սիրում է բնությունը: Բավական է նշել երկու դրվագ. «Բա նորմալ մարդը շիշը կթողնի՞ անտառում»,- զարմանում է անտառապահը, հիշում է նաև, որ ժամանակին հայրը թույլ չէր տալիս իր անունը գրել ծառերին: Հետաքրքիր է՝ ի՞նչ արձագանքի է արժանացել ֆիլմը բնասերների, բնապահպանների շրջանում:
-«Անտառապահի» գունաշտկումների համար փոքր աջակցության կարիք ունեինք: Ես դիմել եմ Հայաստանում գործող բոլոր բնապահպանական կառուցներին՝ սկսած բնապահպանության նախարարությունից, ոչ մի օժանդակություն չստացանք: Հրաժարվեցին օգնելուց նաև ֆիլմը տարածելու հարցում: Գունաշտկումները, ի վերջո, իրականացրեց Միհրան Ստեփանյանը: Լեռների տեսարանները նկարահանելու հարցում օգնել է Հայկ Բարսեղյանը, ծառահատման որոշ տեսարաններ տրամադրել է Լևոն Գալստյանը: Բոլոր նրանք, ովքեր աջակցել են իմ աշխատանքին, արել են դա միանգամյան անշահախնդրորեն և անվճար:

-Մենք ամբողջ օրը համացանցում ենք, բայց պայքարում ենք համացանցի դեմ: Ինչպե՞ս գլուխ հանենք այս հակասությունից: Քո նկարահանած «Մենք կորցնում ենք կյանքը» սոցիալական գովազդը սրա մասին է: Իսկապե՞ս տեխնոդարում կորցնում ենք ապրելու ժամանակը:
-Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացի արդյունքում մարդկությունը զարգացման նոր փուլ է մտել, սակայն հեռահաղորդակցման միջոցները չպետք է փոխարինեն անմիջական շփմանը, համակարգչային խաղերը՝ մեր մանկության խաղերին՝ «Զիլինա», «Յոթ քար», «Հավալա», «Հալամուլա», «Բռնոցի» և այլն: Տեղեկատվական հասարակությունն այսօր անմիջական շփման խնդիր ունի: Ես տեսել եմ սոցիալական գովազդի իրական պատմությունը. մարդիկ իրար դիմաց նստած դժվարանում էին հաղորդակցվել, ստեղծված անհարմար դրությունը փրկելու համար սկսեցին գրել իրար, հումորներ անել: Ինձ թվում է՝ սա լուրջ խնդիր է:
-«Որտե՞ղ է երջանկությունը» արժանացավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի «Մեր օրերի հերոսը» անվանակարգի գլխավոր մրցանակին: Ըստ քեզ՝ ինչո՞վ է աչքի ընկնում ֆիլմը:
-«Որտե՞ղ է երջանկությունը» ոմանք ընկալում են որպես ռեպորտաժ, ոմանք՝ տեսանյութ, ոմանք կարծում են՝ արել եմ այն, ինչ թույլ են տալիս իմ հնարավորությունները: Իրականում «Որտե՞ղ է երջանկությունը» շրջանցում է կինոյի սկզբունքները՝ թե՛ պատկերային, թե՛ սյուժետային, թե՛ դրամատուրգիական, և ծառայում ինքն իրեն, իր գաղափարին: Միառժամանակ թերահավատորեն էի վերաբերվում աշխատանքիս, մինչև որ մշակութային մի կենտրոնում կազմակերպվեց «Որտե՞ղ է երջանկությունը» և «Ապրելու արվեստը» ֆիլմերիս ցուցադրությունը: Ամենակարևոր գնահատականն այդ օրը ստացա, երբ նկատեցի, որ մարդկանց աչքերին արցունքներ կային: Հանդիսատեսի արձագանքն ու հուզումը ինձ ուժ ու վստահություն տվեցին շարունակելու և ստեղծելու հաջորդ ֆիլմերը:
-Մանկությունից դեպի հասուն տարիք ձգվող թելը կարո՞ղ է կտրվել, երջանկության փնտրտուքները չե՞ն հեռացնում մարդուն ինքն իրենից: Սրանք ֆիլմից ծնված մտորումներ են:
-Ինչպես վարպետս՝ Ռուբեն Գևորգյանն է ասում, մենք ծնունդով մանկությունից ենք: Մանկության, պատանեկության շրջանը առանցքային դեր ունի մարդու կյանքի ձևավորման մեջ: Փոքր հասակում ուզում ես արագ մեծանալ, որ հասնես ինչ-որ բանի, բայց մեծանալով միշտ ձգտում ես վերադառնալ դեպի մանկություն: Յուրաքանչյուր մարդ փորձում է ավելի լավը դարձնել իր առօրյան, իր ներաշխարհը, ինչը տանում է ներդաշնակության ինքն իր հետ, շրջապատի, կյանքի հետ, դա է երջանկությունը: Մարդու ձգտումների, քայլերի հիմքում երջանկության հասնելու գաղափարն է, անկախ նրանից՝ գիտակցու՞մ է դա, թե՞ ոչ:
-Ֆիլմի այն դրվագը, երբ տատիկը աղբամանն է փորփրում, հավանաբար վկայում է չհաջողված կյանքի մասին, կոտրված երջանկության, թեև պարտադիր չէ աղբամանը փորփրել հասկանալու համար, որ ինչ-որ բան բաց ես թողել:
-Մի դրվագ կա, որտեղ ասվում է. «Իմ անունը Վազգեն է, ես Արարատից եմ, ես մեր դասարանի ամենալավ ֆուտբոլ խաղացողն էի»... «Ես արդեն չեմ հիշում՝ ինչ էի ուզում դառնալ»… Առաջինը մանկության ձայնն է: Երկրորդը հետադարձ հայացք է` ի՞նչ էր ուզում, և կյանքն ուր հասցրեց: Բայց դա չի նշանակում, թե կյանքդ կոտրված է։ ՈՒղղակի կյանքում կտրուկ շրջադարձեր կարող են լինել, մեր պատկերացումներին լրիվ հակառակ, ինչպես տատիկի դեպքում. վստահ եմ, որ մանկության տարիներին նա սիրուն երազանքներ է ունեցել: Ես այդպիսի երանգներ էի ուզում ցույց տալ:
-Դերասանները հեշտությա՞մբ են համաձայնում նկարահանվելու նոր քայլեր անող ռեժիսորի հետ:
-Ոչ բոլորը: Առաջին կարճամետրաժ խաղարկային ֆիլմի փորձը կուրսային աշխատանքս՝ «Մետամորֆոզն» էր: Աշխատում էի Գեորգի Հովակիմյանի և Սոֆիկ Սարգսյանի հետ: Գեորգի Հովակիմյանը աշխատել է Փարաջանովի («Աշուղ Ղարիբ» ֆիլմում), Անդրեյ Կոնչալովսկու և մեծանուն այլ ռեժիսորների հետ: «Մետամորֆոզում» համաձայնեց նկարահանվել զուտ նրա համար, որ ես ուսանող էի: Նրա հետ աշխատանքը, անգամ նրա վերաբերմունքը շատ բան տվեցին: Հասկացա լրջությունը, կարևորությունը ռեժիսորի աշխատանքի, հասկացա նաև՝ ինչ չէի արել, որ պետք էր անել:
-Առհասարակ, ի՞նչ խնդիրների է բախվում երիտասարդ ռեժիսորը:
-Հայաստանում կան ավագ սերնդի ռեժիսորներ, որոնք երկար տարիներ ու մինչ օրս զբաղվում են ֆիլմարտադրությամբ, միջին սերունդ գրեթե չի երևում, իսկ երիտասարդները դուրս են մրցակցությունից՝ միայն հնարավորություների առումով: Կինոն թանկ արվեստի տեսակ է: Օրինակ, իմ համակուրսեցի ընկերները լավ աշխատանքներ են անում բավականին սուղ միջոցներով: Երբեմն մտածում եմ՝ ինչպիսի՞ն կլիներ նրանց աշխատանքը, եթե ապահովված լինեին տեխնիկական և այլ առումներով:
-Այսինքն, չունե՞ն պետական աջակցություն:
-Աջակցությունը տրվում է այն մարդկանց, ում անուններն արդեն գիտեն:
-Ինչու ձեր ուժերը չեք փորձում «Յուրիմաժում» կամ նմանատիպ այլ կինոնախագծերում:
-Անցյալ տարի մասնակցել եմ «Ստեծարար Եվրոպային»: Ներկայանալու, շփվելու հրաշալի հնարավորություն է ընձեռվում, բայց օգտակար գործողության գործակիցը փոքր է: Դրսի պրոդյուսերը հետաքրքրվում է նախագծով, մեր պրոդյուսերը նստած հորանջում է: Արդեն գիտեն՝ որ նախագծին են մասնակցելու, քո աշխատանքը իրենց ի սկզբանե հետաքրքիր չէ: Եթե քո երկրի ներկայացուցիչը բացարձակ անտարբերություն է ցույց տալիս, ինչու՞ պետք է ԱՄՆ-ի կամ Լեհաստանի ներկայացուցիչը լուրջ քայլեր անի:
-Ի՞նչ ծրագրեր ունես:
-Խաղարկային կարճամետրաժ աշխատանք ունեմ: Հավանաբար կներկայացնեմ կինոկենտրոնին, հույս ունեմ, որ կփորձեն նպաստել հայկական նոր կինոյի զարգացմանը: Նկարահանելու նպատակ ունեմ, բայց միջոցներ դեռ չկան:


Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հ. Գ. Մեր զրույցից հետո տեղեկացանք, որ Նվեր Հովհաննիսյանը ֆիլմում աշխատելու հրավեր է ստացել և մեկնել Մոսկվա: Հավանաբար երիտասարդ ռեժիսորի ներուժն այստեղ իրացնել չի հաջողվել:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ