ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Հեռու մնանք դժբախտաբեր ու հոգեկորուստ գուշակներից

Հեռու մնանք դժբախտաբեր ու հոգեկորուստ գուշակներից
09.10.2018 | 00:07

Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհմաների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք:
Վերջին ժամանակներս, նամանավանդ Կապանի և Քաջարանի տարածաշրջաններում, տարածված է մի հոգեսպան երևույթ:
Մարդիկ, իրենց գործած սխալներից, ապագայի մասին հետաքրքրությունից դրդված ու իրենց աստվածազարմ արմատից կտրված, դիմում են վհուկ-կախարդների օգնությանը, որոնց մասին խոսելիս արդեն ավելորդ պոզ ու պոչ կպցնելու կարիք չկա: Սրանք, լինելով սատանայի գործակիցներ և կատարելով նրա պիղծ կամքը, որոշակի ճշմարիտ տեղեկություններ են հայտնում` ընդամենը մեկ տոկոս ճշտությամբ, իսկ մնացածը սուտ ու անիրականանալի:

Մարդը, ներշնչված դրանով, անգամ չի էլ նկատում այս գուշակության ստի իննսունինը տոկոսը: Ձախորդության պատճառով իրենց մոտ եկած մոլորյալ մարդկանց այս պիղծ վհուկներն անգամ ուղղորդում են եկեղեցի, ջուր կամ այլ պարագաներ օրհնելու համար, այդպիսով առավել մոլորեցնելով իրենց ապավինած մարդուն: Ոմանք էլ իրենց անձնական կյանքը կամ ֆինանսական վիճակը փոխելու համար դիմում են առավել պիղծ գիր կապողի կամ գրբացի` այդպիսով առավել վատթար ու խավար դարձնելով իրենց կյանքի ճանապարհը: Հեռու՛ փախեք այդպիսի անաստվածներից ու սատանայի կամքը կատարողներից, մի՛ թողեք, որ նրանք սողոսկեն ձեր կյանք կամ ընտանիք, որպեսզի թունավորեն ձեր կյանքը: Նրանք գործում են Աստծո անունից, սակայն քանդում են մեր ընտանիքները, ինչպես հակաքրիստոս աղանդավորները: Ովքեր կախարդությունն ու գուշակությունն անմեղ են համարում, թող իմանան, որ չարն իր ցանցն է գցում դյուրահավատներին` համոզելով, որ դրա մեջ Աստվածային ինչ-որ բան կա: Չէ՞ որ այդ ժամանակ Աստծո անունն են տալիս և «աղոթքներ» մրմնջում: Երբ մարդը հեռացած է հավատից, Եկեղեցուց և ճշմարտության խոսքից` Աստվածաշնչից, կամա թե ակամա հաղորդակից է դառնում հակառակորդի գաղտնի ու մոլորեցուցիչ չար գործերին: Շատերը, տարրական հոգևոր կրթություն չունենալով, շփվում են ոգեղեն բնույթի որոշ ուժերի հետ, մանկամտորեն դրանք ընդունում են որպես Աստվածային զորության աղբյուր և ընկնում սատանայի լարած որոգայթները: Ոմանք նույնիսկ չեն ընդունում չարի գոյությունը, ինչն էլ ամենամեծ մոլորությունն է և բոլոր կեղծիքների սկիզբը: Սնոտիապաշտության տեսակներն են կախարդությունը, գուշակությունը, հմայությունը, կռապաշտությունը: Շատերն էլ դիմում են նաև բազմաթիվ հնարքների` ազատվելու համար, ասենք, վախից կամ անքնությունից և այլն:


Ովքեր եղել են պայծառատեսների, մոմ թափողների, վախ բռնողների, թուղթուգիր անողների, սուրճի մրուրով կամ խաղաթղթերով ապագան գուշակողների «աշխատավայրում», նկարագրում են, որ այնտեղ զանազան սրբապատկերներ ու խաչեր կան, որպեսզի միամիտ այցելուների մեջ հաճախ ճշմարիտ հավատի մթնոլորտ ու իրենց կարիքն զգալու ցանկություն առաջացնեն: Շատերն այցելում են էքստրասենսներին, ովքեր Աստծո անունը հոլովելով «բժշկում» են մարդկային տկարությունները: Երբ Կաշպիրովսկուն Երևանում հարցրել էին, թե ում անունով, կամ ինչ զորությամբ է գործում, նա պատասխանել էր, թե եկել է «հոր» կամքը կատարելու: Իսկ «ո՞վ է հայրը» հարցը մնացել էր անպատասխան: Մարդիկ պետք է զգուշանան, գիտակցեն, թե ում և ինչ զորությունների հետ են գործ ունենում և ում են վստահում իրենց հավիտենական հոգիները: Վերջին ժամանակներս գուշակություններ են անում անգամ փղերը, կապիկները և խոզերը: Ահա թե ում հետ են մրցում տարաբախտ բախտագուշակները, որոնք, որպես կանոն, իրենց «ուսուցչի» նման սնապարծ են և իսպառ զուրկ աստվածգիտությունից, որովհետև նրանք անմասն են այն Հոգուց, որ քննում է Աստծո խորունկ ծրագրերը:
Մարդիկ անհայտ ապագայի շղարշը բացելու անհագ ցանկություն ունեն, սակայն միայն Աստծո խոսքով և օգնությամբ են իմանում հավերժության և ապագայի մասին: Մարդիկ ցանկանում են ավելին իմանալ և հակառակվում են Աստծո կամքին:


Շատերը չեն գիտակցում, թե որքան վատ ազդեցություն է ունենում բախտագուշակի մոտ գնալը: Եթե մարդը ժամանակին դիմել է բախտագուշակի, ապա պետք է ապաշխարի և ջերմեռանդ աղոթի, խոստովանի քահանային, որպեսզի Աստված փշրի մարդու բոլոր կապանքները: Հիսուս ասում է՝ «Ես եմ Ալֆան և Օմեգան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը»: Ապավինենք Նրան, ով հանուն սիրո մեզ արարեց, մեզ համար Իր իսկ կյանքը զոհեց, որպեսզի ով Նրան հավատա, հավիտենական կյանք ունենա, և հեռու մնանք դժբախտաբեր ու հոգեկորուստ, սատանայի ծառա վհուկ-գուշակներից ու մասնակիցը դառնանք Տիրահաստատ Սուրբ Եկեղեցու հավիտենական խորհուրդներին` մեր իսկ հոգու փրկության համար, որպեսզի արդար դատաստանի ժամանակ աստվածային լուսե խորաններում հանգրվանենք:
Եվ թող խաղաղության Աստվածը հանգրվանի ձեր հոգիներում. ամեն:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ