«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ի սկզբանե բոլոր բանական արարածները գոհանում են Աստծուց

Ի սկզբանե բոլոր բանական արարածները գոհանում են Աստծուց
07.12.2018 | 00:17

Մեր իմացությունից վեր իրողություններ կան, որոնք չափազանց մեծ են և անըմբռնելի մեր մտքի տկարության և սահմանափակության պատճառով:
Միայն Աստծո բազմազան և անսահմանափակ շնորհը, որը գալիս հասնում է մեզ Քրիստոսի միջնորդությամբ և Սուրբ Հոգու ներգործությամբ, թույլ է տալիս մեզ դրանք ըմբռնել:
Հիրավի, մարդու համար անհնար է հասնել այն Իմաստնությանը, որը ստեղծել է ամեն ինչ: Սակայն անկարելին կարելի է դառնում մեր Տեր Հիսուս Քրիստոսով: Փրկիչը չի կամենում միայն մարդկանց ուսուցիչը լինել, այլև դառնալ բարեկամը նրանց, որոնց Տերն էր նախապես: Ոչ ոք չգիտի, թե ինչ կա մարդու մեջ, եթե ոչ` մարդու հոգին, որ նրա մեջ է: Նույնպես ոչ ոք չգիտի, թե ինչ կա Աստծո մեջ, եթե ոչ` Աստծո Հոգին:


Աղոթքի անմիջական ուսուցիչը ևս Սուրբ Հոգին է, սակայն որքանո՞վ ենք մե՛նք հավատարիմ Նրան և հասու Նրա ուսուցմանը մեր սրտերում: Ի՞նչ ենք սովորում աղոթքի մասին Սուրբ Գրքից: Առաջին հերթին Տերը սովորեցնում է ճանաչել ճշմարիտ աղոթքը նենգափոխող գործոնները և հրաժարվել դրանցից, նաև այն, թե ինչու և ինչպես պետք է աղոթել, թե աղոթքի մեջ ինչ է հարմար ասել Աստծուն, և որոնք են նպաստավոր պայմաններն աղոթքի համար: «Մենք աղոթում ենք և չգիտենք, թե ինչպես արժան է աղոթել» (Հռոմ. 8:26),- ասում է Պողոս առաքյալը: Արդարև, բավական չէ աղոթելը. պետք է աղոթենք «ինչպես արժան է աղոթել», և խնդրել այն, ինչ որ օգտակար է մեզ: Եթե նախապես անձը չզգուշանա աղոթքի թյուր և անխոհեմ իրագործումից, ոչ մի լավ ու բարի պտուղ չի կարող ստանալ իր աղոթքից: Ավելին, իր վրա կհրավիրի Աստծո արդար ցասումը. և այն, ինչը կոչված էր անձը փրկելու և նորոգելու, կարող է դառնալ կորստյան առիթ:
Լեռան քարոզում տեսնում ենք, որ աղոթքի մասին խոսելիս Տերը սկզբից ևեթ հանդիմանում է կեղծավոր, ի ցույց մարդկանց կատարվող աղոթքը (Մատ. 6; 5): Մարդու սրտում բույն դրած` ուրիշի աչքին բարեպաշտ երևալու կեղծավոր ձգտումը, փոխանակ զղջումով ու աղոթքով մաքրվելու, կարող է աղոթքով իսկ աճել ու պարարտանալ: Սրան հակառակ` Տերը պատվիրում է ծածուկ աղոթել: Խնդրել, ինչ որ պետք է, և խնդրել, ինչպես որ պետք է: Ահա, օրինակ, թե ինչ պետք է խնդրել. «Խնդրեցեք Աստծո Արքայությունը և Նրա արդարությունը, և մնացածն Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6; 33): Նենգավոր աղոթքով սեփական անձի փառքը հաստատելու թյուր ձգտման փոխարեն ամենից առաջ Աստծո փառքը փնտրել, Նրան սրտի խորքից փառաբանող խոսքեր ուղղել և գոհանալ Նրա շնորհներով: Աստծո փառաբանությունն աղոթքի սկիզբ ընդունելը խորհրդական իմաստ ունի` որպես հոգևոր գործառության էական հիմք: Աղոթքի, ինչպես և բոլոր առաքինությունների արմատն Աստծո փառքը փնտրելու և գործով այն հաստատելու մեջ է` հակառակ հին մարդու անձի փառքն ամեն մի գործի սկիզբ դնելու եսապաշտ հատկությանը: Երբ անձը, հրաժարվելով սնափառ մղումներից, ուշադիր և անզբաղ մտքով սկսում է գոհանալ իր Տիրոջով, երբ աղոթքին է միանում Աստծո Հոգին, այդժամ միտքը սովորում է պատշաճաբար խոսել Տիրոջ հետ և զերծ մնալ ավելորդաբանություններից: Եվ այսպիսի խոսքը` ուղղված Աստծուն, վեր է անցավոր ձգտումներից և երկրային խորհուրդներից: Քրիստոնյայի կյանքի և կենցաղի բոլոր մանրամասներն ունեն խորհրդական նշանակություն և առիթ են` Տիրոջը դիմելու, Նրա գործակցությունը հայցելու, պահպանությունը խնդրելու կամ պարզապես գոհանալու համար:
Դուրս գալով Բեթանիայից, Հիսուսն Իր ճանապարհն ուղղել էր դեպի արևելյան կողմերը, այն տեղերը, ուր առաջին անգամ իր քարոզություններն էր սկսել Հովհաննես Մկրտիչը, ուր Հիսուս Ինքն էլ էր քարոզել: Հիսուս Իր յոթանասուներկու աշակերտներից Գալիլիայում բաժանվելուց հետո այստեղ պիտի հանդիպեր նրանց: Իր հասնելուց քիչ հետո աշակերտներն էլ սկսեցին հերթով հասնել, և երբ բոլորը հավաքվեցին, Հիսուս սկսեց նրանցից հարցնել, թե ինչ արեցին, ինչ խոսեցին և ինչպիսի հաջողություն ունեցան: ՈՒր որ գնացել են, հակառակության չեն հանդիպել, իրենց դիմողներին մխիթարել են, հիվանդներին առողջացրել են, դիվահարներին էլ բժշկել են: Այդ երևույթը, այսինքն` Նոր Ուխտի նոր պաշտոնյաների գտած հաջողությունը, նշան էր, որ Հիսուսի քարոզած Երկնային Արքայությունը ճշմարիտ էր և աստվածային, և այն խափանել ցանկացող փարիսեցիական մթնոլորտը կորցրել էր իր զորությունը: Հիսուսի դեմ լարված հակառակություններն ու հալածանքներն արդյունք պիտի չունենային, Հիսուսի Ավետարանը պետք է հաստատվեր: Հիսուս Ինքն էլ մի ներքին մխիթարություն զգաց Երկնային Արքայության աստվածային գործի գտած հաջողության համար և Իր ու Տասներկուսի գործի արդյունքից հետո, Յոթանասուներկուսի ունեցած գործի արդյունքից հրճվեց, ու հայացքը դեպի երկինք հառած, գոհաբանական մաղթանք ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հա՛յր, Տե՛ր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին» (Մատթ. 11; 25): Ի՞նչ է ստացվում: Մի՞թե Տերը ուրախանում է գիտունների ու իմաստունների կործանման համար և այն բանի համար, որ նրանք դա չգիտեն: Քավ լիցի: Պարզապես, փրկության վարդապետությունը մերժողներին պետք չէ ստիպել, որ դա ընդունեն հակառակ իրենց կամքին: Երբ անհավատների վճիռը կայացրեց ու կանխագետ զորությամբ հայտնեց նրանց կուրության մասին, գոհանում է Հորից` ոչ թե ուրախանալով նրանց կորստյան վրա, այլ բերկրելով անմեղների գտնելու համար:


«Այդ ժամին Հիսուս ցնծաց Հոգով» (Ղուկ. 10; 21), որովհետև ամենուրեք Հոգին գործակից էր տնօրինության իրականացման մեջ: Երբ տեսավ, որ «յոթանասունը խնդությամբ վերադարձան և ասացին. Տեր, դևերն էլ են մեզ հնազանդվում Քո անունով» (Ղուկ. 10; 17), Հոգով իմացավ, որ դա Հոր կամքով է, ուստի Հոր կամքին պատասխանելով ասում է. «Գոհանում եմ Քեզանից, Հայր, Տեր երկնքի ու երկրի»: Այս խոսքի մեջ ամփոփում է արարչության բոլոր մասերը. սովորեցնում է, որ Հայրը ոչ միայն ստեղծիչն է, այլև տերն ու դատավորը` երկնքի ու երկրի, հրեշտակների ու մարդկանց, հոգիների ու մարմինների, ողջերի ու մեռածների, արդարների ու մեղավորների: Հորը գոհություն հայտնելով, Նրան հայտնի է դարձնում խոստովանությամբ` ցույց տալով, որ բոլոր բարիքները Նրանից են: Իսկ գոհանում է ոչ թե Իր համար, այլ աշակերտների, որով ջանում է նրանց հավատքը զորացնել: Գոհությամբ հայտնում է Իր խնամարկությունն ու պաշտպանությամբ` փրկությունը, թե ինչպիսի բաների արժանացան հավատացյալ աշակերտները: Սա ասաց նախ` մեզ իբրև խրատ և ուսուցում, որ ընկերների հաջողության վրա պետք է գոհանալ և ոչ թե նախանձից տանջվել: Երկրորդ` որպեսզի Հորը մեծ ու սքանչելի ցույց տա և Իրեն` Նրան հավասար, ինչով ամենքին դեպի Նրա գիտությունն էր գրավում. իսկ ովքեր հրաժարվեցին, ոչ միայն Իրենից, այլև Հորից հեռացան: Երրորդ` քանի որ շատ բաներ էր խոսել ու գործել, որպեսզի չթվար, թե դրանք առանց Հոր գործակցության է արել, գոհանում է Նրանից: Եվ չորրորդ` գոհանում է մեր դեմքն առած լինելով, ինչն իմաստուններից ծածկվեց ու մանուկներին հայտնի դարձավ և մեծ զարմանքի ու գոհության է արժանի, ինչպես և ասում է. «Որ ծածկեցիր սա իմաստուններից ու գիտուններից և հայտնեցիր մանուկներին»: Իսկ ի՞նչ ծածկվեց նրանցից. պարզ է, որ հավատը մեր Տիրոջ հանդեպ և Նրա մարդեղության գործը: Ինչու՞. որովհետև իրենց արդարությունն են կամենում հաստատել և չհնազանդվեցին Աստծո արդարությանը, որ Քրիստոսն է (Ա Կորնթ.1; 30): Հեգնաբար «իմաստուն» Է կոչում օրենսգետներին ու փարիսեցիներին, նաև աշխարհիկ փիլիսոփաներին, ովքեր իրենց բազմամասն գիտությամբ ու իմաստնությամբ հասու չդարձան Նրա աստվածությանը, ըստ Պողոսի. «Իրենց իմաստուն էին համարում՝ հիմարացան» (Հռոմ. 1:22): Իսկ «մանուկ» է կոչում առաքյալներին, նաև գեղջուկներին ու տգետ աշխարհականներին, անմեղներին ու պարզամիտներին, ովքեր հավատի հայտնությամբ միացան Նրան: Սրանով ցույց է տրվում, որ հավատն է Աստծո խորքերը բացահայտողը և ոչ թե մարդկային խորհուրդներով գիտությունը` ըստ այսմ. «Քո խոսքերի հայտնությունը լուսավորում ու իմաստնացնում է մանուկներին» (Սաղմ. 118; 26): «Այո, Հայր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ» (Մատ. 11; 26): Սա ասում է` հաստատելով, որ այս է Հոր կամքը, որ իմաստուններից ծածկվեց և անմեղներին հայտնվեց, որպեսզի մարդիկ պարծենան ոչ թե իրենց իմաստնությամբ, այլ Հոր զորությամբ:


Գոհությունը Աստծուն` մեծ խորհուրդ է, հրեշտակների ու սրբերի գաղտնիքն է, որովհետև, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, երբ մենք գոհանում ենք Աստծուց, դառնում ենք Նրա հետ միասնական: Ի սկզբանե բոլոր բանական արարածները գոհանում են Աստծուց: Իսկ հիմա պիտի Քրիստոսից սովորեն գոհաբանել: «Ինքը ցնծաց Հոգով»` Սուրբ Հոգով: Քրիստոսի ցնծությունը Աստծո ուրախությունն է, որին և՛ հրեշտակները, և՛ մարդիկ պետք է հաղորդակից լինեն: Նախքան գոհություն հայտնելը Նա լցվեց ուրախությամբ, քանի որ Աստծուն փառաբանությունն ու գոհությունը սուրբ ուրախության բնական լեզուն է: Այդ ուրախությունն է աղբյուրը և պատճառը գոհաբանության: Նա գոհանում է Աստծուց այն ամենի համար, որ Հորից հայտնվում է մեզ Որդու միջոցով: Աստված հայտնում է հրեշտակներին ու մարդկանց այն, ինչ ծածկված էր աշխարհի սկզբից: Աստծո գաղտնիքները բացվում են մանուկներին` նրանց, ովքեր մանուկ էին գիտությամբ: Մենք պիտի գոհանանք Աստծուց այն պատվի համար, որ Նա տվեց մարդկային և հրեշտակային խոնարհությանը` բոլորին կոչ անելով սովորել Իրենից, որ հեզ և խոնարհ է սրտով: Որպեսզի բոլորը տեսնեն Նրան Խաչի վրա ու հասկանան, որ Աստծո զորությունը տկարության մեջ է հայտնվում: Նա հայտնեց դա մանուկներին և թաքցրեց իմաստուններից և գիտուններից, հեթանոս փիլիսոփաներից և հուդայական րաբբիներից: Նա չբացեց նրանց Ավետարանի գաղտնիքը: Նա չընդունեց նրանց գիտելիքներն ու տաղանդները Աստծո Արքայության քարոզության համար: Դուք կհարցնեք` իսկ ի՞նչ ասենք Պողոս առաքյալի և իրեն նման ուրիշների մասին: Ճիշտ է, Պողոսը այր էր կրթված և խելացի, բայց դարձավ մանկան նման, երբ կոչվեց լինելու Քրիստոսի առաքյալ, և ոչինչ չէր կամենում իմանալ, բացի Քրիստոսից, այն էլ խաչյալ Քրիստոսից: Աստված Իր դատաստաններում ցույց է տալիս Իր ամենակալ իշխանությունը: Եթե Աստված տալիս է Իր Որդու մասին գիտությունը նրանց, ովքեր այս աշխարհի փոքրիկներն են (մանկացած հոգիներ) և չի տալիս նրանց, ովքեր մեր կարծիքով ավելի մեծ հաջողությամբ կարող էին փրկության ավետիսը հասցնել ուրիշներին, ապա մենք այն խոնարհաբար պիտի ընդունենք: Նա հանձնում է Ավետարանի քարոզությունը նրանց ձեռքը, ովքեր պիտի գործեն Աստծո զորությամբ, այլ ոչ թե մարդկային հմտությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ:
Դարձյալ, Տերը գոհություն հայտնելով Հորը, ուզում է ասել պարզամտության մեծության մասին, հասկացնելով, որ պարզամիտը ընդունակ է ընկալելու այն ճշմարտությունները, որոնք կրթված և գիտուն խելքը հասկանալ չի կարող: Քրիստոնեությունը հենց Քրիստոսի ճանաչումն է, գիտություն, որը պահանջում է ավելի ոչ թե երկրավոր իմաստություն, այլ երկնային շնորհ: Երանելի Թեոփիլակտը նկատում է. «Այն, ինչ ասում է Տերը, կարելի է շարադրել այսպես. «Գոհություն եմ հայտնում Քեզ, Հա՛յր , որ Սուրբ Գրքին գիտակ և իմաստուն թվացող հրեաները չհավատացին, իսկ անուսներն ու մանուկները հավատացին և ճանաչեցին Նրա խորհուրդները: Աստված թաքցրեց այն իմաստուններից ոչ թե նրա համար, որ չէր ուզում կամ պատճառն էր նրանց տգիտության, այլ որովհետև նրանք արժանի չէին, որովհետև իրենք իրենց իմաստուն էին համարում: Ով իրեն խելացի է համարում և վստահում է միայն իր սեփական խելքին` նա Աստծուն չի փնտրում: Իսկ Աստված, եթե մեկը չի փնտրում Իրեն, չի օգնում և չի հայտնվում նրան»:


Տերը թաքցրեց հավատքի գաղտնիքները իմաստուններից և գիտուններից, ովքեր չէին ուզում ճանաչել այդ գաղտնիքները, և բացեց մանուկներին, որոնք ընդունեցին դրանք: Գոհանալով Հորից, Փրկիչը ցույց տվեց, որ Ինքն է Որդին, որ Հորից է ուղարկված, իսկ հայտնելով գոհաբանությունը հավատացյալների անունից, ցույց տվեց, թե ինչպիսի սեր է տածում նրանց նկատմամբ:
Սենք բոլորս, այսպես թե այնպես, կոչված ենք Ավետարանի քարոզությանը, և ավետարանական տվյալ ընթերցվածքի խոսքերը մեզ օգնում են հասկանալու, որ մեր ծառայությունը պետք է կառուցվի և ընթանա Աստծո հանդեպ ամբողջական վստահությամբ, մարդկանց նկատմամբ, ում մենք տանում ենք Ավետարանի լույսը, անթաքույց պարզությամբ և, իհարկե, ամեն բարի գործի մեջ, նաև այնտեղ, որտեղ սերն է պակասում` սիրով լեցուն սրտերի ներկայությամբ:


Տեր Պարգև քահանա ԶԵՅՆԱԼՅԱՆ
Սիսիանի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ