Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Կեսգիշերի զավակները» Հնդկաստանի ու նրա ապագայի պատմությունն է

«Կեսգիշերի զավակները» Հնդկաստանի ու նրա ապագայի պատմությունն է
21.12.2018 | 02:21

Հնդկական ծագումով բրիտանացի գրող Սալման Ռուշդին առաջին անգամ թարգմանվել է հայերեն: «Զանգակ» հրատարակչությունը, Արամ Արսենյանի թարգմանությամբ, լույս է ընծայել անվանի գրողի «Կեսգիշերի զավակները» գիրքը: Մոգական այս պատումի հիմքում Հնդկաստանի և Պակիստանի նորագույն պատմությունն է (1910-1976 թթ.), գլխավոր հերոսը` անկախության կեսգիշերին ծնված Սալիմ Սինայը: «Կեսգիշերի զավակները» 1981-ին արժանացել է «Բուքըրյան», այնուհետև «Բուքըրների Բուքըր» մրցանակի:


«1984-ին մեծ էկրան բարձրացավ բրիտանացի հանրահայտ ռեժիսոր Դևիդ Լինի «ՈԻղևորություն դեպի Հնդկաստան» ֆիլմը՝ նկարահանված Էդվարդ Ֆորսթերի գրքի հիման վրա, և դա դարձավ նրա վերջին ֆիլմը:- «Զանգակ» գրատանը կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց կինոքննադատ ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Ռուշդիի և Ֆորսթերի վեպերի նմանությանն անդրադառնալով էլ մատնանշեց մի կարևոր տարբերություն. «Աղետները, որ ընկած են ստեղծագործությունների հիմքում, մի դեպքում ջուր են խորհրդանշում, մեկ այլ դեպքում՝ կրակ, քամի… Ֆորսթերի՝ 1924-ին գրած ստեղծագործությունը շատ ավելի սառն էր ներկայացնում Հնդկաստանը և ներկայացնում էր ավելի շատ բրիտանացու աչքերով: Ռուշդիի ստեղծագործության հիմքում, որպես մետաֆորիկ կոլորիտ, կրակն է: Նրա ստեղծագործությունները վերջ դրեցին մեծ պետությունների դիվանագիտական հարաբերություններին, հեղինակի համար սահմանվեց գլխագին, որն անընդհատ մեծանում էր ու ինչ-որ առումով գործում է նաև այսօր։ Իրանում իրականացվեցին ցույցեր, պայթեցվեցին գրախանութներ, եղան զոհեր: Սա, իհարկե, վերաբերում է նախ և առաջ նրա «Սատանայական բանաստեղծություն» վեպին, որ լույս է տեսել «Կեսգիշերի զավակներից» յոթ տարի հետո»:


Բանաստեղծ, թարգմանիչ, «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող ԱՐԹՈՒՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ նշեց, որ 2014-ից գիրքը թարգմանելու և հրատարակելու նպատակ են ունեցել, սակայն, տարբեր խոչընդոտների պատճառով, այն հետաձգվել է. «Բարդ էր նաև թարգմանիչ գտնելը, որովհետև այն ոճը, գրական հնարքները, որ կիրառել է Ռուշդին, մեծ խնդիրներ են առաջադրում թարգմանչին: Գիտակցության կտրտվածությունը, պատկերների փոխներթափանցումը, թռիչքները՝ մի ժամանակից մյուսը, չափազանց շատ են գրքում, ու այս ամենը խտացված է հնդկական մշակույթով, բառերով, տերմիններով, տիպիկ հնդկական մտածելակերպին բնորոշ ձևակերպումներով: Գիրքն էլ մոտ 700 էջ է: Թարգմանիչը պետք է ոչ միայն թարգմաներ այն, այլև այդ ամբողջ ընթացքում հետազոտական աշխատանք կատարեր՝ հասկանալու համար, թե ինչ կա տողատակում»: Արթուր Մեսրոպյանը համոզված է՝ գրքի իրական արժեքը տողատակերում է: Բարեբախտաբար, համապատասխան թարգմանիչ գտնվեց, և Ռուշդիի վեպը թարգմանվեց վեց ամսում, ինչն առավելագույնս կարճ ժամկետ է այդ գործի համար: Արթուր Մեսրոպյանը կարևորում է նաև այն, որ «Կեսգիշերի զավակները» անսպառ նյութ է քաղաքական, գրականագիտական ուսումնասիրությունների համար. թարգմանվելով և հրատարակվելով ոչ թե ավարտվում է գրքի հրատարակչական կյանքը, այլ նոր-նոր սկսվում է:


«Ոչ մի շնորհանդեսի ժամանակ ես այսքան դժվարությամբ չեմ խոսել, որքան հիմա, որովհետև հայրս պետք է այստեղ լիներ, բայց, իրերի բերումով, չի կարողացել գալ,- ասաց բանաստեղծ, թարգմանիչ ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ:- Ես չեմ կարող և չեմ ուզում փոխարինել նրան, կփորձեմ ուղղակի իմ տեսակետը հայտնել վեպի մասին: Վստահ եմ, որ թե՛ վեպն է հրատապ, թե՛ թարգմանությունը: Դժվար է այսօր Հայաստանում գտնել հայերեն թարգմանական նման մշակույթ, այսպիսի բծախնդրությամբ ու դժվարությամբ, բայց լռությամբ արված թարգմանություն, և այնպիսի իրավիճակում, որում հայրս է թարգմանել վեպը: Դա էլ էր շատ հետաքրքիր: Նա կարողանում է բացարձակ աղմուկի մեջ՝ ստեղծագործելու և թարգմանելու համար բարդ իրավիճակում կատարելապես մեկուսանալ, կտրվել իրականությունից ու ժամերով թարգմանել, որևէ բան որևէ մեկից չհարցնել: Կամ, եթե որևէ բան հարցնում է, ինքը մնում է իր տեսակետին: Այնպես չէ, որ մենք բոլոր հարցերում միակարծիք ենք, լրիվ հակառակը՝ տարբեր մոտեցումներ ունենք թարգմանական արվեստին: Թերևս սա բնական է նաև, որովհետև ես ուզում եմ իմ տեսակետը ստեղծել, որ «կտրվեմ» հորիցս, որն ինձ համար ուղենիշ է և՛ թարգամանական արվեստում, և՛ կյանքում»:
Անդրադառնալով «Կեսգիշերի զավակներին»՝ Վահե Արսենը նշեց, որ Ռուշդին իր այս վեպով ամեն ինչ ասել է, թեև դրանից հետո ավելի վտանգավոր ստեղծագործություններ է գրել: «Սա Հնդկաստանի ու նրա ապագայի պատմությունն է»,- ասաց նա:


Բանասեր, թարգմանիչ ԼՈՒՍԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ 2013-15 թթ. ուսանել է Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) մագիստրոսական կուրսում, և պատմեց, որ գրականագիտության ֆակուլտետում բավական մեծ եռուզեռ էր առաջացել, որովհետև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը նոր դասընթաց էր հաստատել ՝ հինգ ամիս ուսումնասիրելու էին Սալման Ռուշդի: Այդ ընթացքում հասկացել է, որ գործ ունեն համաշխարհային կարևորությամբ գրողի հետ, որին ուսումնասիրում են աշխարհի լավագույն համալսարաններում. «Երբ փորձում ենք համակցել հնդկական մշակույթն ու Ռուշդիի մոդեռն, ըմբոստ կերպարը, հասկանում ենք, որ դժվար է չնշել անգլիական մշակույթի դերը: Ռուշդին 14 տարեկանից շփվել է անգլիական մշակույթի հետ, լինելով Քեմբրիջի համալսարանի պատմագիտության ֆակուլտետի շրջանավարտ՝ շատ լավ գիտակցում էր պետությունների զարգացման ու հետընթացի հիմնական խնդիրները: «Կեսգիշերի զավակները», ինչպես ինքն է ասում, Հնդկաստանի հանդեպ սիրո դրսևորում է: Նրա՝ մինչև վերջերս տված հարցազրույցներում տեսնում ենք, թե ինչ ցավագին է տանում Հնդկաստանում առկա կոռուպցիայի հսկայական ծավալները, տնտեսական ծանր վիճակը: Այս ամենին Ռուշդին բազմակողմանի է նայում, գրականությունը նրա համար ոչ միայն գեղեցիկ արվեստ է, այլև միջոց՝ ձայն բարձրացնելու, խնդիրներ լուծելու»:


Խոսելով լեզվական առանձնահատկությունների մասին` Լուսինե Հայրապետյանը նշեց, որ Ռուշդիի անգլերենը բարձր մակարդակի վրա է, պարզապես շատ է քննարկվում հնդկական լեզուն ու մշակույթը անգլերենի մեջ տեղավորելու նրա ձգտումը. «Այսինքն, ապրելով Անգլիայում և պաշտպանություն ստանալով բրիտանական կառավարությունից, նա, միևնույն է, փորձում էր մոտ լինել իր արմատներին, նույնիսկ, երբ գրում էր անգլերեն, փորձում էր այնպես անել, որ դա որևէ կերպ չխանգարի հնդկական մշակույթն ու կոլորիտը հնարավորինս ճշգրիտ ընթերցողին հասցնելուն»:


Ներկաները հիացմունքով խոսեցին նաև գրքի նկարազարդման ու ձևավորման մասին, որ իրականացրել է Մարիամ Կանայանը: Իր խոսքում Մարիամը մասնավորապես նշեց, որ ձևավորելիս օգտագործել է հնդկական մոտիվներ ու սիմվոլիկա, շապիկի վրա՝ հայկական տառերը զարդարված են հնդկական կալիգրաֆիայի էլեմենտներով: Ի դեպ, շապիկի այս տարբերակին հավանություն է տվել նաև գրքի հեղինակը՝ Սալման Ռուշդին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝ «Զանգակ» հրատարակչության ֆեյսբուքյան էջից

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4692

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ