ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մի դիմումի ոդիսական

Մի դիմումի ոդիսական
19.10.2018 | 02:27

Թվում էր՝ «նոր Հայաստանի» կողմնակիցները պետք է նոր իրողություններով էլ առաջ շարժվեին, սակայն պարզվում է՝ նոր մարդկանցով շարունակվում են հին բարքերը։ Իշխանափոխություն եղավ նաև այն պատճառով, որ նախորդները շատ հարցերում անպատասխանատու վերաբերմունք էին ցուցաբերում, պետական գերատեսչություններն անտարբեր էին դարձել հասարակության բողոքների հանդեպ, բյուրոկրատական քաշքշոցից մարդիկ պարզապես հոգնել էին։ Այն, ինչ օրերս մեզ դիմած քաղաքացին ներկայացրեց, այս երևույթների դասական օրինակն է, մեկ տարբերությամբ՝ սա կատարվում է «նոր Հայաստանում»։


Ներդրումների մասին ամեն օր խոսող կառավարությունը, փաստորեն, արհեստական խոչընդոտներ է ստեղծում օտարերկրյա ներդրողների ճանապարհին։ «Ան Նուռ Տուր» ՍՊԸ-ն, նոր ավիաընկերություն ստեղծելու և գործարար հարաբերություններ հաստատելու նպատակով, ցանկացել է Հայաստան հրավիրել և բանակցություններ վարել սիրիացի երկու գործարարների՝ Ահմադ Թարեք Աբդուլլահի (գիտությունների դոկտոր, «Ազգային» կուսակցության անդամ, ԶԼՄ-ի ղեկավար) և Հադաա Ահմադ Մոհամեդի («Ահմադ Հադաա» ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն) հետ։ Ըստ այդմ, արտգործնախարարության հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանին դիմում է ներկայացվել, որը մեծ գլխացավանք է դարձել դիմումատուի համար։ Հրավերը հաստատելու և մուտքի վիզա տալու համար արտգործնախարարությունից պահանջվում են ամիսներ, մինչդեռ օրենքը 15 օր է սահմանում։ Օգոստոսի 8-ին տրված դիմումի պատասխանը չստանալով, ՍՊԸ-ի տնօրենը ճարահատյալ «հայավարի» մեթոդն է գործի դրել, պատգամավորներից մեկի օգնությանն է դիմել, որպեսզի պարզի, թե ինչ փուլում է իր դիմումը։ Պատգամավորը հետաքրքրվում է ու պատասխանում, թե ասել են, որ դիմումն ուղարկվել է ԱԱԾ, որն էլ մերժել է մուտքի վիզա տալ։ Եթե նույնիսկ այդպես էր, գոնե արտգործնախարարության աշխատակիցները պետք է քաղաքացուն համապատասխան պատասխան ուղարկեին, սակայն ոչ մի արձագանք։ Սա այս պատմության ընդամենը սկիզբն է դեռ։ Ինչպես փոխանցեց մեզ «Ան Նուռ Տուրի» տնօրեն Աննա Նավասարդյանը, իրականում դիմումը չի ուղարկվել ԱԱԾ, ԱԳՆ-ում այն կորցրել են, ԱԱԾ-ից հորդորել են դիմել արտգործնախարարություն և պահանջել գրավոր պատասխան։


Նույն «գետը» նորից պետք էր մտնել։ Այս անգամ ՍՊԸ-ի տնօրենին արտգործնախարարության աշխատակիցն ասել է, թե պետք է անձնագրերի և վիզաների վարչություն՝ «օվիր» դիմել, բայց մինչ այդ տնօրենը դիմել էր այդ վարչություն և ստացել էր պատասխան, որ իրավաբանական անձինք ԱԳՆ-ի միջոցով են մուտքի վիզա ստանում։ Քիչ հետո լինում է ԱԳՆ-ից հաջորդ զանգն ու այս անգամ` լրիվ այլ պատճառ։ Աշխատակիցը փոխանցում է, թե «Կարմիրշալյանը հրաման է ստացել ՍՊԸ-ներից գործ չվերցնել, և իր գործն ի սկզբանե չեն էլ ընդունել»։ Այս պարագայում ևս պետական գերատեսչությունը պարտավոր էր տեղեկացնել քաղաքացուն, որ իր դիմումը չեն կարող քննարկել։
Բյուրոկրատական այս քաշքշուկն այսքանով չի ավարտվում։ Հավանաբար հասկանալով իրենց հիմնավորումների անհեթեթությունը, Աննա Նավասարդյանին փոխանցում են, թե գուցե սխալ է լրացրել դիմումը, որտեղ պետք է նշվեր, որ դեսպանատնից պետք է վիզա ստանա, ոչ թե սահմանին։ «Ստիպված փաթեթի կրկնօրինակը նորից տարա ԱԳՆ, որ տեսնեն՝ ինչպես եմ լրացրել։ Ամենավատն այն է, որ իրենք մի քանի օր փնտրում, բայց չէին գտնում իմ գործը։ Դա վկայում է, որ դիտավորյալ են կորցրել, դրա համար էլ պատասխան չեն տվել։ Հոկտեմբերի 9-ին դիմում գրեցի և պահանջեցի գրավոր պատասխանը, ինչ էլ որ լինի»,- պատմեց տիկին Նավասարդյանը։ Այս ողջ քաոսը ստեղծելուց հետո երկու օր առաջ ԱԳՆ-ն երկու տող պատասխան է ուղարկել։ Հիշյալ անձանց մուտքի արտոնագիր տրամադրելու հրավերը մերժվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն։ Իսկ այդ հոդվածով ամրագրված է, որ մուտքի վիզա չեն ստանում Հայաստանից արտաքսվածները, նրանք, ովքեր Հայաստանում ահաբեկչական գործողություններ են իրականացնում, ապօրինի զենք. զինամթերք են տեղափոխում, թրաֆիքինգով են զբաղվում, վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգությանը և այլն։ «Նրանց պատասխանի մեջ պարտադիր պետք է լիներ ԱԱԾ-ի մերժման հղումը, որը բացակայում է։ Սա ևս ապացուցում է, որ գործը չի ուղարկվել ԱԱԾ։ Եվ մի ուշագրավ հանգամանք. նախ՝ ԱԳՆ-ի նշած հոդվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ նման անձանց պախարակում, իրենք պարտավոր էին նշել, թե 8-րդ հոդվածի որ կետով են մերժում։ Գուցե 8-րդ հոդվածի բոլո՞ր կետերն են նկատի ունեցել։ Եթե այդ մարդիկ իմանան, որ իրենց անվան դիմաց Հայաստանի ԱԳՆ-ն նման հոդված է դրել, առանց որևէ հիմնավորման, առնվազն դատի կտան»,- վրդովված ընդգծեց մեր զրուցակիցը, հավելելով, որ այսօր դիվանագիտությամբ զբաղվող որոշ պաշտոնյաներ պարզապես հարվածի տակ են դնում Հայաստանի միջազգային վարկը:


Աննա Նավասարդյանը շեշտեց, որ դիմելու է ԱԱԾ, որպեսզի վերանայեն գործը, իսկ եթե անգամ մերժեն, ապա հիմնավորումը պետք է կոնկրետ ներկայացնեն, ոչ թե «հոդվածի բոլոր կետերը միանգամից նշեն»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ