Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թեժ պայքար ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար

Թեժ պայքար ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար
23.10.2018 | 08:26

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական դաշտում սեփական տեղն ու դիրքը հաստատել են փորձում հայտնի ու անհայտ ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հնարավոր բոլոր ձևերով հասկացնում է, որ իշխանության դափնիներն այլոց հետ կիսելու ցանկություն ու մտադրություն չունի՝ «Ես եմ հաղթել, ես եմ վայելելու» սկզբունքով: Մյուս ուժերին էլ այլ բան չի մնում, քան ապագա խորհրդարանում հայտնվելու համար ճանապարհներ ու լուծումներ փնտրել: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ձայների գերակշռություն ապահոված իշխող կուսակցությունը համոզվեց իր բռնած ճանապարհի անշեղության մեջ ու այժմ մտադիր է միայնակ մասնակցելու ընտրություններին:


Ստեղծված իրավիճակում կուսակցությունների ու միավորումների մեծ մասը փորձում է ընդդիմադիր դիրքերից հանդես գալ: «Լույս» դաշինքն ասում է, թե իր հայտարարություններում առավել կոշտ է լինելու, «Սասնա ծռերը» նկատում են, որ խորհրդարանում եթե անգամ մեկ օլիգարխ լինի, ապա իրենք արմատական ընդդիմություն են դառնալու, «Հանրապետականը» հիշեցնում է, որ խորհրդարանում առանց իրենց անհետաքրքիր կլինի, ու գաղափարական ընդդիմության տեղը բաց կմնա, «Բարգավաճ Հայաստանն» էլ մեղմ նրբերանգներով հասկանալ է տալիս, որ շարժվում են իրադարձությունների թելադրանքով:


Տպավորություն է, որ եթե նախկինում կուսակցություններն ընտրություններին մասնակցում էին իշխանության գալու համար, այժմ նրանց միակ նպատակն Ազգային Ժողով մուտք գործելն ու ընդդիմադիր դիրքերից հանդես գալն է: Վերջիններս, ըստ երևույթին, հարմարվել են այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հաղթանակն անխուսափելի է, հետևաբար հասարակությանը փորձում են հրամցնել, թե հենց իրենք կարող են առողջ ընդդիմություն լինել: Չեն մոռանում նշել նաև, որ իրենց քննադատություններով իշխանություններին միայն օգնելու են՝ երկրի արդյունավետ կառավարման, արտաքին հարաբերությունների, տնտեսության առաջմղման և այլ հարցերում:
Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածն իրապես կարևոր է ցանկացած ժողովրդավար երկրի կայուն զարգացման ու առաջընթացի համար, բայց ընդդիմությունն էլ պետք է վայելի ժողովրդի վստահությունը և իր նպատակներում ու մղումներում անկեղծ լինի նրա հետ: Կուսակցությունների մեծ մասին մարդիկ ճանաչում են, նրանց գործունեությունը տեսել են թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում, ծանոթ են նրանց քայլերի հաջորդականությանն ու խոսքի արժեքին:


Թե ով կլինի նոր խորհրդարանի ընդդիմադիր ուժը, այս պահին հստակ չէ, տեսանելի է միայն, որ առաջիկա քարոզարշավն ընթանալու է ոչ թե ընտրություններում հաղթանակ տանելու, այլ խորհրդարանում ուլտրաընդդիմադիրի թափուր աթոռը զբաղեցնելու տրամաբանությամբ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ