Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սաուդցի լրագրողի սպանության մեջ կասկածում են գահաժառանգի շրջապատին

Սաուդցի լրագրողի սպանության մեջ կասկածում են գահաժառանգի շրջապատին
20.10.2018 | 13:42

Աշխարհը շարունակում է քննարկել սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացումը: ԱՄՆ-ում ապաստան ստացած լրագրողը անհետացել է հոկտեմբերի 2-ից, վերջին անգամ նրան տեսել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելիս` առաջին կնոջից ամուսնալուծության փաստաթղթերը վերցնելու: Հոկտեմբերի 3-ին նա պիտի երկրորդ անգամ ամուսնանար: Թուրքիայի իշխանությունները վստահ են, որ լրագրողին կտտանքների են ենթարկել ու սպանել են հյուպատոսարանի տարածքում: Հոկտեմբերի 17-ին թուրք քննիչները խուզարկեցին Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանը Ստամբուլում: Հյուպատոսության շենքի խուզարկությունը երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերն էր: Թուրքիայի իշխանությունները խուզարկությունն ավելի վաղ էին ծրագրել, սակայն Սաուդյան Արաբիան խնդրել էր հետաձգել հյուպատոս Մուհամադ Ուտայբիի ընտանիքի ներկայության պատճառով: Հյուպատոսը Ստամբուլից հեռացավ երեքշաբթի: Քննիչները 9 ժամ ուսումնասիրում էին` ընդգրկելով նաև այգին ու շենքի տանիքը: Օգտագործվել են նաև անօդաչու թռչող սարքեր:

Թուրքիայի ոստիկանությունը հաստատում է, որ Ջամալ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում 15 մարդու կողմից, որ հատուկ եկել էին Սաուդյան Արաբիայից:
Չորեքշաբթի օրը ՙԵնի Շաֆաքը՚ գրեց, որ սաուդցի գործակալները կտրել են Ջամալ Հաշոգիի մատները, հետո գլխատել են: Հարցաքննության ժամանակ հյուպատոսը հավանաբար ներկա է եղել: Ձայնագրության մեջ իբր լսվում է նրա ձայնը. ՙՈւրիշ տեղ արեք դա, ես պրոբլեմներ եմ ունենալու ձեր պատճառով՚: Մեկ ուրիշ ձայն նրան պատասխանում է. ՙԼռիր, եթե ուզում ես ապրել Սաուդյան Արաբիա վերադառնալուց հետո՚: New York Times-ը նշում է, որ թուրք իշխանությունները կասկածյալների մեջ ճանաչել են թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի թիկնապահ, հետախուզության գնդապետ Մահեր Աբդուլազիզ Մուտրեբին: Նա գահաժառանգի հետ դուրս է եկել ինքնաթիռից Փարիզում ու Մադրիդում և ապահովել է արքայազնի անվտանգությունը Հյուստոն, Բոստոն ու Նյու Յորք արցերի ժամանակ: Թուրքական լրատվամիջոցները հոկտեմբերի 18-ին հրապարակել են նրա լուսանկարը Ստամբուլի օդանավակայանում: Եվս 3 կասկածյալի կապում են արքայազնի անձնական թիկնազորի հետ: Հինգերորդ կասկածյալը դատական բժիշկ է, որ բարձր պաշտոնյա է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունում:


Լոնդոնում ապրող սաուդցի իրավապաշտպան Յախյա Ասիրին անձամբ ճանաչել է Ջամալ Հաշոգիին: Նա գտնում է, որ սպանությանը հավանություն է տվել գահաժառանգը: «Դա ծրագրված սպանություն էր: Եթե ծրագրված չլիներ, ինչու՞ էին պատոլոգաանատոմ ուղարկել,-գտնում է իրավապաշտպանը: -Այս անգամ նրանք լրագրողի սպանեցին, ո՞վ է հաջորդը: Բոլոր նրանք, որ քննադատում են գահաժառանգին, կարող են հայտնվել այս ցանկում, եթե Սաուդյան Արաբիայի իշխանության վրա բավականաչափ ճնշում չգործադրվի՚:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերը հրաժարվեց մասնակցել Էր Ռիադում անցկացվող ներդրումային համաժողովին` Ջամալ Հաշոգիի սպանության պատճառով: «Ես կարծում եմ` ակնհայտ է, որ այս իրավիճակում Ֆրանսիայի էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարը չի կարող Էր Ռիադ մեկնել՚` հայտարարեց նա Public Sénat հեռուստաալիքի եթերում: Նախարարի խոսքով` կատարվածը ՙբացարձակապես հարցականի տակ չի դնում՚ Փարիզի ու Էր Ռիադի դիվանագիտական հարաբերությունները: Սաուդյան Արաբիան մնում է Ֆրանսիայի ռազմավարական գործընկերը` ընդգծեց Բրյունո Լե Մերը: Էր Ռիադ մեկնեուց հրաժարվեցին նաև Նիդեռլանդների ֆինանսների նախարար Վոպկե Հուկստրան, Մեծ Բրիտանիայի միջազգային առևտրի նախարար Լիամ Ֆոքսը, ԱՄՀ-ի նախագահ Քրիստին Լագարդը, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը և համաշխարհային ընկերությունների տնօրեններ:
RFI


Հ.Գ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է օգտվել սաուդցի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշոգիի անհետացումից` գրում է The Times-ը: Էրդողանը կարող է իրավիճակը շուռ տալ իր օգտին՝ թե տնտեսական, թե քաղաքական շահերից ելնելով՝ օգտվելով հանգամանքից, որ Սաուդյան Արաբիան բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնած այս պահին: Թուրքիայի իշխանությունները կարող են պայման դնել Սաուդյան Արաբիայի առաջ և լրագրողի սպանության տեղեկությունները չբացահայտելու դիմաց կամ մեծ տնտեսական ներդրումների պահանջ ներկայացնել, կամ օգտագործել առավելությունը Կատարի հետ Սաուդյան Արաբիայի կոնֆլիկտում:


Շատ հավանական է, որ իրեն Օսմանյան կայսրության ժառանգորդ ու սուննի մահմեդականների առաջնորդ համարող Էրդողանը միջադեպն օգտագործի մահմեդական աշխարհում Սաուդյան Արաբիայի դիրքը թուլացնելու և սուննիների նոր առաջնորդ ինքնահռչակվելու համար: Ահա այսպիսի շրջադարձ: Իսկ ինչո,վ էր վտանգավոր լրագրողը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի համար, որ նրան սպանելու հրաման տրվեր: Կամ` ինչու՞ հենց հյուպատոսարանում, որ հարվածի տակ դնե՞ն թագաժառանգին: Հազիվ թե անհնար էր լրագրողին սպանել Վաշինգտոնում, ուր ապրում էր և սպանել այնպես, որ ոչ ոք չկասկածեր ոչ Սաուդյան Արաբիայի թագաժառանգին, ոչ հյուպատոսին: 18 օր աշխարհը գրում է լրագրողի սպանության մասին, ոչ ոք ոչինչ ստույգ չգիտի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ