Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը և համաշխարհային սիոնիզմը հանգիստ չեն թողնում Իրանը

ԱՄՆ-ը և համաշխարհային սիոնիզմը հանգիստ չեն թողնում Իրանը
09.11.2018 | 01:59

2018 թ. հոկտեմբերի վերջին օրերին Իրանը բուռն դիվանագիտական-ռազմական ակտիվություն ցուցաբերեց: Բայց Իրանի շուրջն էլ ընթանում է գերակտիվ դիվանագիտական աշխատանք: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի ճեպայցերը Պակիստան և Թուրքիա, այս կամ այն հայտարարություններին և բանակցություններին Իրանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության և նախագահ Ռոհանիի ակնթարթային արձագանքները վկայում են, որ ինչ-որ նոր սրացումներ են սկսվում մի վիթխարի տարածաշրջանում, որի մեջ մտնում են ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլև Հարավային Կովկասը, Միջին և Հարավային Ասիան։ Սխալ չի լինի ենթադրել, որ այդ ակտիվացումների խթան են հանդիսացել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի այցերը Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան ու Վրաստան, իսկ Հայաստան` նաև ԱՄՆ-ի նախագահի կիբեռանվտանգության գծով խորհրդական Ռուդի Ջուլիանիի այցը։ Նրանք հայտնի են որպես մոլի ռուսաստյացներ և իրանատյացներ, որոնք անմիջականորեն կապված են ԱՄՆ-ի, Իսրայելի և մի շարք եվրոպական երկրների հատուկ ծառայություններից ֆինանսավորվող զանազան հակաիրանական կազմակերպությունների և ահաբեկչական խմբավորումների հետ։ Միևնույն ժամանակ ճիշտ չէր լինի ամեն ինչ պայմանավորել միայն ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերի արդյունքներով։


Սկսենք ամենագլխավորից` ՌԴ նախագահ Պուտինի, Գերմանիայի կանցլեր Մերկելի, Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հոկտեմբերի 27-ի հանդիպումից։ Այն «Սիրիայի հարցով» կոնֆերանս էր Ստամբուլում, բայց մենք «Սիրիայի հարցով» արտահայտությունը պատահաբար չենք վերցրել չակերտների մեջ։ Այդ կոնֆերանսի շատ նյութեր անհայտ են, բայց հազիվ թե արժե պնդել, որ, ինչպես գրեցին որոշ ԶԼՄ-ներ, Էրդողանն ու Պուտինը «Գերմանիային ու Ֆրանսիային հարկադրեցին խաղալու իրենց կանոններով»։ Ակնհայտ է, որ վերջիններիս այդ մասնակցությանն է դրդել ԱՄՆ-ը այն բանից հետո, երբ Բոլթոնը Մոսկվայից մեկնեց առանց որևէ ձեռքբերման։ Կոնֆերանսում Սիրիայի և Իրանի ներկայացուցիչների բացակայությունը հաստատում է մեր այն ենթադրությունը, թե ԱՄՆ-ը այդ կոնֆերանսը կազմակերպել էր Թուրքիայի օգնությամբ և Մակրոնին ու Մերկելին ուղարկել էր Պուտինին «կոտրելու» համար։ Երևի չի հաջողվել, որովհետև, ինչպես հաղորդել է IRNA գործակալությունը, Պուտինը, հայտարարելով, որ Սիրիայի հարցով ամեն ինչ ընթանում է «ըստ պլանի» և հույս հայտնելով, որ Սիրիայի սահմանադրական կոմիտեն կստեղծվի ու մինչև այս տարվա վերջը կսկսի աշխատել, այնուհետև կոշտ կերպով հայտարարեց. «Իրանը սիրիական հարցերը լուծելու համար Աստանայի խաղաղ գործընթացի երեք երաշխավոր պետություններից մեկն է, և առանց Իրանի այդ հիմնախնդիրն արդյունավետ չի լուծվի»։


Այժմ ակներև է, որ իբր «Սիրիայի հարցով» այդ կոնֆերանսը հրավիրվել էր, որպեսզի Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջոցով Ռուսաստանին ստիպեն հրաժարվել Մերձավոր Արևելքում Իրանի դիրքորոշումը պաշտպանելուց։ Կոնֆերանսում ստվերում մնացած ԱՄՆ-ի ազդանշանը և Պուտինի խիստ պատասխանն իսկույն ընդունվեցին և հասկացվեցին և Արևմուտքում, և Իրանում։ Հենց հոկտեմբերի 27-ին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չհայտարարված այց կատարեց Օման` թերևս Պարսից ծոցի այն սակավաթիվ պետություններից մեկը, որոնք չեն ցանկանում հարաբերությունները սրել Իրանի հետ։ Իսրայելցու այցի նպատակը պարզ է. շանտաժով ու խոստումներով Օմանը կտրել Իրանից։ Լիբանանի համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ջամալ Վաքիմը լիբանանյան ILNA գործակալությանը հայտարարել է, որ «Իսրայելի ռազմավարական նպատակը Հորմուզի նեղուցի վրա վերահսկողություն սահմանելն է»։ Նա նշել է, որ Իսրայելն ուզում է Օմանն օգտագործել Իրանի դեմ։ Իսկապես. բավական էր տեսնել, որ Ներթանյահուին Օմանում ուղեկցում էին «Մուսսադ» լրտեսական գործակալության տնօրեն Յոսի Կոհենը և ազգային անվտանգության գծով խորհրդական Մեիր Բեն Շաբաթը, և պարզ կդառնա, որ իսրայելցիները Օմանի սուլթան Քաբուսի շուրջն էին հավաքվել ամենևին էլ ոչ «մերձավորարևելյան խաղաղ գործընթացն առաջ մղող ուղիների» և «Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության հասնելու գործում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու» համար, ինչպես Մասկատից հաղորդվել է Օմանա-իսրայելական ամփոփագրում։ Թեհրանի գնահատականը միանգամայն կոշտ և համառոտ էր. նույն օրը ԻԻՀ ԱԳՆ մամլո քարտուղար Բահրամ Կասեմին հայտարարեց, որ մահմեդական երկրները Սպիտակ տան ճնշմամբ սիոնական ռեժիմին չպետք է թույլ տան նոր խնդիրներ ստեղծել տարածաշրջանում. «Անկասկած է, որ Իսրայելը ցանկանում է պառակտել իսլամական երկրները և թաքցնել Պաղեստինի 70-ամյա բռնակալումն ու պաղեստինցիների սպանությունը։ Թրամփի նախագահության հենց սկզբից Սպիտակ տան սիոնիստական լոբբին գնալով ակտիվացել է հօգուտ սիոնիստական ռեժիմի ապօրինի շահերի և իսլամական երկրների վրա ճնշում գործադրելու` նպատակ ունենալով նորմալացնելու դիվանագիտական հարաբերությունները Պաղեստինի բռնակալների հետ։ Պատմությունը և փորձը ցույց են տալիս, որ նահանջը և ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի ապօրինի պահանջներին համաձայնելը տարածաշրջանում նրանց դարձնում են ավելի համարձակ և թույլ են տալիս արհամարհել արդարության հասնելու` Պաղեստինի ժողովրդի իրավունքը»։
Նույն օրը որոշակի շրջանակներ փորձեցին լուրեր տարածել, թե իբր Թեհրանը ցանկանում է «բանակցել ամերիկյան իշխանությունների հետ որոշակի հարևան երկրում»։ Բայց կեղծիքը երկար չապրեց։ Սադրիչ լուրից մի քանի ժամ հետո Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարեց, որ նման պնդումներն անհիմն ու կեղծ են, ընդգծելով, որ երկրի ԱԳՆ-ն «ԱՄՆ-ի վարչակազմի հետ հարաբերությունների առնչությամբ բոլոր մակարդակներում ենթակա է Գերագույն առաջնորդի հրամաններին»։ Իսկ ինչպես հայտնի է, այաթոլահ Խամենեին պաշտոնապես արգելել է ԱՄՆ-ի հետ բանակցելը բացի Իրանի հետ 2015 թ. «միջուկային համաձայնագրի» շրջանակ ԱՄՆ-ի վերադարձի թեմայից։ Հոկտեմբերի 30-ին Իրանի ԱԳՆ-ն, ասես ամփոփելով ամսվա արդյունքները, հայտարարեց. «ԱՄՆ-ի իշխանությունները, կիրառելով տնտեսական ահաբեկչություն, բռնապետական և ապօրինի պատժամիջոցներ, ցանկանում են թաքցնել Իրանի ժողովրդի նկատմամբ իրենց հանցագործությունները, որպեսզի պատրվակ գտնեն և հող նախապատրաստեն Իրանի ժողովրդի դեմ հոգեբանական պատերազմ սկսելու համար»։


Հոկտեմբերի 28-ին իրարանցում կար արդեն Պակիստանի շուրջը։ Ինչպես հայտնի է, վերջերս ինչ-որ ահաբեկչական խումբ Իրանի տարածքում հարձակվել էր սահմանապահ կետի վրա, առևանգել (ուշաթափ վիճակում) իրանցի 14 աշխարհազորայինի և սահմանապահի ու փոխհրաձգությունից հետո թաքնվել Պակիստանի տարածքում։ Պարզվել է, որ նույն օրվա առավոտյան իսրայելական մի ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսլամաբադի օդանավակայանում։ Այդ կապակցությամբ Պակիստանի նախագահի հասցեին հարցեր ու մեղադրանքներ են թափվել։ Նախագահ Արիֆ Ալվին շտապել է ժխտել Իսրայելի հետ ամեն տեսակի բանակցություն և գաղտնի կապ` Իսրայելի հետ երկկողմ բանակցությունների մասին լուրերը համարելով անհիմն։ Ճիշտ է, նաև չի բացատրել, թե այդ ինչ իսրայելական ինքնաթիռ է եկել Պակիստան և ինչու։ Արդեն հոկտեմբերի 29-ին հայտարարվեց, որ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բագերին մոտակա ժամանակներս պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ 2-օրյա այցի ընթացքում կողմերը կքննարկեն «պաշտպանության ոլորտում Թեհրանի և Բաքվի միջև համագործակցության և կապերի, համատեղ սահմանային համագործակցության, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունների հարցեր»։ Իրանական ԶԼՄ-ները հիշեցնում են, որ պաշտոնն ստանձնելուց հետո Բագերին առաջին անգամ կայցելի Ադրբեջան։ Իսկ մենք հիշեցինք, որ նախկինում Բագերին շփվում էր հիմնականում թուրք և պակիստանցի զինվորականների հետ։ Եվ Պակիստան ու Թուրքիա նրա այցերն ամենից հաճախ կապված էին այն բանի հետ, որ, Պակիստանից ու Թուրքիայից Իրան անցնելու` ահաբեկիչների փորձերը խափանելուց հետո, Բագերին գնում էր անձամբ նախազգուշացնելու սահմանակից երկրներին, որ եթե նրանք չեն կարող կասեցնել հակաիրանական ահաբեկչական խմբերի գործունեությունը, ապա դա կարող է միակողմանի անել Իրանը։ Դրանից բացի, թուրք զինվորականների հետ Բագերին պարբերաբար բանակցել է Սիրիայի և Իրաքի հարցերով։
Հոկտեմբերի 30-ին Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Ստամբուլում թուրք ու ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ կոնֆերանսի էր մասնակցում։ Այդ հարցի շուրջ արդեն շատ հոդվածներ ու նյութեր, կարծիքներ ու տեսակետներ են եղել, ընդհուպ մինչև այն, որ Ստամբուլում արված հայտարարությունները Հայաստանում սկսել են գնահատել համարյա թե որպես «Ղարաբաղ-Արցախի հարցով հատուկ հանդիպում»։ Իհարկե, երեք երկրի արտգործնախարարներն ակտիվորեն քննարկել են և Ղարաբաղի հարցը, առանց դրա չի եղել։ Բայց մենք ձեռնպահ կմնանք Ստամբուլի ամփոփիչ հայտարարությունները «հակահայկական դավադրության» ոճով գնահատելուց։ Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, եթե կողմնորոշվենք Սիրիայում Իրանի դերի մասին Պուտինի հայտարարությամբ (հոկտեմբերի 27) և «Թուրքիայի և Պակիստանի սարսափ» Բագերիի` Բաքու այցելելու լուրով (հոկտեմբերի 29)։ Երևանում շեշտում են միայն այն փաստը, որ Իրանը հաստատել է իր կողմնակցությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելուն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», բայց մենք կարծում ենք, որ հիմարություն է Իրանին մեղադրելը Ղարաբաղյան հարցում այն ժամանակ, երբ այդ նույնի մասին տարիներ շարունակ խոսում են Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները, ԵԱՀԿ-ն, միջազգային այլ կառույցներ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, հենց Հայաստանի իշխանություններն էլ այդ տարիներին այն մտքին էին հակված, որ Երևանը դեմ չէ «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», ընդգծելով, որ ԼՂՀ-ն 1991-ից հետո երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, իսկ 1991-ին պարզապես ինքնորոշվել է, ինչպես և Ադրբեջանը, ընդ որում, լիովին ըստ այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենքների։ Դրա համար տեսնենք, թե Ստամբուլում իրանցի նախարար Զարիֆի մասնակցության և հայտարարությունների մասին ինչ են գրել Իրանում։
Հոկտեմբերի 30-ին Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ համատեղ մամլո ասուլիսում նա հայտարարեց, որ Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանային հարցերում ընդհանուր կողմնորոշում ունեն և մտադիր են համագործակցելու. «Թեհրանի, Անկարայի և Բաքվի համագործակցությունը տարածաշրջանի զարգացման, կենսամակարդակի բարձրացման և խաղաղության ու անվտանգության գործում շատ կարևոր է»։ Նա նաև նշեց, որ երեք երկրները զանազան ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություն ունեն, Թուրքիային և Ադրբեջանին գովեց 2015 թ. միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո համաձայնագրին աջակցելու համար։ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան կշարունակի համագործակցել Իրանի հետ` չնայելով պատժամիջոցներին, հայտնեց, որ Թուրքիան խորհրդակցում է եվրոպական երկրների հետ Իրանի հետ համագործակցությունը շարունակելու ուղիներ փնտրելու համար։ Մամեդյարովը նշեց, որ Բաքուն ձգտում է ընդլայնել հարաբերությունները Թուրքիայի և Իրանի հետ տրանսպորտի բնագավառում։ Դրանից հետո Զարիֆը հայտարարեց, որ ԱՄՆ-ը չի հասնի իր տնտեսական ու քաղաքական նպատակներին։ «Հատուկ նշանակության ավտոմեքենա» մեխանիզմը թույլ կտա շրջանցել պատժամիջոցները, որոնց համաձայն ԱՄՆ-ը կարող է «անջատել» Իրանի հետ նավթային գործարքներ ապահովող ցանկացած բանկ։ IRNA գործակալությունը հավելում է, որ Զարիֆն սկզբում երկկողմ հանդիպումներ է ունեցել առանձին-առանձին Մամեդյարովի և Չավուշօղլուի հետ։ Ընդ որում, չի ասվում` Չավուշօղլուի և Մամեդյարովի միջև երկկողմ բանակցություն եղե՞լ է։ Եթե չի եղել, ուրեմն հենց Իրանն է նախաձեռնել Ադրբեջանի արտգործնախարարի «կանչը» Ստամբուլ։ Չի բացառվում, որ ստուգի, թե Բաքուն ինչի է պատրաստ Բոլթոնի «լցումներից» հետո, և «որսած» տեղեկույթը կհաղորդվի Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբին, քանի որ գեներալ Բագերին շուտով կայցելի Բաքու։ Մյուս կողմից, Իրանում հիշում են, որ օրերս Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ընդունել են Իսրայելում։ Դատելով ամեն ինչից, գեներալ Բագերին Բաքու կգնա ոչ թե քծնելու կամ Ադրբեջանին ինչ-որ բան խոստանալու, այլ ինչ-որ հիշեցումներ անելու համար, ասենք, այն մասին, որ Թեհրանը գիտի Ադրբեջանում իսրայելցիների (հետախուզության և զինվորականների) հիմնավորման մասին։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4853

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ