Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Անգամ զարգացած երկրներում լավ մասնագետ գտնելը խնդիր է»

«Անգամ զարգացած երկրներում լավ մասնագետ գտնելը խնդիր է»
05.10.2018 | 02:36

«Իրատեսի» հյուրը «Նյու-Մեդ» ուրոգինեկոլոգիական կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար, գինեկոլոգ, վիրաբույժ ԱՐՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆՆ է: Զրույցի թեման ընդգրկուն է` գինեկոլոգիական ամենատարածված հիվանդությունները, պրոֆիլակտիկ բուժզննման անհրաժեշտությունը, կնոջ անատոմիական կառուցվածքի և խառնվածքի առանձնահատկությունները, գինեկոլոգիական ոլորտի նորություններն ու ձեռքբերումները, լավ բժիշկ լինելու նախադրյալները և այլն:


-Պարոն Սիմոնյան, որո՞նք են ամենից հաճախ հանդիպող գինեկոլոգիական խնդիրները: Կա՞ն հիվանդություններ, որ երիտասարդացել են:
-Ըստ վիճակագրության՝ հիմնական խնդիրը, որ հանդիպում է, հատկապես երիտասարդ կանանց մոտ, սեռական օրգանների բորբոքումներն են: Պատճառները տարբեր են՝ մրսածություն, հիգիենիայի ոչ ճիշտ պահպանում, միջադիրներ, լողավազաններում լողալը (եթե սանիտարական կանոնները չեն պահպանվում) և այլն:
Երկրորդ խնդիրը կապված է հորմոնալ խախտումների հետ: Կնոջ օրգանիզմը շատ նուրբ է: Պատկերացրեք, դաշտան տեսնելու օրվանից սկսած՝ ամեն ամիս կնոջ օրգանիզմը պատրաստվում է հղիանալու: Էնդոկրին համակարգը՝ հիպոֆիզը, վահանագեղձը, կրծքագեղձերը, արգանդը, արգանդի պարանոցը, ձվարանները բուռն կերպով աշխատում են, որ ձվազատում լինի (կամ չլինի): Եթե հղիություն չի լինում, այդ բոլոր պրոցեսները հետաճ են ունենում, հետո նորից ամեն ամիս ակտիվանում են:
Հորմոնալ խանգարման, ձվազատման խաթարման հետևանքով հաճախ են հանդիպում ֆոլիկուլյար կիստաներ, դրանց արդյունքում ի հայտ են գալիս մաշկային խնդիրներ, մազակալում, ավելորդ քաշ և այլ ախտանիշներ:
Երրորդը ուռուցքային խնդիրներն են, բայց, փառք Աստծո, որ դրանք քիչ տոկոս են կազմում: Այսօր 21 տարեկան այցելու ունեի, որը բավականին լուրջ խնդիր ուներ: Օրեր առաջ ստիպված եղանք հեռացնելու 25-ամյա կնոջ արգանդը՝ միոմայի մեծ չափերի պատճառով: Ըստ այդմ, պարբերաբար ընդգծելու եմ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր կին վեց ամիսը կամ գոնե տարին մեկ հետազոտվի, անկախ նրանից՝ ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ, երեխաներ ունի՞, թե՞ դեռ չի մայրացել:
-Իսկ կա՞ մեզանում պրոֆիլակտիկ հետազոտվելու կուլտուրա:
-Հիմա արդեն կա: Նոր սերնդի աղջիկները շատ ավելի ուշադիր են իրենց առողջության նկատմամբ: Գումարած դրան՝ այսօր ուշադրություն են դարձնում նաև կոսմետիկ խնդիրներին: Սեռական օրգանների անատոմիան շատ անհատական է, դրանք կարող են լինել անհամաչափ՝ առաջացնելով և՛ ֆունկցիոնալ, և՛ էսթետիկ խնդիրներ: Եթե կա բժշկական ցուցում, լաբիոպլաստիկան հնարավորություն է տալիս դյուրությամբ շտկելու թերությունները:
-ՈՒնե՞նք այսօր միջազգային չափորոշիչներին համապատասխան բժշկություն՝ թե՛ հետազոտության առումով, թե՛ բուժման մեթոդների, թե՛ տեխնիկական հագեցվածության: Խոսքը գինեկոլոգիայի ոլորտի մասին է:
-Ես կարող եմ միանշանակ ասել՝ այո, բայց «այո»-ի մեջ մի «բայց» կա. ունենք ոչ բոլոր կենտրոններում: Ինչպես և ամենուր: Այնպես չէ, որ Ռուսաստանում կամ Եվրոպայում համաչափ զարգացած է բժշկությունը: Քանի որ խոսում ենք գինեկոլոգիայի մասին, կարող եմ փաստել, որ այսօր Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա են օնկոգինեկոլոգիան, արտամարմնային բեղմնավորումը: Կան լավ կենտրոններ, լավ մասնագետներ, իրականացվում են բարձրակարգ վիրահատություններ: Բայց անգամ զարգացած երկրներում ( ես հաճախ եմ լինում Ֆրանսիայում, Ամերիկայում) լավ մասնագետ գտնելը խնդիր է: Խելացի, պրոֆեսիոնալ լինելը վիրաբուժության մեջ առաջնային է, քանի որ դա բարդ գիտություն է, բայց դա բավարար չէ: Կան նաև այլ գործոններ. լավ բժիշկը պետք է հոգեբան լինի, տիրապետի հաղորդակցման կուլտուրային, լինի դաստիարակված անձ և, այսպես ասեմ, սիրի մարդկանց:
-Այնուհանդերձ, ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով են մեզանում ընտրում բժշկին:
-Կիրառվում է «տատիկի մեթոդը», «сарафанное радио» ասվածը, երբ շրջապատում հարցնում ես, նրանք, ովքեր որոշակի փորձ ունեն, խորհուրդ են տալիս: Երկրորդ միջոցը համացանցն է, որն ինչ-որ չափով օգնում է, ինչ-որ չափով էլ խանգարում, և երրորդը՝ ամենակարևորը, հիվանդի ինտուիցիան է: Հիվանդն ինքը պետք է ընտրի իր բժշկին: Ես, օրինակ, դեմ չեմ, երբ հիվանդը դիմում է մի քանի մասնագետի, լսում է նրանց կարծիքը, հետո որոշում՝ ում վստահել: Դա հենց ինտուիցիան է:
-Որքա՞ն հաճախ են Ձեզ դիմում ինքնաբուժությամբ զբաղվելուց հետո:
-Բավական քիչ: Նախկինում ավելի շատ էր այդ տենդենցը: Ամենատարրական օրինակը նշեմ: Կինը կարող է արյունահոսել օրեր, ամիսներ շարունակ, բայց չդիմել բժշկի (արգանդային արյունահոսությունն ամենահանդիպող ախտանիշներից է, կարող է լինել ամենատարբեր պատճառներով, բոլոր տարիքային խմբերի, ընդհուպ երեխաների մոտ): Երբ հարցնում ես՝ ինչու՞, պատասխանում է՝ ուզում էի դադարի, որ կարողանամ գալ: Այստեղ պետք է նշեմ իմ ամենասիրած համեմատություններից մեկը. դաշտանային ցիկլը կնոջ կենսաբանական ժամացույցն է, ցանկացած տեսակի խախտման դեպքում անհապաղ պետք է դիմել մասնագետի օգնությանը:
-Ասում են` անցյալում բժշկությունը զարգացած չէր, բայց մեր տատիկներն առողջ էին: Գուցե տիրապետել են բուժման այլընտրանքայի՞ն մեթոդների: Եվ, առհասարակ, կա՞ն բուժման ոչ ավանդական մեթոդներ, որոնցից կարող է օգտվել ժամանակակից բժշկությունը:
-Մենք դեմ չենք ոչ ավանդական մեթոդներին և հարկ եղած դեպքում կիրառում ենք բուսական պրեպարատներ, որակյալ մաքուր մեղր, կտավատի ձեթ և այլն: Կան նաև ֆիզիոթերապևտիկ մեթոդներ, որոնք լավ արդյունք են տալիս: Ես վստահ եմ, որ լավ բժիշկը երբեք երկարատև դեղորայքային բուժում չի նշանակի, եթե չլինի դրա անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, որ մեր տատիկներն ավելի առողջ էին, ասեմ, որ՝ ոչ, նախկինում խնդիրներն ավելի շատ էին, ուղղակի չկային մասսայական, պրոֆիլակտիկ հետազոտություններ, կանայք հազվադեպ էին դիմում մասնագետների օգնությանը: Միշտ եղել են տարբեր տիպի հիվանդություններ: Միգուցե կա, օրինակ, չարորակ ուռուցքի աճի տենդենց աշխարհում, բայց դրան զուգահեռ զարգանում է բժշկությունը: Օրինակ, այսօր արգանդի քաղցկեղի առաջին փուլի որակյալ բուժման դեպքում հիվանդները բուժվում են գրեթե հարյուր տոկոսով: Պարզապես, ինչպես արդեն նշեցի, կինը պետք է պարբերաբար հետազոտվի:
-Մեր երկրում սոցիալական խնդիրները բավարար պատճառ չե՞ն բժշկի չայցելելու համար: Մյուս կողմից, պետական հոգածություն չպե՞տք է լինի խնդրին, որ գումարը ներդրվի առողջությունը պահպանելու, հիվանդությունները կանխարգելելու համար, ոչ թե մեծ գումարներ ծախսվեն հիվանդության ուշացած փուլում, երբ արդյունքը գրեթե զրոյական է:
-Նախ առողջ լինելը շատ թանկ է: Հարուստ երկրներում պետությունն է վերցնում իր վրա այդ ծանրությունը: Ցավոք, մեր երկիրն առայժմ չունի այդ հնարավորությունը: Կարևոր է նաև անձնական նախաձեռնությունը: Եթե չես օգտվում ապահովագրությունից, սոցփաթեթներից, կարող ես ինչ-ինչ բաներից քեզ զրկել ու տարին գոնե մեկ անգամ հետազոտվել: Մենք ճոխ կերպով ծննդյան օր ենք նշում, կնունք, Նոր տարի, նորմալ է, լավ ավանդույթներ են, բայց ցանկալի է, որ ձևավորվի նաև տարին մեկ անգամ հետազոտվելու ավանդույթը:

-Մասնագետի համար պարտադիր պայման է դրսում վերապատրաստվելը, փորձի փոխանակումը: Որքան գիտեմ՝ դուք բժշկական կրթություն եք ստացել Տարտուում, վերապատրաստվել՝ Վաշինգտոնում:
-Տարտուի պետական համալսարանն ավարտել եմ 88-ին: Կարծում եմ` Խորհրդային Միության լավագույն համալսարաններից մեկն էր: Ավանդույթ ունեցող կրթօջախ էր, չէիր կարող սովորել-ավարտել ծանոթի, փողի միջոցով: Կարևոր է՝ որտեղ ես սովորել, ովքեր են ուսուցիչներդ, և, այո, շատ կարևոր է, որ բժիշկը, հնարավորության դեպքում, վերապատրաստվի արտերկրում: Կարճ ժամանակահատվածում դու կարողանում ես տեսնել լավ մասնագետի ամբողջ կյանքի փորձը, շփվում ես գործընկերներիդ հետ, տարբեր կարծիքներ, գաղափարներ լսում: Ինչպես ասում են՝ «В споре рождается истина»: Ցավոք, երբեմն մասնակցությունը վերապատրաստման ծրագրերին ձևական բնույթ է ունենում, ինչպես դպրոցում՝ աշակերտ կա, որ օր ու գիշեր սովորում է, գիտելիք ձեռք բերում, աշակերտ էլ կա՝ դասերին մասնակցում է, բայց չի սովորում: Այսինքն, շատ կարևոր է բժշկի անձնական նախաձեռնությունը:
-Շատերը փորձում են դուրս գալ երկրից: Ինչո՞վ է բացատրվում Տարտուում ուսանելուց անմիջապես հետո Ձեր վերադարձը հայրենիք:
-Շատ պարզ` կարոտել էի Հայաստանին: Յոթ տարի ապրել եմ Էստոնիայում, այնտեղ ընտանիքս ստեղծվեց, երեխաներս ծնվեցին: Խորհրդային Միությունն արդեն քանդվում էր, գրեթե բոլոր ընկերներս մնացին այնտեղ: Երբ կնոջը սիրում ես, ուզում ես միշտ կողքին լինել: Գուցե այնքան լավը չէ, սիրուն չէ, բայց չես կարող ապրել առանց նրա, ֆիզիկապես անհնար է: Սերը դեպի հայրենիքը հենց այդպիսի բան է: Եվ ես ոչ մի րոպե չեմ զղջացել վերադարձիս համար:
-Ճի՞շտ է, որ ամենալավ վիրաբույժները տղամարդիկ են: Ինչո՞վ է դա բացատրվում:
-Ոչ, ճիշտ չէ, պարզապես սոցիալական ստատուսի խնդիր կա. տղամարդիկ ծանրաբեռնված չեն տնային հոգսերով, ավելի ազատ են տնօրինում իրենց ժամանակը, տղամարդու հոգեբանությունն ավելի կայուն է: Կանայք, որպես օրենք, շատ զգացմունքային են, իսկ վիրաբուժությունը ծանր մասնագիտութուն է: Բայց մեծ հաշվով, ոչ մի տարբերություն չկա՝ կի՞ն, թե՞ տղամարդ: Աշխարհում կան վիրտուոզ կին վիրաբույժներ: Լավ մասնագետ լինելու միակ պայմանը քո երազանքն է:
-Միշտ խոսվում է այն մասին, որ հիվանդի համար դժվար է բժշկի մոտ գնալը, իսկ ի՞նչ դժվարություններ է հաղթահարում բժիշկն իր մասնագիտական գործունեության ընթացքում:
-Բարդ հարց է, դժվար է միանգամից պատասխանել: Ես մոտ երեսուն տարի աշխատում եմ: Ինձ թվում էր` որքան փորձ ձեռք բերեմ (վիրաբուժության մեջ փորձը շատ կարևոր է), այնքան ավելի հանգիստ կլինեմ վիրահատություն անելիս: Ճիշտ հակառակն է: Քանի դու երիտասարդ ես, քիչ փորձ ունես, բայց ավելի անվախ ես: Երբ ես նոր էի Հայաստան եկել, ինձ ասում էին՝ դու երիտասարդ ես, դեռ կվիրահատես: Ցավոք, կային նման խոչընդոտներ: Հիմա հասկանում եմ, որ ինչքան երիտասարդ տարիքից սովորես վիրաբուժությունը, այնքան ավելի լավ: Ինչպես ջութակ նվագելը: Հիմա արդեն տարիների հետ ես ավելի եմ անհանգստանում վիրահատությունից առաջ: Մի անգամ լսեցի ինչպես է պատկառելի տարիքի ռուս հայտնի թատրոնի դերասանն ասում՝ կան դերեր, որ հազար անգամ խաղացել եմ, բայց ամեն անգամ բեմ դուրս գալիս անհանգստանում եմ: Ես հասկացա, որ դա նորմալ է, վիրաբույժը պետք է սրտացավ լինի, անհանգստանա, պետք է ձգտի առավելագույն արդյունքի հասնել:

-Մեր օրերում շատ է խոսվում կանանց և տղամարդկանց հավասարության մասին: Իբրև մասնագետ, ով քաջ ծանոթ է կնոջ հոգեբանությանը, ֆիզոլոգիային, ինչպե՞ս եք վերաբերվում գենդերային հավասարությանը:
-Չէ, չպետք է հավասար լինեն (ծիծաղում է- Ա. Ս.): Կինն այն ժամանակ է իրեն կին զգում, երբ կողքին տղամարդ է: Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչն եք կարևորում տղամարդու մեջ, ասում եմ՝ տղամարդուն: Տղամարդու մեջ տղամարդը ամեն ինչ ասում է իր մասին: Կնոջ դեպքում կարևոր են հմայքը, բարությունը, նվիրվածությունը, նուրբ ճաշակը, գեղեցիկ հագնվելը, լավ պատրաստելը։ Կինը ավելի բարդ «համակարգ» է:
-Ո՞ր տարիքից պետք է զբաղվել երեխայի սեռական դաստիարակությամբ:
-Ծնված օրվանից: Երեխան պետք է այդ ինֆորմացիան ստանա ընտանիքում` սկսած հիգիենիայից, սեփական մարմնի հանդեպ վերաբերմունքից: Մենք հաճախ ասում ենք՝ ամոթ է, ընդունված է, որ ինտիմ մասերը պետք է ծածկել, բայց դա ամոթ չէ, օրգանիզմի համար չկա ամոթալի գոտի: Հաճախ կանայք մեծանում են այդ վախով ու ամաչում են բժշկի գնալ: Վախենում և ամաչում են սեռական կյանքից: Եվ, կրկնում եմ, այդ դաստիարակությունը երեխան գլխավորապես պետք է ստանա ընտանիքում:
-Արհեստական ընդհատումներին կանայք սկսել են էլ ավելի վերապահումով վերաբերվել, քան անցյալում էր: Այնուամենայնիվ, անխուսափելի այդ երևույթի մասին ի՞նչ կասեք որպես մասնագետ:
-Տարտուում մեզ սովորեցնում էին այսպես. կա ոսկի օրենք մանկաբարձության մեջ՝ առաջին երկու հղիությունները պետք է ավարտվեն ծննդաբերությամբ: Այլ հարց է, որ կարող են բժշկական ցուցումներով ընդհատել հղիությունը, կարող են լինել վիժումներ, չզարգացող հղիություն և այլն: Բացի այդ, ես հաճախ եմ ասում՝ ցանկացած աբորտ (լատիներեն՝ հղիությունը ընդհատել) ցնցում է կնոջ օրգանիզմի համար, ինչպես երկրաշարժը բնության մեջ:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ