Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բողոքը աշխատանքը կորցնելու դեմ չէ, այլ շրջանառվող անկատար նախագծի

Բողոքը աշխատանքը կորցնելու դեմ չէ, այլ շրջանառվող անկատար նախագծի
25.12.2018 | 00:48

Կառավարության որոշման համաձայն՝ հունվարի 1-ից մշակույթի և սպորտի ու երիտասարդության նախարարությունները միավորվելու են կրթության և գիտության նախարարության հետ: Մշակույթի նախարարության մի մասը միանալու է կրթության և գիտության, մյուս մասը՝ քաղաքաշինության նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը, առհասարակ, լուծարվում է: Մշակույթի և սփյուռքի նախարարության աշխատակիցները դեկտեմբերի 21-ի առավոտը սկսեցին գործադուլով ու բողոքի ակցիայով: Մտավորականներից շատերը սատարում են մշակույթի նախարարությանը և ներկայացնում իրենց հիմնավորումները: Ոմանք էլ համոզված են, որ այդ կառույցը վաղուց մեզ պետք չէ: Վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունները կարծես թե տեղ չեն թողնում հետագա բանակցությունների համար։


Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ օպտիմալացման մասին խոսակցություններ չեն եղել: Երբևէ չեն մտածել, որ մեր ժողովրդի համար այդքան կարևոր ռազմավարություն մշակող քաղաքական կառույցը կարող է ածանցվել այլ բնագավառի հետ. «Ցանկացած իրավական ակտ շրջանառելիս պետք է հաշվի առնել հանրության կարծիքը: Դա վարչապետի խոսքն է: Առանց հանրային և մասնագիտական քննարկումների չի կարելի նման որոշումներ կայացնել: Իսկ այս նախագիծը շրջանառվել է օրենքի լուրջ խախտումով, առանց վերլուծության ու հապշտապ: Նախագծում որևէ հիմնավորում դուք չեք գտնի, ընդամենը կա միավորման առաջարկ, որը «քոփի-փեստ» է ընդհանուր նախագծից»:


Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպես կարձագանքեն վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ նախարարությունները կրճատվել են այն մանդատով, որ ժողովուրդը տվել է իրեն: «Այդ դեպքում այս նախագիծը պետք է շրջանառվեր ընտրությունից առաջ, որ ավելի հասկանալի լիներ, թե մանդատն ինչի համար է տրվել»,- նկատեց Երանուհի Մարգարյանը:
«Իրատեսը» հետաքրքրվեց` ո՞րն է լինելու նախարարության աշխատակիցների հաջորդ քայլը` կախված վարչապետին հանձնած դիմում-նամակի պատասխանից:
«Մենք դիմումը տվել ենք, հիմա պատրաստում ենք տվյալ իրավական ակտի հետ կապված հիմնավորումներ` ըստ կետերի: Դա ներկայացնելու ենք արդարադատության նախարարություն»,- եղավ պատասխանը:


Մշակույթի նախարարության կառավարման փորձագետ ՍԵՐՈԲ ԱՆՏԻՆՅԱՆՆ անդրադարձավ վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ եթե նախարարությունը 5-6 ամիս գործադուլ անի, մեր մշակութային կյանքում ոչինչ չի փոխվի: Ըստ նրա` սխալ ինֆորմացիա է տրվել վարչապետի պաշտոնակատարին. «Ես կարող եմ նախարարության մի ստորաբաժանման օրինակով ասել` ինչ տեղի կունենա, եթե այն 5 օր չաշխատի: Նախարարության կազմում կա մշակութային արժեքների պահպանության գործակալություն: Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի հիման վրա Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությամբ ստեղծված ազգային ծառայություն է, որը պատասխանատու է մշակութային արժեքների ապօրինի արտահանումը կանխարգելող գործառույթներ իրականացելու համար: Այդ գործակալությունը ամենօրյա ռեժիմով սպասարկում է տասնյակ քաղաքացիների, որոնք Հայաստանից դուրս են գալիս և արտահանում են իրենց սեփականությունը հանդիսացող մշակութային արժեքները: Այս ծառայությունը պատասխանատու է նաև միջազգային ցուցահանդեսների համար»:


Նախարարության աշխատակիցը պարզաբանեց, թե ինչու այդ ստորաբաժանումը չի կարող նույն գործառույթն իրականացնել կրթության և գիտության նախարարության կազմում, որովհետև նույն կոնվենցիայի պահանջն է, որ պետության կառուցվածքում լինի առանձին ճուղային գերատեսչություն, որը կմշակի ու կիրականացնի քաղաքականությունը: Այսինքն` պետական կառավարման համակարգի տրամաբանությունը պահանջում է, որ նախարարությունները որպես պետական կառավարման մարմիններ ինքնուրույն կարողանան մշակել և իրականացնել պետության քաղաքականությունը ոլորտային բնագավառում:
Մշակութային վեց կոնվենցիայի է միացել Հայաստանը: Սերոբ Անտինյանի տեղեկացմամբ` կոնվենցիայի խախտումը ենթադրում է, որ տվյալ երկիրը տվյալ միջազգային կառույցում հեղինակազրկվում է, չի կարող կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները. «Կամ խոսվում է այն մասին, որ եվրոպական երկրներում կա 7-10 նախարարություն: Մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկրները` Իտալիան, Հունաստանը, բալկանյան երկրները ունեն 10 նախարարություն, որոնցից 1-ը մշակույթի նախարարությունն է: Այսինքն` մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, հանրահռչակման համար պետությունն իրականացնում է առանձին ճյուղային ոլորտային քաղաքականություն»:


Մշակույթի նախարարության աշխատակիցներն ինչու՞ ոտքի չէին կագնում, երբ ոչնչացվում էին հուշարձանները, երբ վաստակավորի կոչում էին շնորհում Արմենչիկին: Վերջին օրերին հաճախ է շրջանառվում մեղադրական այս հարցադրումը:
«Դուք մեղադրում եք նախարարության աշխատողների՞ն, թե՞ կառավարողներին: Դրանք քաղաքական որոշումներ են, մասնագետը փաստաթուղթը շրջանառության մեջ է դնում: Փաստաթուղթը գնում, հասնում է կառավարողներին, որոշումը կայացվում է այլ պատկերով: Հիմա ո՞վ է մեղավոր: Նախարարության շատ որոշումներ շրջանցվել են, ասում եք` ռաբիսը վաստակավորի կոչում ստացավ, ես ձեզ վստահեցնում եմ` նախարարությունից այդպիսի փաստաթուղթ դուրս չի եկել»,- ասաց Ե. Մարգարյանը և ընդգծեց, որ հեղափոխությունը մեծ հնարավորություն տվեց ձայն բարձրացնելու: Նախկինում վախի մթնոլորտում աշխատողի ձայնը լսելի չէր:


Կրճատումներ սպասվում են, թե ոչ, չգիտեն: Բայց իրենց բողոքը աշխատանքը կորցնելու դեմ չէ, այլ շրջանառվող անկատար նախագծի: Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա մշակույթի նախարարություն` ընդգծեց Երանուհի Մարգարյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ