ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

ՈՒր է հասել հեղափոխությունը

ՈՒր է հասել հեղափոխությունը
09.11.2018 | 02:05

«ՄԱՐԴԻԿ ԱՄԵՆ ԻՆՉԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ»

ՏՐԴԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ (Վայոց ձորի մարզպետ)


-Երբ նոր էիք նշանակվել, հայտարարեցիք, թե գնում եք մարզ՝ հեղափոխությունը տեղ հասցնելու։ Հասցրի՞ք։
-Գուցե լավ կլինի գաք մեր մարզ և տեղու՞մ դա հասկանաք։
-Կգա՜նք, բայց նախ Ձեզնից ենք ուզում իմանալ՝ հեղափոխությունն արդեն «տեղու՞մ» է։
-Այո, ես իմ խոստումը կատարում եմ ամենօրյա աշխատանքով։
-Ինչի՞ց էիք ենթադրել, որ նախորդ մարզպետը, որն էլի հեղափոխությունից հետո էր նշանակվել, հեղափոխությունը մարզ չէր տարել (հիշեցնենք, որ փողոցում նախարարներին ու մարզպետներին ազատելուց առաջ, այս մարզը ղեկավարում էր Վայքի նախկին քաղաքապետ Արագած Սաղաթելյանը)։
-Բնակիչներն էին ասում, նամակներ էին գրում։
-Այսինքն, ի՞նչ էին պահանջում, որ չունեին։
-Արդարություն, իրենց հետ պատշաճ վարվելաձև։ Մարդիկ ամեն ինչին ուշադրություն են դարձնում։
-Ձեր հեղափոխությունն ի՞նչ նոր բան է բերել վայոցձորցիներին։
-Հեղափոխության հաղթանակին հասնելու համար պետք է ինքներս մեզ վրա աշխատենք, յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր վրա աշխատի, մտածելակերպը փոխի, պատասխանատու լինի, գիտակցի, որ մեր երկրի ճակատագիրն ինքն է որոշողը։


«ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԼԻՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ»

ՎԱՀԵ ՂԱԼՈՒՄՅԱՆ (Տավուշի մարզպետ)


-Կապանի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունը Սյունիք չի հասել։ Տավուշ հասե՞լ է։
-Որոշակի հասել է։
-Ինչպե՞ս դա կապացուցեք ղեկավարությանը։
-Ապացուցելու հարցը կլինի դեկտեմբերի 9-ին։
-Այսինքն, որքան քվե կարող եք բերել իշխող կուսակցությա՞նը։
-Այո։
-Ի՞նչ է փոխվել Տավուշում Ձեր ղեկավարման օրոք։
-Այս և ընդհանրապես բոլոր ընտրություններում վարչական լծակների օգտագործման բացառում։ Սա կոնկրետ տարբերություն է, որը նախորդների ժամանակ չի եղել։
-Այսինքն, այս ընտրություններում գործի չե՞ն դրվել ընտրակաշառքը, նախկին արատավոր սխեմաները։
-Մարզի երեք համայնքում արդեն ընտրություն է եղել, և ոչ մի վարչական լծակ չի օգտագործվել։
-Դուք երաշխավորու՞մ եք, որ ընտրություններն արդար կանցնեն։
-Ես հստակ տրամադրված եմ պահպանելու այդ կանոնները։ Իհարկե, բնակչության, որոշ համայնքների ղեկավարների, լծակների տիրապետող պաշտոնյաների շրջանում ունենք կարծրատիպեր, որոնք պետք է բացառել ու շտկել։
-Այս ամիսների ընթացքում ի՞նչ խնդիր եք լուծել մարզում։
-Արագ լուծում պահանջող շուրջ 20-ից ավելի նախագծեր կառավարության կողմից հաստատվել են, մրցույթի կդրվեն և շինարարական աշխատանքներ կսկսվեն։ Մարզում կարևորագույն խնդիր է աշխատատեղերի ստեղծումը, որի համար մեծ ֆորում ենք կազմակերպել և դրսի բիզնեսմեններին փորձում ենք ներգրավել, որպեսզի ներդրումներ լինեն ու աշխատատեղեր ստեղծվեն։
-ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելու՞ եք, ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու՞ եք Ձեր թեկնածությունը։
-Սպասում ենք վարչության որոշմանը, կա նման առաջարկ։
-Ընտրությունից հետո կցանկանա՞ք նորից շարունակել մարզպետի աշխատանքը։
-Կուսակցությունը կորոշի։ Ընտրությունից հետո պետք է վերլուծել անցած 5-6 ամիսների աշխատանքը։
-Կատարվածը թույլ տալի՞ս է Ձեզ շարունակել աշխատանքը։
-Բարոյապես՝ իհարկե։ Չեմ կարծում, թե շատ հարցերում եմ թերացել, իսկ որոշ թերացումներ բոլորն էլ ունեն։


Ճեպազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ