Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չեկայի նկուղում ԱՔՍՈՐԱԿԱՆ

Չեկայի նկուղում ԱՔՍՈՐԱԿԱՆ
21.12.2018 | 02:38

(Նախորդ մասը)

Մաշադու հետ վերջացնելուց հետո բժիշկը դարձավ մյուսներին.
-Էլ ո՞վ է հիվանդ:
Մոտեցավ Մաշտոցին.
-Հը՞, ձե՞ր ինչն է, դուք ի՞նչ գանգատ ունեք:
Մաշտոցը ռուսերենով պատասխանեց.
-Բժիշկ, սիրտս լավ չէ, սրտի լայնացում ունեմ: Պրոֆեսոր Ադամյանի կարգադրությամբ երկու օրից պիտի գնայի հիվանդանոց պառկելու, ու հանկարծ եկան ձերբակալեցին: Խնդրում եմ կարգադրեք, որ ինձ ուղղիչ տան հիվանդանոց փոխադրեն:
Բժիշկը շատ սառը պատասխանեց, թե դա իր գործը չէ, թե ինքը ոչինչ չի կարող անել. «Քանի որ ձեր դատը դեռ չի կայացել, առայժմ պարտավոր եք այստեղ մնալ: Դեղ կնշանակեմ, և օրական երեք անգամ կընդունեք 20 կաթիլ՝ ուտելուց առաջ»:


Եվ այսպես ամեն մեկին բժիշկը մի բան ասաց, առանց քննելու:
Հերթը հասավ ինձ: Ճիշտն ասած, չգիտեի ինչ ասել այդ ամբողջ խեղկատակությունը տեսնելուց հետո: Այդ վայրկյանին էր, որ օգնության հասավ Կամերկոմը.
-Բժիշկ, ահա էս ընկերն էլ ա հիվանդ, շատ ա նեղվում:
Բժիշկը հարցրեց ազգանունս: Պատասխանեցի: Չգիտեմ ինչու, նա երկարացնելով կրկնեց ազգանունս և հոնքերը բարձրացնելով հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
Պատասխանեցի, որ ես էլ եմ սրտից նեղվում, և շնչառությունս լավ չէ:
-Լավ, էն ընկերոջը կաթիլներ եմ նշանակել, դուք էլ դրանից ընդունեք:
Էլ զայրույթս չկարողացա զսպել և ջղայնացած ասացի.
-Բժիշկ, ես այս երկրում կոլեկտիվ կյանքի մասին շատ էի լսել, բայց հիմա զգում և ըմբռնում եմ, որ տարբեր հիվանդություններ ունեցողները բուժվելու համար կարող են կոլեկտիվ կերպով նույն դեղն ընդունել: Բանից պարզվում է, որ դուք, որպես այս հիմնարկության բարեխիղճ պաշտոնյա, շատ լավ եք հասկացել կոլեկտիվացումը և ուզում եք իրագործել այն՝ կոլեկտիվ կերպով մարդկանց այն աշխարհն ուղարկելով… Լավ է, լավ, ամեն տեղ և ամեն բանում կոլեկտիվիզմ:


Կամերայում ընդհանուր ծիծաղ առաջացավ: Իսկ այդ գիտության շտեմարանը առանց բառ իսկ ասելու, հոնքերը կիտելով առաջ շարժվեց՝ պարետի հետ մյուս խցերը այցելելու և իր կոլեկտիվ դեղերով հարվածային աշխատանքը շարունակելու «սանիտարական ճակատում»:

4. «ՄԱՇՏՈՑԸ»
Դուռը բացվելուն պես բոլորս հետաքրքրությամբ նայեցինք նորեկին: Եվ ո՜վ զարմանք, նորեկը քրդական Մեսրոպ Մաշտոցն էր: Դրսում նրան այդպես էին անվանում:
Պետք էր տեսնել, թե դեմքի ի՜նչ հուսահատական արտահայտություն ուներ այդ մարդը: Թևի տակ ուներ մի վերմակ, մի բարձ ու մի երեսսրբիչ: Խուզարկող ու ձերբակալող չեկիստներն այնքան բարի էին գտնվել, որ գիտությամբ զբաղվող այդ վաթսունն անց մարդուն խորհուրդ էին տվել իր հետ վերցնել այդ իրերը, գուցե Չեկայում դրանց կարիքն ունենար…
Կեսգիշերին գնում են նրա տուն, խուզարկում, մի շարք ձեռագրեր վերցնում, իրեն էլ բերում են Չեկա: Մինչ հարցացուցակ են կազմում, նորից ոտքից գլուխ խուզարկում, արդեն լուսանում է:
Երբ դուռը բացեցին և նրան առաջարկեցին ներս անցնել, ներսի օդն իր գարշահոտությամբ այնքան սարսափեցրեց նրան, որ բոլորովին ինքն իրեն կորցնելով, հազիվ լսելի ձայնով ասաց.
-Չէ՞ որ ներսում օդ չկա, ես էլ սրտի հիվանդություն ունեմ: Ախր, իմ ո՞ր հանցանքի համար եք ինձ այստեղ բերել:
Պատասխանը եղավ այն, որ մեջքից հրեցին ներս ու դուռը կողպեցին: Դռան մոտ նրա ձեռքի իրերը թափվեցին գետնին, և քիչ էր մնում ինքն էլ ընկներ, եթե տղաները ժամանակին օգնության չհասնեին:


Իհարկե, մեր խցի բնակիչները նրան չէին ճանաչում: Անունն էին լսել միայն: Ես էի ամենից լավ ճանաչողը: Մենք իրար շատ էինք հանդիպել, որովհետև նույն հիմնարկի պաշտոնյա էինք: Մի ամառ էլ Բաքվի թանգարանում էինք հանդիպել, որտեղ նա քրդերի մասին զեկուցում էր պատրաստում:
Մոտեցա նրան մխիթարելու: Չէ՞ որ նման պայմաններում մխիթարությունը կազդուրիչ է: Երբ ինձ տեսավ, աչքերին չէր հավատում: Խորշոմած դեմքին երևում էին և ուրախություն, և թախիծ: Հուզված ձայնով բացականչեց.
-Որքա՜ն ուրախ եմ, գոնե մենակ չեմ լինի:
Կարծես խցում ես նրա համար փրկիչ էի:
Հրավիրեցի նստել: Մինչ այդ տղաներն արդեն թեյ էին պատրաստել: Նրան էլ թեյ առաջարկեցին: Հրաժարվեց, պատճառաբանելով, թե ինքը ոչինչ չունի: Բայց երբ տղաները բացատրեցին, թե այստեղ մեկի ունեցածը բոլորինն է, որովհետև մեր «ազնիվ կառավարության» շնորհիվ «կոլեկտիվ կյանք» ենք վարում, Մաշտոցը ժպիտը դեմքին առավ թեյը և սկսեց խմել: Թեյելու ժամանակ անվերջ հարցեր էին տեղում նրա գլխին: Չէ՞ որ դրսի աշխարհը բոլորիս շատ էր հետաքրքրում: Նա մեր մի քանի հարցին պատասխանեց, մի շարք հարցերի էլ խուսափողական ու կցկտուր պատասխաններ տվեց: Դժվարությամբ էր մաքուր հայերեն խոսում: Երբեմն էլ պատասխանները տալիս էր կամ ռուսերեն և կամ նույնիսկ թուրքերեն:


Զարմանալին այն էր, որ երբ մարդ առաջին րոպեին ոտք էր դնում Չեկայի խուց, իրեն գրեթե կորցնում էր: Բայց հետո կամաց-կամաց ընտելանում էր իր շրջապատին: Նրան թվում էր, թե ինքը հենց այդ շրջապատի ծնունդն է:
Այդպես էր և Մաշտոցը: Երեկոյան կողմ նա արդեն կատակներ էր անում:

5. «ՄԱՐԴԱՄԹԵՐՈՒՄ»
Մինչև երեկո խցում ոչ մի փոփոխություն չեղավ: Ձմռան պարզկա գիշեր էր:
Գիշերվա ժամը 11-ին մեզ դուրս տարան բակ մեր բնական պետքերը հոգալու: Պետք էր տեսնել, թե ինչպիսի ագահությամբ էինք շնչում այդ սառը օդը: Ներսում՝ խցի մեջ, օդ չկար, իսկ դրսի ձմեռային սառը օդը կազդուրիչ էր բոլորիս: Խցի ընկերներիցս շատերը վազվզում կամ մարմնամարզական շարժումներ էին անում, որպեսզի իրենց թմրած մկանները մի քիչ կյանք ստանան: Մանավանդ նրանք, ովքեր երկար ժամանակ նստած էին Չեկայի զնդանում:
Հազիվ 20 րոպե էր անցել, երբ պահակ զինվորը հրամայեց մի տեղ հավաքվել և շարժվել դեպի խուց: Ամեն մեկս մի պատրվակ էր փնտրում մի քիչ երկար մնալու այդ մաքուր և կազդուրիչ օդում: Երբ երկրորդ անգամ մեր հոգեառ հրեշտակը գոռաց, այս անգամ առանց րոպե իսկ կորցնելու շարժվեցինք ներս, որովհետև չգիտեինք, թե պահակն ինչպես կվարվեր:
Դրսի թեև կարճատև, բայց մաքուր ու կենարար օդից հետո ներսի նեխած ու թանձր օդը միանգամայն անտանելի էր: Վերջապես սկսեցինք քնելու պատրաստություն տեսնել:
Կեսգիշերին ամբողջ Չեկան եռուզեռի մեջ հայտնվեց: Մարտի 16-ի գիշերն էր: Դռներն անվերջ բացվում-փակվում էին: Կամերկոմը բացատրեց, որ մարդամթերում էր կատարվելու: Եվ, իրոք, այդպես էլ եղավ: Այդ չարագույժ գիշերը մեր խցի բնակիչների թիվը բարձրացավ հասավ 18-ի: Թխմված էինք իրար վրա, և խցի օդը քանի գնում, այնքան անտանելի էր դառնում:
Որպեսզի ստույգ տեղեկություն ունենանք անցքերի մասին և գաղափար կազմենք մյուս խցերի վիճակի մասին, սկսեցի պատը զգուշությամբ ծեծել և որոշ նշաններ քաշել պատի վրա: Մյուս խցից էլ նույնպիսի պատասխան ստացվեց: Հետո պատին խփեցի այնքան անգամ, որքան բանտարկյալ ունեինք մեր խցում: Դա բանտային լեզուներից մեկն էր, որ նորություն չէր, և որի միջոցով մենք՝ բանտարկյալներս, որոշ տեղեկություններ էինք ստանում միմյանց մասին:
Պատի հակառակ կողմից լսվեցին ձայներ: ՈՒշադրությունս լարեցի: Պարզվեց, որ նույն ժամանակ մեր հարևան խցում ավելացել էր 9 հոգի: Այդպիսով մենք մոտավոր կերպով կարողացանք հասկանալ հարևան խցերում գտնվողների թիվը:
Պետք է ասեմ, որ հենց խցերից մեկում նոր փոփոխություն էր լինում, իսկույն պարտք էինք համարում խցից խուց իմաց տալ: Միակ բանը, որ չէր հաջողվում իմանալ, անձնավորություններն էին: Ովքե՞ր էին տառապում Չեկայի համայնակուլ զնդաններում, անհնար էր իմանալ:


Առավոտյան թեյը նոր էինք վերջացրել, երբ դուռը բացվեց ու հերթապահ պարետի ուղեկցությամբ ներս մտավ կաշվե վերարկուով մի չեկիստ: Նա ձեռքին ուներ մի քանի թերթ թուղթ: Պրպտեց և դրանց միջից հանեց թիվ 13 խցի թուղթը: Սկսեց մեր ազգանունները մեկիկ-մեկիկ կարդալ և միաժամանակ հայտնել, թե մեզնից որի գործը որ քննիչի մոտ է:
Վերջացնելու վրա էր, երբ ամեն կողմից սկսվեցին բողոքներ: Ես էլ առանց տեղիցս շարժվելու հարցրի.
-Քաղաքացի, բարի եղեք այստեղ հրավիրել Չեկայի գլխավոր դատախազին:
Այդ հանդգնությունը նա, իհարկե, չէր սպասում մեկից, ով նստած էր Խորհրդային Եդեմում: Նայեց ձեռքի թղթին, հետո դարձավ ինձ.
-Ձեր ազգանու՞նը:
Թեև նա ինձ շատ լավ էր ճանաչում, պատասխանեցի առանց տեղիցս շարժվելու:
-Ձեր գործը հանձնված է քննիչներ Գրիգորյանին, Իսմայիլովին ու Ղուկասյանին, նրանք պիտի հարցաքննեն ձեզ: Դատախազն այստեղ գործ չունի:
Սկսեցի բարձրաձայն ծիծաղել և ավելացրի.
-Ո՞նց թե, ինձնով պիտի զբաղվեն երեք քննիչնե՞ր: Այդ ի՜նչ մեծ հակահեղափոխական եմ եղել ու մինչ օրս չեմ իմացել: Հետաքրքիր է, ի՞նչ հանցանք է բարդված վրաս: Չլինի՞ թե Լենինականի կոոպերատիվի զեղծարարությունը ես եմ կատարել կամ Աղբաքի խորհրդային տնտեսության խոտն ու սիլոսն եմ փչացրել:
Պատասխանիցս չեկիստը կամաց-կամաց փրփրում էր, իսկ խցիս ընկերները աչքով էին անում, որ չխոսեմ: Ոմանք էլ բարձրաձայն ծիծաղում էին: Չեկիստը սպառնաց, կարծելով, թե դա կազդի վրաս: Բայց ես նորից կտրականապես պահանջեցի.
-Եթե դուք ձեր անմիջական պարտականությունը չկատարեք ու չհայտնեք դատախազին, այդժամ ստիպված կլինեմ բողոքելու նախագահին: Միջազգային օրենքի համաձայն, դուք իրավունք չունեք ինձ այստեղ նստացնելու:
Չեկիստն առանց բառ ասելու թողեց-հեռացավ, ինչից հետո խցիս բնակիչները բավականին նյութ ունեցան խոսելու:
Ճաշի պատրաստություն էինք տեսնում, երբ ներս մտավ պարետն ու հայտնեց, թե երեկոյան դատախազը պիտի գա: Տղաները զարմացան: Նման բան չէին սպասում:
Սրտատրոփ սպասում էի դատախազին: Ընկերներից ամեն մեկը խորհուրդ էր տալիս ինձ: Ամենից շատ մտահոգված էր Մաշտոցը: Նա բնավորությունս լավ գիտեր և համոզված էր, թե հանդարտ չեմ կարող խոսել: Հանգստացրի նրան` ասելով, որ հուզվելու կարիք չկա: Միայն դատախազին պիտի ցույց տամ իրենց կենտրոնական պաշտոնաթերթից մի փոքր լուր:
Այդ ասելով, գրպանիցս հանեցի «Իզվեստիայի» նոր ստացված համարը և Մաշտոցին ցույց տվեցի այն կտորը, ուր Բեռլինում գերմանական ոստիկանությունը ձերբակալել էր մի ռուսահպատակի և բանտարկել, իսկ իր հերթին այդ կալանավորը բողոքել էր՝ վկայակոչելով միջազգային օրենքը և իմաց տվել իրենց դեսպանին: Այդ միջադեպից երկու ժամ չանցած, ոստիկանությունը ներողություն խնդրելով ազատ էրարձակել ռուսին:
Մաշտոցը նայեց աչքերիս, խոր հառաչեց և ասաց.
-Սիրելիս, մի՞թե այս երկրում որևէ օրենք են ճանաչում: Համենայն դեպս աշխատիր սառնասիրտ լինել:
Երեկոյան դատախազը չեկավ: Կամերկոմը մոտեցավ ինձ.
-Է՜հ, ընկեր, դու սրանց դեռ լավ չես ճանաչում: Ահա ութ ամիս նստած եմ էստեղ ու մի օր չլսեցի, որ ճիշտ բան ասեն: Ես էլ եմ շատ պահանջել, բայց լսողն ո՞վ է:
-Ընկեր, եթե այսօր չեկավ, վաղն անպայման կգա, համոզված եմ:
Կամերկոմը տարակուսանքով գլուխը շարժեց ու քաշվեց մի անկյուն:

6. ԸՆԿՆԱՎՈՐԸ
Ազգությամբ էստոնացի էր: Գիշերվա ժամը 3-ին նրան ներս հրեցին ու դուռը փակեցին:
Խցում շարժվելու տեղ չկար: Մնաց դռան մոտ կծկված և չգիտեր ինչ անել:
Ընդհանրապես ընդունված ձև է՝ բանտերում տեղավորվում են ոչ թե տարիքի կամ դիրքի ու պաշտոնի համաձայն, այլ ով հին է, նա գրավում է խցի վերին մասը, իսկ ուշ եկածին բաժին է ընկնում դռան հետևը: Չգիտեմ ինչու, ես բացառություն կազմեցի, որովհետև բախտակից ընկերներս սիրահոժար ինձ զիջեցին իրենց տեղը: Ինչպիսի՜ անգնահատելի և աննման հոգիներ կան նրանց մեջ… Համակ զոհողություն ընկերոջ և հայրենիքի համար, հակառակ բոլոր աներևակայելի տանջանքների ու զրկանքների:
Էստոնացին լուռ էր ու մեր հարցերին չէր պատասխանում: Իրեն միանգամայն կորցրել էր: Սարսափած դեմք ուներ: Չեկիստներն, ըստ իրենց սովորության, գնացել էին նրա մոտ ու պահանջել դուռը բացել: Նա չէր համաձայնել: Նրանք էլ «հերոսաբար» և «հարվածային կարգով» ջարդուփշուր էին արել դուռը ու ներս մտել: Բնակարանը մանրազնին խուզարկել էին և արձանագրություն կազմել, թե նա պետքաղվարչության աշխատակիցներին դիմադրություն է ցույց տվել: Իսկ նման բանը համարվում էր ամենածանր հանցանքներից մեկը: Այդ բոլորից հետո էլ մեղադրել էին լրտեսության մեջ: ՈՒրեմն, դատավճիռը՝ գնդակահարությու՜ն…
Եվ ինչքա՜ն մատաղ հոգիներ, ինչքա՜ն ազնիվ ու հայրենասեր երիտասարդներ զոհ գնացին Չեկայի այդ խուժդուժ արարքներին: Անկարելի է առանց սոսկումի հիշել այդ ահավոր բառը՝ գնդակահարությու՜ն: Կարելի՞ է սոսկում չապրել, երբ քեզ ջլատում են ամեն օր, ամեն վայրկյան և աքսորով, բանտով ու գնդակահարությամբ ոչնչացնում ժողովրդիդ, ցեղիդ լավագույն զավակներին: Երբ մեր տարաբախտ երկրի վրայից վերանա այս ահավոր մղձավանջը, Չեկա ասված հոգեսպան հրեշը, այնժամ մեր աչքերի առաջ պիտի բացվի ամենից ահավոր տեսարանը, ուր այնքա՜ն շատերի հոգիներն արդեն աղարտված, այլանդակված են…
Էստոնացին կամաց-կամաց սկսեց ընտելանալ մեզ: Ճիշտ է, դրսում արդեն ձմեռ էր ու բավականին ցուրտ, բայց մեր խցում օդ չկար ու սարսափելի տոթ էր: Հարբածի պես էինք: Թմրած էինք, բայց մեր քունը չէր տանում: Ամենքս էլ տանջվում էինք թե անքնությունից և թե օդի պակասից:
Դրսում, փողոցում շներն ինչ-որ բանի վրա հաչացին: Այդ ձայնի վրա մեր Ամենագետը (այդպես էինք նրան անվանում) գլուխը բարձրացրեց, խոր հոգոց քաշեց և ասաց.
-Երանի քեզ, որ ազատ ես ու մաքուր օդ ես շնչում, շու՜ն…
Այդ վայրկյանն զգալու, ապրելու համար մարդ պետք է նստած լինի Չեկայի խցում:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3768

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ