Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Զորաց քարերի ուղղաձիգ կանգնած մենհիրները բոլորովին էլ վտանգված չէին»

«Զորաց քարերի ուղղաձիգ կանգնած մենհիրները բոլորովին էլ վտանգված չէին»
02.10.2018 | 01:18

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ գտնվող Զորաց քարեր հնավայրում հնագիտական պեղումները շարունակվում են: Արշավախմբի ղեկավարը պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանն է:


Շուրջ 5 տարի իրականացվող աշխատանքների նպատակը Զորաց քարեր հնավայրի պատմամշակութային ժառանգության վերհանումն է: Գիտնականը նշել է, որ այն Կովկասի եզակի հնագիտական հուշարձաններից մեկն է` միակ մեգալիթյան հուշարձանը ողջ Կովկասում, որն այս ծավալով ու այս մակերեսով պահպանվել է, և դրա ուսումնասիրությունը շատ կարևոր է: Նրա պնդմամբ՝ հուշարձանը մոտ 4 հազար տարեկան է:
Պարիս Հերունու աղմկարահույց վարկածը, ըստ որի Քարահունջը (Զորաց քարերը) 7500-ամյա հնագույն աստղադիտարան է, հնագետները ոչ այդքան հավանական են համարում: Ժամանակ առ ժամանակ թեժանում են տարաձայնությունները պեղումներն իրականացնող հնագետների և Հերունու հետևորդների միջև: Բոլորովին վերջերս դժգոհության ալիք էր բարձրացել նաև տեղի մի խումբ բնակիչների շրջանում: Վերջիններիս զայրացնում է այն, որ հնագետները ժխտում են աստղադիտարանի գոյությունը՝ «ապակողմնորոշելով» զբոսաշրջիկներին, որոնք գալիս են տեսնելու աշխարհի հնագույն «աստղադիտարանը»: Մտահոգության տեղիք է տվել նաև պեղումների ժամանակ վերամբարձ կռունկի, քլունգի և այլ գործիքների կիրառումը:


«Հնագիտական աշխատանքները հիմնված են փաստերի վրա: Ինձ համար ցավալի է, որ նման քննարկումները գիտական և կառուցողական բանավեճերից տեղափոխվել են անձնական վիրավորանքների դաշտ: Զորաց քարեր հնավայրը պեղող հնագետ Աշոտ Փիլիպոսյանն իմ ուսուցիչն է, մասնագետ, ում ճանաչում և ընդունում են ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Խիստ ցավալի է, որ բանավեճի մյուս կողմում Գուրգեն Վարդանյանն է` իմ կուրսընկերը, որի հետ ես ունեմ բավականին ջերմ հարաբերություններ,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, Օձաբերդի և Էրեբունու հնագիտական պեղումների ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ:- Երբ քննադատում ես հնագետին ոչ հարիր պեղումներ իրականացնելու համար, պետք է առնվազն որոշակի գիտելիք և տեղեկություն ունենաս հնագիտականս պեղումների ու դրանց մեթոդների մասին: Ցավոք, շատ է բարձրաձայնվում, որ Զորաց քարերում պեղումների ժամանակ աշխատել են վերամբարձ կռունկներով, քլունգներով և, այսպես ասած, «լոմերով», մինչդեռ պետք է հասկանալ, որ հնագիտության մեջ ընդունված է որոշ դեպքերում կիրառել վերամբարձ կռունկներ, քլունգներ և այլ գործիքներ: Օրինակ, երբ դամբարան են պեղում և մի քանի տոննանոց ծածկասալ պետք է հեռացնեն, բնականաբար, դա արվում է վերամբարձ կռունկների միջոցով: Երբ կա կարծր զանգված, որը հնագիտական շերտ չի պարունակում, կարող ենք քլունգ կիրառել: Այսպիսի դեպքերը շատ են, և հնագետը նշում է իր հաշվետվություններում, թե պեղման ինչ մեթոդներ են կիրառվել: Զորաց քարերում այս տարվա պեղումների ժամանակ մի քանի ծածկասալեր ուղղակի ընկած են եղել դամբարանի մեջ: Դրանք անհրաժեշտ էր հեռացնել դամբարանը պեղելու համար: Բնականաբար, երբ մարդկային ուժը ի զորու չէ, այո, օգտագործվում են վերամբարձ կռունկներ, ինչը տարածված փորձ է ամբողջ աշխարհում»:


Միքայել Բադալյանը նշեց նաև, որ հասկանում է համակուրսեցի Գուրգեն Վարդանյանի մտահոգությունը. «Նա ապրում է այդ հուշարձանով, և շատ շատերն են ապրում այդ հուշարձանով: Բայց, ինչպես տեսանք ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի հրապարակած լուսանկարներից և չափագրություններից, Զորաց քարերի ուղղաձիգ կանգնած մենհիրները, որոնց առնչությամբ այդքան աղմուկ բարձրացվեց, բոլորովին էլ վտանգված չէին: Կամ երբ ասվում է, որ մասնակի պեղումներով չի կարելի հեռուն գնացող եզրահանգումներ անել, ես ասեմ, որ կարելի է: Հնագետը որոշակի տարածքում կարող է պեղումներ անել ու հստակ նշել տվյալ կառույցի շերտագրությունն ու ժամանակագրությունը: Զորաց քարերում պեղումների ընթացքում բացվել է պատ, որը կարելի է վերագրել Ք. ա. 8-6-րդ դարերին: Այդ պատի վերին հատվածում են գտնվում մի քանի մենհիրներ, որոնք, ըստ որոշ կարծիքների, մաս են կազմում Զորաց քարերի աստղադիտարանի: Սակայն պարզ է, որ առնվազն այդ մենհիրները դրվել են վերը նշված պատի կառուցումից ավելի ուշ, ինչից ակնհայտ է, որ այդ մենհիրները չեն կարող դրված լինել 7500 տարի առաջ, ինչպես պնդում էին հարգարժան Պարիս Հերունին և նրա հետևորդները»:


Մեր զրուցակիցը մեծ հարգանքով է վերաբերվում ակադեմիկոս Պարուս Հերունուն, նրա վաստակին, գիտի, որ նա ապրում էր այդ հուշարձանով, ինչ մեծ ավանդ ունի մեր գիտության զարգացման գործում, բայց նաև նշում է, որ հնագիտությունը հենվում է փաստերի վրա, և նորմալ է, որ դրանք կարող են տարբեր լինել աստղաֆիզիկական այլ մեթոդներով հաշվարկներից: Նա ցանկություն հայտնեց, որ քննադատողները, որպես կամավոր, հաջորդ տարի ներգրավվեն Զորաց քարերում իրականացվելիք պեղումներում, տեսնելու, թե ինչպես են դրանք իրականացվում: Անդրադառնալով որոշ հնագետների կարծիքին, թե տարածքում իրականացվում են ցածր մակարդակի պեղումներ, Միքայել Բադալյանը նշեց, որ առնվազն տարօրինակ է, երբ նման խնդիր բարձրացնող հնագետները թաքցնում են իրենց ով լինելը:
Քարահունջի` Սթոունհենջից ավելի հին լինելու վարկածը և երկու հնավայրերի կապը գայթակղիչ վարկած է, և երբ մասնագետները խոսում են դամբարանադաշտի առկայության մասին, թվում է՝ արժեզրկում են Զորաց քարերի նշանակությունը: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Միքայել Բադալյանն ասաց, որ Սթոունհենջում արված վերջին հետազոտություններից հետո հնագետները փաստել են, որ դա ոչ թե աստղադիտարան է եղել, այլ սրբավայր, ինչը ոչնչով չի նսեմացնում Սթոունհենջի արժեքն ու դերը. «Նույն Զորաց քարերը այսօր Կովկասում բացառիկ հուշարձան է և ունի հսկայական պոտենցիալ՝ լինելու պատմամշակութային և զբոսաշրջային կարևորագույն կենտրոն: Երբ ասում են, որ ամեն օր 800 զբոսաշրջիկ է գալիս այստեղ, պետք է հաշվի առնենք, որ դա ասում է մի կողմը՝ առանց որևէ պաշտոնական հաշվարկի, բացի այդ, Զորաց քարեր գալիս են նաև Տաթև, Խնձորեսկ այցելող զբոսաշրջիկները: Դա զբոսաշրջային երթուղի է, և Զորաց քարերն այդ երթուղու ուղղություններից մեկն է»: Հնագետը նշեց, որ Զորաց քարերում պեղումները պետք է շարունակվեն, կրքերը հանդարտվեն, բարեկամական, ջերմ հարթություն տեղափոխվեն, որպեսզի շահեն և՛ գիտությունը, և՛ մարդկային հարաբերությունները:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ