Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

«Նոր կառավարիչները ոչ միայն չգիտեն՝ ինչ անել, այլև՝ ինչպես անել»

«Նոր կառավարիչները ոչ միայն չգիտեն՝ ինչ անել, այլև՝ ինչպես անել»
09.10.2018 | 01:20

Մոտ մեկ ամիս առաջ հիմնադրված «Գալիք» կուսակցությունը գալիս է նպաստելու պետությանն ու հասարակությանն ուժասպառ անող հիմնախնդիրների լուծմանը. գործազրկություն, համատարած ունեզրկում և աղքատություն, ժողովրդագրական աղետալի վիճակ, պարենային ապահովության նվազագույն շեմ, հսկայական պետական արտաքին պարտք, մեռած տնտեսություն և այլն: «Իրատեսը» կուսակցության հիմնադիր նախագահ ՎԱՀՐԱՄ ԲԱՅԱԴՅԱՆԻ հետ զրուցել է հետագա անելիքների ու սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին:

-Քաղաքական դաշտում չկա այն համարժեք ուժը, որի առկայության դեպքում մենք անիմաստ կհամարեինք հիմնել նոր կուսակցություն, հետևաբար որոշեցինք այլընտրանք լինել ոչ միայն ներկա իշխանություններին, այլև դաշտում առկա մյուս բոլոր միավորներին առհասարակ,- ասում է պարոն Բայադյանը:- Եթե առանց ձևականությունների ներկայացնելու լինեմ, թե որն է կուսակցության կարևորագույն նպատակը, ապա հետևյալը կստացվի. անել այն, ինչ չեն կարողանում անել մյուսները, իսկ հիմնական անելիքը վերաբերում է երկրի տնտեսությանը: Ցանկանում ենք ձևավորել այնպիսի տնտեսական մոդել՝ կառավարության համապատասխան կազմով, որը կվերաֆորմատավորի ֆինանսական քաղաքականությունն ու տնտեսական նոր մշակույթի հիմք կդնի:
Մեր համախոհները հիմնականում գյուղացիներ են՝ բանվորից մինչև մանկավարժ: Մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում որոշակի դժվարությունների ու խնդիրների է հանդիպում և ցանկություն ունի լծվելու դրանք լուծելու տքնաջան աշխատանքին:
-Ասացիք, որ ցանկանում եք այլընտրանք լինել քաղաքական դաշտի մյուս խաղացողներին: Ի՞նչ այլընտրանքի մասին է խոսքը՝ մշակութայի՞ն, տնտեսակա՞ն, գիտակա՞ն, թե՞ այլ ոլորտի:
-Մեր առաջնային ու ամենակարևոր նպատակը տնտեսական առաջընթաց ապահովելն է, որն այսօրվա իշխանությունները ոչ միայն չեն կարողանում ապահովել, այլև դրա գիտակցությունն էլ չունեն: Իսկ տնտեսական առաջընթացը մյուս բոլոր ոլորտների՝ մշակույթի, կրթության, գիտության, արտաքին հարաբերությունների, երկրի անվտանգության համար կարող են անկյունաքարային լինել: Կարևորելով պետականության ու ինքնության պահպանման խնդիրները՝ հանձն ենք առնում նաև ընտանեկան, բարոյական ու ազգային արժեքների պաշտպանությունը՝ «արևմտյան» կոչվող արժեքների ոտնձգություններից:
-Եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները դեկտեմբերին լինեն, տեխնիկական ու բովանդակային առումով կհասցնե՞ք մասնակցել դրանց:
-Հեղափոխական հակազդեցությունը, որն առկա է հապճեպ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և մինչև մայիս-հունիս դրանք տեղափոխելու մասին Ազգային Ժողովում ներկայացված ուժերի մեկնաբանություններում, ըստ իս, բնական է: Մյուս կողմից էլ վերջին շրջանում գրեթե տասնյակին մոտ նոր ստեղծված կուսակցություններ կան, որոնք ոչ միայն ժամանակ չեն ունեցել ներկայանալու, այլ նաև սպասում էին, որ քարոզարշավի նորմալ ժամանակ կտրվի իրենց, ու մինչ այդ կհասցնեն դիրքավորվել քաղաքական դաշտում, իրենց տեսակետները ներկայացնել, պաշտպանել և այլն: Բայց դեկտեմբերի առաջին կեսին ընտրություններ կազմակերպելու տարբերակը մեզ զրկում է ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, ինչը քաղաքական տեսանկյունից որևէ կերպ հիմնավորելի չէ:
-Ենթադրենք՝ ընտրությունները տեղի ունենան ապրիլ-մայիս ամիսներին, ինչպե՞ս եք պատրաստվում շահելու ժողովրդի վստահության քվեն, եթե «հնաբնակ» քաղաքական ուժերն են սրտնեղում համընդհանուր էյֆորիայից ու դրանից բխող շանսերի նվազեցումից:
-Այն էյֆորիան, որը հիմա առկա է ընտրածանգվածի մի ստվար մասի շրջանում, բնական է ու ժամանակավոր բնույթ ունի: Այս պահին «հեղափոխականներն» իրենց ձեռքում խոստումներով լցված հույսի գավաթ են պահում և թույլ չեն տա, որ այդ գավաթն իրենց ձեռքից ընկնի ու փշուր-փշուր լինի: Առայժմ թույլ չեն տա: Ընտրությունների հետաձգումը մի քանի ամսով հնարավորություն կտար համոզվելու, որ ներկա իշխանությունների խոստումները կամաց-կամաց արժեզրկվում են: Իսկ կազմակերպվող հանրահավաքներն ու ցույցերը ուրիշ բան չեն, քան կառավարման իրական գործառույթներին փոխարինող փերֆորմենսներ (խաղարկային բեմականացում- Ս.Վ.), որոնց միջոցով ամեն անգամ փորձում են հրամցնել, թե փոփոխությունների իրականացումն անհրաժեշտություն է: Կառավարման հինգ ամսվա ընթացքում հնարավոր էր տնտեսության ճյուղեր ստեղծել, որոշ ոլորտներ ոտքի կանգնեցնել, բայց ընդհանրապես ոչինչ արված չէ, որովհետև նոր կառավարիչները ոչ միայն չգիտեն՝ ինչ անել, այլ նաև՝ ինչպես անել: Իհարկե ցավալի է, որ երկար ժամանակ է պետք մարդկանց համոզելու համար, որ իշխանությունների տված խոստումները սին են, բայց, ուզես թե չուզես, ժամանակը պատասխանելու է բոլոր հարցերին: Այս ֆոնի վրա եթե լինի բավարար ժամանակահատված, ապա մեր ծրագրերը, անելիքներն ու պատկերացումները հանրությանը ներկայացնելով՝ կարող ենք որոշակի կշիռ ձեռք բերել ու այլընտրանք դառնալու հնարավորություն ունենալ:
-Փաստորեն, գալիս եք ասելու, թե որ ոլորտում ինչ խնդիրներ կան և ցույց տալու դրանց լուծման ճանապարհները:
-Այո, միայն անունով ու միայն լոզունգներով իմաստ չկա մտնելու քաղաքական պայքարի մեջ: Իրավիճակ է ստեղծվել, երբ առկա ուժերն ուզուրպացրել են քաղաքական դաշտը, ու հիմա կարծես կուսակցությունները պիտակներ կպցրած դատարկ տարաներ լինեն՝ առանց բովանդակության: Իսկ եթե հնարավորություն ես ունենում ոտք դնելու մի այնպիսի տարածք, որտեղ շատ հարցերի կարող ես բովանդակային պատասխան տալ ու նպատակին հասնելու ճանապարհները գիտես, մարդիկ վաղ թե ուշ ամեն ինչ իրենց աչքով կտեսնեն ու կտարբերակեն բոլորին:
-Տեսակետ կա, թե օր առաջ արտահերթ ընտրությունների գնալը կարող է հստակեցում մտցնել քաղաքական դաշտում, ու պարզ կլինի, թե որ ուժն ինչ խաղ է խաղում: Համակարծի՞ք եք:
- Կարծում եմ՝ հարցը համասեռ չէ, բացատրեմ, թե ինչու: Ինչ խոսք, մեր երկրում այժմ նոնսենս է, երբ իշխանությունը մեծամասնություն չունի խորհրդարանում, և ամեն մեկը փորձում է դրսևորվել իր ունեցած հնարավորությունների չափով: Այդ առումով, իրավ, պարզեցում պահանջվում է, մյուս կողմից էլ, խորհրդարանական ընտրությունների գնալու ամեն մի փուլ ռեալ ժամկետներ է ենթադրում: Խնդիրը ոչ միայն եղած կուսակցություների կամ հայտնի կուսակցությունների ճանապարհը բացելը կամ փակելն է, այլ ամբողջ քաղաքական դաշտի համար հավասար պայմաններ ստեղծելը: Նոր ձևավորված ու ձևավորվող կուսակցություններ կան, որոնք ասելիք ու անելիք ունեն, ու այս պարագայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ կազմակերպելու մասին փորձագիտական որևէ կարծիք չի կարելի հիմնավոր համարել:
-Կա՞ն ուժեր, որոնց հետ հնարավոր է համագործակցեք:
-Ընդհանրապես սխալ է հրաժարվել համագործակցությունից, բայց կան բաներ, որոնց ձեռք տալ չի կարելի, այլապես կարող ես սևացնել ձեռքդ: Օրինակ, «Հանրապետական» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ համագործակցել երբևէ չի կարելի, քանի որ այդ կուսակցությունները երկար տարիներ քաղաքական դերակատարություն չեն ունեցել ու իշխանությանը սպասարկելու միջոց են եղել ընդամենը: Իսկ, ընդհանուր առմամբ, բոլորի ուժերի հետ էլ, անկախ նրանց կարողություններից, կարելի է համագործակցության եզրեր փնտրել՝ սկսած գործն ու անելիքներն առավել արդյունավետ դարձնելու համար:


Զրուցեց Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 3162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ