Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հաթաթա. նոր ժանր իշխանության խաղացանկում

Հաթաթա. նոր ժանր իշխանության խաղացանկում
30.11.2018 | 00:34

Ինչպես և ակնկալում էինք՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավն անցնում է հուզականության կրքոտ ալիքի ներքո: Իշխանություններն առիթը բաց չեն թողնում վերհիշելու նախորդների գործած սխալներն ու հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնելու հեքիաթի չար ու բարի ուժերի մասին: Հավատարիմ մնալով «կռվի ժամանակ փլավ չեն բաժանում» սկզբունքին՝ ընտրապայքարի հակընդդեմ ճամբարներն ամենադաժան ձևով քննադատում են միմյանց, թափ տալիս անցած-գնացած երևույթների ու իրադարձությունների փոշին: Եթե նախկիններն աշխատում են չանցնել կոռեկտության սահմանը, պահպանել քաղաքական լեզվամտածողությունն ու արտահայտվելիս հնարավորինս զուսպ լինել, ապա ներկաները դրա մասին փոքր-ինչ անգամ չեն մտածում: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթներն ու լայվերը հրապարակախոսական մի նոր ժանրի սկիզբ են դնում՝ «հաթաթա» անվանմամբ: Այս ժանրով արտահայտվողները պետք է սկսեն բավական մեղմ տոնով, այնուհետ մտահոգ տեսք ընդունեն, հանրությանը ոչ դուրեկան որևէ գործչի կամ երևույթ մտաբերեն ու միանգամից պոռթկան, գոռան, մատ թափ տան ու, ի վերջո, հաթաթա տան: Ժանրը հուզականության լայն ալիք է ծնում, սրտհովանք պատճառում բազմահազար մարդկանց, որ տարիներ ի վեր հրապարակներից նման խոսքեր լսելու մեծագույն փափագ են ունեցել:


«Հաթաթան» լեզվական ու ոճական որևէ կանոնի չի ենթարկվում, այն կիրառողն ազատ է բառերի ընտրության, շարադասության կառուցվածքի, մի բանը մի քանի անգամ կրկնելու և այլնի մեջ: Որպես ժանրի հիմնադիր՝ Փաշինյանն անում է հնարավորը դրա զարգացման ու հանրաճանաչման համար՝ թե՛ ենթական ու ստորոգյալն է խառնում, թե՛ կապերի սխալ խնդրառություն է կիրառում, թե՛ նախադասությունը սկսում մի, ավարտում բոլորովին այլ մտքով:


Ժանրի «հաջողության» կարևորագույն գրավականը ժարգոնի գործածումն է, որ «հաթաթայի» աղուպղպեղն է, ինչով էլ հենց առատորեն համեմված են Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթները՝ ասֆալտներին փռելուց մինչև մարդկանց ամենատարբեր անցքեր մտցնելն ու այնտեղից չհանելը: Վարչապետի պաշտոնակատրի ստեղծած ժանրն արժանապատվորեն գործածում է նաև քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինս «հաթաթայի» նորմերին հետևում է պարտաճանաչորեն՝ ավագանու նիստերի ժամանակ բարեհամբույր ժպտում է ներկաներին, ապա ֆիքսում տեսախցիկներն ու սաստում ավագանուն. «Բոլոր հարցերին պետք է պատասխան տրվցցվեն»:


Ժարգոնի պրոպագանդան անգամ մարզերի բնակիչներին է հասել: Մանր չինովնիկները, որ տարիներ շարունակ օրհնել են նախկին իշխանությունների տված կնիքն ու աթոռը, հասկացել են՝ ինչքան շուտ յուրացնեն նոր իշխանությունների լեզուն ու ոճը, այնքան ամուր կկառչեն իրենց աթոռներից: «Ինչպես մեր գյուղում են ասում` տանձիդ չդնես»,- Փաշինյանին դիմում է դպրոցի տնօրեններից մեկը, որն իշխանափոխությունից հետո, ըստ երևույթին, ուսուցչական իր կոլեկտիվին՝ կանանց ու տղամարդկանց, նույն բանն է հորդորում դասասենյակ մտնելուց առաջ: Շրջանավարտներն էլ, գուցե, 40 տարվա մանկավարժի «անգին» խորհուրդներով ու օրհնանքով են կյանքի նոր շրջափուլ մտնում, որտեղ տնօրենի ասած թևավոր խոսքն իրենց անհամեմատ ավելի մեղմ է թվալու երկիրը կառավարող առաջին դեմքերի հրապարակային ելույթների ֆոնին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում