«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ռեալ պոլիտիկն ավելի մեծ նշանակություն ունի երկու երկրների համար, քան տարբեր հարցերի շուրջ բարձրացվող աղմուկը

Ռեալ պոլիտիկն ավելի մեծ նշանակություն ունի երկու երկրների համար, քան տարբեր հարցերի շուրջ բարձրացվող աղմուկը
21.12.2018 | 01:14

Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում հիմնական ուշադրությունը սևեռվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին իր ղեկավարած քաղաքական ուժի ջախջախիչ հաղթանակի առթիվ շնորհավորել-չշնորհավորելու հարցին։ Թե՛ պաշտոնական Երևանի, թե՛ Մոսկվայի կողմից տրվող ցանկացած բացատրություն այսօր հանրության մեջ այն տպավորությունն է ստեղծում, թե հայ-ռուսական հարաբերություններում բավականին լուրջ ճգնաժամ կա։ Եվ Ռուսաստանի, մեղմ ասած, պաշտոնական սառնությունը դրա հստակ արտահայտությունն է։ Բնականաբար, այդ ամենում կա ճշմարտության նշույլ։ Սակայն հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ այդքան պարզունակ չէ։
Եթե թավշյա գործընթացներից հետո դիտարկենք հայ-ռուսական հարաբերությունները ավելի լուրջ, խորքային տիրույթում, ապա պետք է դրանք վերլուծենք մի քանի տեսանկյունից և մի քանի հարթակում։ Կա հարաբերությունների էմոցիոնալ, տեսանելի հատված, և կան ավելի խորքային գործընթացներ, որոնք շատ դեպքերում երկրորդ պլան են մղվում զգացմունքների ֆոնի վրա։


Հայ-ռուսական արդի հարաբերություններին անդրադառնանք այս երկու հիմնական հարթակներում։ Առաջինը տեսանելի կամ արտաքին հարթակն է։ Ի՞նչ է մատուցվում այս տիրույթում Հայաստանի և Ռուսաստանի հանրությանը։
Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումներում որևէ ռևերս չի լինելու, և Հայաստանի համար առաջնային են մնալու հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, այնուամենայնիվ, բազմիցս նշել է, որ կան հարցեր, որոնք պետք է հստակեցվեն և ավելի խորանան։ Վարչապետը մի քանի անգամ ակնարկել է, որ այդ հարցերը Հայաստանի ինքնիշխանության և ինքնավարության մակարդակի բարձրացման հարթության մեջ են։ Այդ մասին նույնիսկ ակնարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներից մեկում, որից հետո Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ իր և Պուտինի միջև հարաբերություններում սև անկյուններ չկան։ Այսինքն՝ եթե հայտարարվում է, որ Հայաստանն իր սուվերենության աստիճանը միջպետական կապերում պետք է ավելացնի, ապա պետք է լինեն նաև դրա արտաքին դրսևորումները, արտահայտիչները, որոնք կհամոզեն նախ և առաջ հայաստանյան ներքին լսարանին, որ ընդհանուր աշխարհաքաղաքական վեկտորի պահպանման պայմաններում Հայաստանի սուվերենության աստիճանը այդ հարաբերություններում պետք է մեծանա։ Եվ մենք տեսնում ենք դրա արտաքին արտահայտությունները։ Ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս բավականին կտրուկ հայտարարություններով, մասնավորապես, հիշարժան է, որ երբ Փանիկում ռուսական զորախումբը զորավարժություններ էր անցկացնում, Փաշինյանը կառավարության նիստում շեշտեց, որ դա հարված է ՀՀ սուվերենությանը և պատասխան պահանջեց ռուսական կողմից։


Շատ ավելի աղմկոտ էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն Արցախի հարցի շուրջ առ այն, որ եթե Ռուսաստանը չուզենա, ապա Արցախում պատերազմ չի լինի։ Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված խնդիրները և վերջինիս ձերբակալությունը, առանց կառույցի հետ համաձայնեցնելու, դիտարկվեցին որպես անարգանք Ռուսաստանի նկատմամբ, սակայն Հայաստանի հանրությանը ներկայացվեց որպես ՀՀ ներքին հարց, որը պետք չէր համաձայնեցնել որևէ մեկի հետ։ Հետաքրքիր հետևողականությամբ Նիկոլ Փաշինյանն անտեսում է Ռոբերտ Քոչարյանի հատուկ կարգավիճակը Վլադիմիր Պուտինի մոտ՝ ձերբակալել-ազատելով, նորից ձերբակալելով ՀՀ երկրորդ նախագահին։
Արտաքին դրսևորումներն այնպիսին են, որ Հայաստանը իբր ինքնուրույն որոշումներ կայացնելու սուվերենության մակարդակը բարձրացրել է։ Ինքն է որոշում այն հարցերը, որոնք իր իրավասությունների ներքո են՝ երբեմն առանց հաշվի առնելու Ռուսաստանի և այդ երկրի ղեկավարի անձնական հետաքրքրությունները։


Սրանք արտաքին դրսևորումներն են, որոնք հեղափոխական կամ հետհեղափոխական էյֆորիկ հանրության որոշ զանգվածների մեջ մեծ հրճվանք են առաջացնում՝ ստեղծելով տպավորություն, թե իսկապես Հայաստանն արդեն նույն հարթության մեջ է շփվում Ռուսաստանի և ՀԱՊԿ, ԵԱՏՄ գործընկերների հետ՝ երբեմն մատ թափ տալով, ճռճռան հայտարարություններ անելով։


Հայ-ռուսական հարաբերությունների երկրորդ հարթակը խորքային հարաբերությունների տիրույթն է։ Այստեղ փաստերն առավել քան խոսուն են։ Այս հարթակում շատ ավելի հետաքրքիր զարգացումներ են ընթանում, որոնք ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը, եթե չասենք, որ չի փոխել իր առանձնակի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, ապա կարող ենք նշել, որ երբեմն շատ ավելի խորացրել է Ռուսաստանից իր կախվածությունը, մանավանդ արտաքին քաղաքական հարթակներում։ Փաստ է, որ, օրինակ, ՄԱԿ-ում Հայաստանը Փաշինյանի օրոք երկու անգամ քվեարկել է հակառուսական երկու բանաձևերին դեմ։ Նախ՝ ՄԱԿ-ում դեմ քվեարկեց Ղրիմում մարդու իրավունքների խախտման բանաձևին և բոլորովին վերջերս էլ դեմ արտահայտվեց նաև մյուս հակառուսական փաստաթղթին, որը դատապարտում էր Ղրիմում ռուսական ռազմականացումը։ Այսինքն՝ Հայաստանը շարունակում է արտաքին հարթակներում հանդես գալ Ռուսաստանի ֆարվատերի դերում՝ ազդեցության ոլորտում՝ ընդ որում միշտ քվեարկելով Ռուսաստանի օգտին՝ այդ երկրի համար շատ զգայուն հարցերի շուրջ։


Հայաստանը Փաշինյանի օրոք համաձայնեց մասնակցելու գործողությունների, որոնց Սերժ Սարգսյանը ժամանակին չէր համաձայնում. խոսքը Սիրիայում Ռուսաստանի հետ խաղաղապահ գործողությունների մասնակցելու մասին է, ինչը գերզգայուն թեմա էր և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար։
Եվ վերջապես՝ վերջին օրերին ամենից շատ աղմուկ բարձրացրած թեմաներից մեկն առնչվում էր Հայաստանի տարածքում կենսաբանական լաբորատորիաներին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Երևանն ու Մոսկվան փաստաթուղթ են մշակում, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում: Արդեն մի քանի տարի, դեռևս մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, ռուսաստանյան կոմպետենտ գերատեսչությունները հարց էին բարձրացնում, այդ թվում՝ վերլուծական հանրության միջոցով, որ Հայաստանում կան կենսաբանական լաբորատորիաներ, որոնք առնվազն երկակի նշանակության են և գտնվում են ամերիկյան զինվորների վերահսկողության ներքո։ Սա բավականին լուրջ մտահոգություն, դժգոհություն էր առաջացնում Մոսկվայում, որը համարում է, որ Հայաստանն իր ֆորպոստային գոտին է, ռազմաքաղաքական դաշնակիցը, և պարբերաբար մեծ աղմուկ էր բարձրացվում հարցի առնչությամբ։ Դա պաշտոնապես չէր երևում, սակայն փորձագիտական մակարդակում և ներքին խողովակներով այդ թեման արծարծվում էր։ Ռուսական աղբյուրները շատ դեպքերում այդ ամենում որպես կոնտակտային դեմք, որն այդ գործն ամերիկացիների համար կատարել է, նշում էին պաշտպանության ներկա նախարար Դավիթ Տոնոյանի անունը, որը ժամանակին փոխնախարար էր։ Փաշինյանի օրոք փուլ առ փուլ լուծվում է այս հարցը հօգուտ ռուսական կողմի։ Լավրովի վերջին հայտարարությունը նշանակում էր, որ ամերիկյան զինվորականներն ու ռազմական մասնագետները չեն գործելու այս լաբորատորիաներում։ Սա գերզգայուն թեմա է և՛ ՌԴ-ի, և՛ ԱՄՆ-ի համար։ Փաշինյանը փաստորեն բավականին լուրջ ռևերանս կատարեց ռուսների նկատմամբ։


Այսինքն՝ մենք ականատես ենք լինում փաստերի։ Մի կողմից արտաքին հարթակներում աղմուկ է բարձրացվում, խոսակցություններ են ծավալվում ՀՀ սուվերենության, հայ-ռուսական հարաբերությունների խորացման կամ սառեցման մասին և այլն։ Զուգահեռ իրական հարթությունն է, որը թեև հանրության ուշադրության կենտրոնում չէ, սակայն ռեալ պոլիտիկն է, ինչն ավելի մեծ նշանակություն ունի երկու երկրների համար, քան տարբեր հարցերի շուրջ բարձրացվող աղմուկը։
Սա հայ-ռուսական հարաբերությունների երկու երեսն է։ Այնպես որ, եթե հարցերը խորքային ենք դիտարկում, ապա ՌԴ նախագահի շնորհավորել-չշնորհավորելու դիլեման՝ հանրության համար ծամոն դարձած հարցը, ընդամենը երկու պետությունների հարաբերությունների շոուի արտաքին շղարշն է, որը շատ դեպքերում մարդկանց ուշադրությունը շեղում է իրական խորքային գործընթացներից։


Եվ վերջապես՝ մի շատ հետաքրքիր հայտարարության վրա ուշադրություն դարձնենք, ինչը արվեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրթերով։ Երբ լրագրողները, մեջբերելով քաղտեխնոլոգների կարծիքը, թե Ռուսաստանը պարտվում է ԱՄՆ-ին փափուկ ուժի գործադրման ասպարեզում, Լավրովը սխալ համարեց այն կարծրատիպը, որ ՌԴ-ն աշխատում է միայն ՀՀ գործող իշխանության հետ և չի համագործակցում ընդդիմության ու հանրային սեկտորի հետ։ Նա, մասնավորապես, բավականին հետաքրքիր ու հստակ հայտարարություն արեց՝ ասելով, որ իրենք ժամանակին աշխատում էին նաև այն 9 պատգամավորների հետ, որոնց գլխավորում էր Փաշինյանը նախորդ իշխանությունների օրոք։ Սա բավականին հետաքրքիր հայտարարություն էր ու ակնարկ, որը կարող է նաև որոշակի նոր վերլուծությունների, երբեմն նաև կոնսպիրոլոգիական վարկածների առիթ հանդիսանալ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2788

Մեկնաբանություններ